«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Ինչո՞վ ավարտվեցին Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները

Ինչո՞վ ավարտվեցին Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները
09.12.2019 | 13:00

Կարծես՝ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահների բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել: Գլխավոր արդյունքը՝ երկու շաբաթից նորից հանդիպելու պայմանավորվածությունն է: Հանդիպումից առաջ Լուկաշենկոն զարմացրեց լրագրողներին հայտարարությամբ, որ գալուց առաջ ոչ միայն նայել է ռուսական հեռուստաալիքները, այլև «կարդացել հեռագիր-ալիքները, ինչպես շատերը հիմա»:

«Բոլորը հարց են տալիս Ռուսաստանում՝ Լուկաշենկոն ի՞նչ է բերում, ընդհանրապես ինչու՞ է եկել»՝ հայտարարեց նա: Երբ նա հայտարարություն էր անում, Մինսկի կենտրոնում հավաքվել էին մարդիկ, որ այդ հարցի պատասխանն ունեին՝ նրանք դեմ են երկու երկրների ինտեգրմանը, որի մասին պիտի պայմանավորվեին Պուտինն ու Լուկաշենկոն Սոչիում՝ վախենալով կորցնել անկախությունը: Ինչու՞ հիմա: ТАСС-ի լրահոսում Բելառուսի նախագահը կարող էր կարդալ, որ դեկտեմբերի 8-ին Մոսկվան ու Մինսկը նշում են միութենական պետության պայմանագրի ստորագրման 20-ամյակը և «ծրագրում են ինտերգրման ծրագրի խորացում»: Սոչիում որևէ ծրագիր չընդունվեց: Պուտինն ու Լուկաշենկոն անգամ լրագրողների հետ չհանդիպեցին: Նրանք բանակցեցին 5,5 ժամ: Առաջին 2 ժամը պատվիրակության անդամների հետ: ՌԴ-ից բանակցում էին փոխվարչապետներ Անտոն Սիլուանովն ու Դմիտրի Կոզակը, էներգետիկայի ու էկոնոմիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը ու Մաքսիմ Օրեշկինը, Օրեշկինի տեղակալ Միխայիլ Բաբիչը: Մինսկին հաջողվեց հասնել Բաբիչի հրաժարականին ՌԴ դեսպանի պաշտոնից, բայց նա շարունակում է վարել բելառուսական ուղղությունը էկոնոմիկայի նախարարությունում: Ճաշի ընդմիջման ժամանակ Պուտինն ու Լուկաշենկոն մենակ էին, նրանք ինտեգրման կենացն էլ են խմել: Գինիով: Հետո նորից կանչեցին նախարարներին: «Բանակցային գործընթացը բանակցային գործընթաց է նրանով, որ կողմերը իրենց տեսակետներն են փոխանակում»՝ փիլիսոփայել է Անտոն Սիլուանովը: Լուկաշենկոն գնաց՝ ոչինչ չասելով: Բելառուսի պատվիրակության անդամները ևս ձեռնպահ մնացին մեկնաբանություններից: Ռուսական կողմից հարցերին պատասխանեց էկոնոմիկայի նախարարը: «Արդյունավետ ենք աշխատել», «հասել ենք լուրջ առաջընթացի», ստացվել են հրահանգներ, պետք է մշակենք,՝ կոնկրետ ոչինչ Օրեշկինը չասաց: Գլխավոր նորությունն էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն նորից կհանդիպեն՝ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
BBC


Հ.Գ. Երկար տարիներ ռուս-բելառուսական հարաբերությունների գլխավոր հարցը էներգակիրներն են, ավելի ստույգ՝ նավթի ու գազի գինը: Սիմվոլիկ է, որ բանակցությունների սկզբում Սոչիում հանգավ լույսը: «Էլեկտրականությունն ավարտվեց»՝ արձագանքեց Պուտինը: «Ես գիտեմ՝ Դիմա Պեսկովի ձեռքի գործն է» կատակին կատակով պատասխանեց Լուկաշենկոն: Ինչպես 10 տարի առաջ, Լուկաշենկոն պահանջում էր, որ նավթի ու գազի գները լինեն այնքան, որքան Ռուսաստանում են: Բայց այս անգամ նա առաջարկեց, որ ռուսական արտադրողների համար բարձրացվի էներգառեսուրսների գինը: «Մենք չենք խնդրում, ինչպես ոմանք ասում են, էժան գազ, էժան նավթ: Մենք պատրաստ ենք և 200 դոլարով գազ գնել»՝ ասել է Լուկաշենկոն, հիմա ռուսական գազը Մինսկը գնում է 1000 խորանարդ մետրը127 դոլարով: «Գլխավորը, որ հավասար պայմաններ լինեն: Եթե ձեր ձեռնարկությունները գազը գնում են 200 դոլարով, նշանակում է և մրցակից ձեռնարկությունները պետք է նույն գինն ունենան,-իր տրամաբանությունը բացատրեց Լուկաշենկոն: -Հակառակ դեպքում մենք պարզապես մեր հարաբերություններին հիմք չենք տալիս» (մեջբերումները ըստ բելառուսական БЕЛТА գործակալության): Հայտնի չէ՝ ի՞նչ է պատասխանել Պուտինը: Ամենայն հավանականությամբ՝ չի համաձայնել: Բանակցություններից հետո Օրեշկիինն ասաց, որ «Լուրջ առաջընթացի» են հասել «նույնիսկ նավթի ու գազի հարցում»՝ «Կողմերի դիրքորոշումները շատ լուրջ մոտեցան»: Մինչև հաջորդ հանդիպումը երկու շաբաթում Պուտինն ու Լուկաշենկոն, երկու կողմերի փորձագետները պետք է մշակեն բանակցությունների ժամանակ ստացած հրահանգները: «Հետո կզեկուցենք վարչապետերին, կզեկուցենք նախագահներին»՝ հավելեց նախարարը: Չլուծված հարցեր դեռ կան, բայց ավելի քիչ՝ ընդունեց նա: Չհաղորդվեց՝ քննարկե՞լ են նախագահները երկու երկրների քաղաքական ինտեգրումը: Սոչիի հանդիպումից 2 օր առաջ Լուկաշենկոն հավատացնում էր, որ որևէ պետության կազմի մեջ մտնելու ծրագիր չունի՝ «անգամ եղբայրական Ռուսաստանի»: Նոյեմբերին տրտնջում էր, որ Մոսկվան ամեն տարի Մինսկին նոր պայմաններ է առաջադրում. «Մեզ ամեն տարի նոր պայմաններ են հրամցնում, և մենք մշտապես տնտեսության մեջ կորցում ենք, կորցնում ենք ու կորցնում ենք: Կներեք, բա այդպիսի միությունը մեր ինչի՞ն է պետք»: Իսկ ո՞վ ասաց, որ Բելառուսին է պետք: Պետք է Ռուսաստանին, բայց առանց Լուկաշենկոյի ու Բելառուսի ժողովրդի համաձայնության, դառնալու է Ղրիմի պատմությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao