Թրամփը հանդիպում է Էրդողանին՝ Պուտինի ստվերում

Թրամփը հանդիպում է Էրդողանին՝ Պուտինի ստվերում
14.11.2019 | 13:17

Հեռախոսազանգից ու կոպիտ նամակից հետո Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում ստացան իրենց ցանկացածը՝ յուրաքանչյուրն իր գերակայություններով: Բայց հաջորդ խնդիրը, որ նրանք պիտի քննարկեն Սպիտակ տանը, ավելի պինդ ընկույզ է: Էրդողանը հույս ունի խուսափել ԱՄՆ պատժամիջոցների հաջորդ բռնկումից՝ Թրամփի հետ անձնական շփումների շնորհիվ: Պատժամիջոցներն իրականություն դարձան, երբ Էրդողանն անտեսեց ՆԱՏՕ-ի անդամի իր պարտավորությունները և Ռուսաստանից՝ ալյանսի գլխավոր հակառակորդից, զենիթահրթիռային համակարգեր գնեց: Բայց ժամանակը շատ կարճ է, Թուրքիան ծրագրում է С-400-ների լիցքավորիչները տեղակայել արդեն դեկտեմբերին և 2020-ի ապրիլին մարտական հերթապահության դնել, Թրամփի վարչակազմն ու Կոնգրեսը հրապարակային հայտարարում են Անկարային պատժելու մտադրությունները ռուսական հակահրթիռային համակարգերի գնման պատճառով: «Եթե Թուրքիան չձերբազատվի С-400-ներից, ես ստույգ ասում եմ, որ պատժամիջոցներ կլինեն»՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ О'Բրայենը CBS-ի «Դեմքով դեպի ժողովուրդը» հաղորդաշարին:

«ՆԱՏՕ-ում տեղ չկա Ռուսաստանից մասշտաբային ռազմական գնումների համար: Մեր նախագահը դա կհասցնի Էրդողանի գիտակցութանը ուղիղ տեքստով, երբ նա գա Վաշինգտոն»: Ռուսաստանի հետ գործարքի պատճառով Թուրքիան արդեն հեռացվել է «Լոկհիդ Մարտին» կորպորացիայի F-35 կործանիչների մշակման ծրագրից, արգելափակվել են անտեսանելի ինքնաթիռի թուրքական գնումները: С-400 զինթահրթիռային համակարգերը ստեղծվել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ինքնաթիռները խփելու համար՝ մեծ հեռավորությունից ու բարձրությունից: ԱՄՆ ներկայացուցիչները անհանգստանում են, որ F-35-ի՝ այդ համակարգերից խուսափելու գաղտնի տեխնոլոգիաները, կուսումնասիրեն ռուս մասնագետները ռուս-ամերիկյան համատեղ մշակումների ընթացքում Թուրքիայում: Իսկ հետո այդ գիտելիքները կօգտագործվեն ռուսական ՀՕՊ-ը կատարելագործելու նպատակով, և ամեն ինչի պատճառը, որ Թուրքիան ուզում է ունենալ և ամերիկյան ինքնաթիռներ, և ռուսական հրթիռներ: Կոշտ պատժամիջոցները կարող են ապակայունացնել Թուրքիայի տնտեսությունը, նախկինում ԱՄՆ պատժամիջոցները, որ սահմանվել էին 2018-ին ամերիկացի քահանային կալանավորելու պատճառով, արդեն փլուզել են թուրքական լիրան: Թուրքիայում տագնապում են, որ հանդիպումը համընկել է Համայնքների պալատում հրապարակային ունկնդրումների հետ և նախագահը կցանկանա ցուցադրաբար դաս տալ Էրդողանին: Թրամփին քննադատում են ԱՄՆ զորքերը Սիրիայի հյուսիսից հանելու ու իրենց դաշնակից քրդերին դավաճանելու համար՝ նա զինվորներին դուրս գալու հրաման է տվել Էրդողանի պնդումով՝ Թուրքիայի Սիրիա ներխուժումից առաջ: Եվ հիմա Թրամփը Թուրքիային անվանում է «խոշոր առևտրական գործընկեր» ու ՆԱՏՕ-ի հուսալի անդամ: Նա դրվատել է Թուրքիայի կառավարությանը քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու համար, ում ձերբակալությունն անցյալ տարի փչացրել էր երկկողմ հարաբերությունները: Թրամփն իրեն այնպես է պահում, կարծես կասկածներ ունի Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելու վերաբերյալ: Բացի F-35-ի առանցքային մասերի արտադրությունից, Անկարան ծրագրում է 100 կործանիչներ գնել՝ իր հնացած F-16-ների փոխարեն: Առաջին երկու ինքնաթիռերը այս տարեվերջին պետք է ստանար: Թուրքիան նաև ցանկանում է ամերիկյան արտադրության բոլոր ինքնաթիռների ու ուղղաթիռների համար պահեստամասեր գնել: Թուրքիայի բանակը թվաքանակով երկրորդն է ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ից հետո: Վաշինգտոն թռիչքից առաջ Էրդողանը հայտարարեց, որ ցանկանում է սկսել «նոր դարաշրջան անվտանգության ընդհանուր հարցերում» ԱՄՆ-ի հետ: Նա երկիմաստ ազդանշաններ է հղում՝ մի կողմից պնդում է, որ С-400-ները իբր արդեն թուրքական զինանոցի մասն են, մյուս կողմից հույս է հայտնում, որ Թրամփի հետ ընդհանուր լեզու կգտնի և Թուրքիան կստանա ամերիկյան հակաօդային Patriot համակարգերը: ԱՄՆ-ը փորձում է Անկարային վաճառել Patriot-ները 2013-ից, բայց Բարաք Օբաման մերժեց տեխնոլոգիաների փոխանցման Թուրքիայի խնդրանքը, որովհետև Անկարան ուզում էր հետո այդ տեխնոլոգիաների հիմքով սեփական զենք ստեղծել: Հիմա Թուրքիան տեսնում է, որ ուժերի հավասարակշռությունը տեղաշարժվում է Եվրոպայից ու ԱՄՆ-ից հեռու և հակված է իրեն համարել առավել անկախ խաղացող մշտապես փոփոխվող գլոբալ աշխարհում՝ հաղորդել են երկու բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ՝ անանունության պայմանով: «С-400-ների գնումը հավասարազոր է անկախության հռչակագրի»՝ ինչպես ասել է թուրք նախարարներից մեկը: Նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Էրդողանին Ռուսաստանի լավագույն զինատեսակներին հասանելիություն տալ, ներառյալ «Սուխոյի» կործանիչները՝ միայն թե սեպ խրի ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի միջև: Բայց այս տարբերակը Թուրքիայի տնտեսության համար հեռու գնացող հետևանքներ կարող է ունենալ, նաև ԱՄՆ-ի ու մյուս դաշնակիցների հետ հարաբերությունների, որ Էրդողանին հանրամատչելի կբացատրվի Վաշինգտոնում:
Սելջան Հաջաօղլու, Bloomberg (ԱՄՆ)


Հ.Գ. Այսօր հայտնի դարձավ, որ համատեղ մամլո ասուլիսում Էրդողանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևը ամոթալի քայլ է անվանել՝ հույս հայտնելով, որ Սենատն «այդ սխալը չի կրկնի»: «Մենք չենք ներքաշվի այն խաղի մեջ, որի հեղինակներն ուզում են քայքայել թուրք-ամերիկյան կապերը», - ընդգծել է նա ու նորից առաջադրել պատմաբանների հանձնաժողովի թեզը: Սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա: Իր որոշումը Գրահամը կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, որի մասին հայտնել է Սենատի նիստի ժամանակ: «Ես հենց նոր եմ հանդիպել նախագահներ Էրդողանի և Թրամփի հետ և նրանց հետ քննարկել եմ այն խնդիրները, որոնց բախվում ենք Սիրիայում... Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կլուծեն այդ հարցը», - հայտարարել է սենատորը: Ըստ Գրահամի՝ բանաձևի կասեցման որոշումը կայացրել է ոչ թե անցյալի, այլ ապագայի համար: Փաստացի՝ նա ակնարկել է հայ-թուրքական հարաբերությունների կայացմանը չխանգարելու հնամաշ թեզը:


«Մենք շատ հիասքանչ ու արդյունավետ հանդիպում ունեցանք», - դռնփակ բանակցություններից հետո հայտարարել էր Թրամփը, հավելելով` ինքը նախագահ Էրդողանի մեծ երկրպագուներից է, և իրենք ընկերներ են ծանոթության առաջին օրից: Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը մեծ մարտահրավեր է երկու երկրների հարաբերություններին, բայց իրենք մտադիր են լուծել այս պայմանագրին վերաբերող հարցերը: Թրամփի խոսքով՝ նման գործարքները նշանակում են «շատ լուրջ բարդություններ»: «Մենք դա քննարկում ենք պարբերաբար, քննարկում ենք այսօր և կքննարկենք հետագայում», - ասել է Թրամփը: Նա ավելացրել է, որ ինքն ու Էրդողանը երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին և ազգային անվտանգության խորհրդականներին խնդրել են անհապաղ սկսել «С-400- ի խնդիրը» լուծելու ուղղությամբ աշխատանքներ: Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկել է ռուսական C-400- ների և ամերիկյան վերջին՝ F-35 կործանիչների ձեռքբերման հարցեր: Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է գնել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը, եթե ԱՄՆ-ը հարմար պայմաններ առաջարկի: «Մենք կարող ենք հաղթահարել C-400-ի (ռուսական զենիթահրթիռային համակարգ) և F-35-ի (ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ) միջև տարաձայնությունը: Ես նախագահին տեղեկացրի Patriot համակարգերի գնման ցանկության մասին, եթե ԱՄՆ-ից շահավետ առաջարկ լինի»,-ասել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան վճռական է «նոր էջ բացել» թուրք-ամերիկյան հարաբերություններում, և միայն երկխոսությունը կօգնի երկու երկրներին լուծել տարաձայնությունները պաշտպանության ոլորտում:


Իսկ սենսացիայի հեղինակ դարձել է նորից Թրամփը՝ ասուլիսում նա հայտարարել է, որ ինքը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ հարաբերություններ ունեն քրդերի հետ: «Ցանկանում եմ ասել, որ մենք հրաշալի հարաբերություններ ունենք քրդերի հետ, և նրանց հետ բարեհաջող պայքարել ենք ԻՊ-ի դեմ…Կարծում եմ` Թուրքիայի նախագահը նույնպես քրդերի հետ լավ հարաբերություններ ունի: Շատ քրդեր են այժմ բնակվում Թուրքիայում, և նրանք երջանիկ են այնտեղ»,- Վաշինգտոնում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը: Հավանաբար՝ սպանվելը երջանկության վերին դրսևորումն է: Կամ՝ Թրամփը տեղյակ չէ, որ Էրդողանը Թուրքիայում ապրող քրդերի դեմ նոր արշավանք է սկսել՝ պայմանավորելով ՔԱԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Ի նշան երախտիքի էլ Էրդողանը Թրամփին է վերադարձրել իրեն ուղղված նամակները, այդ թվում նամակը, որում Թրամփը կոչ էր անում Էրդողանին «հիմար չգտնվել»: Ահա այսպիսի եղբայրություն: Միով բանիվ՝ պատժամիջոցները կախվում են օդում՝ նայած ինչպես կլուծվի Ս-400-ների հարցը, իսկ ցեղասպանության ճանաչումը հետաձգվում է՝ մինչև կրկին սրվեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao