Լավրովը լավատես է. Ստեփանակերտը՝ ոչ, իսկ Երևա՞նը

Լավրովը լավատես է. Ստեփանակերտը՝ ոչ, իսկ Երևա՞նը
18.04.2019 | 11:52

Ապրիլի 15-ին Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ: Ըստ ավանդույթի՝ տեղեկատվության տեսակետից ամենաժլատը ՀՀ ԱԳՆ էր՝ Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը քննարկել են իրադրությունը սահմանին և շփման գծում։ Քննարկվել են նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Նախարարները մտքեր են փոխանակել կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: Հանդիպմանը միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը՝ շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը, ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը:


Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:
ՌԴ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում: Մոսկվայի հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարն ադրբեջանցի լրագրողներին ասել էր. «Ընդհանուր առմամբ, բանակցությունները շատ լայն էին ու առարկայական։ Հանդիպումն արդյունավետ էր: Մենք քննարկեցինք հարցեր, որոնք մինչև հիմա խոչընդոտում էին առաջընթացին: Չեմ կարող ասել, թե սա մեծ տեղաշարժ էր, բայց, ընդհանուր առմամբ, հայկական կողմն ու ես կարողացանք ավելի բազմակողմանի ու խոր հասկանալ որոշ խնդրահարույց պահեր»: Նրա խոսքերով՝ քննարկումները եղել են 2016-ին ռուսական կողմի ներկայացրած ծրագրի հենքի վրա: «Հանդիպման օգտակարությունն այն է, որ մենք ավելի խոր հասկացանք, թե ինչ խնդիրներ կան և որոնք է անհրաժեշտ լուծել: Օրինակ, Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հետ կապված հարցեր, մենք առաջին հերթին բարձրացնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և հարկադրաբար հեռացած մարդկանց վերադարձի հարցերը: Այս 4 հարցերի շուրջ մենք բազմակողմանի քննարկումներ ունեցանք: Կարծում եմ՝ համաձայնեցինք շարունակել քննարկումները», - ասել է Էլմար Մամեդյարովը: Նա չի թաքցրել, որ հանդիպմանը տարբեր կարծիքներ են հնչել. «Ես չեմ ցանկանում հիմա ասել, թե դրանք ինչ առաջարկներ էին: Դրանք ռուսական կողմի, համանախագահների, Ադրբեջանի ու Հայաստանի առաջարկներ են: Մենք կշարունակենք աշխատանքը այդ ուղղությամբ»: Մամեդյարովն անդրադարձել է լրագրողների փոխադարձ այցելություններ կազմակերպելուն և անվանել «շատ հետաքրքիր գաղափար». որ հայ ու ադրբեջանցի լրագրողները այցելություններ կատարեն Լեռնային Ղարաբաղ»: Փաշինյան- Ալիև հանդիպման հնարավորության մասին Մամեդյարովն ասել է, թե նախ ԱԳ նախարարները կհանդիպեն: «Եթե տեսնենք ինչ-որ խնդիրներ են առաջանում, կհանդիպեն Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Իսկ մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, տարածաշրջան կայցելեն Մինսկի խմբի համանախագահները»: Ռուս և ադրբեջանցի փորձագետներն էլ շտապել են իրենց տեսակետները ներկայացնել: «Կոմերսանտը» գրել է, որ կարգավորման գործընթացում երկար տարիների ընթացքում առաջին անգամ դրական տեղաշարժ է արձանագրվել. Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել լուծել գերիների հարազատների փոխադարձ այցելությունների հարցը, ակտիվացնել լրատվամիջոցների այցերը: Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն «Թուրան»-ին ասել է, որ կողմերը փաստացի որոշել են ուշադրությունը կենտրոնացնել հումանիտար խնդիրների լուծման վրա, որ ֆոն կստեղծի բանակցային գործընթացի առաջընթացի համար: Մեկ այլ քաղաքագետ՝ Արզու Նագիևը մոսկովյան հանդիպումից 3 կարևոր կետ է առանձնացրել հումանիտար ոլորտում:

«Թրենդ»-ի հարցազրույցում նա ասել է, որ ԱԳ նախարարները փաստացի համաձայնվել են կատարել դրանք: Առաջին՝ ռազմագերիների ընտանիքների անդամները հնարավորություն կունենան այցելել նրանց, երկրորդ՝ կոնկրետ աշխատանքներ տանել հակամարտ կողմերի բնակիչների միջև շփումներ հաստատելու համար, այդ թվում՝ լրագրողների փոխադարձ այցելություններ, և երրորդ՝ հակամարտ գոտում կայուն իրավիճակ ապահովել գյուղատնտեսական աշխատնքների ժամանակ: Նրա խոսքերով՝ այդ 3 կետերը կարևոր բաղադրիչներ են առարկայական բանակցութունների համար: Ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ դժվար թե ԱԳ նախարարները, միջնորդները հավաքվեին հումանիտար հարցեր քննարկելու համար: «Եռակողմ հանդիպման կարևորությունն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերին այն հիշեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում Մոսկվայի դերակատարության մասին: Վիեննայի հանդիպումից հետո դա կարևոր էր ցուցադրել, ընդգծել, միաժամանակ արտահայտել հանձնառությունները՝ Ղարաբաղի հարցով նախկինում ձեռբ բերված բոլոր համաձայնություններին», - «Մինվալ» կայքին ասել է ռուս փորձագետը
Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին 2016-ի ռուսական առաջարկություններն են: Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելով՝ նա ասել է, որ առաջարկությունների մանրամասները գաղտնի են:


Բանակցային սեղանի առաջարկությունները համահունչ են այն մոտեցումներին, որ ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների հայտարարություններում՝ կողմերը պետք է համաձայնության գան՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Նա լրագրողին կոչ է արել ծանոթանալ համանախագահ երկրների հայտարարություններին՝ հասկանալու, թե ինչ առաջարկներ են սեղանին: Լավրովը ընդգծել է ղարաբաղյան հակամարտության մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ անցած տարվա դեկտեմբերի նիստում ընդունված վերջին հայտարարությունը: ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունում ասված էր՝ համանախագահ երկրները ողջունում են փաստը, որ 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից հետո զոհերի թիվը նվազել է: Նախարարները կոչ էին արել կողմերին՝ շարունակել իրականացնել Դուշանբեի պայմանավորվածությունները և կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրենց երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու համար: Սերգեյ Լավրովը ասել է, որ հիմքեր ունի ենթադրելու, որ Երևանն ու Բաքուն շահագրգռված են իրագործելու հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները:


Ստեփանակերտը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից հումանիտար ոլորտի հետ կապված հարցերի քննարկումը: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Ստեփանակերտը վաղուց է հումանիտար առաջարկություններով հանդես եկել: Այլ հարց է, որ դրանք Ադրբեջանի կողմից անտեսվել են: «Դրանք թույլ կտային ամրապնդել հրադադարի ռեժիմը և խախտումների թիվը նվազեցնել: Մասնավորապես, սահմանից դիպուկահարների հետ քաշումը, ազգային, միջազգային, կրոնական տոն օրերին հրադադարի ռեժիմի խախտման բացառումը: Ադրբեջանն այդ ամենին որևէ ձևով չի արձագանքել, ավելին սաստկացրել է խախտումները»,-ասել է Դավիթ Բաբայանը: Նա հիշեցրել է, որ իրենք առաջարկել են բերքահավաքի ժամանակ հրադադարի ռեժիմը պահպանել, իսկ Ադրբեջանը բերքահավաքի ժամանակ հատուկ կրակում էր և այրում դաշտերը, չնայած, որ բազմիցս քամու հետևանքով այդ կրակը տեղափոխվում էր նաև Ադրբեջանի տարածք: «Մենք բազմիցս դրա մասին բարձրաձայնել ենք ոչ միայն համանախագահներին, այլև այլ միջազգային կազմակերպություններին, որպեսզի հարցին ինչ-որ ձևով լուծում տրվի, սակայն ապարդյուն է եղել, որովհետև Բաքուն ոչ մի ընդառաջ քայլ չի արել: Հիմա եթե կա հնարավորություն իրականացնելու որևէ ծրագիր այս ուղղությամբ, ապա դրական է, բայց իմանալով Ադրբեջանին, մի քիչ թերահավատ ենք: Չնայած դա չի նշանակում, որ չպետք է փորձել»՝ ասել է Դավիթ Բաբայանը:


Ուրեմն՝ ինչի՞ վրա է Լավրովի հույսը, երբ հայտարարել է՝ Մոսկվան կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա, «Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, զգալով այն մթնոլորտը, որում այժմ ընթանում են աշխատանքները, հիմք ունեմ ենթադրելու, որ թե Երևանը, թե Բաքուն շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան, և մենք կօգնենք իրականացնել դա»: Գուցե կախարդական բառը «Մենք կօգնենք իրականացնել դա»-ն է: Հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ է դա նշանակելու:
Ե՞րբ ու ի՞նչ է պարտադրվելու: Եթե համարենք, որ այս անգամը հակադրվում է նախորդ անգամներին, Լավրովը նվազագույնը պիտի բացատրեր, թե նախորդ անգամներին ինչու՞ են թղթի վրա մնացել: Բայց Լավրովը չափազանց գնահատում է ՌԴ-ի միջնորդի դերը, որ ասի՝ խաղաղ գոյակցության պայմանավորվածությունները մերժել է Ադրբեջանը, Ադրբեջանն է շարունակել ռազմական շանտաժի ու սպառնալիքների ռազմավարությունն ու մարտավարությունը՝ հընթացս զինվելով:


Նոր իրավիճակում Բաքուն պատասխաններ չունի ու հերթական անգամ օգնության է գալիս Մոսկվան: Ակնհայտ է, որ Լավրովը չի մոռացել իր իսկ պլանը, որ հնարավոր չեղավ իրականացնել անգամ քառօրյա պատերազմով, և փաստացի՝ անհնար է նաև հիմա: Ուրեմն՝ ի՞նչ է ակնարկում ՌԴ ԱԳ նախարարը ու ի՞նչ է ուզում Ռուսաստանը:
Համենայն դեպս՝ Ստեփանակերտը պատասխանել է, որ շատ կցանկանար կիսել ռուսական կողմի լավատեսությունը և մտածել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ դրական առաջընթաց կլինի, «Սակայն, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք խիստ անկանխատեսելի հակառակորդ»՝ ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը. «Ամեն ինչ ժամանակը ցույց կտա։ Ադրբեջանը անհուսալի, վերին աստիճանի անվստահելի երկիր է։ Լինում է, որ այս կամ այն հարցի շուրջ համաձայնության է գալիս, նույնիսկ՝ ստորագրում՝ բանավոր և գրավոր համաձայնություն տալիս, սակայն հետո խախտում է պայմանավորվածությունները»: Նրա խոսքով, եթե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լավատեսություն է հայտնում, հայկական կողմը ևս կցանկանար առաջընթաց տեսնել, բայց առայժմ 100 տոկոսանոց վստահություն անհնար է ունենալ. «Դրական առաջընթացի համար կարող են տարիներ պետք լինել։ Եթե անգամ փոքր քայլ լինի առաջ, չի բացառվում, որ Ադրբեջանի պատճառով հետո երկու-երեք հետքայլ գրանցվի»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Փարիզ ու արդեն հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Նրանք քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր, իմա՝ նաև Մոսկովյան հերթական բանակցություններն ու ՌԴ-ի փորձը՝ հարցը վերադարձնել իր իրավասության տակ:
Գուցե Փարիզից վերադարձից հետո ՀՀ ԱԳ նախարարը որևէ հստակ տեսակետ արտահայտի՝ Լավրովի հայտարարությունների մասին, որոնց լավատեսական հենքը այդքան կիսում են Ադրբեջանում:

Դիտվել է՝ 797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao