Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է
26.07.2019 | 01:18

(Նախորդ մասը)

Հայաստանի նման երկրների խնդիրն այն է, որ նրանք «ուղղություն են վերցնում» դեպի ԱՄՆ և բոլորովին հաշվի չեն առնում այն, որ Ռուսաստանի ու Իրանի դաշնակիցն է Չինաստանը։ Ե՞րբ դա ակնհայտ դարձավ. ճիշտն ասած, վաղուց, սակայն մայիսի վերջից դա արդեն կասկածից դուրս է։ Համաշխարհային քաղաքականությունն այդ ժամանակ ստացավ այն բանի ապացույցը, որը ես պնդում եմ առնվազն 2014-15 թվականներից։ Այդ իրադարձությունը ցույց է տալիս, որ հարաբերությունները կոշտ կերպով պարզելու ժամանակն անկասելի է։ Այդ ժամանակն ավելի ու ավելի մոտ է դառնում։ «Iran Today-News» կայքը տեղեկացրել է, որ մայիսի 30-ին Իրաքի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները քառակողմ ռազմատեղեկատվական կենտրոնի (ՌՏԿ) շրջանակում Բաղդադում կայացած նիստում քննարկել են Մերձավոր Արևելքում միջազգային ահաբեկչության դեմ չորս երկրների պայքարի ընթացիկ իրադրությունը և ահաբեկչական խմբավորումների գործողությունները։ Ի դեպ, այդ նիստում իրանական պատվիրակությունը ներկայացնում էր Մոստաֆա Մորադյանը։ ՌՏԿ-ի ներկայիս ղեկավար, Իրաքի ռազմական հետախուզության պետ Սաադ ալ Ալաքը, հիշեցնելով, որ կենտրոնն ստեղծվել է 2015 թ., հայտարարել է. «Կենտրոնում Իրանի, Ռուսաստանի, Իրաքի և Սիրիայի համագործակցությունը մեծ ազդեցություն է գործել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» պարտության վրա»։
Իրանական ռազմական հետախուզության ներկայացուցիչ Մորադյանն ընդգծել է, որ հենց «տեղեկատվության փոխանակումը, մասնավորապես՝ Իրաքում և որոշ դեպքերում Սիրիայում ԻՊ-ի և այլ ահաբեկիչների ռազմավարական կարևոր դիրքերի հայտնաբերման ու ոչնչացման նպատակով իրաքյան ու սիրիական զորքերին տեղեկույթի հաղորդումը, այդ կենտրոնի կարևորագույն և ամենահաջող նվաճումներից մեկն է»։ Մորադյանը հայտնել է, որ Իրանը պատրաստ է այդ ասպարեզում ամենատարբեր ձևերով համագործակցելու ցանկացած երկրի հետ մինչև տարածաշրջանում ահաբեկչությունը լիովին արմատախիլ անելը։
Իհարկե, Բաղդադում կայացած քննարկումների թեմայով ոչ իրաքյան, ոչ իրանական ԶԼՄ-ները մանրամասներ չեն հրապարակել, բայց ես ուշադրություն դարձրի հետևյալ նրբերանգին։ Արդեն հունիսի 3-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմն առաջ է բերում նոր տեսակետներ ու հետևանքներ, որոնք կարող են դուրս գալ այդ երկրների երկկողմ կապերի սահմաններից։ Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը որպես տնտեսական ահաբեկչության օրինակ»։ Հիշեցնեմ, որ դրանից առաջ՝ այս տարվա մայիսին, Թեհրանի գործնականում բոլոր բարձրագույն պաշտոնյաները, սկսած նախագահ Հասան Ռոհանիից, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն անվանել են «տնտեսական ահաբեկչություն»։
Նույն օրը՝ հունիսի 3-ին, իրաքյան տեղեկացված, բայց անանուն մի աղբյուր հաղորդել է, որ Չինաստանը Բաղդադի ՌՏԿ-ին միանալու ցանկություն է հայտնել. ինչը «կարևոր քայլ է տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու ճանապարհին»։
Ըստ աղբյուրի, այլ երկրներ նույնպես հայտնել են ՌՏԿ-ին միանալու իրենց շահագրգռությունը, ինչը նշան է Իրաքում ու Սիրիայում անվտանգության ոլորտում Թեհրանի, Բաղդադի, Մոսկվայի և Դամասկոսի համագործակցության հաջողության, ինչպես նաև տարածաշրջանի և բնիկ ժողովուրդների անվտանգությունն ապահովելու նպատակով, բոլոր երկրների մասնակցությամբ, այդ գործընկերային համագործակցությունը զարգացնելու քայլ։
Այսպիսով, շուտով իրադրությունը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև մեզ մոտ՝ Այսրկովկասում, անգամ Միջին Ասիայում և Աֆղանստանում արմատապես կփոխվի։ Նույնիսկ եթե կենտրոնին միանա միայն Չինաստանը, դա արդեն բացահայտ մարտահրավեր կդառնա ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայություններին։ Իրանը 2014 թվականից ապացույցներ ունի, որ ամերիկացիներն ու իսրայելցիները մասնակցել են ԻՊ-ի ստեղծմանը, որ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան գործակցել են «Ալ Քաիդա» խմբավորման հետ և այլն։ Երբ 2016 թ. լուրեր էին շրջանառվում, թե չինական հատուկ ջոկատները քողարկված ձևով Սիրիայում մասնակցում են «Հիզբ ութ Թուրքեստանի» (Թուրքեստանի իսլամական կուսակցություն) խմբավորման զինյալների (որոնք Չինաստանի քաղաքացիներ էին) ոչնչացմանն ու 2017-ին դեպի Սիրիայի ափերը չինական ռազմանավերի երթի մասին, ապա այդ հաղորդումները կարծես «չէին նկատվում» աշխարհում։ Բայց հիմա, այն բանից հետո, երբ Չինաստանը կմտնի Բաղդադի ՌՏԿ, հակաամերիկյան պայքարում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դաշնակցությունը դժվար կլինի անտեսել։
Մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը Սինգապուրում կայացավ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) անվտանգության հարցերով «Շանգրի լա» միջազգային կոնֆերանսը։ Հասկանալի պատճառներով նրա մասնակիցների ուշադրության կենտրոնում էին չին-ամերիկյան հարաբերությունները, որովհետև, համաշխարհային իմաստով, ԱԽՏ-ում անվտանգությունը կախված է ԱՄՆ-ի ու Չինաստանի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում եղած թշնամության մակարդակից։ Ինչ վերաբերում է ԱԽՏ-ի շրջանակում ռուս-չինական հարաբերություններին, ապա նրանք, հակառակը, ամրապնդում են անվտանգությունն այդ տարածաշրջանում։ Ինչպես մենք գրել ենք հունիսի 8-ին, Չինաստանը Բաղդադի քառակողմ (Իրաք, Իրան, ՌԴ, Սիրիա) ՌՏԿ-ին միանալու պատրաստակամություն է հայտնել։ Այսինքն` Պեկինը հաստատել է, որ Իրանի և Ռուսաստանի անվերապահ դաշնակիցն է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Մնում է հիշեցնել, որ Իրանի բարձրագույն իշխանության ապրիլի 30-ի որոշմամբ Մերձավոր ու Միջին Արևելքում, Աֆղանստանում ու Պակիստանում, Թուրքիայում և այլուր գտնվող ամերիկյան ԶՈՒ ԿՀ զորքերը պաշտոնապես «ահաբեկչական խմբավորումներ» են ճանաչված, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը՝ «ահաբեկչության հովանավոր»։ Օրենքն ընդունել է Իրանի խորհրդարանը, հաստատել՝ նախագահ Ռոհանին։ Այդ զորքերի ցանկացած տեղեկատվական, ֆինանսական, տեխնոլոգիական և այլ աջակցություն Թեհրանը համարում է «ահաբեկչության աջակցություն»։


Դժվար չէ հասկանալ, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանի հետ համագործակցող երկրները համաձայն են Թեհրանի գնահատականին։ Էլ ավելի հասկանալի է, թե ինչու Սինգապուրի «Շանգրի լա» կոնֆերանսում մեծ ուշադրություն է դարձվել հենց չին-ամերիկյան հարաբերություններին։ Հարկ է հիշել նաև, որ հունիսի 3-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «առևտրային պատերազմում» Չինաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները «պետական ահաբեկչություն» են։ Այդ ֆոնին Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն Սինգապուրում հայտարարել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմին իր երկրի պատրաստ լինելու մասին. «Եթե ԱՄՆ-ը ցանկանում է բանակցել, մենք դուռը բաց ենք թողնում։ Իսկ եթե պատերազմ է ուզում, ապա մենք պատրաստ ենք»։ Այդ հայտարարությունից հետո Չինաստանի պետական ԶԼՄ-ներն սկսեցին մերկացնել ԱՄՆ-ի վարքը «առևտրային պատերազմում» հայտարարելով, որ Չինաստանի համար դա «ժողովրդական առևտրային պատերազմ» է, և չին ժողովուրդը «պատրաստ է ճակատամարտին» ԱՄՆ-ի հետ, քանի որ վերջին հինգ հազարամյակում «անցել է բոլոր ճակատամարտերը»։


ՈՒշադրություն դարձնենք. ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմին Պեկինի պատրաստ լինելու մասին հայտարարեց ոչ թե Չինաստանի առևտրի կամ էկոնոմիկայի նախարարը, այլ պաշտպանության նախարարը։ Բացի նրանից, Սինգապուրում չինական պատվիրակության կազմում կային նաև այլ պետական պաշտոնյաներ, որոնք շատ ավելի մոտիկից էին զբաղվում առևտրով ու տնտեսությամբ։ Բայց հայտարարությունն արեց հենց պաշտպանության նախարարը։ Խնդիրն այն է, որ հայտարարության որոշակի մասը վերաբերում էր նաև «սովորական» պատերազմին։ «Associated Press» գործակալությունը հաղորդել է, որ գեներալ Վեյ Ֆենհեն նախազգուշացրել է, որ չին զինվորականները «վճռական միջոցներ» ձեռք կառնեն, եթե որևէ մեկը փորձի վիճարկել Պեկինի ինքնիշխանությունը Թայվանի ու Հարավչինական ծովի ջրերի նկատմամբ։ ԱՄՆ-ի հասցեին կոնկրետ սպառնալիքներ նա չհնչեցրեց, նշում է գործակալությունը, սակայն նրա ելույթը լի էր Վաշինգտոնի գործողությունների քննադատությամբ։ Վեյ Ֆենհեն կոշտ կերպով դատապարտեց ԱՄՆ-ի կողմից Թայվանի պաշտպանությունը և, այսպես կոչված, «ազատ նավարկության» գործողությունները ռազմավարական ջրային ուղիներում, այդ թվում՝ Թայվանի նեղուցում, որոնք Չինաստանը համարում է իրենը։ Ընդ որում, շարունակեց Վեյ Ֆենհեն, եթե ԱՄՆ-ը հարձակվի Չինաստանի վրա, ապա Պեկինը չի հարձակվի, բայց Չինաստանի և ԱՄՆ-ի բախման հետևանքները սարսափելի կլինեն։ «Երկու կողմն էլ հասկանում են, որ նրանց միջև հակամարտությունը կամ պատերազմը կարող են աղետալի լինել ինչպես հենց նրանց, այնպես էլ ողջ աշխարհի համար,- ընդգծեց Ֆենհեն։- Սակայն եթե որևէ մեկը փորձի Թայվանն անջատել Չինաստանից, ապա չին զինվորականներն այլընտրանք չեն ունենա, բացի ամեն գնով մարտնչելուց։ Այդ դեպքում Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը ոչ մի դյույմ չի զիջի իր երկրի սրբազան հողից։ Թայվանի հարցում ցանկացած միջամտություն դատապարտված է ձախողման»։


Եթե վերը շարադրվածն ի մի բերենք, ապա նախարար Վեյ Ֆենհեն Սինգապուրում նախազգուշացրեց և ԱՄՆ-ին, և ամբողջ աշխարհին ամենաիսկական պատերազմին, ոչ միայն ամերիկացիների հետ առևտրային պատերազմին ՉԺՀ-ի պատրաստ լինելու մասին։ Ես չեմ պնդում, թե Չինաստանը կպատճենի ԱՄՆ-ի զորքերի վերաբերյալ Իրանի պետական որոշումները, բայց չեմ զարմանա, եթե Պեկինը բարձրագույն մակարդակով որոշում ընդունի ԱԽՏ-ի մասշտաբով բոլոր ամերիկացի զինվորականներին ահաբեկիչ ճանաչելու մասին։ Այդ դեպքում ինչպես Չինաստանն է Իրանին ու Ռուսաստանին միանում Մերձավոր ու Միջին Արևելքում միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու համար, այնպես էլ Իրանն ու Ռուսաստանը կմիանան Չինաստանին ԱԽՏ-ում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու նպատակով։ Եվ դա տրամաբանական է. ԱՄՆ-ը առևտրային պատերազմ է մղում Չինաստանի դեմ և պատժամիջոցային պատերազմ՝ Իրանի և Ռուսաստանի։ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դաշնակցությունը Վաշինգտոնի ագրեսիվության հիմնավորված պատասխանն է։ ԱՄՆ-ը Եվրասիայի երեք խոշոր պետությունների ընդհանուր թշնամին է, որոնցից երկուսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և միջուկային տերություն են։


Ամփոփենք. Չինաստանը պատրաստ է ամեն ինչին և մտադիր չէ թաքցնելու Իրանի և Ռուսաստանի հետ իր համագործակցությունը։ Ռուսաստանը պատրաստվում է ամեն ինչին, և Կենտրոնական Ասիայում անվտանգությունն ապահովելու պատրվակով ոտքի են հանվում... Կենտրոնական ու Հարավային օկրուգների ստորաբաժանումները, որոնք ընդհանրապես ՆԱՏՕ-ի զսպման համար են։ Եվրասիայի երեք հսկաները՝ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, գործում են համատեղ։ Իսրայելում հանդիպման տապալումը նաև հենց Իսրայելի վարչապետ Նեթանյահուի անձնական անհաջողությունն է, ինչքան էլ իսրայելական ԶԼՄ-ները գովաբանեն կայացած բանակցությունները։ Հրապարակավ օրախնդիր հարց եմ տալիս. իսկ Հայաստանի իշխանությու՞նն ինչի է պատրաստվում... Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորմա՞նը։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao