ReAnimania 2019
 

Ադրբեջանը վարչապետ է փոխել, ուրիշ՝ ոչինչ

Ադրբեջանը վարչապետ է փոխել, ուրիշ՝ ոչինչ
09.10.2019 | 11:14

Day. Az-y հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Ալի Հիդայաթօղլու Ասադովին վարչապետ նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով Նովրուզ Իսմայիլօղլու Մամեդովն ազատվել է վարչապետի պաշտոնից:
Որքան էլ տարօրինակ է՝ կառավարության հրաժարականի մասին տեղեկություններ չկան, այնուամենայնիվ, երկար ժամանակ է, որ տեղեկություններ են շրջանառվում ՊՆ և ԱԳ նախարարների հնարավոր փոփոխության մասին: Եվ դա Ադրբեջանի կառավարության կազմում միակ փոփոխությունն է, որ կարող է հետաքրքրել մեզ: Մամեդովին Ասադովով փոխարինելը չի նշանակում, որ փոփոխություններ են լինելու Ադրբեջանի ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ: Հարցը կլանային պայքարի մեջ է:


Հաստատելու համար, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու՝ Ադրբեջանի նախագահը հարկադիր վերաբնակեցվածների համար կառուցված «Գոբու պարկ-2» բնակհամալիրի բացման ժամանակ հայտարարել է. «Հասարակությունը միասնական տեսակետ ունի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ: Մեր արդար գործը ես պաշտպանում եմ բոլոր ամբիոններից փաստարկներով, պատմական փաստարկներով, միջազգային իրավունքի վրա հիմնված իրականությամբ և այդ փաստարկների դեմ հնարավոր չէ առարկել: Որովհետև ես ասում եմ ճշմարտությունը, և դա անում եմ ամենաբարձր ամբիոններից, որ ամբողջ աշխարհը լսի»: Ադրբեջանի նախագահի ինքնահիացումը զգլխիչ է, ընդամենը, աշխարհը վաղուց ամեն ինչ գիտի և նրա անփոփոխ ռեֆրենները ոչինչ չեն ավելացնում իմացածին:

Հ.Գ. Երեկ իսկապես հագեցած օր էր Բաքվում, Trend-ը հաղորդում է, որ «Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա՝ քաղաքական երկխոսություն, տնտեսություն, անվտանգություն» միջազգային համաժողովի շրջանակներում քննարկվել են 3 կարևոր ուղղություններով հրատապ հարցեր՝ 3 երկրների փորձագետների, դիվանագետների, ակադեմիական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բացելով քննարկումը՝ Baku Network փորձագիտական խորհրդի նախագահ Էլհան Ալեսկերովն ասել է, որ «Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա» միջազգային հասարակական հարթակի ստեղծումը 3 երկրների կառուցողական, քաղաքական երկխոսության արդյունք է, որ նոր հնարավորություններ է բացում տնտեական համագործակցության զարգացման, տրանսպորտային-էներգետիկ նախագծերի և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար: Նրա գնահատականով՝ իրադարձությունները Մերձավոր Արևելքի երկրներում, Հարավային Կովկասում և Կասպից-Սև ծովի տարածքում մղում են Ադրբեջանին, Ռուսաստանին, Թուրքիային ամրապնդել եռակողմ համագործակցությունը:
Բոլոր ելույթներում շեշտվել է, որ 3 երկրները լուրջ ներուժ ունեն եռակողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում զարգացնելու համար:


Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, բնորոշելով համագործակցության եռակողմ ձևաչափը, շեշտել է, որ Բաքուն բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի ու Թուրքիայի հետ, որ Ադրբեջանի ռազմավարական գործընկերներն են: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ամբողջությամբ աջակցում է եռակողմ ձևաչափը՝ Բաքու-Մոսկվա-Անկարա համագործակցությունը: «Մինչդեռ կան տարածաշրջանի փոքր երկրներ, օրինակ Հայաստանը, որ ջանում են օգուտներ քաղել մեծ տերությունների մրցակցությունից»՝ ասել է Մուսաբեկովը՝ ու հավելել, որ տարածաշրջանային երեք պետությունների համագործակցության ուժեղացումը ձեռնտու է յուրաքանչյուրին և ուղղված է տարածաշրջանի կայունության ու էներգետիկ անվտանգության ապահովմանը: Զարմանալի է գուցե, բայց Trend-ը չի մեջբերել որևէ թուրք փորձագետի տեսակետ: Իսկ ռուսներից անդրադարձել է միայն մեկին: Բաքվի համաժողովը եռակողմ ձևաչափի առաջին համաժողովը չէ՝ փորձագիտական հանդիպումներ եղել են Սանկտ Պետերբուրգում և Անկարայում: Փորձագետների հանդիպումները կազմակերպվում են նախագահական դրամաշնորհներով:
Համենայն դեպս հիշեցնեմ, որ գործում էր նաև Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափը՝ նախագահների մակարդակով, թեև վերջերս այդ հանդիպումները ավելի շատ տարբեր համաժողովներում հանդիպումներով ու այցերով են փոխարինվել: Իսկ ի՞նչ ձևաչափ ունենք մենք տարածաշրջանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao