Կկարողանա՞ն Մակրոնն ու Մերկելը հաշտեցնել Մոսկվային ու Կիևին

Կկարողանա՞ն Մակրոնն ու Մերկելը հաշտեցնել Մոսկվային ու Կիևին
21.11.2019 | 11:35

Ֆրանսիայի թերթերը գրում են նորմանդական քառյակի սամիթի նախապատրաստման մասին, որ դեկտեմբերի 9-ին կայանալու է Փարիզում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Le Monde-ը հիշեցնում է, որ այդ ձևաչափով սամիթներն անցկացվում են 2016-ից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար դա երկար սպասված իրադարձություն է: Որ սամիթը կայանալու է ամենամոտ ժամանակներս, նա հայտարարում է արդեն մի քանի ամիս ամենատարբեր միջազգային հարթակներից: Չնայած Դոնբասում հրադադարի խախտման դրվագներին՝ Ելիսեյան պալատում կարևոր ձեռքերում են համարում զորքերի հետքաշումը հոկտեմբերին ճակատի գծի երեք «պիլոտային» հատվածներում: Բարի կամքի ևս մեկ դրսևորում Ֆրանսիան համարում է կալանավորների փոխանակումը: Փարիզում գտնում են, որ այս բոլոր քայլերը պետք է հանգեցնեն Մինսկի համաձայնագրի իրականացման նոր փուլի: «Սամիթում հաշվի կառնվի ձեռքբերված առաջընթացը և դինամիկան: Դա կարևոր է Զելենսկու համար, որ կարողացավ տեղից շարժել Պուտինին: Բայց չպետք է թերագնահատել դժվարությունները, որ դեռ նոր ենք հաղթահարելու»՝ մեջբերել է Le Monde-ը Ելիսեյան պալատի աղբյուրին:
Մոսկվայում ակնհայտորեն չեն կիսում Փարիզի լավատեսությունը սամիթի հեռանկարների առումով: Երբ նոյեմբերի 15-ին Ելիսեյան պալատը պաշտոնապես հայտարարեց քառյալի հանդիպման օրը, Կրեմլում լռություն պահպանեցին և միայն նոյեմբերի 18-ին հաստատեցին Պուտինի մասնակցությունը բանակցություններին: Կրեմլի «բարի կամքի ժեստերի» մասին գրում է և Le Figaro-ն՝ հիշեցնելով նոյեմբերի 18-ին ուկրաինական նավերի Կիևին վերադարձնելը: Մոսկվայի վառած կանաչ լույսը (Կրեմլում հանդիպման օրը հաստատելը) և այդ օրը Մակրոնի ու Պուտինի հետախոսազրույցը շատ բնորոշ են՝ գտնում է Le Figaro-ն:

Պուտինը, որ վերջին կես տարում երրորդ անգամ է Ֆրանսիա մեկնում, նախազգուշացրել է, որ «դատարկ տեղը» չի հանդիպի: Առաջընթացի հնարավոր արգելքներից Le Monde-ն անվանում է Շտայնմայերի բանաձևի մեկնաբանությունը, որ նախատեսում է հատուկ կարգավիճակ Կիևին ենթակա Դոնբասի տարածքների համար և այդ շրջաններում ընտրությունների անցկացում: Դեռ բաց է ինքնավարության աստիճանը և ընտրությունների անցկացման հարցը: Ռիսկի ևս մեկ գործոն է Ուկրաինայի հասարակական կարծիքը: Խաղաղության հասնելու Զելենսկու ամբողջ քաղաքական կամքը կարող է հօդս ցնդել ընդդիմության դիմադրության պատճառով, որ արդեն մեղադրում է նախագահին ագրեսորի առաջ կապիտուլյացիայի մեջ: Մինչև վերջ պարզ չէ և Մերկելի ու Մակրոնի դիրքորոշումը բանակցություններում: Նրանց համար շատ կարևոր է խաղաղությունն Ուկրաինայում, բայց ոչ ամեն գնով: «Բոլորին հայտնի է երկու կողմերի համար միակ ընդունելի տարբերակը՝ համընդհանուր համաներում Դոնբասի համար, ռուս-ուկրաինական սահմանին սահմանապահների վերադարձ: Այս ամենի մեջ միակ անհայտը՝ կկարողանա՞ն Մակրոնն ու Մերկելը համոզել իրենց երկու սլավոն զրուցակիցներին, որ Ռուսաստանի շահերից բխող գործարքը բխում է նաև Ուկրաինայի շահերից»՝ գրում է Ռենո Ժիրարը Le Figaro-ում: Անկախ սամիթի հաջողությունից՝ հաշտության բոլոր փորձերն արժեքավոր են: 13000 մարդու կյանք խլած պատերազմի 5 տարիներին հակամարտող կողմերը կարողացան պայմանավորվել զորքերը հետ քաշելու մասին, թող որ ոչ ամբողջ ճակատով, փոխանակեցին գերիներին, թեկուզ ոչ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: La Croix-ը ուկրաինական դոսիեն տեստ է անվանում Ելիսեյան պալատի նոր քաղաքականության համար, որ պետք է վերաիմաստավորի հարաբերությունները Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի թերթերը չեն գրում, բայց նորմանդական քառյակն ունի հինգերորդ անդամ՝ ԱՄՆ-ը, և այն, ինչ կոչվում է ուկրաինական ընդդիմություն ու արդեն մեղադրում է Վլադիմիր Զելենսկուն ագրեսորի առաջ կապիտուլյացիայի մեջ, պարզապես պետք է անվանել ԱՄՆ-ի միջամտություն Ուկրաինայի գործերին: Զելենսկին նախ պիտի հավաստիանա՝ իսկ ի՞նչ տնտեսական քաղաքականություն են վարելու ԵՄ-ն ու Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ խաղաղության հաստատումից հետո, եթե ԱՄՆ-ը դադարեցնի աջակցությունը: Մակրոնի նպատակը, թերևս, հենց դա է՝ Ուկրաինան վերադարձնել Եվրոպա ու դուրս բերել ԱՄՆ-ի ազդեցությունից: Նրան պետք է ուժեղ Եվրոպա, որ նորմալ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Քանի դեռ ՆԱՏՕ-ի «ուղեղը մահացած է», իսկ ԵՄ-ն չունի իր բանակը, Մակրոնին պետք են անվտանգության երաշխիքներ Կրեմլից: Եվ՝ պետք է վերադարձնել Ռուսաստանը՝ իբրև սպառման շուկա ու առևտրային գործընկեր: Դե իսկ ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կհանվեն ժամանակի մեջ: Բրեկզիտից հետո: Եթե դեկտեմբերի 9-ին նորմանդական քառյակի հանդիպումը ստացվի, չափազանց շատ շահեր են խճողված այս հանգույցում: Հայաստանի համար այս հարցը ևս չափազանց կարևոր է՝ ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորումը մեր շանսն է՝ տնտեսությունը զարգացնելու ու քաղաքական չբարձրաձայնվող սահմանափակումներից դուրս գալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao