Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աբովյան փողոցը դառնում է գրատների փողոց»

«Աբովյան փողոցը դառնում է գրատների փողոց»
20.07.2018 | 10:28

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում իր դռներն է բացել «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղը: Հասցեն՝ Աբովյան 7, լուծումները՝ ժամանակակից, վայրը՝ պատմական: Գրատան ստեղծման ընթացքում պահպանվել է շենքի պատմական ճարտարապետական դիմագիծը, բարեկարգվել ողջ դիմային հատվածը, կառուցվել թեքահարթակ: Մեր զրուցակիցը «Զանգակ» գրատների ցանցի «Աբովյան» մասնաճյուղի տնօրեն ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է:


-Ինչու՞ հենց Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բացվեց գրատունը:
-Իրականում սկզբունքային էր ոչ թե թատրոնի, այլ որևէ մշակութային շենքի ֆիզիկական հատվածը կենդանացնելը, վերականգնելը: Բացի այդ, մշակութային օջախում գրախանութ բացելը աշխարհում ընդունված փորձ է, թանգարաններում, թատրոններում, համերգասրահներում կան թեմատիկ գրատներ: Այս դեպքում, եթե թեմատիկ լիներ, կունենայինք փոքր գրախանութ: Աբովյան 7-ում կարելի է ձեռք բերել ամեն տեսակի գրականություն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
-Ինչո՞վ է առանձնանում նորաբաց գրատունը:
-Իր տեսակով այն բոլորովին նոր երևույթ է Երևանում: Ոչ միայն վաճառակետ է, այլև մշակութային հետաքրքիր վայր՝ ժամանակակից ձևավորմամբ, միջոցառումների և ընթերցանության համար նախատեսված ընդարձակ տարածքներով: Գրատանը կարելի է զբոսնել, նստել, ընթերցել, թեյել, համակարգչով աշխատել:
-Ասում են՝ ամեն գիրք մի ապրանք է, ըստ այդմ, կարևոր է կադրերի ընտրությունը:
-Բյուրոկրատական տարբեր պատճառներով գրատան շինարարությունը ձգձգվեց մոտ մեկ տարի, այդ ընթացքում մենք ընտրել ենք աշխատակիցներ, գործընկերներ, որոնք զբաղվելու են խորհրդատվությամբ, ինչը շատ կարևոր է և՛ ընթերցողին օգնելու, և՛ գրքի պահանջարկը խթանելու հարցում:
-Գրքի բիզնեսից շահույթ կարելի՞ է ակնկալել, թե՞ ռիսկերը մեծ են:
-Ցանկացած գործող բիզնես պետք է շահույթ ակնկալի, հակառակ դեպքում ողջ աշխատանքը անիմաստ կդառնա: Մենք հակված ենք մտածելու, որ մոտենում են գրքի ժամանակները: Աշխարհում այդ տենդենցը կա, վերջին հինգ տարում տպագիր գրքի մոտ 20 տոկոս աճ է գրանցվել (էլեկտրոնային գիրքը հետընթաց է ապրում), և մենք էլ նոր ձևաչափով, նոր ոճով պետք է խթանենք այդ պահանջարկը:
-Նորաբաց գրատան մոտակայքում և հենց Աբովյան փողոցում էլի կան գրախանութներ, սա լա՞վ է, թե՞ վատ:
-Շատ է խոսվում այն մասին, որ գրատները մոտ են և կարող են միմյանց խանգարել, բայց, օրինակ, Սարյան փողոցում կողք կողքի գինետներ են: Մարդն ունի ընտրելու հնարավորություն: Այս դեպքում ընթերցողը մոտենում է քաղաքի այն հատվածին, որտեղ գրատները շատ են, և հավանականությունը մեծանում է, որ կգտնի իր նախընտրած գիրքը: Աբովյան փողոցը դառնում է գրատների փողոց, ինչը շատ հետաքրքիր ու աշխարհում ընդունված ձևաչափ է: Ավելին ասեմ՝ առաջարկ ենք ունեցել Աբովյան փողոցում գրքի փառատոներ կազմակերպելու:
-Նաև թատրոնի և գրականության կա՞պ կստեղծվի, գրասերները կհետաքրքրվեն ներկայացումներով, և հակառա՞կը:
-Իհարկե, արդեն իսկ ականատես ենք եղել՝ ինչպես ներկայացումների ժամանակ գրատունը լցվեց մարդկանցով: Նույն շարժն ու ոգևորությունն էր, հատկապես մանկական ներկայացումների ժամանակ երեխաները ծնողների հետ մտնում են գրախանութ, գրքեր նայում-ընտրում: Այս պահին մենք շատ մեծ պոտենցիալ ենք տեսնում գրատան ու թատրոնի համագործակցության:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ