Yerevan Perspectives International Music Festival
 

Հասարակությունից կամաց-կամաց կտրվում են

Հասարակությունից կամաց-կամաց կտրվում են
23.07.2019 | 00:16

Բոլոր իշխանությունների նման այսօրվա «հեղափոխականներն» էլ կամաց-կամաց բռնում են հասարակությունից կտրվելու ճանապարհը։ Եվ ինչպես բոլորը, վերջիններս էլ համառորեն պնդում են, թե նման բան չկա։ Բայց այս իշխանությունը, ի տարբերություն նախորդների, մեկ առանձնահատկություն ունի՝ առանձնակի հակակրանք ու անհանդուրժող վերաբերմունք իր տեսակետին դեմ արտահայտվողների նկատմամբ։ Չի ընդունվում ոչ մի քննադատություն, քննադատեցիր, ուրեմն նախկին ռեժիմի սպասարկու ես, հակահեղափոխական։ Այսինքն, իրականությունը չեն ուզում տեսնել։ Այս իշխանության «բացառիկության» ապացույցն է նաև այն, որ երբևէ հանրությունն այսքան երկար աչք չի փակել իշխանության սայթաքումների, ձախողումների վրա, ու, ցավոք, Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հենց այդպես էլ պիտի լինի, չէ՞ որ ինքն ու իր թիմն են հեղափոխություն արել, և ուրեմն մենք՝ հպարտ քաղաքացիներս, ապրում ենք արդեն երջանիկ երկրում։ Այո, այն ինչ կար մի պահ, որ Փաշինյանը մարդկանց համոզել էր, թե կախարդական փայտիկ ունի, որ թալանչիներից մինչև վերջին կոպեկը հետ է վերադարձնելու, որ ներդրումների ու ներգաղթի մեծ հոսք է լինելու։ Մարդիկ հավատացել էին։ Ոմանք շարունակում են հավատալ, բայց արագ տեմպերով մեծանում է հիասթափվածների թիվը, իսկ սա չնկատելը նշանակում է դժգոհների բանակը համալրել։


Այսօր ի՞նչ է անում բացարձակ մեծամասնություն ունեցող իշխանական խմբակցությունը։ Նախորդ ամիսների աշխատանքը ցույց տվեց, որ երիտասարդները, որ պետք է լի լինեին գաղափարներով, մտքերով, չէ՞ որ հենց այդպիսի Հայաստանի մասին է ամեն օր խոսում այդ ուժի առաջնորդը, սեփական նախաձեռնությունների առումով սնանկ է։ Քվեարկում է միայն Փաշինյանի հրահանգով, մեկ-մեկ էլ հրապարակային այնպիսի ելույթներ են ունենում, որ հանրությունն ամիսներ շարունակ նրանց մտքի «գոհարներից» է խոսում։ Ժողովրդի «ծոցից» ծնված «Իմ քայլը» խմբակցության անդամների գերակշիռ հատվածն այս ամիսներին հարմար չհամարեց մեկ անգամ գնալ այս կամ այն մարզ կամ սեփական ընտրազանգվածի հետ հանդիպումների, քննարկումների, լսել մարդկանց, հասկանալ՝ ինչ է կատարվում իշխանափոխությունից հետո։ Թեկուզ հենց այն բանի համար, որ հասկանային, թե ինչու են օր օրի դժգոհություններն ավելանում, բացատրեին, էլի ժամանակ խնդրեին։ Փողոցից անմիջապես պատգամավորի աթոռին նստելը, անշուշտ, շոկ է առաջացնում, բայց չպետք է մոռանալ նաև, թե ինչ եք խոստացել այդ փողոցում ձեր կողքին ու գուցե ձեզանից ավելի ազնիվ մղումներ ունեցող մարդկանց։ Նրանք այսօր սպասում են, և՛ խոստումների կատարմանը, և՛ այն պարզ հարցի պատասխանին, թե պայքարողներից ինչու հենց այդ մարդիկ դարձան իշխանություն, ո՞րն է նրանց առավելությունը։


Հանրագումարում՝ հասարակությունից գաղտնիք չպահող իշխանությունն այսօր խուսափում է անգամ խնդրահարույց հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից։ Սա ցցուն կերպով երևաց վերջերս, երբ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Այսօր «Իմ քայլը» խմբակցությունից պետք է մեկին խոշորացույցով պեղել ու գտնել, որպեսզի հստակ տեսակետ հայտնի այս հարցում։ Չգիտեն՝ կողմ արտահայտվեն ու արժանանան հասարակության մի հատվածի պարսավանքի՞ն, թե՞ դեմ խոսեն ու վաստակեն «առաջադեմ» իշխանության քննադատությունը։ Ողջ խնդիրն էլ այն է, որ մենք խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր ենք, որտեղ խորհրդարանը պետք է ամեն ինչ որոշի, մինչդեռ ԱԺ-ն դարձել է գործադիր մարմնի հլու կամակատարը։ Անգամ վտանգավոր է մտածել, թե ինչպես կվարվի այս խորհրդարանը, եթե ազգային անվտանգությանն ուղղակիորեն առնչվող հարցերը հայտնվեն նրա տիրույթում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao