«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ստորջրյա կամիկաձեն

Ստորջրյա կամիկաձեն
21.10.2014 | 12:22

(հայորդին՝ ԽՍՀՄ առաջին գլխավոր սուզանավորդ)

Ռուսական, հետագայում՝ նաև խորհրդային ռազմածովային նավատորմի պատմության մեջ ոսկե տառերով է գրված ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԻԿՈԼԱՅԻ ԳԱՐՍՈՅԱՆԻ (Գարսոև) անունը։ Ցավոք, Խորհրդային Միությունում որպես չգրված օրենք ընդունված ռազմական գործիչներին ու զինագործներին գերգաղտնիության մեջ պահելու տաբուն լայն հասարակության համար անծանոթ են դարձրել մեր այս տաղանդավոր հայրենակցի կյանքն ու գործը։
Ռուսաստանի նավագնացության պատմության մեջ «Ստորջրյա կամիկաձե», «ԽՍՀՄ առաջին գլխավոր սուզանավորդ» պատվանուններով մեծարված հայորդին ծնվել է 1882 թվականին՝ Թիֆլիսում (այլ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում), ազնվական կոչում ստացած աստրախանյան ծագումով տոհմիկ նավաշինարար Նիկողայոս (Նիկոլայ) Գարսոյանի ընտանիքում: Ավարտելով Մոսկվայի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը, 22-ամյա Ալեքսանդրը դիմում է ծովային նավատորմում որպես յունկեր ծառայելու։ Հընթացս նա ավարտում է ծովային կորպուսը, ստորջրյա սպայական դասարանը։ Ոչ լրիվ մեկուկես տարում ուշիմ ու աշխատասեր Գարսոևը, ավարտելով ծովային կորպուսի լրիվ կուրսը, միչմանի կոչում ստացավ, ծառայության անցավ հածանավի վրա։ Մինչև 1912 թվականի աշունը Գարսոևը ծառայեց «Ակուլա», «Սիգ» սուզանավերի վրա, հետո նշանակվեց «Մինոգա» սուզանավի հրամանատար։ Սուզանավը, դժբախտաբար, կես տարի անց տեխնիկական թերությունների պատճառով խորտակվեց՝ նստելով 33 մետր խորության վրա։ Ի զարմանս բոլորի, շնորհիվ հրամանատարի գործիմացության, արտակարգ պայմաններում սթափ ու նպատակամետ գործողությունների, նավը արագորեն ամբարձիչով բարձրացվեց, ողջ անձնակազմը առանց որևէ զոհի թողեց սուզանավը։ Գարսոևը մշակեց ու ղեկավարությանը ներկայացրեց այս տիպի սուզանավերի թերությունները վերացնելու, դրանք վթարազերծ դարձնելու պլան, որը, շատ չանցած, ներդրվեց արտադրության մեջ՝ վերահաս վտանգից փրկելով հազարավոր նավաստիների կյանքը։ Երկամսյա արձակուրդից հետո անձնակազմը հրաժարվեց ծառայելուց թերություններով առլեցուն «Մինոգա» սուզանավի վրա։ 1913 թվականին Գարսոևին վստահվեց «Լվիցա» սուզանավի ղեկավարումը։ Սուզանավը մասնակցեց 1914-16 թվականների բալթյան մարտական գործողություններին, որոնցից մեկի ժամանակ էլ խորտակվեց։ Այս անգամ էլ ճակատագիրը բարեհաճ գտնվեց Գարսոևի նկատմամբ։ Խորտակումից օրեր առաջ նա ծառայության էր տեղափոխվել սուզանավերի դիվիզիոնի շտաբում։
Հոկտեմբերյան հեղափոխությունը Գարսոևը դիմավորեց 2-րդ կարգի նավապետի կոչումով։ Հեղափոխությունը իր ավերիչ հետքն էր թողել ողջ ռազմական նավատորմի վրա։ Նավերի մեծ մասը խորտակվել էր, սպիտակգվարդիականների ու օտարերկրյա ինտերվենտների հարձակումների զոհ էին դարձել հազարավոր ռազմական ծովայիններ ու սուզանավորդներ։ Հարկավոր էր ամեն ինչ զրոյից սկսել։ Շուտով Գարսոևն աշխատանքի անցավ նավատորմի գիտատեխնիկական կոմիտեում որպես ստորջրյա լողի բաժանմունքի ղեկավար։ 1918-19 թվականներին Գարսոևը Բալթիական նավատորմի ստորջրյա լողի ուսումնական ջոկատի պետն էր, մասնակցում էր խորհրդային նորագույն նավաշինության վեցամյա հեռանկարային պլանի կազմման աշխատանքներին՝ ղեկավարելով սուզանավերի ստեղծման ենթահանձնաժողովի գործունեությունը։ Գարսոևի ու նրա գաղափարակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ռազմական նավաշինության բնագավառում աշխարհում վերջին տեղերից մեկն զբաղեցնող Խորհրդային Միությունը շուտով ինքը սկսեց ժամանակի գերհզոր պետությունների գիտնականներին սուզանավերի նորագույն տեխնոլոգիաներ առաջարկել։ Շատ չանցած երկիրն այդ բնագավառում առաջ անցավ դասական նավաշինական պետություններից, և արտասահմանյան ռազմանավերը սկսեցին խորհրդային նավատորմ չներմուծվել՝ առանց դույզն-ինչ թուլացնելու պետության ռազմական նավատորմի հզորությունը։
1919 թվականից պրոֆեսոր, 2-րդ կարգի նավապետ Գարսոևը սուզանավերի հարձակողական տակտիկայի ու պաշտպանական գործառույթների մասին դասախոսություններ էր կարդում պարապմունքները վերսկսած ռազմածովային ակադեմիայում։ 1921 թվականին հայազգի գիտնականը դարձավ Խորհրդային Միության առաջին սուզանավորդ-հրամանատարը՝ ղեկավարելով նավատորմի շտաբի ջրասուզական ծառայությունը։ 1922-23 թվականներին Գարսոևը ռազմածովային ակադեմիայի ադյունկտ (ասպիրանտ) էր, 1923-28 թվականներին՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գիտատեխնիկական կոմիտեի ստորջրյա լողի բաժանմունքի նախագահ, տեխնիկական վարչության ստորջրյա լողի բաժնի պետ։
Արդեն 1924 թվականին խորհրդային բոլոր սուզանավորդները՝ Գարսոևի գլխավորությամբ, եկել էին այն եզրահանգման, որ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել նոր սուզանավերի ստեղծմանը հնարավորինս արագ, քանի որ, ինչպես ասվում էր կառավարությանն ուղարկված շրջաբերական բաց նամակում, «...մեր ունեցած սուզանավերը շատ քիչ են և բարոյապես ու ֆիզիկապես հնացած։ Մտածել, որ պատերազմի դեպքում մենք կունենանք մարտական սուզանավեր, նշանակում է խաբել ինքներս մեզ...»։
Իշխանությունների արձագանքն այս ահազանգին չուշացավ։ Խորհրդային նավաշինության բնագավառում շրջադարձային դարձավ 1926 թվականի դեկտեմբերը, երբ կառավարությունը որոշում ընդունեց ԽՍՀՄ առաջին սուզանավերն ստեղծելու համար հատուկ հանձնախումբ կազմակերպելու մասին։ Ավելորդ է ասել, որ հանձնախմբին շունչ ու ոգի տվողը Ալեքսանդր Գարսոևն էր։ Ստեղծվեցին խորհրդային՝ այն ժամանակների համար առաջնակարգ՝ «Դեկաբրիստ» տիպի սուզանավերը, որոնցից շատերին վիճակված էր մարտական գործողությունների մեջ մտնել գերմանական իրենց «ցեղակիցների» հետ ու հաղթանակով դուրս գալ։ Ալեքսանդր Գարսոևին, փաստորեն, վիճակված էր հատակից բարձրացնել նավատորմի ռուսական հզոր ավանդույթներն ու ի սպաս դնել իր ժամանակի ծովայիններին։ Պատահական չէ, որ ծովայինները նրա մասին հետևյալ չաստուշկան էին հնարել՝
Հատակում կմնար հավերժ մեր Նոյյան
տապանը,
Եթե չլիներ նավապետ Գարսոյանը։

(Покатился бы на дно весь ковчег наш
Ноев,
Если б имя не одно-капитан Гарсоев)


Հատկանշական է, որ Հայաստանից հեռու ծնված-մեծացած հայորդին փայլուն գիտեր հայոց պատմությունը, իր ժողովրդի հարուստ մշակույթն ու ավանդույթները։ Գարսոևը մի առիթով գրում է. «Հարցնում են, թե որտեղի՞ց հայերին այդպիսի ձգտում դեպի ծովը։ Հիշեցնեմ այդ անգետներին, որ և՛ կիլիկյան խոշոր նավահանգիստները, և՛ աշխույժ առևտուրը Ճենովայի ու Ֆլորենցիայի հետ, և՛ Միջերկրական ծովի ալիքները ճողփող հայկական նավերը, և՛ Հովհաննես Այվազովսկու կտավներն ու նրա կոչումը ու նաև այն, որ դեռևս Ղրիմի պատերազմում Կովկաս-սևծովյան ամրացված գիծը ղեկավարում էր հայ կաթոլիկ Լազար Սերեբրյակովը՝ փայլուն կազմակերպիչ, արևելյան լեզուների գիտակ, դիվանագետ, ռազմական ծովային, միևնույն ժամանակ Նովոռոսիյսկի հիմնադիր, բոլորը միևնույն շղթայի տարբեր օղակներն են»։
1928 թվականին, երբ նորագույն տիպի սուզանավերի արտադրությունը ԽՍՀՄ-ում լայն թափով իրագործվում էր, իրականություն էին դառնում հայորդի սուզանավորդի ծրագրերն ու տեսլականները, Ալեքսանդր Գարսոևը հիվանդության պատճառով թողեց ծառայությունը։ Մինչ այդ ցարական կառավարությունը նրան պարգևատրել էր Սուրբ Ստանիսլավի և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով։
Խորհրդային իշխանությունները, սակայն, ինչպես շատ նշանավոր գիտնականների նկատմամբ, Գարսոևի հետ ևս «հավուր պատշաճի» վերաբերվեցին։ Նրա դեմ վարկաբեկիչ «գործ» հնարվեց, ու 1931 թվականին ձերբակալեցին։ Երկրի ռազմական նավաշինությանը ողջ գիտակցական կյանքը տված գիտնականը մեղադրվում էր այն ժամանակների համար ստանդարտ՝ հակապետական գործունեության համար։ Բարեբախտաբար, այդ ամենը սուտ մատնություն դուրս եկավ, և նա ազատվեց։ Ազատվելուց ու արդարացվելուց հետո Գարսոևն ապրեց ընդամենը 3 տարի։ Լարված աշխատանքն ու հոգեկան ապրումներն արել էին իրենցը։
Նա թաղվեց Սանկտ Պետերբուրգի Վոսկրեսենսկի-Նովոդևիչիե գերեզմանոցում ու մոռացության մատնվեց։ Մոռացվեց այն խոշոր գիտնականը, որին վիճակված էր կյանքի գնով ոտքի կանգնեցնել խորհրդային կայսրության ռազմական նավաշինությունը։

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ