Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Դրսում էլ սովորելու շատ բան կա, բայց Հայաստանն ինձ համար մնում է սնվելու ամենակարևոր աղբյուրը»

«Դրսում էլ սովորելու շատ բան կա, բայց Հայաստանն ինձ համար մնում է սնվելու ամենակարևոր աղբյուրը»
20.07.2018 | 10:03

«Իրատեսի» հյուրը «Գյուրջիև» համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար ԼԵՎՈՆ ԷՍԿԵՆՅԱՆՆ է: Համույթը լայն ճանաչում չունի հայաստանյան հանրության շրջանում, բայց սիրված և գնահատված է թե՛ մեր, թե՛ դրսի մասնագիտական միջավայրում: Եթե մարդկանց կհետաքրքրի մեր զրույցը, և կցանկանան լսել այս երաժիշտներին, ապա այդ հնարավորությունը կունենան հուլիսի 25-ին՝ ժամը 19-ին, ՀԲԸՄ-ի դահլիճում: Նշենք, որ համերգի մուտքն ազատ է:

-Լևոն, տպավորությունն այնպիսին է, որ «Գյուրջիև» համույթն առավելապես ներկայացված և ճանաչված է դրսում, իսկ Հայաստանում այնքան էլ հայտնի չէ: Մասնավորապես, 2012 թվականին հոլանդական «Edison Award» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ժողովրդական ալբոմ» նախագծի հաղթող եք ճանաչվել, 20-ից ավելի արտասահմանյան երկրներում եք ելույթներ ունեցել: Սա ինչպե՞ս կբացատրեք:
-Հայաստանում համերգներ քիչ ենք ունենում, որովհետև դրանք կազմակերպական մեծ աշխատանք են պահանջում և մեծ ժամանակ են խլում ստեղծագործական աշխատանքից: Իսկ դրսում համերգները հրավիրողներն իրենք են կազմակերպում ամբողջությամբ, և մեր խնդիրը միայն համերգային ծրագրով ներկայանալն է լինում: Իհարկե, հասկանում եմ, որ այստեղ էլ պետք է հաճախ հանդես գալ, բայց մեզ դեռևս դա չի հաջողվում. այս տարի, օրինակ, միայն մեկ համերգ ենք ունեցել Արամ Խաչատրյանի թանգարանում և շուտով կունենանք ևս մեկը՝ ՀԲԸՄ-ի դահլիճում: Իսկ արտասահմանում տարբեր համերգներ ենք ունեցել: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ունեցած համերգը նվիրված էր Հայաստանի և Չեխիայի բարեկամության և Հայաստանի անկախության տարեդարձներին, նվագել ենք Հայաստանում քրիստոնեությունն առաջինը քարոզած առաքյալների՝ Սբ Թադեոսի և Սբ Բարդուղիմեոսի տաճարում, ապա ելույթ ենք ունեցել Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում, որը վերջերս կառուցված սրահ է՝ լավագույններից մեկն աշխարհում. այստեղ հանդես եկանք սիրիական «Hewar» ¥«Երկխոսություն»¤ անսամբլի հետ համատեղ: Այս համերգի համար հատուկ ծրագիր էր պատրաստվել, երաժշտությունը գրել էր սիրիացի կոմպոզիտոր Իսամ Րաֆիան: Կատարեցինք նաև սիրիացի այլ կոմպոզիտորների՝ Քինան Ազմեի, Դիմա Օլշոյի գործերը, ինչպես և իմ արած փոխադրությունները հայկական ազգային երաժշտության հիման վրա: Այս ծրագրով մի նոր էջ է բացվել մեր ստեղծագործական կյանքում, որովհետև հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրել է ստեղծագործություն՝ դասական և հայկական նվագարանների համատեղ կատարման համար: Մենք այն կատարում ենք սիրիացիների հետ: Այս համագործակցությունը նաև քաղաքական ենթատեքստ ունի, իհարկե: Սա մեր վերաբերմունքի արտահայտությունն է սիրիացի ժողովրդի հանդեպ, որն այսօր հայտնվել է ծանր վիճակում, սա նաև մեր երախտագիտության դրսևորումն է այն բանի համար, որ նրանք 100 տարի առաջ ցեղասպանությունից փրկված հայերին շատ բարյացակամորեն ընդունել ու ապրելու հնարավորություն են տվել իրենց երկրում: Ժամանակին մեզ օգնած ժողովուրդն ինքն է այսօր հայտնվել փախստականի վիճակում, և մենք մեր համագործակցությամբ ցանկանում ենք այդ ժողովրդի վրա հրավիրել մարդկության ուշադրությունը: Մենք «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրում ենք ցեղասպանվածներին աջակցող անհատների, ինչը շատ ողջունելի է: Կարծում եմ, որ սիրիացիների պարագայում երախտագիտության է արժանի մի ամբողջ ազգ, և իմ գործունեությամբ փորձել եմ այդ երախտագիտությունն արտահայտել ինձ տրված հնարավորության չափով և ձևով: Այս ծրագրով հանդես եկանք նաև Ամստերդամում՝ հայտնի «Հոլանդ» փառատոնի շրջանակում, այդուհետ մասնակցեցինք Գերմանիայի «Էլբֆիլհարմոնիա» փառատոնին, ելույթ ունեցանք Բեռլինի «Պուլեզ» սրահում: Այսքանով չի սահմանափակվի մեր ծրագիրը, որովհետև դրա շուրջ հետաքրքրությունը մեծ է, կլինեն նաև այլ համերգներ այլ երկրներում: Սա շատ հետաքրքիր, նորաոճ երաժշտություն է, որը գրավում է տարբեր ազգերի մարդկանց, և միաժամանակ սա քաղաքականություն է: Մենք հաճախ, քաղաքականություն ասելով, շատ ուղղակի ենք դա հասկանում. զոհերի հիշատակի ոգեկոչում, քաղաքական ելույթներ, դիվանագիտություն: Այնինչ ամեն բան կարելի է այլ կերպ ձևակերպել, մշակել: Եթե մենք համերգային ծրագրով ենք հանդես գալիս, բնականաբար երկրորդ պլանով է խոսվում Հայոց ցեղասպանության մասին, բայց դա լինում է շատ ավելի ընդգծված: Առաջին պլանում այն է, որ մենք երախտագիտություն ենք հայտնում սիրիացի ժողովրդին, բայց կա երկրորդ հարցը՝ ինչի՞ համար ենք երախտագիտություն հայտնում:

-Դուք 1996 թվականին եք տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել արվեստագետի համար ոչ նպաստավոր պայմաններ ունեցող Հայաստանում: Հատկապես ի՞նչը Ձեզ կապեց հայրենիքին:
-Ես ի սկզբանե սովորելու եմ եկել Հայաստան: Նախ՝ սովորում էի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, ապա՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Եղել եմ հրաշալի դաշնակահար և ուսուցիչ Ռոբեր Շուգարովի աշակերտը: Նախնական նպատակադրվածություն կար շարունակելու կրթությունս Գերմանիայում, բայց ես մեծ ձգտում ունեի զբաղվելու կոմպոզիցիայով, ուսումնասիրելու հայկական երաժշտությունը: Այնքան շատ բան կար այստեղ սովորելու ¥հիմա էլ շատ կա, ու ես մինչև կյանքիս վերջը պիտի սովորեմ¤, որ ես մտքիցս հանեցի ճամփորդելու ծրագրերն ու մնացի Հայաստանում: Հիմա էլ, երբ բավական հաճախ ենք ճամփորդում և ունենում արտասահմանյան համերգներ Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, այլուր, ես մշտապես ունենում եմ շուտ վերադառնալու պահանջն իմ ներսում: Ճիշտ է, դրսում էլ սովորելու շատ բան կա, հաճախակի ճամփորդությունները մեզ կրթում են, հարստացնում, բայց Հայաստանն ինձ համար մնում է սնվելու ամենակարևոր աղբյուրը: Հայաստանում սիրելի են և՛ մարդկային հարաբերությունները, և՛ մեր բնությունը, բայց ինձ, որպես պրոֆեսիոնալի, գրավում է մեր երաժշտությունը, որն ունի խորք, որը դեռևս լիովին մշակված չէ, ներկայացված չէ: Ճամփորդություններիցս մեկի ժամանակ հանդիպեցի անվանի կինոռեժիսոր Ֆրանկ Շեֆերին, որը չափազանց հետաքրքրված է հայկական մշակույթով, ֆիլմ է նկարում Հայաստանի մասին: Նա ասում էր, որ աշխարհի ժամանակակից երաժշտությունը սերտորեն կապված է հնաոճի հետ, իսկ մենք՝ հայերս, փառք Աստծո, հնաոճ երաժշտության հարուստ պաշար ունենք: Եվ դա ոչ միայն մեզ համար կարող է իբրև աղբյուր ծառայել, այլև եվրոպական կոմպոզիտորական արվեստի: Ես գիտեմ, որ շուտով դեպի մեզ են շրջվելու աշխարհի երաժիշտները, որպեսզի ուսումնասիրեն մեր երաժշտական գործիքները, մեր երաժշտության առանձնահատկությունները: Իսկ եթե այդպես է, ապա ինչու՞ հենց ինքներս չօգտվենք մեր ունեցածից, ինչու՞ ինքներս առաջինը չնախաձեռնենք այդ գործը: Հատկապես 21-րդ դարում, երբ համացանցը լայն կապեր ստեղծելու, բազմազան համագործակցություններ ձևավորելու հնարավորություն է տալիս, մենք պետք է օգտվենք դրանից և մեր արժեքները լավագույնս ներկայացնենք աշխարհին: Սա է իմ մտածելակերպը:

-«Գյուրջիև» համույթը ստեղծել եք 2008 թվականին, 2011-ին թողարկել եք առաջին՝ «Գյուրջիևի երաժշտությունը» սկավառակը: Ինչպե՞ս գտաք կապը Գյուրջիևի անվան, երաժշտական ժառանգության հետ:
-2008 թվականից ունեցել ենք մեր առաջին համերգները Գյումրիում, Վանաձորում, ապա Երևանում, իսկ 2011-ից ավելի հաճախակի դարձան Հայաստանից դուրս տրվող համերգները: Գյուրջիևի մասին առաջին անգամ լսել եմ 2005 թվականին, իսկ նրա երաժշտությունն առաջին անգամ լսել եմ 2006-ին: Լսում էինք կնոջս՝ դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանի հետ, որ գյումրեցի է, ինչպես Գյուրջիևը: Երկուսիս մեջ էլ հարազատության զգացում առաջացավ այդ երաժշտության հանդեպ: Իհարկե, Գյուրջիևի երաժշտությունը միայն հայկական հենք չունի, կան նաև հունական, ասորական, քրդական, տիբեթյան և այլ ազգերի երաժշտության նմուշներ դրանում: Նա այդ նմուշները հավաքել է ճանապարհորդությունների ընթացքում, ուսումնասիրել է նաև տարբեր ծեսեր, կրոնական ավանդույթներ՝ ցանկանալով հասկանալ այդ ամենի էությունը: Նա ցանկացել է ապագային միտված մեթոդ ստեղծել, որը կնպաստի մարդու ներդաշնակ զարգացմանը, մարդու ուշադրության կենտրոնացմանը: Այդ ամենն ինձ շատ հետաքրքրեց: Գյուրջիևի ուսմունքը բացառիկ է ոչ միայն գաղափարական առումով, այլև գործնական, եթե այն կարողանաս կիրառել: Այսօր տարբեր բիզնեսներում օգտագործվում են Գյուրջիևից վերցրած մեթոդները, որ կոչվում են սցենարների մեթոդներ:
-Ստացվում է, որ ստանդարտներ չճանաչող, ընդունված կաղապարներին հակադրվող Գյուրջիևի մեթոդները կարող են շահեկանորեն կիրառվել ժամանակակից կյանքի ամենանյութեղեն հարթություններու՞մ:
-Այո՛: Եվ կիրառվում են: Միայն բիզնեսում չէ, բժշկության մեջ էլ են կիրառվում, ճարտարապետության մեջ էլ: Օրինակ, Ավստրալիայի Կանբերրա մայրաքաղաքի հատակագծի հեղինակը եղել է Գյուրջիևի աշակերտը և նախագծել է այն Գյուրջիևի մեթոդներով: Այս տարիների ընթացքում, շրջագայելով տարբեր երկրներում, տեսնում ենք, որ աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքներում կան Գյուրջիևի կենտրոններ, իսկ Հայաստանում թյուրըմբռնում կա Գյուրջիևի անձի և ուսմունքի առնչությամբ: Անհեթեթ վարկածներ են շրջանառվում նրա մասին, նրան վերագրում են հիպնոսով, կախարդությամբ, խաբեությամբ զբաղվելու անիրական պատմություններ: Բայց նրա մեթոդներում ցնդաբանություն չկա. այնքա՜ն մեծ գրողներ ու գիտնականներ են օգտվել դրանցից ու հասել մեծ հաջողությունների: ՈՒրեմն ինչու՞ մենք չօգտագործենք դրանք: Մինչև իր գրքերը չկարդան, խորությամբ չուսումնասիրեն, ինչպե՞ս կարող են կարծիք ունենալ այդ մարդու մասին ու արտահայտել. սա ես չեմ հասկանում: Գյուրջիևը մեր հարստությունն է, ինչու՞ օտարենք: Հենց Գյումրիում, որ Գյուրջիևի ծննդավայրն է, շատ քիչ բան գիտեն նրա մասին: Այնինչ, եթե մենք աշխարհին ներկայանալու անհրաժեշտություն ունենանք, կարող ենք առաջին հերթին Գյուրջիևի անունը տալ ու նրանով ներկայանալ, որովհետև նա շատ ճանաչված, շատ արժեքավոր գրող է և փիլիսոփա: Նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհի նշանավոր դեմքը՝ Սթիվ Ջոբսն է ազդվել Գյուրջիևից. նա իր կարդացած տասը լավագույն գրքերից մեկը համարում էր Գյուրջիևի գիրքը: Դրսում նրան բոլորն են ճանաչում, անգամ հյուրանոցների հավաքարարները, որոնց մենք բազմիցս հանդիպել ու հարցուփորձ ենք արել մեր ճամփորդությունների ընթացքում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ