«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
02.07.2019 | 01:39

(Նախորդ մասը)

Մհեր Մարկոսյանի ինստիտուտի հետ մեր խնդիրները «СИН-1» սեղանով չավարտվեցին, չվերացան: Մինչ այդ այսպիսի մի պատմություն էր տեղի ունեցել: 2008 թվականին Երևանի Մաշտոցի 54 շենքի բնակիչները կոլեկտիվ նամակ էին հղել՝ ինձ խնդրելով մասնագիտական գնահատական տալ իրենց շենքի հարևանությամբ տեղադրվող «ԱրմենՏելի» անտենայի վերաբերյալ: Նամակում գրված էր. «Մեզ անհանգստացնում է այդ անտենայի հնարավոր բացասական ազդեցությունը մեր երեխաների առողջության վրա: Ի պատասխան մեր դիմումի, «ԱրմենՏելը» ուղարկել է «Կապի միջոցների Երևանի ԳՀԻ»-ի աշխատանքային նախագիծը, որտեղ շատ խելոք բաներ կան գրված ու նկարված, որոնցից ոչինչ չենք հասկանում՝ համապատասխան կրթություն չունենալու պատճառով: Խնդրում ենք այդ ամենը բացատրել մեր կենցաղային մակարդակով ու տալ Ձեր մասնագիտական եզրակացությունը»:
Առաջ անցնելով ասեմ, որ Երևանում ու Հայաստանի մյուս քաղաքներում տեղադրվող բջջային կապի բազային կայանները անհանգստություն են առաջացնում մոտակայքում ապրող բնակիչների մեջ: Դրանց անկանոն տեղադրումը թերևս հանդիսանում է մեր քաղաքի ծանրագույն վտանգ ներկայացնող խնդիրներից ամենակարևորը, մեր երկրում աշխատող կապի օպերատորները, հանուն իրենց գերշահույթների, ուղղակի և միջնորդավորված ձևով խաղում են մեր քաղաքացիների առողջության հետ, տուժում են հատկապես մեր երեխաները, և ինչպես միշտ այդ ամենը արվում է մեր իսկ ձեռքերով։ Ինչպե՞ս: Խնդրեմ, կարդանք «ԱրմենՏելի» պատասխան գրությունը.


«Жителям А.Давтян и А. Амазаспян. г.Ереван, пр.Маштоца 54.

Уважаемые А.Давтян и А. Амазаспян, В ответ на Ваше письмо от 23,03,2008 г. сообщаем, что ЗАО «АрменТел» перед строительством сотовой станции в обязательном порядке заказывает от ЗАО «Ереванский НИИ средств связи» рабочий проект «Расчет санитарно-защитной зоны базовой станции сотовой связи». Расчет для базовой станции сотовой связи, находящейся по адресу г. Ереван, пр© Маштоца 54а прилагается. Заключение проекта: Установка базовой станции на крыше здания по адресу г. Еревана, пр. Маштоца 54а возможна, поскольку значение плотности потока энергии электромагнитного поля в местах нахождения населения меньше допустимого уровня 10 мквт/см (պետք է լիներ 10 мквт/см2-м. Р.). С уважением, ВрИО Генерального директора Г. Калгашкин»:

Փորձենք այս պատասխանը ներկայացնել բոլորի համար հասկանալի ոչ թե մասնագիտական, այլ կենցաղային լեզվով կամ, ավելի ճիշտ կլինի ասել, կարճ կապենք. ձեր առողջության հարցերով խնդրում եմ մեզ չանհանգստացնել, այլ դիմեք «Կապի միջոցների Երևանի ԳՀԻ»-ի տնօրեն Մ. Մարկոսյանին ու նախագծող Ա. Հովհաննիսյանին, դրա համար մենք նրանց վճարել ենք (ձեր առողջությունը փչացնելու դիմաց մենք արդեն կանխավ վճարել ենք ձեր մասնագիտացված ինստիտուտին):
Գործն այսպես է կազմակերպված. համապատասխան վճարի դիմաց, Երևանի ԳՀԻ-ում մշակվել էր 32 էջից բաղկացած մի աշխատանքային նախագիծ, որը համարվում է պաշտոնական փաստաթուղթ ու դրվում շրջանառության մեջ: Այս հարցով հետաքրքիր է ընթերցել ՀՀ պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանի պատասխանը, որն ուղղակիորեն յուղ է լցնում բաց կրակի վրա. «Ելնելով վերոհիշյալից, Մաշտոցի 54 շենքի մոտակայքում տեղակայված բջջային կապի բազային կայանի սանիտարական պահպանման գոտու աշխատանքային նախագծի հաշվարկների համաձայն հողի մակերեսը, կայանի ալեհավաքի տեղադրման շենքերը և շրջապատող շենքերը գտնվում են վտանգավոր գոտուց դուրս»:


Պատկերացնու՞մ եք, թե ՀՀ գլխավոր սանիտարը ինչ նոր ահ է մտցնում շենքի բնակիչների սրտերում ¥հիշենք՝ երկու ահը մի մահ է¤. դուք, ձեր երեխաների հետ, գտնվում եք ալեհավաքի վտանգավոր գոտուց դուրս: Եթե Կալգաշինի մոտ դա ոչինչ չարտահայտող «10 միկրովատտ էր մեկ քառակուսի սանտիմետրի վրա», ապա Վանյանի մոտ այն դառնում է շատ բան արտահայտող «վտանգավոր գոտի» արտահայտություն՝ դավին անտեղյակ քաղաքացու համար ավելի հասկանալի բառերով ասված ու ճշտորեն բնութագրված:
Պատկերացնենք կայանի հարևանությամբ ապրող բնակիչների հոգեկան վիճակը, երբ նրանք պաշտոնապես տեղեկացվում են, որ իրենց երեխաները բնակվում են «վտանգավոր գոտուց» դուրս, հնարավոր է նաև «վտանգավոր գոտուց» ներս, հայ չինովնիկության նկատմամբ վստահություն ու հավատ չունեցող մարդկանց համար պարզ է, որ այստեղ էլ են իրենց խաբելու:


Մաշտոցի 54 շենքի խնդիրը ես հեշտությամբ լուծեցի, երբ «Կապի միջոցների Երևանի ԳՀԻ»-ի կազմած նախագծի մեջ կոպիտ, ավելի ճիշտ կլինի ասել, կանխամտածված սխալ գտա: Իրենց հաշվարկների ժամանակ հաշվի չէին առել սուպերպոզիցիայի սկզբունքը, համաձայն որի միջավայրում տարածվող ռադիոալիքների ազդեցությունը որոշվում է որպես առանձին բաղադրիչների ազդեցությունների գումար. S=S1+S2+S3+...
Եթե տվյալ տանիքին տեղադրվում է «ԱրմենՏելի» կապի միջոցի YE129 բազային կայանը՝ S1 ալիքային հզորությամբ, ապա պետք էր հաշվի առնել նաև նրա կողքինների S2+S3+S4 և, ընդհանրապես, քաղաքում տեղադրված բոլոր բազային կայանների ճառագայթների Sv+Sa+Sy համատեղ ազդեցությունը: Մարդկանց առողջության վրա ազդում է ոչ թե մեկ, այլ մեկ՝ գումարած քաղաքի բոլոր բազային կայանների ռադիոալիքների համատեղ ազդեցությունը՝ միասին վերցված, դրանք պետք է տեսական ու փորձնական եղանակներով գնահատվեն ու ներկայացվեն մեր հասարակությանը՝ քարտեզագրված ձևով կամ աղյուսակներով:
Երևանի կապի միջոցների հաշվարկներում սուպերպոզիցիայի սկզբունքը մի կողմ էին դրել ու գնացել պարզունակ ճանապարհով՝ բիոլոգիական վտանգավորության գոտին որոշելու համար օգտագործելով միայն նոր տեղադրվող կայանի ուղղորդման դիագրամը (диаграмма направленности): Այս մոտեցումը բավարարում է Հայաստանում աշխատող բջջային կապի բոլոր օպերատորներին՝ նրանց բիզնեսը դարձնելով ծայրաստիճան եկամտաբեր, որովհետև օրակարգից դուրս է բերվում բազային կայանների համար հատուկ աշտարակներ կառուցելու դժվարին ու ծախսատար խնդիրը, իրենց կայանները տեղադրում են հասարակական կամ բնակելի շենքերի տանիքներին ու վերջ՝ քաղաքի բազմաբնակարանային բազմահարկ շենքերը ընդունելով պատրաստի ռադիոաշտարակի տեղ: Իսկ բնակիչների առողջության խնդիրնե՞րը: Հայաստանում աշխատող կապի օպերատորներին դրանք ամենից քիչն են հետաքրքրում: Կապի օպերատորների ու Երևանի կապի միջոցների ինստիտուտի համագործակցությունը փոխադարձաբար ծայրաստիճան շահավետ է. մեկին ազատելով մասնագիտացված ծախսատար աշտարակներ կառուցելու անհրաժեշտությունից, մյուսին բազմակի պատճենահանելով ու վաճառելով փաստորեն նույն հաշվարկային նախագծերը, որոնք կարճ ժամանակ անց դառնում են տիպային և որոնք, կարելի է ասել, պատրաստ են դնելու հոսքագծի՝ յուրաքանչյուր նոր դեպքում ներկայացնելով որպես օրիգինալ գիտահետազոտական-նախագծային աշխատանք, որոնց պայմանագրային գները կարող են շատ բարձր լինել:


ԽՍՀՄ-ում մեծ տեղ էր հատկացված բարձր- հաճախական ռադիոալիքների հետ կապված ուսումնասիրություններին, նաև բիոլոգիական ազդեցության տեսակետից՝ որպես հնարավոր զինատեսակի, տարիներ շարունակ հսկայական հետազոտություններ են կատարվել գերբարձր հաճախականությունների տիրույթում ռադիոալիքների ազդեցությունը մարդու առողջության վրա գնահատելու ուղղությամբ: Դրանք գումարային ազդեցություններ են, որոնք կարող են բերել տարբեր տիպի օնկոլոգիական հիվանդությունների առաջացման:
Տոմիլինոյում Անատոլի Շելկունով անունով մի դիպլոմնիկ ունեի, որի աշխատանքը վերաբերում էր Գաննի դիոդներով ԳԲՀ (գերբարձր հաճախականության, տիրույթը՝ 0,3- 3000 ԳՀց) գեներատոր-ուժեղացուցիչների սխեմաների նախագծմանն ու ուսումնասիրությանը: Դիպլոմային աշխատանքը հաջողությամբ պաշտպանելուց հետո նա տեղափոխվեց Գաննի դիոդների արտադրամաս, ինչու՞:


-Այնտեղ չորս ժամ ենք աշխատում, բարձր աշխատավարձ, ձրի կաթ ու կեֆիր են տալիս, հետո՞ ինչ, որ երեխա ունենալ չի կարելի, երկու երեխա արդեն ունեմ, ավելին չենք ուզում, այս աշխատանքը ինձ բավարարում է, եթե մեկ տարի պակաս ապրեմ, մեկ տարի շուտ իմպոտենտ դառնամ, հոգս չէ:
Անատոլին մասնագիտացել էր ԳԲՀ ռադիոալիքների չափումներով, արտադրամասում, գործարանի տարածքում ու գործարանից դուրս, հսկում էր, որ ռազմական բնույթի ռադիոսարքերի շուրջը տարածվող ռադիոալիքները գործարանից դուրս չգան, այդ ալիքների հաճախականությունը համարվում էր ռազմական գաղտնիք: Նրա ընտրությունը կամավոր էր, քառասուն տարին արդեն անցել էր: Իսկ ի՞նչ անեն այն մայրերը և հայրերը, որոնք դեռևս երիտասարդ են, որոնց երեխաները դեռ չեն ծնվել կամ մի քանի տարեկան են: Մի անտանելի ծանր պատմության մեջ ընկա Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ (մասնակցում էի «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից): Ինձ հրավիրել էին, որ լուծում առաջարկեմ իրենց շենքում տեղադրված անտենաների համար: Մինչ այդ, Երևանում տիրող անտենային վակխանալիայի մասին ես խոսել էի Արամ Աբրահամյանի «Հեռանկարի տաղավարում»՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրելով քաղաքային նախկին իշխանություններին, հիմա էլ մեղադրում եմ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանին, որի դերասանական արվեստն ու բնական ինտելեկտը քաղաքային աղբից այն կողմ չի անցել, կարելի է ասել՝ չի էլ հասել:


Բնակիչների հետ զրուցում էինք բազմաբնակարանային շենքի 9-րդ հարկի բնակարանում. խնդրահարույց անտենան տեղադրված էր հարևան շենքի տանիքին՝ ուղիղ պատուհանի դիմաց: Կես ժամ անց զգացի, որ անտենայի կողմ նայող երեսս սկսել է տաքանալ:
-Ի՞նչ կլինի, աղաչում եմ, օգնեք ինձ, երկու երեխաներս մեկ տարեկան չդարձած մահացան այս տանը, ասում են՝ անտենայից էր, հիմա երրորդին եմ սպասում, գոնե այս մեկը ապրի,- լացակումած աղերսում էր երիտասարդ կինը:
-Այս անտենաների տեղադրումը հակասում է ՀՀ Սահմանադրության այն դրույթին, որ երկրի քաղաքացիները պետք է ունենան էկոլոգիապես նպաստավոր պայմաններում ապրելու իրավունք, մեր երկրում առողջության, մայրության ու բազմաթիվ այլ իրավունքները խախտված են նաև բջջային կապի օպերատորների հանցավոր գործողությունների պատճառով, բջջային կապի բազային կայանները, համաձայն միջազգային ստանդարտների, պետք է տեղադրված լինեն բարձր ծխնելույզների կամ հատուկ կառուցված ռադիոաշտարակների վրա, բայց մեր քաղաքում դրանք չկան, բացառված են (գյուղերում կան՝ բարձրահարկ շինությունների բացակայության պատճառով), հեշտ ճանապարհ են գտել՝ անտենաները տեղադրելով բնակելի ու քաղաքային այլ շինությունների տանիքներին՝ հեշտացնելով մոնտաժման ու սպասարկման գործերը, տվյալ դեպքում վերելակով կարելի է բարձրանալ մինչև վերջին հարկը, մի հարկ էլ ոտքով ելնել ու վերջ:
Բջջային կապի հատուկ աշտարակների դեպքում դժվարությունները շատ են: Նախ, պետք է անհատական նախագծեր պատվիրել, հողահատկացման ու շինթույլտվության հարցերը լուծել, հետագայում դրանց կավելանան նաև մոնտաժման ու սպասարկման խնդիրները, որոնք դժվար է պատկերացնել՝ առանց վերելակների ու հատուկ տեխնիկայի կիրառման, ահռելի ծախսեր չանելու համար քաղաքում հարմար տանիքներ են փնտրում-գտնում, աղքատության շեմն անցած շենքի բնակիչների հետ ֆինանսական պայմանագրեր կնքում, հայկական մասնագիտացված հիմնարկից ստանում են համապատասխան թույլտվություն տվող նախագիծն ու հանգիստ տեղադրում իրենց բազային կայանները, ժողովրդի հերն էլ անիծած՝ մարդկանց առողջությունն էլ վրան դրած:


-Ի՞նչ եք առաջարկում-, իմ ելույթից հետո, հազիվ լսելի ձայնով, խոսեց հուսահատության աստիճանին հասած կինը։
-Մեկ լուծում եմ տեսնում, կացինն առնում եք ու հարևաններով անտենայի կաբելը կտրում, թող խելքի գան, որ մարդկանց կյանքի ու առողջության հետ այսուհետ չխաղան, չի կարելի:
-Բա որ տուգանեն՝ գույքին վնաս պատճառելու համար, վախենում ենք:
-Մի կացին տվեք, ես գնամ կտրեմ:
-Դուռը կողպեքով փակել են, մոտենալ չի լինի:
Ի՞նչ ասեմ, մեր խեղճ ու անպաշտպան քաղաքացիներ, ձեզ մոտ ուղղակի պատային վիճակ է առաջացել, այստեղ ծայրագույն աղքատության էֆեկտն է աշխատում. մարդկանց ու նրանց մանուկների առողջության հաշվին Մարկոսյանը, Պրյախինը, Ռալֆ Յիրիկյանն ու մյուսները փող են շինում՝ իրենց աշխատանքային հանցավոր ոճը թաքցնելով տարբեր հիմնադրամների ու բարեգործական ծրագրերի տակ, իսկ մարդիկ վախենում են։ Ինչի՞ց եք վախենում, մեր հայ քաղաքացիներ, մենք 1915 թիվ ենք տեսել, հայրենիք ենք կորցրել և, անշուշտ, Ղարաբաղ ենք ազատագրել ու դեռ առաջ ենք գնալու՝ հակառակ ուղղությամբ, հիմա մի կաբելը կտրելու՞ց ենք վախենում, ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա, պայքարեք ու արդյունքի կհասնեք, մեր իշխանավորների ողջամտության հետ հույսեր մի կապեք, ջուր է, կծեծեն, կծեծեն ու հետո իրենց «գյալուրը» առած կթռնեն: Հայաստանում աշխատող կապի բոլոր օպերատորներից պահանջում եմ վերջ տալ իրենց խարդախություններին ու մեյմունություններին, նրանք պարտավոր են իրենց կապի ծառայությունները համապատասխանացնել միջազգային ստանդարտներին, ինչպես, օրինակ, դրանք արվում են Արևմուտքի ու արևելքի երկրներում, Ժնևում ու Սան Ֆրանցիսկոյում, աշխարհի մյուս քաղաքներում: Բոլոր անտենաները տեղադրված են քաղաքից դուրս՝ հատուկ կառուցված բարձրադիր աշտարակների վրա կամ լքված գործարանների տանիքներին, այս մասին ինձ պատմել է մեր նախկին ուսանող, հիմա Ամերիկայի քաղաքացի, պրոֆեսոր Ստեփան Եսայանը: Այս թեմաներով կարելի է երկար խոսել ու գալ մեկ կոնկրետ եզրահանգման. Երևանը և Հայաստանի մյուս քաղաքները պետք է ունենան անտենային ճարտարապետություն ու քաղաքացիների ճառագայթահարման դեմ ուղղված պետական քաղաքականություն: Նման բաները իրատեսական կլինի պահանջել մեր հաջորդ իշխանությունից, որը, հույս ունեմ, կլինի խելահաս մարդկանցից ձևավորված հանրություն՝ հարիր մեր աստվածատուր ժողովրդի կենսական պահանջներին:

(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Հ. Գ. Մեծ խղճահարություն ապրեցի՝ տեսնելով, թե մեր նախագահը որքան է տպավորված Լե Բուրժեում իր տեսածից: Այո, գիտական ու տեխնիկական աշխարհն այնքան է առաջ գնացել, որ կյանքում շատ բան տեսած Արմեն Սարգսյանի բերանը բաց էր մնացել: Հարգելի նախագահին կոչ եմ անում, որ իր մրցանակաբաշխություններով նոր խոչընդոտներ չստեղծի, սատար կանգնի մեր հելիոֆիկացիայի ծրագրին, ու մենք կտեսնենք, թե գործարար ու գիտական աշխարհն ինչպես է բաց բերանով նայում մեր հայկական տեխնոլոգիաների հաջողություններին՝ իրենց ողջ հմայքով: Մենք աշխարհի էկոլոգիական, էներգետիկ ու գյուղատնտեսական խնդիրներին այնպիսի կլասիկ լուծումներ ենք տվել, որ Էջմիածնի մեր արևային պոլիգոն այցելած ճապոնացի, ֆրանսիացի, չինացի և մյուս երկրներից ժամանած զբոսաշրջիկներին այլ բան չի մնում, քան նայել բերանները բաց ու զարմանալ Հայաստանում ստեղծված գյուտերով... Մեր նախագահ Արմեն Սարգսյանի վրա ուղղակի խաբար չկա:

Դիտվել է՝ 2785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao