«Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմի պես, ապա նրան տանք Մոմիկ մականունը»

«Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմի պես, ապա նրան տանք Մոմիկ մականունը»
25.06.2019 | 02:07

ՄՈՄԻԿԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ


Հայաստանի պատմամշակութային վայրերի ու բնության հուշարձանների շարքում Վայոց ձորի մարզում 13-14-րդ դարերում կառուցված Նորավանք վանական համալիրը յուրահատուկ այն վայրերից է, որը պարտադիր ներառվում է զբոսաշրջիկի, տեղաբնակի կամ թե դպրոցականի զբոսաշրջության ընդգրկուն ցանկում: Նորավանքը հանրապետության այն տեսարժան վայրերից է, որի մասին ասում են՝ գալ Հայաստան և չտեսնել Նորավանքը, նշանակում է չտեսնել ու չճանաչել Հայաստանը:
Հերթական անգամ Նորավանք այցելության ժամանակ համալիրի շրջակայքը բազմամարդ էր այլազգի զբոսաշրջիկներով ու հանրապետության հյուսիսային մարզերից եկած դպրոցականներով: Համալիրի պատմությանը չեմ անդրադառնա, քանի որ այդ մասին շատ է գրվել: Ինձ հետաքրքրեց այն, որ զբոսաշրջիկներից քչերն էին հետաքրքրված համալիրին հարող տարածքում համեստորեն իր այցելուներին սպասող Մոմիկի թանգարանով: Այն բացվել է 2010 թվականին, 13-րդ դարի Ճարտարապետ, քանդակագործ, գրիչ և մանրանկարիչ Մոմիկի 750-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ։

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ


Ընթերցողին թերևս կհետաքրքրի Նորավանքի ճարտարապետ Մոմիկի մասին գեղեցիկ ու միաժամանակ տխուր ավանդապատումը: Վարպետ Մոմիկը սիրահարված էր Սյունիքի տիրակալ իշխան Օրբելյանի գեղեցկուհի աղջկան: Օրիորդն էլ առանց Մոմիկի անգամ մեկ օր չէր կարող ապրել: Բայց երբ այդ մասին իմացավ աղջկա հայրը, կանչեց իր մոտ վարպետ Մոմիկին ու ասաց.
-Աղջկաս կամուսնացնեմ քեզ հետ: Բայց այն պայմանով, որ դու երեք տարվա ընթացքում աննկարագրելի գեղեցկության մի տաճար կառուցես:
Երիտասարդ ճարտարապետը անհապաղ սկսեց տաճարի կառուցումը: Նա հսկա մեծաբեկորներ էր հայթայթում շրջակայքի ժայռերից, պատրաստում էր տաճարի համար շինանյութեր: Շինարարությունը հաջող առաջ էր գնում, արդեն մոտենում էր նրա ավարտը: Մոմիկը բարձրանում է համարյա ավարտված գմբեթի վրա և ցնծում է իր հոգու մեջ՝ պատկերացնելով հանդիպումը սիրած աղջկա հետ: Բայց այդ ժամանակ տաճարին սրարշավ մոտենում է մի ձիավոր. իջնում է ձիուց, բարձրանում է գմբեթի վրա ու այնտեղից վայր է գցում մեծ վարպետին: Այդպես էր հրամայել ծառային նրա տերը` Սյունիքի տիրակալ իշխանը: Եվ անբախտ Մոմիկը տեղն ու տեղը մահանում է՝ ձեռքերում բռնած գմբեթի վերջին քարը: Այդ քարը դարձավ մեծ ճարտարապետի շիրմաքարը:


Բայց մնաց, չմեռավ Նորավանքի գեղեցկությունր: Դարերը նրա գեղեցկությունը դարձրին ավելի ապշեցուցիչ: Եվ արդեն յոթ դար անընդմեջ այդ գեղեցկությունը երգում են հավերժ կապույտ երկինքը, հավերժ ոսկե արևը, հավերժ կարմիր սարերը:
Մինչ օրս էլ վանքի պատերի վրա արված մանրանկարները և խաչքարերն ապշեցնում են իրենց վարպետությամբ ու հանդարտությամբ: Վարպետի ձեռքում գտնվող յուրաքանչյուր նյութից ասես լույս էր հորդում: Անցել է ավելի քան 700 տարի, սակայն այդ լույսի կարմրավուն ճառագայթներն արտացոլվում են Նորավանքը շրջապատող լեռների ու ժայռերի վրա: ՈՒշադիր այցելուն անհնար է, որ չնկատի դա:


Մոմիկը ծնվել է Հարց ձորում, ամենայն հավանականությամբ 13-րդ դարի 60-ական թվականներին (1260-1339 թթ): Ոչինչ հայտնի չէ նրա մանկության և ուսման տարիների մասին: Աոաջին հիշատակությանը Մոմիկի մասին հանդիպում ենք 1283 թ. կազմված մի գրչագրում, ուր կան մի քանի մանրանկարներ հետևյալ մակագրությամբ. «Մոմիկ նկարիչ խորանին յիշեցէք աղաչեմ»։ Պահպանվել է մի հիշատակություն այն մասին, թե ինչպես է մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը Նորավանքում մրցույթ կազմակերպում 40 քանդակագործների մասնակցությամբ՝ որոշելու համար, թե ով ավելի արագ կքանդակի մեկ մատնաչափ խաչ: Հաղթում է 16-ամյա մի պատանի: «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմի պես, ապա եկեք նրան և հաղթողի մրցանակը տանք, և Մոմիկ մականունը»,- ասում է Ստեփան Օրբելյանը: Մոմիկը դառնում է Օրբելյան իշխանական տան և հատկապես նշանավոր պատմիչ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի մտերիմը, նա միաժամանակ Օրբելյան իշխանական տան քարտուղարն էր, պալատական նկարիչ-ճարտարապետը, փոխարինում է նաև վարդապետ Սիրանեսին, որը նույնպես հայտնի ճարտարապետ-քանդակագործ էր: Մոմիկը ժամանակին ուսանել է Գլաձորում և իր երիտասարդ տարիներին աշխատել Սիրանեսի մոտ: Ենթադրվում է, որ երբ մետրոպոլիտ ձեռնադրվելու համար Ստեփանոս Օրբելյանը մեկնում է Կիլիկիա, նա իր հետ տանում է նաև Մոմիկին: Կիլիկիայում նա մի շարք գործեր է ստեղծում, այդ թվում՝ Կեռան թագուհու Ավետարանը։
Իր գործունեությունը սկսելով որպես մանրանկարիչ, Մոմիկը շատ շուտով ուժերը փորձում է մերձակից արվեստների` քանդակագործության և ճարտարապետության ասպարեզներում, ստեղծելով մի շարք հոյակապ, անկրկնելի գործեր։ 1292 թ. Նորվանքում նա ծաղկում է մի Ավետարան՝ Հովհաննես և Թադեոս կրոնավորների պատվերով։ ՈՒշագրավ է, որ Մոմիկը այս շրջանում արդեն հանդես է գալիս և՛ որպես ճարտարապետ, և՛ որպես քանդակագործ։ Այդ է վկայում Ստեփանոս Օրբելյանի կողմից 1295 թվականին Տաթևում կառուցված ս. Գրիգոր եկեղեցին, որի ճարտարապետական ձևերի համեմատությունը Մոմիկի 1321 թ. Արփայում կառուցած եկեղեցու հետ կասկած չի թողնում, որ այն կառուցել է հենց ինքը՝ Մոմիկը։

ՄՈՄԻԿԻ ՇՆՉՈՎ ԼԵՑՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ


Թանգարանի մուտքի մոտ՝ պատերի տակ շարված են ժամանակին երկրաշարժից վնասված խաչքարերի կտորներ: Ներսում՝ փոքրիկ միջանցքում Մոմիկի երկու բարձրաքանդակների պատճեններն են, որոնց բնօրինակները զարդարում են Նորավանքի Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն), Սուրբ Ստեփանոս Նախավկա, Սուրբ Գրիգոր եկեղեցիների մուտքերը: Ցուցափեղկերում գրիչ և ծաղկող Մոմիկի՝ 1292-ին գրած 320 թերթից բաղկացած Ավետարանն է, մեծ ու փոքր հոգևոր գրքեր: Պատի երկայնքով փակցրած Օրբելյանների տոհմածառը վկայում է երբեմնի հզոր թագավորական գերդաստանի ձևավորման մասին: Օրբելյաններն այստեղ են եկել Վրաստանից և հաստատվելով ՝ կառուցել Նորավանքը: Հիմնադիրը եղել է Լիպարիտը, որի որդուց էլ սկզբնավորվել է Օրբելյանների գերդաստանը: Նորավանքը երեք դար շարունակ եղել է հոգևոր և մշակութային կենտրոն, Օրբելյանների համար ծառայել որպես դամբարանատուն:
Թանգարանի բազմաթիվ ցուցանմուշների շարքում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում մանրանկարչության համար կիրառվող բուսական և հանքային ծագման ներկանյութերը, որոնցից ստանում էին ներկ ու թանաք՝ մատյանները գրելու կամ ծաղկելու համար: Ամենատարածված նյութը եղել է Նորավանքը շրջապատող ժայռերի նարնջագույնը: Կենդանական ծագման ներկանյութը եղել է որդան կարմիրը, որը լայնորեն կիրառվում էր մանրանկարչության մեջ: Ի դեպ, այդ գույնը ստացվում էր մեծ դժվարությամբ, քանի որ 50 հազար որդից ստանում էին ընդամենը 10 գրամ ներկ:


Ցուցանմուշներից ուշագրավ են նաև մյուռոնօրհնության արարողության ժամանակ կիրառվող պարագաները, Նորավանքի համալիրի տարածքում հայտնաբերված թրծված կավամանների բեկորները, կանացի արծաթե զարդերը, միջնադարյան կաշվե իրերը, մաշիկը, հայկական և մոնղոլական մետաղադրամները, կենցաղային իրեր: Թանգարանի ցուցասրահի կենտրոնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 1-ինի կիսանդրին է, հենց նա էլ կատարել է 1999 թ. կանադահայ բարերար Դիանա և Տիգրան Հաջեթյանների աջակցությամբ վերանորոգված համալիրի եկեղեցու վերաօծումը:
Նորավանքում Մոմիկի հիշատակը հավերժացնող միայն մի համեստ խաչքար է մնացել, կանգնեցված նրա մահից հետո, հավանաբար նրա աշակերտների կողմից։
Հայ եկեղեցու տոնացույցում Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի կոչվող տոնը (Սբ Զատիկին հաջորդող երկրորդ կիրակին) ավանդաբար համարվում է Նորավանքի ուխտի օրը: Համալիրի աշխատողների հավաստմամբ` այդ օրը բարձրաբերձ լեռների գրկում ծվարած վանական համալիր ձգվող ճանապարհով ուխտավորների երթն անվերջանալի է թվում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao