ReAnimania 2019
 

«Ի՞նչ կապ ունի «հրաժարիմքը» մարդկային վերաբերմունքի հետ»

«Ի՞նչ կապ ունի «հրաժարիմքը» մարդկային վերաբերմունքի հետ»
01.05.2009 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԵՍ ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ»
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ (ՀՀԿ)

-Պարոն Շարմազանով, փաստորեն, դուրս է գալիս` «նե վեզյոտ տեբե վ սմերտի, պովեզյոտ վ լյուբվի՞»:
-«Վ լյուբվի մնե վսեգդա վեզյոտ», բայց եթե քաղաքականությունը նկատի ունեք` կխնդրեի ասեք շատ ուղիղ. ի՞նչ նկատի ունեք:
-Շա՜տ «ուղիղ» նկատի ունեմ, որ Դուք այս պահին ՀՀԿ կադրային բանկում եղող ամենապահանջարկվածն եք և չի բացառվում դառնաք ԱԺ փոխխոսնակ, կրթության և գիտության նախարար և այդպե՜ս շարունակ:
-Ո՞վ է ասում:
-«Չար-թունավոր» լեզուները` «սրճարանում»:
-Հանրապետական կուսակցությունում կադրային բանկում կան շատ արժանի, փորձառու, բարոյական գործիչներ:
-Առաջին «հացը», որ «կուտ գնաց», ֆրակցիայի նախագահ չդարձաք, հիմա վախենում եք, որ էլի չի՞ ստացվի:
-Ինձ մոտ միշտ էլ ստացվել է, փառք Աստծո, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ: Բայց ես երբեք էլ չեմ հայտարարել, թե ֆրակցիայի նախագահի հավակնություններ ունեի, երբեք մեր կուսակցությունում նման հարց պաշտոնապես չի քննարկվել:
-Հիմա էլ որևէ հավակնություն չունե՞ք` փա՜ռք Աստծո, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ:
-Ես կուսակցական եմ, և իմ գործողությունները բխեցնում եմ թիմի տրամաբանությունից, թիմի որոշումներն ինձ համար օրենք են, իսկ կադրային որևէ խնդիր կուսակցությունում այս պահին չի քննարկվել:
-Իսկ հեքիաթների հետ ո՞նց եք, պարոն Շարմազանով:
-Հեքիաթներ շատ եմ սիրում, փոքր ժամանակ Անդերսենի հեքիաթներն այնքան շա՜տ էի կարդում:
-Եկեք մի քիչ փոքրանանք ու այսպիսի մի իրադրություն պատկերացնենք. հիմա Դուք ունեք ոսկե ձկնիկ, ասե՛ք Ձեր ցանկությունը:
-Ես ոսկե ձկնիկին չեմ հավատում, ոսկե ձկնիկը...
-Նեղացրել է Ձեզ:
-Չէ՜`չէ՛, չէ՛։ Էն ինչ բերովի է, էն էլ տանովի է:
-Դուք հավիտյանս հավիտենից եք պաշտոն ուզում, դա փոշին է, հիշում եք ծերունու և իմաստունի պատմությունը: Լավ, ի վերջո, ի՞նչ պաշտոն եք ուզում:
-Ես ոչինչ չեմ ուզում, ես միշտ անում եմ այն, ինչ որոշում է իմ քաղաքական թիմը:
-Դուք սեփական կարծիք չունե՞ք:
-Ես սեփական կարծիք ունեմ և Ազգային ժողովում բազմիցս արտահայտել եմ իմ անձնական կարծիքը:
-Խնդրեմ` Ձեր սեփական կարծիքը:
-Իմ սեփական կարծիքն այն է, որ առայժմ նման բանի մասին ես իմացել եմ միայն մամուլից, և ինձ հետ նման հարցի քննարկում չի եղել:
-Ինչպիսի՜ ինքնատիպ կարծիք: Եվ այնուհանդերձ, Դուք Ձեզ համարում եք գործադիրի՞, թե՞ օրենսդիրի մարդ:
-Ես ինձ համարում եմ քաղաքականության մարդ:
-«Անհույս» է:
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ (ՀՅԴ)

-Պարոն Ռուստամյա՞ն, ինչպես եք Ձեզ զգում ընդդիմադիր «գետնին» վրա:
-Փայլուն, ազատ ենք շնչում, լիաթոք:
-Ինչի՞, իսկ առավել ստույգ` ո՞ւմ մասին եք այդքան «ազատ» շնչում:
-Չէ, «մասին» չենք շնչում, այլ ի՞նչ ենք շնչում։ Շնչում ենք մաքուր, թարմ օդ:
-Իսկ Դուք հիշո՞ւմ եք մեր այն հարցազրույցը, ուր ես Ձեզ հարցրել էի, թե Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ Ձեր սերը տարիների ընթացքո՞ւմ է ձևավորվել, թե՞ միանգամից: Հիմա, արդեն երրորդ անգամ հարցնում եմ` ի՞նչ վիճակում է Ձեր սերը, մանավանդ ««հրաժարիմքից» հետո:
-Ի՞նչ կապ ունի «հրաժարիմքը»։ Հարգալից վերաբերմունքը մարդկային, անձնական, նեղ հարաբերություններին էր առնչվում և քաղաքական դաշտի փոփոխության հետ այն որևէ կապ չունի:
-Եվ, այնուհանդերձ, ինչպիսի՞ն է «նա» այսօր:
-Վերաբերմո՞ւնքը։ Նույնքան հարգալից, նորմալ:
-Ե՞վ:
-Ավելին ասեմ, մենք մեր հայտարարության մեջ էլ նշել ենք, որ ի շահ պետության և ժողովրդի, իսկապես ուզում ենք, որ մեր իշխանությունները, մանավանդ պետության ղեկավարը հաջողեն, որովհետև նրանց հաջողությունը, պետք է լավ հասկանանք, լինելու է մեր երկրի ու ժողովրդի հաջողությունը:
-Ճի՞շտ է, որ նախորդ շաբաթ, երբ Դուք և Հրանտ Մարգարյանը հանդիպել էիք Սերժ Սարգսյանի հետ` «քննարկելու» հայ-թուրքական հայտարարությանն առնչվող հարցեր, որից հետո ասել էիք` մենք դուրս ենք գալիս կոալիցիայից, նախագահն ասել էր` դուք ազատ եք:
-Բնականաբար, մենք այս ամենը քննարկել ենք երկրի նախագահի հետ, ինքը շատ ըմբռնումով է մոտեցել մեր դիրքորոշմանը և ասել է` որոշումը ձերն է: Իր հետ մենք հստակ խոսել ենք մեր բոլոր տարաձայնությունների մասին:
-Դուք սպասո՞ւմ էիք, որ նա նման որոշում կկայացնի ձեր նկատմամբ:
-Ի՞նչ որոշում:
-Դե, որ ազատ եք, գնացեք:
-Մեզ նախագահը չէր բռնել, որ հիմա էլ ազատ թողներ ու ասեր` գնացե՛ք, մենք մեր կամքով էինք մտել կոալիցիա:
-Բայց կարծես 94-ին «բռնել» էր:
-Չէ, չէ, դա այլ բան էր, դա այն ժամանակվա ռեժիմն էր դաշնակցությանը բռնում ամեն քայլափոխի, որի ղեկավարն այսօր ընդդիմության մեջ է, ի դեպ:
-Իսկ անձամբ ձեր գործով զբաղվող ԱԱ նախարա՞րը:
-Գիտեք, ես երբեք այդ ամենը չեմ կապել իր հետ և հիմա էլ չեմ կապում:
-Եվ, այնուհանդերձ, պարոն Ռուստամյան, դաշնակցությունն 98-ին ազատվեց ոչ թե արդարացմամբ, այլ իրադրության փոփոխության պատճառով:
-Այո՛: Եվ նրանք, ովքեր անվերջ կասկածանքով խոսում էին այդ մասին, այդ նույն` «իրադրության փոփոխությունները» տեղի ունեցան նաև իրենց հետ, էնպես որ, բոլորին է հայտնի այն իրավական դաշտը, որում ընթանում էին այդ գործընթացները:
-Բոլոր դեպքերում դեյուրե Դուք «արդարացված» չեք:
-Ոչ, այդպես չէ, իրադրության փոփոխությունը բխում էր հենց քրեական օրենսգրքից, որը նախատեսում էր` մինչև դատավարության ավարտը (իսկ մեր դատը դեռ չէր ավարտվել), եթե իրադրությունը փոխվի, գործերը կարող են կարճվել, որն էլ տեղի է ունեցել:
-Ասվում է, որ ձեր այս վերջին քայլի «մեջ» նաև պայմանավորվածության տարր կա երկրի նախագահի հետ:
-Ո՜նց կարող է պայմանավորվածության տարր լինել:
-Բա ինչո՞ւ եք այդքան կառուցողական:
-Չեք կարողանում, էլի՛, յուրացնել, որ դաշնակցությունն իր որոշումները կայացնում է` ինք-նո՛ւ-րո՛ւյն և որևէ մեկի հետ պայմանավորվելու ոչ խնդիր և ոչ էլ պատճառ ունի:
-Բա որ ասում են` լողի չեմպիոն դարձեք, ոզնու վրա նստեք, ո՞վ է կայացնում այդ որոշումները:
-Ինքնուրո՛ւյն:
-Իսկ ո՞նց եք որոշում` հատկապես որ տարբերակն ընտրել` ոզնո՞ւ, թե՞ լողի:
-Դժվար չէ: Եվ մեկ անգամ էլ ուզում եմ ասել` խաղը բացառված է, մեր տարաձայնություններն իշխանության հետ այնքան խորն են, որ խաղի տեղ չի կարող մնալ:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao