Yerevan Perspectives International Music Festival
 

Հաջորդ անգամ բռնության քարոզի համար բերանը բացելուց առաջ պետք է 10 անգամ մտածեն

Հաջորդ անգամ բռնության քարոզի համար բերանը բացելուց առաջ պետք է 10 անգամ մտածեն
07.06.2019 | 09:38

Երեկ կառավարությունը շուտ և արագ նիստ արեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցնի Սանկտ Պետերբուրգ մեկնել: Նիստի սկզբում, նա, այնուամենայնիվ, հարկ համարեց անդրադառնալ բռնության դեպքերին: Առանց անուններ տալու: «Բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ են սկսել: Անգամ կազմակերպված ակցիաներ են տեղի ունենում, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս հռետորաբանությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, լկտի պահվածքով աչքի ընկնել: Այս ամենի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա: Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ Երևանի Ազատության հրապարակում ինչ-որ մարդիկ փորձում են երթևեկելի գոտի մտնել, ավտոմեքենա վարել մայթերով:

Սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում, որ ցույց տան իբր երկրում անիշխանություն է կամ երկրում իրավակարգը թույլ է: Ուզում եմ արձանագրել, որ նման դեպքում ՀՀ ոստիկանությունը պետք է խնդրին վերաբերվի որպես երթևեկության կանոնների խախտում, սրանք բացահայտ արհամարհանք են հանրության, օրինականության, պետական կարգի նկատմամբ: Այս դեպքերով պետք է զբաղվեն նաև հասարակական կարգի ու անվտանգությամբ զբաղվող ուժերը, և նման պահվածքով ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր արարքի համար: Այս թեմայով զրույց եմ ունեցել Ոստիկանապետի հետ: Սևազգեստ խմբերին էլ պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբոչկան կապել և ճանապարհել բնականոն քաղաքակիրթ, օրինական կյանքի»: Վարչապետը հանձնարարականներ է տվել ոստիկանապետին ու գլխավոր դատախազին՝ երևույթին մոտենալ «հանրային անվտանգության տեսակետից, որովհետև կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների պաշտպանվածության զգացումը խաթարելու համար: Կապ չունի բռնության քարոզ անողներն իշխանության համակիր են, թե ընդդիմության: Բռնության քարոզ անողը պետք է կոշտ հակահարված ստանա: Հաջորդ անգամ բռնության քարոզի համար բերանը բացելուց առաջ պետք է 10 անգամ մտածեն: Եթե 10 անգամ մտածելուց հետո գնան նման գործողությունների, 10 անգամ պետք է հակահարված ստանան և դա պետք է լինի ոչ թե թավշյա, այլ երկաթյա: Ես հույս ունեմ, որ այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն: Պարոն Օսիպյան, բացի Ճանապարհային ոստիկանությունից, ձևավորեք խումբ, որը քաղաքացիների ահազանգերին սովորականից 10 անգամ ավելի արագ կարձագանքի»:


Ոմանք գուցե ասեն՝ վերջապես, համարելով, որ «Հաջորդ անգամ բռնության քարոզի համար բերանը բացելուց առաջ պետք է 10 անգամ մտածեն» հայտարարությունն առանց բացառության վերաբերում է բոլորին: Բոլորին: Բայց դա երաշխի՞ք է, որ այլևս մայթերին փռելու, պատերով տալու ու գլուխ ցխելու կոնկուրսն ավարտված է, թե՞ ընդամենը ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման սկզբունքով՝ բռնությանը բռնությամբ պատասխանելու հրահանգ է: Սևազգեստներին գունավոր «բաբոչկաները» կամավո՞ր, թե՞ պարտադրանքով են զարդարելու: Պարոն Օսիպյանը և պարոն Դավթյանը այլևս հարկադրված են գործել՝ տևական լռության հարկադրանքից հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Զուգահեռ երեկ հայտարարություն տարածեց ՀԱԿ-ը: Պարզվեց՝ «Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված, մանրամասն մշակված գործողություն, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է բնութագրել», «ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը, և ինքնադատաստան են հայտարարում այն անձանց նկատմամբ, որ ունեն իրենց հայացքներից տարբերվող հայացքներ, կամ իրենց դավանած արժեքներին չհամապատասխանող արժեքներ»։ ՀԱԿ-ը գտնում է, որ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված առաջին բռնությանը իրավապահների պատշաճ արձագանքի բացակայությունը հանգեցրեց բռնության կրկնությանը և հույս է հայտնում, որ «այժմ իրավապահ մարմինները կցուցաբերեն անհրաժեշտ հետևողականություն, ամբողջությամբ կբացահայտեն կատարված հանցագործությունը և պատասխանատվության կենթարկեն թե այն կատարողներին, թե պատվիրատուներին»։ «Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում պետք է բացառվեն ահաբեկչությունն ու բռնությունը։ Դրանց հետագա ծավալումը կանխելու համար, իշխանությունները պետք է շտապ և վճռական քայլերով արմատախիլ անեն այդ երևույթը»՝ ըստ ՀԱԿ-ի:


Փաստացի՝ ՀՅԴ-ին բռնությունը սկսեց հուզել Հրանտ Մարգարյանի հետ միջադեպից հետո, ՀԱԿ-ին՝ Վարդան Հարությունյանի: Յուրայինների: Ուրեմն՝ որքանո՞վ են հավատարժան թե ՀՅԴ-ի, թե ՀԱԿ-ի հայտարարությունները:

Դիտվել է՝ 1093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao