«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Ցավալի է, որ նրանք իրենց լրատվամիջոցներով վերստին գործի են դրել շանտաժի քաղաքականությունը»

«Ցավալի է, որ նրանք իրենց լրատվամիջոցներով վերստին գործի են դրել շանտաժի քաղաքականությունը»
21.10.2014 | 00:20

Հետհանրահավաքային տրամադրությունների մասին զրուցում ենք Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:


-Ըստ Ձեզ, մարզային հանրահավաքներով քաղաքական մթնոլորտը շիկացնել ցանկացող «հրաշալի եռյակը» կարողացա՞վ մայրաքաղաքում մարդկանց համոզել, որ այս անգամ ընդդիմությունը հաջողելու է:

-Մարզերում էլ, մայրաքաղաքում էլ բավական մեծ հանրային պահանջարկ կա՝ տեսնել միավորված ընդդիմություն, որը հստակ գործողությունների ծրագրով կհասնի իշխանափոխության: Քառյակի մարզային հանրահավաքներում մի քանի սուր ելույթներով ակնարկներ արվեցին, թե իրենք հենց այդպիսի նպատակ էլ դրել են իրենց առջև: Երևանում տեղի ունեցած հանրահավաքի հաջողությունը ոչ միայն կազմակերպական լուրջ ռեսուրսների ներդրումն էր մարդկանց բերելու համար, այլ նաև մարզային հանրահավաքներում այդպիսի ելույթներով ձևավորված սպասումները: Սակայն հոկտեմբերի 10-ի հանրահավաքը համաչափ չէր ձևավորված սպասումներին, քանի որ եռյակի անդամները ուղղակի թե անուղղակի ի ցույց դրեցին, որ դեռևս միասնական օրակարգ ու գործողությունների ծրագիր չունեն: Թերևս հիասթափությունը փարատելու քայլ էր հայտարարելը, թե առաջիկայում մեկնարկելու է համաժողովրդական շարժում, այն տևական է լինելու, ԲՀԿ առաջնորդի ելույթի հետաձգումը և նման բաներ: Սակայն որոշակիությունների բացակայության դեպքում հաջորդ հանրահավաքը կարող է դառնալ հիասթափության հանրահավաք:
-Եթե, իհարկե, «հաջորդ դասին» կարողանան նման քանակություն ապահովել։ Մարդիկ հոգնել են «հարթակային» դեմքերից, քանի որ նրանց խոսքը երբեք գործ չի դառնում: Այս հանրահավաքն էլ ապացուցեց, որ ասելիքի դեֆիցիտ կա: Կամ ի՞նչ է նշանակում այդքան մարդ հավաքել ու «վերջին դասի» հանգով խոստանալ հաջորդ անգամ ելույթ ունենալ: Դուք ի՞նչ «քաղեցիք» այս հանրահավաքից:
-Ցավալի է, որ քաղաքական ուժերը կարող են իրենց գործունեության արդյունավետության ցուցիչ համարել բացառապես հանրահավաքի մարդաշատությունը: Արդեն նշեցի, թե բազմամարդությունը հիմնականում ինչ գործոնների շնորհիվ էր ապահովվել: Մեր քաղաքական կյանքի քսանամյա պատմության մեջ կարող ենք շատ ու շատ մարդաշատ հանրահավաքներ ու շարժումներ հիշել, որոնք ավարտվել են կա՛մ տապալումով, կա՛մ ողբերգությամբ ու համաժողովրդական հիասթափությամբ: Ինձ համար էական չէ, թե որքան շատ մարդ կհավաքվի հրապարակում, որքան սուր ելույթներ կհնչեն, որքան արմատական կոչեր կհնչեցվեն, որքան խրոխտ ու համարձակ դիրքեր կընդունեն հարթակին կանգնածները: Որպես քաղաքագետ, ինձ համար կարևոր է, թե ինչ ռազմավարություն ունի քառյակը, և ինչպես է նա դրան հասնում: Քանի որ այդպիսի ռազմավարություն գոյություն չունի, այլ դրա փոխարեն կան քառյակի մաս կազմող ուժերի ռազմավարություններ, որոնք քիչ կապ ունեն ժողովրդի սպասումների հետ, ես «մեկնարկող» շարժման հաջողությունների մասին խոսելու հիմք չունեմ:
-Ի՞նչ հաջողություններ կարելի է ակնկալել, երբ դավանանք չունեցող գործիչներ են ղեկավարում առաջին նախագահի բնութագրած «շարժումը»։ Հստակեցնեմ միտքս։ երեկ Գագիկ Ծառուկյանին «բոմժի» կարգավիճակ խոստացող քաղաքական առաջնորդներն այսօր նրա հետ նույն «նավում» են: Ասել է՝ հավատա՞լ շրջանառվող այն «տեսությանը», թե քաղաքականությունն ամենամեծ անբարոյականությունն է:
-Ես չէ, որ պետք է դրա համար ամաչեմ կամ պատասխան տամ: Դա Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի պատասխանատվության դաշտում գտնվող խնդիր է: Եթե նրանք միմյանց ներել են կամ հասկացել, ապա դա լավ է, բայց այդ ամենի համար հանրությանը բացատրություն տալը իրենց խնդիրն է: Վերջին հինգ տարիներին առիթ եմ ունեցել կարծիք հայտնելու Լևոն Տեր-Պետրոսյանի հռչակած «պրագմատիկ քաղաքականության» կամ «ռեալպոլիտիկի» մասին: Դրանով միշտ քողարկվել են անսկզբունքային վարքագծերը, անգամ հանրորեն մերժելի գործարքներն ու գործընթացները: Եթե ես արդարացնեմ, որ մեր փոքրիկ երկրում, հասարակության, հանրության առջև առաջնորդները, քաղաքական գործիչները կարող են իրենց նման կերպ պահել ու նման վարքագիծ դրսևորել, ապա ես պետք է ընդունեմ, որ, օրինակ, ընտանիքում էլ կարելի է այդպես անել. ընտանիքի անդամները հրապարակավ միմյանց խայտառակեն, ամենավերջին մեղադրանքներն ու վիրավորանքները հասցնեն, իսկ հաջորդ օրը կրկին հրապարակավ ասեն, թե իրենք լավ ընտանիք են ու սիրում են միմյանց: Ինձ համար քաղաքականությունը և բարոյականությունը գնում են ձեռք ձեռքի տված, և ես ամեն մի դրսևորում չէ, որ քաղաքականություն եմ համարում, ինչպես էլ որ այն կոչի դրա հեղինակը: Լավ է, որ նախկին անհաշտ ախոյանները միմյանց ներել են ու իրար հետ են, բայց ցավալի է, որ նրանք իրենց լրատվամիջոցներով վերստին գործի են դրել շանտաժի քաղաքականությունը. ովքեր իրենց գաղափարները չեն կիսում, ովքեր բարձրաձայնում են, որ նրանցից սպասելիք չունեն, նրանց չեն հավատում, կամ համարում են, որ նրանք ծրագիր ու ընդհանուր օրակարգ չունեն, որակվում են իբրև տականքներ, ծախվածներ, իշխանության գործակալներ և այլն: Ես հիշում եմ, թե ինչպես 2007-2009 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործիչները, պատգամավորները անարգանքի սյունին էին գամում Լևոն Տեր-Պետրոսյանին իր հռետորաբանության, «ով մեզ հետ չէ, տականք է» կարգախոսի համար: Այսօր նրանք ոչ միայն միացել են՝ մի կողմ թողնելով իրար հասցեի արձակված այդ լուտանքները, այլև ընդդիմախոսների դեմ իրենց լրատվամիջոցներով միասնաբար անում են այն, ինչը մերժում էին իրենց հանդեպ անելիս: Ըստ որում, քաղաքական ընդդիմախոսությանը պատասխանում են լուտանքներով, ցինիզմով, զրպարտությամբ: Լևոն Տեր-Պետրոսյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողներին հրապարակավ անվանում է ջղաձգվողներ, իսկ նրանց լրատվամիջոցները, գրչակները ավելի նողկալի դրսևորումների են անցել:
-Սա, թերևս, այն պահն է, երբ հանուն շահի (կրկնում եմ՝ միայն հանուն շահի) միավորվել են (առայժմ) քաշային տարբեր կարգերում ներկայացող գործիչներն ու ոտնատակել-ջախջախել իրենց քաղաքական օպոնենտներին։ Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ զգացումներ են համակում Ձեզ, երբ ինտելեկտը ռևերանսներ է անում թերուսին: Ըստ իս, միշտ չէ, որ փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը. որքան էլ ուզում ես բարձրահասակ եղիր, Տորք Անգեղի նման հաղթանդամ, եթե ինտելեկտ չկա, և ոչ մի գանձ չի փրկի: Ես խոր ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե մեր որոշ ուսյալ, գիտելիքների հսկայական բազա ունեցող քաղաքական գործիչներ ինչպես են խոնարհվում մամոնայի՝ այս աշխարհի իշխանի առջև: Թերևս ճիշտ էր Իսահակյանը, երբ սրտի ցավով, դեռևս հարյուր տարի առաջ կանչում էր.
Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին
դարձնում է գողին ազնիվ, բարեհույս,
Ապուշին հանճար, վախկոտին կտրիճ,
տգեղին չքնաղ և պոռնիկին կույս:
-Արդեն որերորդ տասնամյակն է, Հայաստանի պետական-քաղաքական կյանքում ինտելեկտը, գիտելիքը, միտքը պահանջված չեն: Լևոն Տեր-Պետրոսյանից սկսյալ, Ռոբերտ Քոչարյանով ու Սերժ Սարգսյանով ավարտած, նրանց պաշտոնավարման շրջանում գնահատվել են անձին նվիրվածությունը, ծառայամտությունը, մատուցված ծառայությունները, փողը, հարստությունը: Դրա համար էլ իշխանության ռեսուրս են դարձել այդպիսի «արժեքները», այլ ոչ թե գիտելիքը, ինտելեկտը: Ավելին, մտածող, սկզբունքային, արհեստավարժ մարդիկ վտանգ են հռչակվել, ապա հեռացվել, մեկուսացվել, վերացվել են իշխանական բուրգից: Դրա համար էլ իշխանական բուրգը աստիճանաբար «զտվեց, զուլալվեց ու բյուրեղացավ» և ստացավ այսօրվա տեսքը, որտեղ վերևում նրանք են, ովքեր նորմալ պարագայում այդտեղ չեն լինում: Հիշենք, թե ինչպես Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին քննարկվում էր «հարուստների/գործարարների» կուսակցություն ստեղծելու հարցը: Այդ գաղափարը փայլուն իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը, և դա կատարելագործվեց Սերժ Սարգսյանի օրոք: Քաղաքական կուսակցությունները ֆասադ դարձան օլիգարխների դիրքերի, արտոնությունների, հարստության, իշխանության պահպանման-հզորացման համար: Որոշ դիպլոմավորներ իրենց թույլ տվեցին այդ ցուցափեղկի մաս կազմել, իսկ ովքեր չհամաձայնեցին` կամ հեռացան երկրից, կամ այսօր լուսանցքում են: Հետևաբար, զարմանալ պետք չէ այսօրվա իրավիճակի համար: Դրա հեղինակներն այսօր էլ մեզ «խոստանում են փոխել կյանքը»: Բայց թե ինչպես են փոխել և ում կյանքն են փոխել, մենք դա, ցավոք, տեսել և զգացել ենք մեր մաշկի վրա:
-Իրերը կոչենք իրենց անուններով և փորձենք հստակեցնել մի մանրամասն ևս. կրթական բավարար մակարդակ չունեցող, քրեական անցյալով անձը (անկախ քսակի պարունակությունից) իրավունք ունի՞, ոչ ավեի, ոչ պակաս, երկրի նախագահ դառնալու ամբիցիաներ դրսևորելու: Մի՞թե աշխարհն իրոք շուռ է եկել, մի՞թե արժեքների այսպիսի մուտացիա է տեղի ունեցել:
-Իհարկե, ողբերգություն է, որ մեր երկրի նյութական արժեքները (շենքեր, շինություններ) թալանվել, քանդվել ու փոշիացվել են: Հաճախ շատերս ենք դրա համար ափսոսանք հայտնում: Սակայն ամենամեծ ողբերգությունը արժեքային համակարգի կործանումն է: Շենքերը կարող են մի քանի տարվա ընթացքում վերականգնվել կամ կառուցվել: Բայց խեղաթյուրված արժեքային համակարգը վերականգնելու, ճշմարիտ ու առողջ արժեքներով սերունդ դաստիարակելու և կայացնելու համար տասնամյակներ են պահանջվելու: Իսկ քանի դեռ դա անող չկա, ցանկացած կարգի ամբիցիա հնչելու է, իսկ հասարակության մեջ էլ նույնիսկ այն պաշտպանողներ, դրան ծառայողներ գտնվելու են:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ