Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հանքավայրերը շահագործվում են բարբարոսաբար, ինչն անթույլատրելի է

Հանքավայրերը շահագործվում են  բարբարոսաբար, ինչն անթույլատրելի է
21.10.2014 | 12:35

ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերը շահագործվում են շատ փոքր արդյունավետությամբ. թողարկվում են կիսաարտադրանքներ՝ հիմնական մետաղների խտանյութեր, որոնք, գերակշիռ մեծամասնությամբ, վաճառվում են արտասահմանյան երկրներին կես գնով։ Խտանյութերի թողարկման (հանքահարստացման) գործընթացում օգտակար տարրերի կորզումները հանքաքարերից խտանյութերի մեջ մեծ մասամբ կազմում են 60-70%, բացառիկ դեպքերում՝ 80 %։ Խտանյութերի վաճառքի պարագայում գնահատվում են միայն ու միայն հիմնական տարրերը՝ մոլիբդենի խտանյութը վաճառելիս գնահատվում է մոլիբդեն մետաղը, իսկ խտանյութեր անցած մյուս՝ հարակից տարածված տարրերը՝ ռենիումը, սելենը, տելուրը, բիսմութը, պլատինը, պալադիումը, նիկելը, կոբալտը չեն գնահատվում (նշենք, որ սովորական մաքրությամբ ռենիումի մեկ տոննան՝ 2011 թ. գներով, արժեր 10 մլն 239 հազ. 500 դոլար, իսկ դրա գերզտված՝ 99,9999 %, տեսակինը՝ մեկ մլրդ դոլար, որը ոսկուց թանկ էր մոտ 20 անգամ), պղնձի խտանյութը վաճառելիս գնահատվում է միայն պղինձ մետաղը և, բացառիկ դեպքերում, խտանյութ անցած ոսկու մոտ 60 %-ը, և այն դեպքում, եթե ոսկու պարունակությունը խտանյութում ցածր չէ 3,5 գ/տ-ից՝ չեն գնահատվում և օտար գնորդներին են նվիրվում խտանյութում առկա արծաթը, սելենը, տելուրը, բիսմութը, պլատինը, պալադիումը, կապարը, ցինկը, ծծումբը, երկաթը և այլն։ Փաստորեն խտանյութեր անցած հարակից բաղադրիչները, որոնց արժեքները չեն փոխհատուցվում, փոշիացվում են։
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում (այդ հանքավայրը շահագործում է Զանգեզուրի կոմբինատը) պղինձ և մոլիբդեն հիմնական տարրերից, ինչպես նաև, նշված հարակից բաղադրիչներից բացի, առկա են շատ թանկարժեք և ժամանակակից արդյունաբերության համար շատ կարևոր հազվագյուտ համարվող վանադիում և հազվագյուտ հողատարրային մետաղներ, երկաթի մագնետիտ և ծծմբի հրաքարի հանքանյութեր (Պ. Ալոյան), որոնք չեն անցնում խտանյութերի մեջ և, շրջանցելով խտանյութերը, թափվում են պոչամբարներ։
Պոչամբարներ է թափվում նաև թերկորզման պատճառով հանքահարստացման պոչանքներ անցած ինչպես հիմնական տարրերի, այնպես էլ հիմնական տարրերի հետ զուգակցվող՝ հարակից տարածված, տարրերի 30-40, երբեմն 20 %-ը։
Ստացվում է այնպես, որ, մետալուրգիական գործարաններ չունենալու պատճառով, ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերից ստացված հասույթը կազմում է հնարավոր ստացվելիք հասույթի 30, բացառիկ դեպքերում 37 %-ը, իսկ Քաջարանի հանքավայրում՝ շատ ու շատ ցածր։ Դրա հետ մեկտեղ պոչամբարներ թափված օգտակար տարրերը (ծանր մետաղներն ու թունահարույց տարրերը) պոչամբարներում դառնում են խիստ վտանգավոր մեր բնակչության համար (դրանք դառնում են զանազան ծանր հիվանդությունների հարուցիչներ)։ Բերենք օրինակներ ՀՀ-ում ԽՍՀՄ-ի տարիներից շահագործվող պղնձամոլիբդենային հանքավայրերից.
1. Քաջարանի հանքավայրի ընդերքից, շահագործման ամբողջ ժամանակահատվածում (1951-ից մինչև 01.01.2014 թ.) արդյունահանվել և մշակվել է մոտավորապես 388 մլն տ հանքաքար, որի հարստացման հետ կապված պոչամբարներ են թափվել. մոլիբդեն՝ 31941 տ, պղինձ՝ 271608 տ, ռենիում՝ 29,2 տ, ոսկի՝ 3421 կգ, արծաթ՝ 373,5 տ, սելեն՝ 524,3 տ, տելուր՝ 382,6 տ, բիսմութ՝ 361,5 տ, նիկել՝ 143,4 տ, կոբալտ՝ 53,8 տ, կապար՝ 3543 տ, ցինկ՝ 3140 տ, վանադիում՝ 124781 տ, սկանդիում՝ 2079,6 տ, ծծումբ՝ 2616900 տ, երկաթ՝ 5059340 տ, որոնց արժեքը 2014 թ., բացառիկ դեպքերում 2007 թ., գներով կազմում է 54,02 մլրդ դոլար։ (Նշենք, որ վանադիում մետաղի գինը 2014-ի տվյալներով կազմել է 125000 դոլ/տ, իսկ սկանդիում հողատարրային մետաղինը՝ 16000000 դոլ/տ։ Պոչամբարներ թափված միայն վանադիում և սկանդիում մետաղների գինը կազմում է 48,87 մլրդ դոլար)։
Այդ նույն ժամանակահատվածում (1951-2013 թթ.) խտանյութերի մեջ կորզված օգտակար տարրերի քանակները կազմել են. մոլիբդենինը՝ 112783,4 տ, պղնձինը՝ 590915,5 տ, ռենիումինը՝ 32,82 տ, ոսկունը՝ 7443 կգ, արծաթինը՝ 231,8 տ, սելենինը՝ 104,56 տ, տելուրինը՝ 141,2 տ, բիսմութինը՝ 243,81 տ, նիկելինը՝ 506,47 տ, կոբալտինը՝ 189,89 տ, կապարինը՝ 7708,8 տ, ցինկինը՝ 6831,5 տ, երկաթինը՝ 541770 տ, ծծմբինը՝ 676550 տ, որոնց ընդհանուր արժեքը 2014 թ. գներով կազմում է 8315,2 մլն դոլար, սակայն խտանյութերի վաճառքից ստացված հասույթը դարձյալ 2014 թ. գներով կարող է կազմել 4062 մլն դոլար (սպասվող հասույթից փոքր է մոտավորապես 12 անգամ. հաշվարկված է արդյունահանված և մշակված 388 մլն տ հանքաքարերում պարունակվող օգտակար տարրերի հանքահարստացման և մետալուրգիական փուլերով 92 % վերջնական կորզումը հաշվի առնելով)։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Օգտակար տարրերի ընդհանուր արժեքը հաշվարկելիս օգտագործվել են 2014 թ. հուլիս-օգոստոս ամիսներին միջազգային շուկաներում դրանց գործող գները, որոնք են. պղնձինը՝ 7173 դոլ/տ, մոլիբդենինը՝ 28500 դոլ/տ, ռենումինը՝ 1835000 դոլ/տ, որն էլ 2011 թ. գործող գնից ցածր է մոտ 5,58 անգամ, ոսկունը՝ 44276,5 դոլ/կգ, արծաթինը՝ 696141 դոլ/տ, սելենինը՝ 57500 դոլ/տ, տելուրինը՝ 119500 դոլ/տ, բիսմութինը՝ 23100 դոլ/տ, նիկելինը՝ 44780 դոլ/տ, կոբալտինը՝ 27750 դոլ/տ, կապարինը՝ 2500 դոլ/տ, ցինկինը՝ 3233 դոլ/տ, վանադիումինը՝ 125000 դոլ/տ, որն էլ 2011-2012 թթ. գործող գնից ցածր է մոտ 3,17 անգամ, սկանդիումինը՝ 16000000 դոլ/տ, որն էլ 2011 թ. գործող գնից բարձր է մոտ 3,07 անգամ, երկաթինը՝ 300 դոլ/տ, ծծմբինը՝ 75 դոլ/տ, որն էլ 2008 թ. մայիս ամսին գործող գնից ցածր է մոտ 8,7-9,3 անգամ։
2. Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքից շահագործման ամբողջ ժամանակահատվածում (1963-ից մինչև 01.01.2014 թ.) արդյունահանվել և մշակվել են մոտավորապես 108721 հազ. տ հանքաքարեր, որոնց հանքահարստացման (թերկորզման) արդյունքով պոչամբարներ են թափվել. պղինձ՝ 128160 տ, մոլիբդեն՝ 8530,3 տ, ոսկի՝ 707,7 կգ, արծաթ՝ 38,04 տ, ռենիում՝ 6, 82 տ, սելեն՝ 165,5 տ, տելուր՝ 53,4 տ, բիսմութ՝ 115,03 տ, գերմանիում՝ 6,34 տ, ծծումբ՝ 928692 տ, երկաթ՝ 808806 տ։ Պոչամբարներ թափված օգտակար տարրերի ընդհանուր արժեքը 2014 թ. միջազգային շուկայում գործող գներով կազմել է 1,569,6 մլն դոլար։
Այդ նույն ժամանակահատվածում Ագարակի հանքավայրից խտանյութերի մեջ կորզված օգտակար տարրերի քանակները կազմել են. պղնձինը՝ 342372,8 տ, մոլիբդենինը՝ 20051,4 տ, ոսկունը՝ 1890,65 կգ, արծաթինը՝ 88,91 տ, ռենիումինը՝ 16,9 տ, սելենինը՝ 224,56 տ, տելուրինը՝ 38,44 տ, բիսմուտինը՝ 134,43 տ, գերմանիումինը՝ 6,52 տ, ծծմբինը՝ 828095 տ, երկաթինը՝ 721533 տ, որոնց ընդհանուր արժեքը 2014-ի գներով կազմել է 3509,3 մլն դոլար, սակայն խտանյութերի վաճառքից ստացած ամբողջ հասույթը, դարձյալ այժմյան գներով, կարող է կազմել 1,623,3 մլն դոլար (սպասվող հասույթից փոքր է մոտ 3,13 անգամ)։ Խտանյութերի վաճառքի պարագայում ընդհանուր կորուստը կազմում է 3509,3 – 1623,3 + 1569,6 = 3455,6 մլն դոլար։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տասնյակ անգամ ավելի մեծ կորուստներ է ունենում կապված շատ թանկարժեք վանադիում և սկանդիում հազվագյուտ տարրերի, ինչպես նաև մագնետիտ հանքանյութի երկաթ մետաղի և պիրիտ հանքանյութի բոլորովին չկորզման հետ։
Հանքավայրերը շահագործվում են բարբարոսաբար և ընտրովի, ինչն անթույլատրելի է։ Գերշահույթ ստանալու մղումով հանքշահագործողները կամովին մեծացնում են հանքաքարերի արդյունահանումն ու մշակումը՝ հաշվի չառնելով ապագա սերունդների սպասելիքները, որով էլ ավելի ևս մեծացնում են շրջակա միջավայրի աղտոտումն ու թունավորումը (նշենք, որ Քաջարանի հանքավայրի ընդերքից ԽՍՀՄ-ի տարիներին նախատեսված էր տարեկան արդյունահանել 9 մլն տ հանքաքար, որն էլ ապահովում էր բավականին մեծ շահույթ և հանքավայրի շահագործման տևական (ավելի քան 200 տարի) ժամանակահատված։ Սակայն հանքշահագործողները 2013-ին հանքաքարի արդյունահանման և մշակման քանակը մեծացնելով հասցրին 18 մլն տ, հետագայում «նշաձող» ունենալով 45-50 մլն տ, այնքան, որքան նախանշել էր պարոն Կ. Ճշմարիտյանը 2004-ին)։
Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքից նախատեսված էր և, այդպես էլ կատարվում էր, տարեկան արդյունահանել ու մշակել 300 հազ. տ հանքաքար, որի պարագայում էլ հանքավայրը շահագործվում էր քիչ վտանգավոր ստորգետնյա եղանակով։ Այժմյան հանքշահագործողները, արհամարհելով Կապան քաղաքի բնակչության առողջությունը, պատրաստվում են հանքավայրը շահագործելու բացհանքի եղանակով և դրա ընդերքից տարեկան արդյունահանելու մեկ մլն տոննա հանքաքար, որի պարագայում հանքավայրը կշահագործվի 9-10 տարի 40 տարվա փոխարեն (այս հանքավայրը գտնվում է Կապան քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում, և բացհանքի զանգվածային պայթեցումների պատճառով ծանր մետաղների և թունահարույց տարրերի նրբահատիկ փոշիները կարող են տարածվել ամբողջ քաղաքով մեկ և մահացու վտանգի տակ առնել քաղաքի ողջ բնակչությանը)։
Նույնպիսի իրավիճակում են Սոթքի ոսկու, Արմանիսի և Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային և այլ հանքավայրերը (հանքավայրերն ամենուրեք շահագործվում են թալանչիական եղանակներով)։
Առկա է մի շատ կարևոր հարց ևս. ԽՍՀՄ-ի տարիներին հանքավայրերի արդյունավետ և տևական ժամանակահատված շահագործման՝ լեռնահանքային ձեռնարկության «կյանքի» տևողությունը կրկնակի ու եռակի մեծացնելու նպատակով, հրահանգավորված էր շահագործվող հանքավայրերի տարածքում շարունակել երկրաբանահետախուզական աշխատանքները P1 կատեգորիայի, իսկ հետագայում նաև P2 կատեգորիայի ռեսուրսների սահմանագծում այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չեն սպառվել տվյալ հանքավայրի ռեսուրսները։ Հանքավայրի թևերում և խոր հորիզոններում կատարվում էին երկրաբանահետախուզական աշխատանքներ, որպեսզի յուրաքանչյուր տարի տրվի պաշարների այնքան հավելաճ, որքան տարեկան արդյունահանվում էր դրա ընդերքից։ Այժմ այդ կարգը չի գործում, հանքշահագործողները գումարներ չեն տրամադրում պաշարների ավելացման նպատակով կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների համար (հենց դա էր պատճառը, որ 5-6 տարում բարբարոսաբար շահագործվեց ու խոտանվեց Մեղրաձորի ոսկու հոյակապ հանքավայրը)։
Մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունավետության բարձրացման և շահագործումը բնապահպանական առումով անվտանգ դարձնելու համար առաջարկվում է.
1. մշակել և ներդնել հանքահարստացման նորագույն (գերժամանակակից) տեխնոլոգիաներ՝ հանքաքարերից խտանյութերի մեջ օգտակար տարրերի կորզումները հասցնելով 94-95 տոկոսի։
2. Խտանյութերի մեջ կորզել ոչ միայն հիմնական համարվող օգտակար տարրերը, այլև կորզելի պարունակություններով ներկայացված բոլոր հարակից բաղադրիչները։
3. Վերամշակման (հանքահարստացման) ենթարկել ԽՍՀՄ-ի ժամանակներից մինչ այժմ պոչամբարներում կուտակված հանքահարստացման թափոնները՝ պոչանքները, որոնց մեջ պարունակվում են հարյուրավոր ու հարյուր հազարավոր տոննաներով օգտակար տարրեր, որոնք ներկայացված են ծանր մետաղներով ու թունահարույց հատկություններ ունեցող բաղադրիչներով և մեծ վտանգ են ներկայացնում մեր բնակչության համար։ Քաջարանի հանքաքարերի առաջնային մշակման (հանքահարստացման) արդյունքով 1951 թվից մինչև 2013 թ. վերջը պոչամբարներ թափված պոչանքների (համեմատաբար աղքատ հանքաքարերի) վերամշակման՝ տարեկան 20 մլն տ արդյունահանման և հարստացման, ինչպես նաև օգտակար տարրերի 80-ից մինչև 94 % կորզման (պղինձը, մոլիբդենը, ռենիումը, ոսկին, արծաթը, սելենը, տելուրը, բիսմութը, նիկելը, կոբալտը, կապարը, ցինկը՝ 94 տոկոսով, վանադիումը և սկանդիումը՝ 80 տոկոսով, երկաթը՝ 85 տոկոսով և ծծումբը՝ 90 տոկոսով) պարագայում խտանյութերի մեջ տարեկան կարող են կորզվել. պղինձ՝ 13160 տ, մոլիբդեն 1547 տ, ռենիում՝ 1,42 տ, ոսկի՝ 165,7 կգ, արծաթ՝ 18,1 տ, սելեն՝ 25,4 տ, տելուր՝ 18,5 տ, բիսմութ՝ 17,5 տ, նիկել՝ 6,9 տ, կոբալտ՝ 2,6տ, կապար՝ 171,6 տ, ցինկ՝ 152,2 տ, վանադիում՝ 5145,6 տ, սկանդիում՝ 82,4 տ, երկաթ՝ 211388 տ, ծծումբ՝ 121402 տ, որոնց գումարային արժեքը կարող է կազմել 2200528 մլն դոլար։
Օգտակար հանածոների հանքավայրերը հանդիսանում են պետական սեփականություն, հետևապես, դրանց շահագործման՝ հանքահարստացման պոչանքները չեն կարող հանդիսանալ ոչ պետական ձեռնարկության սեփականություն, հետևապես պոչամբարների տնօրինման հարցը (ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 14 հոդվածի 1 կետով) դարձյալ պատկանում է ՀՀ պետությանը։
4. ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 72 հոդվածի 1-ին կետի համաձայն արգելել հանքշահագործողներին հանքավայրի արդյունահանման քանակի կամայական մեծացումները (Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքից՝ ոչ ավելի 9 մլն տ-ից, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքից՝ ոչ ավելի 7 մլն տ-ից, Սոթքի ոսկու հանքավայրի ընդերքից՝ ոչ ավելի 350 հազ. տ-ից, Շահումյանի և Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրերի ընդերքից՝ ոչ ավելի 300 հազ. տ-ից, Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքից՝ ոչ ավելի 200 հազ. տ-ից և այլն)։
5. Մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումն արդյունավետ դարձնելու և բնական միջավայրն էլ մաքուր պահելու համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից մետալուրգիական գործարաններ, որտեղ հնարավոր կլինի բարձր տոկոսներով (98-99) կորզել, զտել ու մաքրել խտանյութերում առկա բոլոր օգտակար տարրերը (մետալուրգիական գործարաններ չունենալու պարագայում մյուս բոլոր առաջարկությունները դառնում են աննպատակ)։
6. Մետալուրգիական գործարաններ կառուցելու համար անհրաժեշտ է հանքշահագործող ձեռնարկություններին պարտավորեցնել յուրաքանչյուր տարի ձեռնարկության շահույթներից «Արդյունաբերության զարգացման հիմնադրամին» տրամադրել շահույթի 20 %-ը (մետալուրգիական գործարանների կառուցումից 4-5 տարի անց հանքշահագործող ձեռնարկությունները կսկսեն հետ ստանալ իրենց ներդրումները և հետագայում կունենան 1,5-2 անգամ ավելի մեծ շահույթ)։
ՀՀ-ին անհրաժեշտ են սև և գունավոր մետաղների արտադրության մետալուրգիական գործարաններ։ Դրանք անհրաժեշտ են ինչպես պարապուրդի մատնված՝ մալուխների, էլեկտրամեքենաշինական, էլեկտրոնիկայի, այդ թվում նաև միկրոէլեկտրոնիկայի գերշահույթ ապահովող, էկոլոգիապես մաքուր, քիչ նյութատար և շատ աշխատատար, աշխատողների բարձր որակավորում պահանջող և այլ ձեռնարկությունների վերակենդանացման, այնպես էլ նորերի կառուցման ու գործարկման համար։ Հիշենք, որ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրիում ինքնաթիռների մասերի արտադրություն, իսկ Բելառուսի հետ՝ գյուղատնտեսական տրակտորների արտադրություն կազմակերպելու համար, որոնց համար էլ անհրաժեշտ է տեղում ունենալ համապատասխան քանակի՝ միլիոնավոր տոննաների, մետաղներ։ Վերջիններս կարող են վերագործարկվել համապատասխան տարրերն ու մետաղներն ունենալու պարագայում, իսկ դրանք առատորեն պարունակվում են ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում։
Հիշենք նաև, որ Աբովյան քաղաքը կառուցվել է էլեկտրոնիկայի, այդ թվում` միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների հենքի վրա։


Հրաչյա ԱՎԱԳՅԱՆ
Երկրաբանահանքաբանական
գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 3547

Մեկնաբանություններ