Ես ասել եմ՝ կապտած մատներով աթոռից չեմ կառչելու

Ես ասել եմ՝ կապտած մատներով աթոռից չեմ կառչելու
18.11.2019 | 11:31

Քանի դեռ լուծված չէ Բելառուսին ածխաջրածինների մատակարարման հարցը և հանված չեն առևտրական արգելքները, Ռուսաստանի հետ ինտեգրման ճանապարհային քարտեզը ստորագրելու մասին մոռացեք՝ հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Կիրակի օրը Բելառուսում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ էին, քվեարկելուց հետո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնահատեց Ռուսաստանի հետ ինտեգրման հեռանկարները: Նա նշեց, որ Ռուսաստանի հետ առևտրի ամենամյա դեֆիցիտը 9 միլիարդ դոլար է և բելառուսական ապրանքների արգելքը ռուսական շուկա թույլ չի տալիս նվազեցնել դեֆիցիտը: «Երբ դու անդամ ես դառնում ինչ-որ միության, հույս ունես, որ ամեն ամիս ու ամեն տարի ավելի լավ կլինի: Մեզ մոտ ի՞նչ է կատարվում: Մեզ ամեն տարի նոր պայմաններ են թելադրում: Հետևանքը տնտեսության մեջ կորցնում ենք, կորցնում ու կորցնում»՝ տրտնջացել է Լուկաշենկոն: «Մեր ինչի՞ն է պետք այդ միությունը, ես պարզ գյուղացիավարի հարց եմ տալիս»՝ ասել է Լուկաշենկոն: «Գյուղացիավարին» անմիջապես մեջբերեցին անկախ լրատվամիջոցները, պետականները անուղղակի խոսքով պատմեցին, որ Լուկաշենկոն ասել է՝ Բելառուսին վնասով աշխատող միություն պետք չէ: Նա ընդգծել է, որ Բելառուսը ոչինչ չի խնդրում Ռուսաստանից, բայց պահանջում է տնտեսավարման սուբյեկտների համար հավասար պայմաններ: Մինսկը բազմիցս է հիշեցրել, որ շուկայի հասանելության հավասարությունը, առևտուրն առանց սահմանափակումների դրված է 1999-ի միութենական պայմանագրի հիմքում, որի տառացի իրականացումն է հիմա պահանջում Մոսկվան: Բելառուսում ու Ռուսաստանում ստեղծվել են աշխատանքային խմբեր և պատրաստվում են ինտեգրման խորացման ճանապարհային քարտեզներ: Ինտեգրման փաստաթղթերը Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները մտադիր են ստորագրել դեկտեմբերի 8-ին՝ միութենական պետության կազմավորման 20-ամյակի օրը:
«Ես ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրի, եթե հակասի Սահմանադրւթյանը և մեր հասարակության արմատական սկզբունքներին,- հայտարարեց Լուկաշենկոն:-Մի ջանացեք այդ ուղղությամբ, ես նվազ հայրենասեր չեմ, քան դուք»:


2020-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են: Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը թեկնածությունը կդնի, եթե ժողովուրդը խնդրի: «Եթե մարդիկ ինձ մերժեն ինչ-որ ընտրություններում, ես նրանցից չեմ նեղանա: Ես արդեն աշխատել եմ բավականին երկար տարիներ: Դուք մտածեք՝ առաջադրե՞լ ինձ, թե՞ ոչ: Եթե գնահատում եք կայունությունը, պետության զարգացումը, որ ձեզ չվաճառեն ու ոչմիտեղ չքշեն, խնդրեմ, եկեք ու ասեք՝ լսի, նախագահ, դու դեռ առողջ ես»՝ ասաց Լուկաշենկոն: «Եթե չխնդրեք, ես ոչ երբեք չեմ առաջադրի իմ թեկնածությունը: Ես, իհարկե, կառաջարկեմ իմ թեկնածությունը այս ընտրություններում, եթե զգամ, որ կատեգորիկ դեմ եք, ես վատ կզգամ: Բայց դուք պետք է իմ թեկնածությունը մերժեք ընտրություններով: Ես ասել եմ՝ կապտած մատներով աթոռից չեմ կառչելու: հավատացեք՝ դա այդքան էլ փափուկ աթոռ չէ»՝ ասել է նա լրագրողներին: Այսինքն՝ նա առաջադրվելու է 7-րդ անգամ և 2025-ին, «եթե ժողովուրդը խնդրի»:
BBC


Հ.Գ. Դուք հասկացա՞ք՝ ի՞նչ է ուզում Ալեքսանդր Գրիգորևիչը: կապտած մատներով չի կառչել, բայց և 1994-ից բաց չի թողնում: Փաստացի՝ Բելառուսի նախագահը մերժում է Ռուսաստանի նախագահին միութենական պետության նախագահ դառնալով՝ ՌԴ նախագահի աթոռը չկորցնելու տարբերակը՝ «Մենք ձեզնից պակաս հայրենասեր չենք»: Ոչ մի կասկած, որ Բելառուսի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններում 110 մանդատ 500 թեկնածուներից կստանան հենց նրանք, ում նշանակել է նախագահը: 1990-ական թվականներից մինչև հիմա Բելառուսում ոչ մի ընտրություն Արևմուտքն ազատ և արդար չի ճանաչել: Եվ կխնդրեն էլ, որ մնա նախագահ 2025-ից հետո: Իսկ տարբերակ ունե՞ն: Հետաքրքիր է՝ ինչու՞ Լուկաշենկոն նման ելույթ չի ունենում ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի մասով, որտեղ նույն պատկերն է ու նույն խնդիրները՝ էներգակիրների տարբեր գներ, մաքսատուրքեր, արգելքներ ապրանքների ու մթերքների Ռուսաստան ներկրման վրա: Որովհետև Պուտինը չի՞ ուզում բոլոր պետությունները միավորել ու դառնալ մինի ԽՍՀՄ-ի նախագահ, ընդամենը հարևան Բելառու՞սն է ուզում: Հնարավոր չէ սկզբունքային լինել Ռուսաստան-Բելառուս միությունում, անսկզբունք՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում: Ժողովուրդը չի հասկանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao