Պետք է ազատվել փրփուրից ընդհանրապես

Պետք է ազատվել փրփուրից ընդհանրապես
31.10.2019 | 11:41

Երեկ ասուլիս տվեց Վազգեն Մանուկյանը՝ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը, իսկ հիմա Հանրային խորհրդի հոգնած ու ծերացած նախագահը: Ասուլիսին նախորդել էին բուռն իրադարձություններ: Կյանքը հիմա Հայաստանում բուռն է ու համատարած պտտվում է դատի, դատարանի, հետաքննության, նախաքննության շուրջ՝ օրեցօր ներառելով ավելի ու ավելի շատ մարդկանց: Առաջին հայացքից, օրինակ, աբսուրդ է Արա Բաբլոյանին ներկայացված մեղադրանքը: Իրավական աբսուրդ՝ քաղաքական հիմքով: Հիշում են, որ նա նշանավոր բժիշկ է՝ աշխարհին հայտնի: Ճիշտ է՝ Արա Բաբլոյանը ԱԺ նախագահ աշխատած կարճ ընթացքում էլ վիրահատական նշտարը վայր չի դրել, բայց ի՞նչն էր նրան մղում քաղաքականություն: Բժիշկ էր՝ մնար իր բժշկությանը, ինչու՞ համաձայնեց Աժ նախագահ դառնալ՝ անպատրաստ քաղաքական խաղերին ու խարդավանքներին:

Քաղաքականությունը շատերի հետևից է ընկնում, ու շատերը չեն դիմադրում: Իսկ հիմա զարմանում են, որ եղավ՝ ինչ եղավ: Կամ՝ ոչ ոք առանձնապես չզարմացավ, որ տարիներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հնարեց Հանրային խորհուրդ՝ նորաստեղծ կառույցին չտալով ոչ մի լուրջ իրավասություն, ու նախագահ նշանակեց Վազգեն Մանուկյանին, իսկ անդամներ՝ նրանց, որ դուրս էին մնացել քաղաքականությունից, բայց յուրային էին: Ոչ ոք առանձնապես չէր զարմանում, որ տարիներ շարունակ Հանրային խորհուրդն իր ակտիվում չունի կենսական ոչ մի լուծված հարց: Այո, կանոնավոր հավաքվել են, քննարկել են, բայց ո՞րն է եղել Հանրային խորհրդի օգտակար գործողության գործակիցը: Փողոցում կանգնեցրեք պատահական անցորդի ու հարցրեք՝ ի՞նչ գիտի Հանրային խորհրդի ու իր 15 հանձնաժողովների մասին: Չէ, եթե զբաղվածություն ենք ապահովում, այլ խնդիր է: Բայց այդ դեպքում Հանրային խորհուրդը պետք է ունենա իրավունքներ ու պարտավորություններ, նրա որոշումները արժեք պիտի ունենան: Ոչ թե խորհրդակցական մարմին, որ քննադատում է, թե փառաբանում, նույնն է:


Այս խնդիրներից սկսելու փոխարեն՝ գործող իշխանությունը, արդեն սովոր գործելակերպով՝ թիրախավորեց ոչ թե կառույցը, այլ՝ անձին: Ստվերային վարչապետի դեր ստանձնած, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջեց Վազգեն Մանուկյանին պաշտոնանկել: Նույնիսկ հիմք գտավ՝ Վազգեն Մանուկյանը ունենալով ապաքաղաքական պաշտոն՝ քանիցս հանդես է եկել քաղաքական ու ընդգծված կողմնակալ հայտարարություններով․«Հստակ իր համակրանքն է հայտնել նախկին իշխանությունների նկատմամբ: Իսկ նա 1998-ից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից տարբեր պաշտոնների առաջարկներ է ստացել, նշանակումներ է ստացել»: Ոչինչ, որ Վազգեն Մանուկյանին Նիկոլ Փաշինյանն է ապրիլի 4-ին նշանակել Հանրային խորհրդի նախագահ: Ու՝ մեկ տարի պետք է պաշտոնավարի: Արման Բաբաջանյանին դուր չի եկել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ ստեղծելու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը: Factor.am-ի հետ զրույցում նա Վազգեն Մանուկյանին նաև մեղադրել է Նաիրի Հունանյանի հետ գործակցելու մեջ՝ նրա հետ հանդիպումից հետո: Հազիվ թե որևէ մեկը մոռացել է Վազգեն Մանուկյանի երջանիկ ժպիտը 1999-ի հոկտեմբերի 28-ին և ԱԺ մտած «ռոմանտիկների» մասին ցինիկ հայտարարությունը, քչերն են գուցե հարցրել՝ ինչու՞ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նիստերի դահլիճում չէր, բայց դա չի նշանակում մարդասպանների հետ գործակցել:


Վազգեն Մանուկյանի «քաղաքական» հայտարարությունները՝ Արցախի հարցի, անցումային արդարադատության, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի, Հրայր Թովմասյանի, իրավիճակի գնահատականները տեսակետ են, որ գոյության իրավունք ունեն՝ ճիշտ, թե սխալ: Արդյունավետ չէ առավոտից երեկո լսել միայն նրանց, ովքեր փառաբանում են: Հազիվ թե իշխանությունը այնքան է կարևորում Հանրային խորհուրդը, որ բացարձակապես կշիռ չունի հասարակական-քաղաքական կյանքում, որ զգուշանա, թե ՀԽ նախագահը կխոչընդոտի իր հռչակած խնդիրների իր ձևերով լուծմանը:


Երեկ ասուլիսում Վազգեն Մանուկյանը համարյա արդարանում էր. «Ես համաձայնեցի լինել Հանրային խորհրդի նախագահ՝ մտածելով, որ նոր իրավիճակում կսկսվեն բարեփոխումներ, երկիրը կգնա առաջ, և ես կկարողանամ օգտակար լինել, սակայն եթե իշխանությունները չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, վարչապետը ցանկացած պահի կարող է ինձ ասել, որ իրար հետ չենք կարող աշխատել, և ես հրաժարական կտամ»։
Եթե այդպես է՝ Վազգեն Մանուկյանը պիտի օգտագործեր ասուլիսն ու հայտարարեր, որ հրաժարական է տալիս, որովհետև հենց ինքն էր ասում. «Հիմա ես տեսնում եմ, որ երկիրն այդ ճանապարհով չի գնում, այսինքն` ինչպես անհամապատասխանություն կա արտաքին աշխարհի ու Հայաստանի, այնպես էլ անհամապատասխանություն կա այն խոստումների, այն հույսերի հետ, և այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է»: Ու պնդում էր՝ «Եթե իշխանությունները համաձայն չեն ինձ հետ, չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, վարչապետը ցանկացած պահի կարող է ինձ կանչել և ասել, որ իրար հետ չենք կարող աշխատել, և ես հրաժարական կտամ»: Ստացվում է՝ ինքը համաձայն չէ, բայց պատրաստ է աշխատել, եթե իր հետ համաձայն չեն, թող ասեն: Պողպատյա տրամաբանություն է:


Նա նաև ընդունեց, որ իր «հայտարարությունների մեջ քաղաքական երանգ, իհարկե, կա, բայց իրական քաղաքականությունը, իհարկե այն է, երբ դու պայքարում ես կուսակցության միջոցով իշխանության դեմ, ընտրությունների համար և այլն: Իմ բոլոր ելույթները սուր քննադատության հետ միասին պարունակում են նաև խորհուրդ»: Օրինակ՝ «Երբ Փաշինյանն ասում է` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», և ես հասկանում եմ, որ դա հակասում է մեր ընդհանուր քաղաքականությանը, հասկանում եմ, թե դա ոնց կընկալվի ամբողջ աշխարհում, ես հոդված եմ գրում, որտեղ մանրամասն բացատրում եմ, թե ոնց է պետք անել։ Եվ ես գտնում եմ, որ դա տեղավորվում է Հանրային խորհրդի աշխատանքների մեջ»:
Այսինքն՝ ակնհայտ է, որ Հանրային խորհրդի ձևաչափը պիտի փոխվի, նաև ակնհայտ է, որ նախկին վարչապետն ու կուսակցապետը չի կարող դառնալ բացարձակ ապաքաղաքական անձ՝ կա, թե չկա Հանրային խորհուրդը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Վազգեն Մանուկյանը երեկ նաև ասաց, որ հասարակությանն այսպես բզկտված դեռ չի տեսել. «Իրար նկատմամբ թույնով են լցված, մատնություններ են անում, արժեքավոր մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցել, Արցախի պաշտպանության նախարարին են հանում, քանի որ իրենց կարծիքով` ինչ-որ նախադասություն ճիշտ չի ասել, իսկ նա լավագույն նախարարներից էր։ Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար մեծ արժեքներ ստեղծած մարդկանց»: Ու՝ նաև հրաժարվեց քննարկել հոկտեմբերի 27-ի «դեպքերը»՝ «Հոկտեմբերի 27-ի դեպքերը ես չեմ քննարկելու, 27-ի դեպքերի վերաբերյալ հիմա սկսվել են քննարկումները, դա այն է խաղն է, որին պարտադրում են մասնակցել մեր ժողովրդին, 27-ի գործը հիմա՝ ինչպես Կիրովի գործը՝ Ստալինի ժամանակ, որ դրա հետևանքով սկսում են վերացնել ու ոչնչացնել իրենց քաղաքական հակառակորդներին»:

«Չեմ քննարկելու այդ դեպքերը, նա գնացել է, հանդիպել է, բայց ո՞վ է ուղղորդում, ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության, նա կարող էր մտնել բանտ, խոսել, հետո դուրս գալ ու այդպիսի բաներ անել: Եթե իշխանությունը հարց ունի Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, կան համապատասխան մարմիններ, թող վերանայեն այդ գործը, բոլորս անհամբեր կսպասենք, թե դա ինչով կվերջանա: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայելով, հետս խոսեն, ոչ թե երկրորդ մարդկանց միջոցով պղտորեն մարդկանց: Բայց քանի որ այնտեղ հնչել են նաև իմ վերաբերյալ փաստեր, դրանց անդրադառնամ: Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988-ականների շարժման ժամանակ, որովհետև ես Ղարաբաղ կոմիտեն էի ներկայացնում, ինքը՝ ուսանողական շարժումը, հետո եկել է, ուզեցել է ընդունվել ԱԺՄ, մենք որոշել ենք, որ չարժի, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ, մենք չենք ընդունել իրեն ինչ-ինչ պատճառներով, դրանից հետո նրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել, մեր տանը չի եղել, որևէ հարաբերություններ չեն եղել, ոչ մի հարաբերություն չի եղել, այդ ամենն իր հետևում թաքցնում է քաղաքական նպատակներ»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Իսկ ընդհանրապես Վազգեն Մանուկյանը նյարդային ու անկազմակերպ ասուլիսում խորհուրդ տվեց «ազատվել հեղափոխական փրփուրից». «Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, լինում են անարժան մարդիկ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Այս հարցի լուծումը միայն իշխանությունից չի կախված, կախված է նաև հասարակությունից: Աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, այն համընդհանուր ինտեգրացիայի պայմանները փոխվել են նոր պայմանների։ Բոլոր պետությունների ներսում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են»: «Այս պայմանները չեն համընկնում նախորդ իրավիճակի հետ, աշխարհը մի նոր փուլի մեջ է մտնում։ Թվում էր, թե մենք դրա հիման վրա պետք է կառուցեինք մեր քաղաքականությունը, որովհետև սկսում են նոր ժամանակներ, նոր մարտահրավերներ, նոր վտանգներ և նոր հնարավորություններ»:
Ամբողջ խնդիրը՝ փրփուրն իրեն երբեք փրփուր չի համարում, վստահ է, որ ինքը ծովն է, որ կա, իսկ փրփուրներին կառչում են … չասեմ՝ ե՞րբ ու ինչու՞: Ու ոչ ոք չի ապահովագրված փրփուրի դերում հայտնվելուց, երբ կյանքում իր տեղը չի գտնում:

Դիտվել է՝ 1060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao