ReAnimania 2019
 

Չէ՛, իսկապես հետաքրքիր է

Չէ՛, իսկապես հետաքրքիր է
01.05.2009 | 00:00

ԷՍ Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դե՛, ոնց է լինում օրինաչափորեն. եթե ինքդ ես ստեղծել, եթե քոնն է, ուրեմն` ամենալավն է, ամենամոդեռնը, ամենահրապուրիչն ու ամենաեվրոպականը:
Ինովացիոն տեխնոլոգիաների այս դարում, երեկ, երբ «Կոնգրես» հյուրանոցի լուսավոր սրահում ունկնդրում էինք ԲՀԿ երիտասարդ թիմի` նորոգված կայքի առնչությամբ հնչող մտքերը` «կայքէջն ամբողջապես կարող է համեմատվել եվրոպական և ամերիկյան հանրահայտ քաղաքական ուժերի կայքերի հետ, որովհետև հայաստանյան իրականության մեջ ներդրվում է հասարակության հետ կապերի նոր` WEB գործիքների համալիր», մտածում էինք. հերթապահ բանաձևումներ են` «մեծ PR»-ից առաջ, երբ ոտքից գլուխ նախընտրական գործընթացների մեջ խրված ԲՀԿ-ն փորձում է քամել-պտույտի մեջ դնել PR բոլոր տարրերն ու գործիքներն իր վերջնական նպատակադրմանը հասնելու համար: Մտքի խորքում էլ փորձում էինք հասկանալ` ովքե՞ր են խորհուրդներ տալիս ԲՀԿ-ին, արդյո՞ք քաղտեխնոլոգների հատուկ խումբ է գործում, որ ԲՀԿ-ն այս փուլում առաջ ընկած գնում է` բավականին հետաքրքիր մարտավարություն կիրառելով (ի դեպ, ԲՀԿ «մետրերը» միանշանակորեն մերժեցին նման խմբի գոյությունը):
Եվ այնուհանդերձ, ԲՀԿ-ն հետաքրքիր հայտերով է մտնում նախընտրական պայքարի փուլ. տեղեկացրել էինք` սերնդափոխության, մոտ հազար երիտասարդների անդամագրմամբ սկսված գործընթացի մասին: Ոնց երևում է` «նոու հաուների» շարքը դեռ չի ավարտվել: Հաջորդական քայլով ԲՀԿ-ն, ի դեմս իր ջահելների, երեկ «նստեց» ու կարևորեց հանգամանքը, որ ինովացիոն, բարձր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, ամենակարևորը վիրտուալ տարածության «գրավումը», ինտերնետային գրագետ քարոզարշավն է, որին էլ պարտական է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` իր աներկբա հաղթանակի համար («մի հատված» էլ ցույց տվեցին Օբամայի «սայթից», որպեսզի ներկաներս քիչ հետո հնարավորություն ունենանք անկաշկանդ համեմատություններ անելու):
Ահա` հենց էսպես: Նորովի, համարձակ: Հավելմամբ, որ պետք է քանդել ավանդական կարծրատիպերը, ու նոր մոտեցումներով-տեխնոլոգիաներով ավելի մեծ արդյունք գրանցել: Այո՜, մինչ հայաստանյան կառավարությունը, որը նույն հռչակումները կատարել է դեռ մեկ տարի առաջ, փորձում է ուղիներ գտնել` ողջ կառավարման համակարգն այդպիսին դարձնելու համար, ԲՀԿ-ի ջահելներն առանձին վերցրած մեկ կուսակցությունում գործնականորեն ապացուցում են, որ իրենց ստեղծած նոր գործիքներն ամենամոդեռն ու ամենահրապուրիչն են:
Հայկ Ակարմազյանը, որը ծրագրի համակարգողն է, համատեղությամբ էլ` ԲՀԿ խորհրդի անդամ, մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ արձանագրեց, որ իրենց կայքը նորություն է` հայաստանյան քաղաքական մշակույթում (մինչ այդ մենք փորձում էինք ապացուցել նրան, որ ՀՀԿ կայքը նույնպես վատը չէ` ոչ թե տեխնոլոգիական, այլ բովանդակային առումով, նա վայրկյանների ընթացքում մեզ ապացուցեց, որ այդպես չէ), և տեղեկացրեց, որ եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կայքն իրենք ստեղծել են երկու ամսվա ընթացքում: Հավաստենք` իսկապես կարճ ժամկետ է նման որակ ապահովելու համար, մանավանդ` եռալեզու թարգմանական մասով:
Ի դեպ, ԲՀԿ վեբ-կայքի «պրեզենտացիային» ներկա էին նաև բավականին թվով երիտասարդներ: Փորձեցինք զրույցի բռնվել նրանց հետ. ծանո՞թ եք կայքին` հարցրինք. «Այո, որպես ինտերնետ օգտագործող ասեմ` իսկապես շատ գրագետ-հետաքրքիր կայք է, բովանդակության առումով նույնպես ձգող է, այստեղ գալուց առաջ ինքս այն համեմատեցի մնացած կուսակցությունների կայքերի հետ, ու գիտեք, ամենայն անկեղծությամբ եմ ասում` «օքեյ» էր. ինձ, գիտե՞ք, ինչ է ամենից շատ դուր գալիս այստեղ. օրինակ, RSS-ը. դա այն գործիքն է, որի միջոցով ցանկացած նորություն, որը տեղադրվում է կայքում, միանգամից բռնվում է քո բջջային հեռախոսի վրա, և դու շատ արագ տեղեկանում ես այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում, նաև` ԲՀԿ-ում և նրա շուրջ. այսօր, օրինակ, հենց կայքի շնորհանդեսի լուրը կարդալով է, որ եկել եմ` մասնակցելու»,- ասաց ներկա երիտասարդներից ամենաաշխույժը:
Բայց որպեսզի լրիվ չտրվեինք երիտասարդների պրագմատիկ հայեցումներին, միջոցառումից վերադառնալուց հետո, հայտնի ծրագրավորողներից մեկին խնդրեցինք ստուգել կայքի ստանդարտները «x-3» կոդով (ի դեպ, ծանոթ ծրագրավորողը «կոնկուրենտ ֆիրմայից»` ՀՀԿ-ից էր): Վերջինս կայքէջը «քընընելուց» հետո ասաց. «Գրագետ կոդով է կառուցված ողջ կայքը: Ստանդարտները, իրոք, միջազգային են, նոր գրադարանների, հանրագիտարանների կիրառում կա, արագ, անչափ դինամիկ է աշխատում: Վիզուալ ու գունային լուծումները բավականին ճաշակով են. գիտեք` կայքի դիզայնը գեղանկարչության պես մի բան է, ուր ամեն գույն, դետալ, նույնիսկ տառ-կետ պետք է իրենց տեղում լինեն, իրենց գույնի մեջ, որպեսզի ամբողջական վիզուալ ներդաշնակությունը չխաթարվի. ի դեպ, ճապոնացիները ստեղծել են սարք, որով հաշվում են ցանկացած գործիքի դրական աուրան: Այնպիսի տպավորություն է, թե այդ հանգամանքը ևս հաշվի է առնված կայքի «գծագրման» աշխատանքներում»,- ասաց «կոնկուրենտ ֆիրման»:
Հետաքրքրե՜ց: Պետք էր անձամբ համոզվել դրանում: Խորացանք կայքէջի մեջ. մի պատուհանը բերում էր մյուսը, հետո մյուսը, սա՜ էլ է հետաքրքիր. իսկ սա՞... ճանաչողական, ինֆորմացիոն առումով բավականին հետաքրքիր էր, մի հատ սա էլ նայենք. դժվար է պոկվելը, բայց թողնենք ինտերնետի մագիայի առանձնահատկությունը և եզրափակենք «դիտումների» բլոկը:
ա) Կայքը կուսակցության կայք չէ` դասական առումով. մի քիչ ավելին է` թե՛ ինովացիայի, թե՛ տեղեկատվական, թե՛ համապարփակ-ճանաչողական առումներով. նախատեսված է առավել լայն շերտերի համար, այդ թվում և` ոչ քաղաքական:
բ) Առկա է բլոգի նոր կիրառում. ըստ ամենայնի` այն հնարավորություն կտա քննարկելու ցանկացած իրադարձություն, առայժմ այնտեղ ԲՀԿ «արտադրանք» էր, բայց և չի բացառվում, առաջիկայում այդ և մնացյալ էջերում քաղաքական երկխոսության հետաքրքիր բանավեճեր ծավալվեն:
գ) Կայքն անչափ հարուստ էր տեսանյութերով: Մոտ հարյուր տեսանյութ կար: Ժամանակ չունեինք նայելու, ի հարկավորի «կքընընենք:
դ) Մանրակրկիտ էր ամեն ինչը. ԲՀԿ համագումարներն էին` ելույթների իրենց «պապակներով», տեսանյութերով: Մամուլի հղումներով:
ե) Զուտ մատենագիտական, ինչպես ԲՀԿ-ի երիտասարդները բնորոշեցին` «սկզբնաղբյուրների» առումով ուղղակի տիտանական աշխատանք է արված, հավաքագրված:
զ) Ահավոր հետաքրքիր էր նաև «Վիքիփեդիայի»` հանրագիտարանի էջը. ուր կար ամեն ինչ, այնտեղ արդեն քննարկումներ էին ընթանում, ջահելները կարծիքներ էին հայտնում, ուղղում, առաջարկներ անում, շատ հետաքրքիր էր, բայց ափսոս ժամանակ չկար` «խառնվելու». առավել հետաքրքիր էր, որ «քլիք» անելով հասել էի Մատենադարանի արխիվներ ոնց որ:
Բա՜յց` ամենա-ամենահետաքրքիրը կայքում Գագիկ Ծառուկյանի էջն էր: Բացեցի՜նք: Մանկությունն է: Ընտանիքը: Ծնողներն են: Բիզնեսը: Էս ի՞նչ է պատմում իր մանկության մասին...
Չէ՛, իսկապես հետաքրքիր է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao