ԱՄՆ-ը Ներկայացուցիչների պալատը ճանաչեց 1915-ի հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում

ԱՄՆ-ը Ներկայացուցիչների պալատը ճանաչեց 1915-ի հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում
30.10.2019 | 15:22

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քվեարկության է դրվելու երեքշաբթի: Բանաձևին աջակցում են և հանրապետականները, և դեմոկրատները: Բանաձևի արագացված քննարկումը պատճառաբանվում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ճգնաժամով՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ներխուժման հետևանքով:

Ակնկալվում է, որ Անկարան ցեղասպանության ճանաչմանը կպատասխանի իր դեսպանին Վաշինգտոնից հետո կանչելով: Դեսպանը փաստաթուղթն անվանել է ամբողջությամբ «անհիմն մեղադրանք»: Օսմանյան կայսրությունում 1915-ին հայերի զանգվածային աքսորն ու սպանությունները ցեղասպանություն են ճանաչել Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան և այլ երկրներ: Թուրքիան անփոփոխ առարկում է իրադարձությունների այդ մեկնաբանության դեմ: Բանաձևը հավանություն ստանալու մեծ շանսեր ունի արդեն երեքշաբթի երեկոյան: Երկուշաբթի բանաձևն անցել է կանոնակարգի հանձնաժողովով, որ քվեարկության է ներկայացրել ամբողջ Համայնքների պալատին՝ առանց փոփոխություններ անելու հնարավորության, որին ձգտում էր հայկական լոբբին: Օրինագծի ընդունման լոբբինգ են անում երկու մեծ խմբեր, որ ներկայացնում են հայկական ծագումով ամերիկացիներին՝ ԱՄՆ հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը: Նրանց աջակցում են երկու ազդեցիկ հրեական կազմակերպություններ՝ Ամերիկյան հրեական հանձնաժողովը և Հակադիֆամացիոն լիգան: Բանաձևին կողմ քվեարկելու ծրագրերի մասին պատմել են ոչ միայն Դեմոկրատական կուսակցության անդամները, որ մեծամասնություն ունեն Կոնգրեսի ստորին պալատում, այլև ազդեցիկ հանրապետականներ: Երդվյալ թշնամիները միակամ են:

Օրինագիծը Կենգրես է մտել հունվարին, նոր գումարման Ներկայացուցիչների պալատի աշխատանքները սկսելուց հետո, որտեղ մեծամասնություն էին ստացել դեմոկրատները: Դեմոկրատները ներկայացնում են բազում ընտրատեղամասեր, որտեղ ապրում են հայկական ծագումով հայեր ու Մերձավոր Արևելքի այլ քրիստոնյաներ: Բանաձևին աջակցում են արտասահմանյան գործերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրառ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովում հանրապետական փոքրամասնության ղեկավար Մայքլ Էլիոթը, կալիֆորնիացի երկու կոնգրեսմեններ՝ Դևիդ Նունեսը ու Ադամ Շիֆը, որ միմանց անհաշտ ընդդիմախոսներ են այլ հարցերում: Դեմոկրատ Շիֆը գլխավորում է հետախուզության հանձնաժողովը և փաստացի ղեկավարում է Թրամփի իմպիչմենտի հետաքննությունը:

Հանրապետական Նունեսը, որ մինչև Շիֆը ղեկավարում էր հանձնաժողովը, հայտնի է նախագահի նկատմամբ իր չեզոքությամբ: ԱՄՆ հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը մասնակցել են բանաձևի տեքստի նախապատրաստությանը: «Հոկտեմբերի 29-ը կարող է դառնալ ամերիկահայերի համար կարևոր օրերից մեկը,-՝ հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան հատվածի տնօրեն Միհրան Թումաջյանը:- Մեր նախազգուշացումը Կենգրեսի անդամներին՝ եթե ինչ-որ մեկը կհամարձակվի կրկնել Անկարայի սխալ դիրքորոշումը, մենք դա չենք մոռանա»: «Մենք բառացիորեն անցել ենք Կապիտոլիումի բոլոր առանձնասենյակներով»,-պատմել է Արմեն Սահակյանը:


Բանաձևի արագացված քննարկման պատճառը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատացումն է սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի հարձակման պատճառով, որ ամերիկացիների առանցքային դաշնակիցներն էին ԻՊ-ի դեմ պայքարում: Աշխարհաքաղաքական այդ ենթատեքստը չեն թաքցնում և բանաձևի կողմնակիցները: Թուրքիայի ներխուժման օրը կոնգրեսմեն Թեդ Լյուն, որ ներկայացնում է հայաբնակ ընտրատեղամաս, Թվիթերում գրել է, որ «Հիմա ամենաճիշտ ժամանակն է հայերի ցեղասպանության ճանաչման»: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչը ամերիկացի պատգամավորներին նամակ է գրել՝ կոչ անելով «հիշել Թուրքիայի ու ԱՄՆ-ի գործընկերության կարևորությունը»՝ բանաձևի օգտին քվեարկելուց առաջ: Նա 1915-ի իրադարձությունների բանաձևի մեկնաբանությունն անվանել է «անհիմն մեղադրանքեր»: «Ուզու՞մ է ԱՄՆ Կոնգրեսը մեկդարյա պատմական վեճում անցնել ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ»՝ հարց է տալիս դեսպանը:


Ամբողջ աշխարհի հայերը ցեղասպանության ճանաչումը դիտարկում են բարոյական խնդիր՝ հայտարարել է Թումաջյանը Հայկական համագումարից: Սակայն նա չի համաձայնում նրանց հետ, որ առաջարկում են չօգտագործել ստեղծված հնարավորությունը, որ առանձնացնեն հարցը ԱՄՆ կառավարության այսօրյա քաղաքական օրակարգից: «Մենք ապրում ենք անբարոյական աշխարհում, որտեղ ամեն ինչ հիմնված է փոփոխական շահերի վրա, -հայտարարել է Թումաջյանը:-Աբսուրդ է սպասել մինչև Մերձավոր Արևելքում խաղաղություն կհաստատվի»: Նրա հետ համաձայն է Սահակյանը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Մեր դիրքորոշումն է՝ ցեղասպանությունը պետք է ճանաչվի բացառապես մարդու իրավունքների հիմքով,-ասել է Սահակյանը:-Այսպիսին է աշխարհը, որտեղ ապրում ենք»:


Ցեղասպանության հարցում ԱՄՆ դիրքորոշումը ավանդաբար թելադրվել է աշխարհաքաղաքականությամբ՝ Վաշինգտոնը պատրաստ չէր կոնֆլիկտի գնալ Թուրքիայի հետ՝ ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի: ԱՄՆ նախագահները, նաև Դոնալդ Թրամփը, մինչև հիմա 1915-ի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում անվանում էին «մեծ չարագործություն», բայց խուսափում էին գենոցիդ բառից: Թուրքիայի իշխանությունները ժխտում են, որ 1915-1919-ին քրիստոնյա փոքրմասնության զանգվածային սպանությունները նպատակաուղղված պետական քաղաքականություն էին: Անցած տարի Բարաք Օբամայի վարչակարգի ներկայացուցիչները ներողություն խնդրեցին, որ չեն ճանաչել ցեղասպանությունը, ինչպես խոստացվել էր ընտրարշավում: Նրանք դա անվանեցին սխալ: «Հայերի ցեղասպանությունը բոլորը պետք է ճանաչեն, բայց նախևառաջ Թուրքիան»՝ BBC
-ին ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, որ կորցրեց պաշտոնը, որովհետև 1915-ը անվանել էր ցեղասպանություն: «Ցավոք. Թուրքիան հազիվ թե պատրաստ է ճանաչել 1915-ի ցեղասպանությունը առանց արտաքին ճնշումի: Գուցե եկել է ժամանակը, երբ լրացուցիչ ճնշումը կգործադրվի և ԱՄՆ Կոնգրեսի կողմից»: Էվանսը հավելեց, որ ճանաչման դեպքում պետք է սպասել Վաշինգտոնից Թուրքիայի դեսպանի հետկանչին, Անկարայի դատապարտումին, նաև ամերիկյան ապրանքներ չգնելու կոչերին: «Այս քվեարկության պահը և այն փաստը, որ նրա կողմնակիցները կապում են կոնկրետ խնդրի հետ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, փաստացի քվեարկությունը դարձնում է քաղաքական գործիք»՝ ասաց Eurasianet-ի Կովկասի բաժնի խմբագիր, ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերան: «Եթե բանաձևը ընդունվի, կարելի է սպասել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը դա կներկայացնի իբրև արտաքին քաղաքականության մասին իր հռետորաբանության մաս, որ աշխարհին դուր չի գալիս անկախ Թուրքիան»՝ գտնում է BBC-ի թուրքական ծառայության լրագրող Իրեմ Կոկերը:
BBC


Հ.Գ. Բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը.


«Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող փաստաթղթում ասված է.
«Քանի որ ԱՄՆ-ը կարող է հպարտանալ 1915 – 1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու և դատապարտելու, հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիտներին և ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյաներին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար,
Քանի որ 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն կազմակերպել և առաջնորդել է բազմաթիվ երկրների պաշտոնատար անձանց բողոքի գործողություններն ընդդեմ այն, ինչը նա բնութագրել է որպես կայսրության կողմից «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ», և 1915 թ. հուլիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգից հրահանգ է ստացել, որ «Պետքարտուղարությունը հավանություն է տալիս հայկական հետապնդումների դադարեցմանն ուղղված …ձեր գործողություններին»,
Քանի որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության ձևավորումը, որը հաստատվել է Կոնգրեսի ակտով և որը 1915-1930 թթ. ընթացքում հավաքել է 116,000,000 դոլար (2019 թ. արժեքով՝ ավելի քան 2,500,000,000 ԱՄՆ դոլար) և Սենատն ընդունել է այս կոտորածները դատապարտող բանաձևեր,
Քանի որ Ռաֆայել Լեմկինը, որ 1944 թ. սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը և կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, հայկական դեպքը վկայակոչում էր որպես 20-րդ դարի ցեղասպանության ակնառու օրինակ,
Քանի որ, ինչպես ներկայացված է ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. իր հրամանատարներին առանց որևէ դրդապատճառի Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների Ողջակիզման համար,
Քանի որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարության և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի №148 և 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձևերի միջոցով,
Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես ԱՄՆ-ի ազգային շահ, հաստատվում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է ԱՄՆ կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի և արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:


Արձանագրելով վերոնշյալը՝ հաստատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով ԱՄՆ քաղաքականությունն է՝
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,
2) մերժել ԱՄՆ կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում ԱՄՆ-ի դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:


Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ, 14 չքվեարկած հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Հաջորդ քայլը պետք է անի ԱՄՆ Սենատը: Բնականաբար՝ առաջինն արձագանքեց Թուրքիան: Քվեարկությունից րոպեներ անց ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գրեց Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետ: «Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը: Այն շրջանակները, որ հավատում ենք, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»:
Թուրքիայի ԱԳՆ ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»:

Անկարան վստահեցնում է, որ այս բանաձևը իրավական ուժ չունի և միտված է գոհացնելու ԱՄՆ հայկական լոբբիին ու հակաթուրքական շրջանակներին: Թուրքիայի ԱԳՆ-ն, շարունակելով պնդել, թե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե քաղաքականության, այլ պատմագիտության ուսումնասիրության առարկա են, հիշատակել է 2005-ին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը, որը Երևանը մերժել էր: ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ այս բանաձևը կարող է վնասել թուրք - ամերիկյան հարաբերությունները «միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից դժվարին այս ժամանակաշրջանում»: «Անկասկած, այս որոշումը ստվերում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ողջամտությունը և բացասականորեն կազդի թուրքական հանրության՝ ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալումների վրա», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: Եվ, այնուամենայնիվ, Անկարան դեռ լռում է դեսպանի հետկանչի մասին, մինչդեռ երբ 2007-ին և 2010-ին Ներկայացուցիչների պալատում շրջանառության էին դրվել նույնաբովանդակ այլ բանաձևեր, Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին Վաշինգտոնից:


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գիշերը Թվիթերում գրառմամբ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին: «Արդարությունը և ճշմարտությունը միասնական են թիվ 296 պատմական բանաձևի հետ: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ժխտողականության դեմ: Խոր երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրին», - գրել է Մնացականյանը՝ վստահեցնելով, որ նոր թափով է աշխատելու «զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»:


Արձագանքել է նաև վարչապետը՝ «Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը։ Այլևս երբեք»՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նույն բովանդակությամբ գրառումներ է կատարել Թվիթերում՝ անմիջապես արձագանքելով Ներկայացուցիչների պալատում քվեարկությանը: Այսօր առավոտյան էլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․«405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»:


Փաստորեն՝ 1915-ին քրդերը մեծամասնության մեջ՝ միանալով թուրքերին, դարձել էին ցեղասպանության գործիք, իսկ 2019-ին քրդերի սպանդի պատճառով ԱՄՆ –ը՝ Թուրքիայի Հանրապետության կազմավորման օրը՝ հոկտեմբերի 29-ին, Ներկայացուցիչների պալատի մակարդակում ճանաչում է հայոց ցեղասպանությունը: Սա միայն բարոյական քայլ է, փոխհատուցման խնդիր չի լուծում, բայց ԱՄՆ-ի պես երկրի ճանաչումը կարևորագույն քայլ է ցեղասպանության հետևանքների վերացման գործընթացը առաջ տանելու համար: Բնորոշ է նաև փաստը, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այլևս խոսք չկար, որ ճանաչումով կարող են վնասել հայ-թուրքական հաշտեցմանը, այսինքն՝ դա ընդամենը պատրվակ էր, որ ծառայում էր իբրև արդարացում ԱՄՆ նախորդ նախագահների համար: Հետաքրքիր է, որ առայժմ լուռ են թվիթապաշտ Դոնալդ Թրամփը ու Էրդողանը: Թերևս այսօր նրանք ևս մեկնաբանեն բանաձևն ու քվեարկության հետևանքները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao