Վարչապետի հանձնարարությունը ՊԵԿ նախագահին

Վարչապետի հանձնարարությունը ՊԵԿ նախագահին
26.03.2020 | 15:25

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները կգերակատարվեն մոտ 5 մլրդ դրամով՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով հարկ վճարողներին գործել օրենքի սահմաններում։

«Եվ այս առումով ես ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորությանը։ Այսօր շատ սոցիալական, տնտեսական աջակցության խնդիրների մասին են խոսում, այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ։ Եվ այդ եկամուտները պետք է ապահովվեն հարկային համակարգի միջոցով։ Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, իրենցից հարկ եք ուզում։ Չաշխատող, եկամուտների, շրջանառության բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ։ Հարկ ուզում են միայն այն պայմաններում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն»,- ասաց նա։ Վարչապետը դիմեց ՊԵԿ նախագահին․ «Պարոն Անանյան, մանրածախ առևտրի ծավալների աճին զուգահեռ նորից ազդակներ են ստացվում, որ նորից լայնորեն սկսել է կիրառվել ՀԴՄ կտրոն չտրամադրելու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է, և մեծ ուշադրություն չի դարձվի դրան։ Հիմա, ընդհակառակը, ճգնաժամային իրավիճակ է, և, այո, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի։ Եվ ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպք, որովհետև որևէ արդարացում չկա դրան, մանավանդ այսօր, որ խանութների շրջանառությունները էականորեն աճել են։ Եվ հետո, մենք վերլուծություններով էլ պետք է հասկանանք ու տեղորոշենք անբարեխիղճ տնտեսվարողներին ու նրանցով շատ լրջորեն զբաղվենք։ Ընդհանրապես մենք պետք է թույլ չտանք, որ այս ճգնաժամային պայմաններում հայտնի տխրահռչակ սովորություններն ակտիվանան»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ իրենք այդպես էլ ընկալել են այսօրվա ամենօրյա գործառույթների իրականացնումը։ «ՊԵԿ-ը աշխատում է ամբողջ ծավալով, բոլոր գործառույթներն իրականացվում են, աշխատակազմի որևէ կրճատում չի իրականացվել։ Մասնավորապես, հսկողական գործառույթներն իրականացնող երկու վարչությունները ամբողջ ծավալով իրականացնում են իրենց պարտականությունները»,- ասաց Անանյանը:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ