Yerevan Perspectives International Music Festival
 

Ինչ մասնագիտությունների գծով կան թափուր տեղեր բուհերում

Ինչ մասնագիտությունների գծով կան թափուր տեղեր բուհերում
17.07.2019 | 12:00

2019-2020ուսումնական տարվա բակալավրիատի համար մի շարք մասնագիտությունների գծով մնացել են թափուր տեղեր: Բուհերի ներկայացուցիչները դա հիմնավորում են ինչպես դիմորդների՝ անցողիկ շեմը չհաղթահարելով, այնպես էլ դիմելիության ընդհանուր թվի պակասով։


Առկա ուսուցման բակալավրիատի համար մայր բուհում մնացել է 713 թափուր տեղ (ներառյալ Իջևանի մասնաճյուղում 233 թափուր տեղը): 2018-ին ԵՊՀ-ում եղել է 1749 թափուր տեղ (պայմանավորված դիմորդների թվի սակավությամբ), իսկ 2017-ին՝ 902 թափուր տեղ: Երևանի պետական համալսարանում այս տարի թափուր տեղեր կան Ֆիզիկայի, Քիմիայի, Երկրաբանության, Սոցիոլոգիայի, Հայոց լեզվի և գրականության, Ռուսաց լեզվի և գրականության, Անգլերենի, գերմաներենի և հաղորդակցության, Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցության, Աստվածաբանության, Կրոնագիտության և մի շարք այլ բաժիններում:
ԵՊՀ-ից տեղեկացրին, որ թափուր տեղերի առկայությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ դիմորդները չեն հաղթահարել անցողիկ շեմը:
2019-2020 ուսումնական տարվա համար Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 1176 տեղի համար դիմել է ընդամենը 921 դիմորդ, որից 25 տոկոսը չի հավաքել անցողիկ շեմը: Բուհ է ընդունվել 676 անձ, կա 514 թափուր տեղ:


Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մանուկ Մովսիսյանը նշել է թափուր տեղերի հնարավոր պատճառները: «Առաջին գործոնը դիմորդների քանակն է: Երկրորդ գործոնն այն է, որ այս տարի անցողիկ շեմն ավելի շատ դիմորդներ չեն հաղթահարել»: Նա նկատեց, որ բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, ինչը միջազգային միտում է:
Մովսիսյանն անդրադարձավ նաև դիմորդների կրթվածության մակարդակին: Նրա խոսքով՝ նույնիսկ շատ դեպքերում դիմում-հայտը տառասխալներով են լրացնում։
Տնտեսագիտական համալսարանում թափուր տեղեր կան Տնտեսագիտություն, Հաշվապահական հաշվառում և հարկում, Բնապահպանություն և բնօգտագործում, Վիճակագրություն, Զբոսաշրջություն և մի շարք այլ բաժիններում:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կա 669 թափուր տեղ՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականության, հոգեբանության, լոգոպեդիայի և մի շարք այլ մասնագիտությունների գծով:


Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում թափուր է մնացել 454 տեղ՝ քաղաքագիտության, լրագրության, ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով թարգմանչական գործի, ֆրանսերեն և հայերեն լեզուներով թարգմանչական գործի, անգլերեն լեզու լեզվաբանության և այլ մասնագիտությունների գծով:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կա 694 թափուր տեղ՝ անշարժ գույքի փորձաքննության, շենքերի նախագծման, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման և հարկման մասնագիտությունների գծով:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կա 952 թափուր տեղ՝ անասնաբուժության, դեղագիտության, ապահովագրական գործի և այլ մասնագիտությունների գծով:


Գնահատման և թեստավորման կենտրոնը արդեն հայտարարել է, որ բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao