Yerevan Perspectives International Music Festival
 

Ի՞նչ գործ ունի Արթուր Վանեցյանը Իջևանում

Ի՞նչ գործ ունի Արթուր Վանեցյանը Իջևանում
19.07.2019 | 01:28

Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո ազգային անվտանգության ծառայությունն սկսել է զբաղվել ամեն ինչով, այն դեպքում, երբ առանձին ստորաբաժանումներ կարող են հրաշալի իրականացնել այդ գործառույթը` ֆեյքերի դեմ պայքարից մինչև գազալցակայաններում ՀԴՄ չտրամադրողների, սևազգեստների որս: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը ևս գնացել է Իջևան: Պարզվեց, որ նա Տավուշի մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և համայնքի ղեկավարների, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԱԾ ղեկավարն այնտեղ հայտարարել է. «Անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ, և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Երկրորդ` ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ այցելության հիմնական նպատակը դա է»: Իրականում Վանեցյանի այցը նշանակում է, որ այս իրադարձություններում պետք է լինի ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր, իսկ եթե այդպես չէ, գործ ունենք ընդամենը հանցագործության հետ, որի համար կա ոստիկանություն: ԱԱԾ ղեկավարի մասնակցությունն այս ամենին փաստում է, որ երկրում չկա վերահսկողություն, և միայն ԱԱԾ-ով են հարցերը կարգավորվում:


Ի՞նչ է ստացվում, եթե հիմա մեկ այլ մարզում քաղաքացիները փողոց փակեն և, ասենք, հայտարարեն, թե անպայման Սևանից ձուկ պիտի որսան, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, վերջում էլ բախում լինի ոստիկանների հետ, կրկին Արթուր Վանեցյա՞նն է խորհրդակցություն անցկացնելու տվյալ մարզում: Իսկ գուցե ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը պետք է նման դեպքերում գնա «մեր» ոստիկանների ու իրեն ընտրողների հետ հանդիպելու, բացատրի, համայնքապետերի հետ խորհրդակցություն անցկացնի. ի վերջո, դա վարչապետի գործն է: Մարզային այցելությունները չեն ենթադրում միայն բիզնես ֆորումներ ու համադամ բարիքների համտես: Տարիներով արմատացած խնդիրներ կան, ինչու՞ են ԱԱԾ ղեկավարին գործուղում այնտեղ, որտեղ իրականում վարչապետը պետք է լիներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao