Yerevan Perspectives International Music Festival
 

Անդրկովկասում շիզոֆրենիկ դիվանագիտության տոն է

Անդրկովկասում շիզոֆրենիկ դիվանագիտության տոն է
12.06.2019 | 11:33

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, Բաքվում մամլո ասուլիսում գնահատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը. «Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում էր մարդասիրական ոլորտի ու անվտանգության աջակցության մասին: Մենք կարող ենք որոշակի եզրակացություններ անել։ Վերջերս նրանք տարածաշրջանում էին, արեցին իրենց առաջարկները և ԱԳ նախարարները ընդունեցին առաջիկայում հանդիպելու նրանց առաջարկը: Համանախագահների աշխատանքը բավականաչափ փակ ռեժիմով է ու դա իր բացատրությունն ունի: Հարցը շատ նուրբ է, և մենք ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է»: Այսպես է ուրվագծվում իրադարձությունների իրական սցենարը: Բայց միա՞կն է այդ սցենարը, եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի մամլո ասուլիսում հայտարարեց, որ «առանց բանակցությունների սեղանին Ստեփանակերտի մասնակցությյան հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան կոնֆլիկտը»: Փաշինյանն առաջին անգամ չէ դա ասում և ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների ձևաչափը փոխել: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ չի այրվում այդ գաղափարին աջակցելու ցանկությամբ: Եվ ծագում են հարցեր: Եթե Երևանն իրոք առանց Ստեփանակերտի մասնակցության բանակցությունները համարում է հեռանկար չունեցող, ինչու՞ է մասնակցում այդ բանակցություններին: Եթե մասնակցում է, ուրեմն՝ խոսքը օրակարգի գոյության մասին է, որ չի բարձրաձայնվում: Հաջորդ հանելուկը: Դուշանբեում Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածություններից հետո կոնֆլիկտի գոտում լարվածությունը նկատելի նվազեց: Լավատեսները ենթադրում էին, որ երկու պետությունների ղեկավարները, իրենց ռազմական գերատեսչություննների միջև օպերատիվ կապ հաստատելով, սկսել են խնդրի լուծման տարբերակներ որոնել և կարծես թե հրաժարվում են 2016-ին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից՝ առաջնագծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին: Բայց հիմա Երևանը այդ բանաձևին վերադարձ է պնդում, որ նոր հրատապություն է ստացել ճակատի գծում ադրբեջանցի զինծառայողի մահից հետո:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ հայկական կողմին մեղադրեց «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները տապալելու և տարածաշրջանում լարումը սրելու» մեջ: Երևանը հայտարարեց, որ այդ ժամանակ սպանվել է Արցախի պաշտպանության բանակի զինվոր: «Մենք ստուգեցինք այդ տեղեկատվությունը, զինվորների զենքերը և հաստատումը ստացանք, որ ոչ մի կրակոց չի եղել,-հայտարարեց Փաշինյանը:-Հենց այդ ժամանակ Ադրբեջանում հրաձգային զորավարժություններ էին: Մենք համանախագահներին ենք փոխանցել տեսագրությունը, որ ապացուցում է, որ ադրբեջանական ուժերը կրակել են, իսկ հայկական կողմից կրակոցներ չեն եղել»: Ցավոք, նման միջադեպեր ճակատային գծում առաջ էլ շատ են եղել: Բայց հիմա ինչ-որ ուժ, ինչ-որ պատճառներով սկսել է սրման վրա խաղալ: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը արձանագրում է, որ իրավիճակը շփման գծում վերջին 10 օրերին նկատելի սրվել է: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմից կիրառվում են ականանետեր, ավտոմատ հաստոցային նռնականետեր, գնդակոծումները խոշորամասշտաբ զենքերից են: «Ազատության» հայկական խմբագրությունը բացահայտ ակնարկում է, որ իրադարձությունների այդ ընթացքով կարող է հետաքրքրված լինել «երրորդ, պաշտոնապես անտեսանելի կողմ, որի դիրքորոշումը ցանկացած պահի կարող է որոշիչ դառնալ»՝ մատնանշելով խնդիրները, որ ծագել են Երևանի ու Ստեփանակերտի հարաբերություններում: Փաստացի, ինչ-որ սինխրոնություն է դիտարկվում Ադրբեջանի գործողություններում՝ Հայաստանում իրավիճակի զարգացման հետ: Դա լուրջ վտանգ է, եթե գործընթացը խորանա, ինչ-որ մեկի համար կարող են վատ հետևանքներ լինել: Թեպետ, որքան էլ պարադոքսալ է, ներկա ստատուս քվոյի պահպանումը տարբեր պատճառներով ձեռնտու է հակամարտող կողմերին: Ձեռնտու է «չարիքի փոքրագույնի» սկզբունքով, քանի որ իրավիճակի արմատական փոփոխությունները խաղաղ կարգավորման արդյունքում երկու կողմերի համար կստեղծեին նոր բարդ խնդիրներ: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի պահպանությունը, այսինքն՝ կոնֆլիկտի փաստացի սառեցումը մեկ վերսկսվող, մեկ ընդհատվող խաղաղ բանակցությունների անվերջանալի հերթագայությամբ, անկանոն կրակահերթերի օգնությամբ ստեղծում է կանխատեսելի «կայունություն» միջնաժամկետ հեռանկարում: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն արդեն այնքան երկար է ձգվում, որ մասնակիցները վաղուց «ընտելացել են» ձևավորված իրավիճակին, իսկ քաղաքական գործիչները ստեղծել են ու օգտագործում են համապատասխան քաղաքական կապիտալ:

Հայ-ադրբեջանական նոր, մեծ պատերազմ ժամանակակից պայմաններում թվում է պարզապես անիրական՝ թեկուզ վտանգավոր կոնֆլիկտային գոտիների հարևանության պատճառով: Իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է անսապասելի եզրակացության՝ անլուծելի թվացող կոնֆլիկտի երկարաժամկետ սառեցումը կամ ստագնացիան բնավ իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարը չէ: Ադրբեջանին ձեռնտու չէ օգտվել Հայաստանի քաղաքական ճգնաժամից՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելու համար, քանի որ դա հանգեցնում է հայկական հասարակության համախմբմանը և Ռուսաստանի ազդեցության մեծացմանն ու ճնշման ուժեղացմանը կոնֆլիկտի կողմերի վրա: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն գտնում է, որ «շրջակա տարածքներում այնքան շատ են փոթորկվող կոնֆլիկտները, որոնցում ներքաշված են ուժերի համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոնները» և «ևս մեկ կոնֆլիկտը այդ բոլոր ծխացող օջախները կվերածի մեծ հրդեհի»: Հայաստանին ևս խոշոր հաշվով այդպիսի կոնֆլիկտ պետք չէ: բայց դա չի բացառում կողմերի փորձերը՝ իրենց ներքին խնդիրների համար խաղարկել ղարաբաղյան խաղաքարտը: Ինչը և հիմա կատարվում է:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Համաժամանակյա մեկ այլ իրադարձություն ևս կա՝ Հայաստանում ու Ադրբեջանում ՌԴ դեսպանների ասուլիսը: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում ասել է. «Ռուսաստանը կարևոր և նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, այդ թվում՝ հենվելով ՀՀ հետ որպես ստրատեգիական գործընկեր հարաբերությունների և Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունների վրա»՝ ՌԴ-ն գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, ձեռնարկում է առանձին քայլեր՝ նպատակ ունենալով թույլ չտալ էսկալացիա: «Բանակցային գործընթացի կարգավորման համար ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կարող ենք, բայց պարզ է, որ այս հարցի վերջնական որոշումը կոնֆլիկտի կողմերի որոշումն է: Այստեղ Ռուսաստանի դերին պետք է հավասարակշռված մոտենալ. այն, իհարկե, նշանակալից է, ակտիվ, բայց չի կարող փոխարինել երկու կողմերի գործողություններին: Այն մեխանիզմները, որ մենք ունենք, գործարկում ենք, բայց ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երևի այդքան էլ ճիշտ չէ», - ընդգծել է ՌԴ դեսպանը: Ու դա պատասխանն է ՀՀ վարչապետի պնդումների, որ Մոսկվան կարող է կանխել իրավիճակի սրումը: Եվ հաստատումը, որ Սանկտ Պետերրբուրգում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ԼՂ հարցը չի քննարկվել՝ ինչպես պնդում է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, կամ՝ համարյա չի քննարկվել՝ ինչպես պնդում է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ռուս փորձագետը փաստացի ակնարկում է, որ բանակցություններում չերևացող կողմը կարող է իրավիճակը սրել, իսկ այդ կողմը Ստեփանակերտն է, որ ցանկացած սրման դեպքում դառնում է տուժող կողմ և բնավ ոչ մի խնդիր չի լուծում: Իսկապես «շիզոֆրենիկ» դիվանագիտություն է, որ ինչպես միշտ ունի հեղինակ, որ տեսանելի լինելով՝ իրեն անտեսանելի է կարծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao