Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք կարող ենք ներսում միմյանց խստագույնս քննադատել, սակայն արտաքին աշխարհի համար մեր դիրքորոշումները պետք է միասնական լինեն»

«Մենք կարող ենք ներսում միմյանց խստագույնս քննադատել, սակայն արտաքին աշխարհի համար մեր դիրքորոշումները պետք է միասնական լինեն»
27.07.2018 | 01:43

Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշների և վերջին հայտարարությունների շուրջ զրուցում ենք իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:


-Հայաստանի արտաքին քաղաքականությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. մի կողմից հայկական կողմն ամեն ինչ անում է, նույնիսկ հատուկ բանագնացներ ուղարկում ԱՄՆ, որպեսզի Թրամփ-Փաշինյան թեկուզ և կարճատև հանդիպում կայանա, մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունները բավականին կոշտ հայտարարություններ են անում Ռուսաստանի առնչությամբ, ինչը հարուցում է նրանց դժգոհությունը: Արտաքին քաղաքականության կտրուկ վերանայում կարելի՞ է ակնկալել:
-Հայաստանի իշխանությունների բազմաթիվ հայտարարություններն առ այն, որ արտաքին քաղաքականության ուղենիշները չեն փոխվելու և որևէ շրջադարձ չի լինելու մինչ օրս վարվող քաղաքականությունում, ճիշտ են: Մեր պետությունը բավականին զգայուն տարածաշրջանում է, որը հետաքրքրություն ունի և՛ տարածաշրջանային խաղացողների համար, և՛ սերտ հարևանություն ունի այնպիսի եռացող տարածաշրջանի հետ, ինչպիսին Մերձավոր Արևելքն է: Հետևաբար Հայաստանի պարագայում արդարացված է հավասարակշիռ քաղաքականությունը, որը մինչ այս վարվել է: Մեր արտաքին քաղաքական ուղեգիծը պետք է կառուցվի և տարածաշրջանային, և արտատարածաշրջանային շահերի համադրման, ոչ թե դրանց հակասման սկզբունքով: Տեսել ենք այն պետությունները, որոնք շահերի հակասության տիրույթում են գործել, ինչպես են վատ հետևանքների առջև կանգնել՝ կորցնելով տարածքներ: Զորօրինակ Վրաստանը և ՈՒկրաինան: Հայաստանը պետք է շարունակի հաշվի առնել մեր տարածաշրջանի զգայուն բնույթը և բոլոր խաղացողների շահերը՝ ուղենիշ հռչակելով սեփական շահը:
-Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է իր լծակներով թույլ չտալ Ադրբեջանի սադրանքները: Այլ խոսքով, Ռուսաստանն է պատասխանատվություն ստանձնելու, եթե ռազմական գործողություն սկսվի: Սակայն մեր տարածաշրջանում բավական կարևոր դերակատարում ունի նաև Իրանը: Նախիջևանյան վերջին զարգացումների ֆոնին ակնհայտ է, որ այդ հատվածում ամենաքիչն Իրանն է ցանկանում լարվածության մեծացում: Այդուհանդերձ, ո՞վ կկարողանա զսպել Ադրբեջանի նկրտումները:
-Կարծում եմ, այս տարածաշրջանում Ադրբեջանին համար մեկ զսպողը մենք ենք, մեր բանակը: Սա նշանակում է, որ առաջնայնություն պետք է տանք մեր ուժերին՝ հզորացնելով պետությունն ու ամենակարևոր ինստիտուտներից մեկը՝ բանակը: Այս համատեքստում չափազանց կարևոր էր, որ և՛ մեր, և՛ Ղարաբաղի պաշտպանության նախարարները կտրուկ ու տեղին հայտարարություններով որոշակի ուղերձներ հղեցին Ադրբեջանին, առ այն, որ պատերազմի սկսումը նախ և առաջ ձեռնտու և շահավետ չէ այդ երկրին: Այս ամենին գումարվում է նաև վարչապետի ուղերձը Ռուսաստանին: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ամենամեծ լծակներն ունի Հարավային Կովկասում: Քանի որ տպավորություն կա, որ Ադրբեջանի ղեկավարը փորձում է Ռուսաստանից դրական պատասխան ստանալ Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր պատերազմ սանձազերծելու համար, առավել կարևորվում էր Փաշինյանի հայտարարությունը: Ռուսաստանն իր ողջ գործիքակազմը պետք է օգտագործի, որպեսզի նման բան թույլ չտա:
Իսկապես ճիշտ նշեցիք, որ մեր տարածաշրջանում մյուս կարևոր խաղացողն Իրանն է: Այս երկրի դիրքորոշումները մեզ համար չափազանց կարևոր են: Նրանց դիրքորոշումը՝ կողմերից ոչ մեկին չնեղացնել, հասկանալի է: Բայց պարզ է, որ մի շարք առումներով Իրանին այսօր ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը: Նախ որովհետև այսօր հայկական ուժերը զգալիորեն կրճատել են իրանա-ադրբեջանական սահմանը, հօգուտ Արցախի՝ որոշակիորեն չեզոքացնելով այն վտանգները, որոնք հատկապես Իրանի հյուսիսային թուրքալեզու շրջաններին են սպառում Ադրբեջանի կողմից: Չափազանց կարևոր են նաև առաջիկայում Հայաստանի և Իրանի բարձրաստիճան այրերի, ղեկավարների շփումները: Որոշակի տեղեկություններով, սեպտեմբերին նախանշվում է Փաշինյան-Ռոհանի հանդիպումը, որը բավականին կարևոր է: Պետք է նկատել, որ մեզ համար առաջնային համարվող երկրների շրջանում կա իրավիճակի չընկալման խնդիր: Պետք է իրանցիներին հստակ բացատրվի Հայաստանի տեսլականը: Քանի որ նախընտրական շրջանում ենք, հիմնական ուշադրությունը սևեռված է ներքին խնդիրների վրա, բայց արտաքին քաղաքականությունում մեր գործընկերներին մեր դիրքորոշումները ներկայացնելու խնդիր կա: Հայաստանի դիրքորոշման բացատրությունն ուղղակի կապ ունի մեր պետության անվտանգության հեռանկարի և ներքին զարգացման հետ: Մի նկատառում ևս. մեր հասարակության որոշակի շերտերի շրջանում տարիներ շարունակ չգիտես ում կողմից ներարկվել էր այն միտքը, թե Հայաստանի ժողովրդավարացումն ավտոմատ կերպով նշանակում է Արևմուտքի ֆինանսական և այլ կարգի օգնություն: Այս կարծիքը հօդս ցնդեց, փլվեց: Ժողովրդավարության կոչերն օգտագործվում էին որպես մեր երկրի վրա ճնշման լրացուցիչ լծակ: Այսօր իրականությունը գուցե մի փոքր հիասթափեցնող է, բայց նաև խթանող է: Պետք է մեր հույսը բացառապես մեզ վրա դնենք՝ ունենալով, անշուշտ, նաև դաշնակիցներ: Ի վերջո, արձանագրենք, որ մեր հասարակության, պետության զարգացման, այս տարածաշրջանում իմ երազած գերտերություն Հայաստանն ունենալու համար կա միայն մեկ լծակ՝ աշխատանք: Հասարակությունը պետք է պատրաստ լինի քրտնաջան, օրնիբուն աշխատելու՝ սին հույսեր չունենալով, թե մի տեղից Հայաստանին կօգնեն, կաջակցեն, գումարներ կհատկացնեն: Առանց այս մտքի արմատավորման, չեմ կարծում, թե հաջողություններ կունենանք, ընդամենը կշարունակենք արտաքին այս կամ այն ուժի հետ հույսեր փայփայել՝ ակնկալելով նրա օգնությունը:
-Եթե մենք կարող ենք մեր աշխատանքով ունենալ մեր երազած երկիրը, ապա դրսում ինչպիսի՞ երկիր են ուզում տեսնել Հայաստանը, ինչպես երևաց՝ ժողովրդավարությունը նրանց դիրքորոշումները փոխելու համար բավարար հիմք չէ:
-Արտաքին աշխարհ ասածը շատ լայն հասկացություն է: Արևմուտքին պետք է ժողովրդավարության տեսանկյունից խոցելի Հայաստան, որպեսզի հնարավոր լինի մեր պետության վրա ազդել և հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չկորցնել ազդեցությունը և՛ Հայաստանի, և՛ Հարավային Կովկասի վրա: Ռուսական կողմին ևս շատ հզոր Հայաստան պետք չէ, որովհետև նրանք էլ այդ դեպքում կկորցնեն ազդեցության լծակները: Թուրքիային և Ադրբեջանին Հայաստանի գոյությունն ընդհանրապես ձեռնտու չէ: Իրանին պետք է հզոր Հայաստան՝ հաշվի առնելով այն վտանգները, որ կան այդ պետության առջև, մասնավորապես Իրանի շրջափակումը հաղթահարելու համար: Այս հարցում Հայաստանը նրա համար շատ կարևոր պետություն է, այդ թվում նաև Ադրբեջան-Թուրքիա դաշինքի ճեղքման գործում: Ինչ վերաբերում է Հեռավոր Արևելքի երկրներին, խոշոր խաղացող Չինաստանին ձեռնտու է Հայաստանի հզորությունը: Ամփոփ նշենք, որ ունենալով դաշնակիցներ, չի նշանակում, որ պետք է ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնել: Երկրորդեմ. շատ կարևոր է բոլորի շահերի համադրման քաղաքականությունը: Բայց կա մի բան, որը պետք է ուղենշային դարձնել: Հայաստանի շահը գերակա է, սրբություն սրբոց է, որի հետ պետք է հաշվի նստեն բոլոր խաղացողները: Իմ երազած Հայաստանի տեսլականը հարավկովկասյան գերտերության կարգավիճակն է, որի համար բոլոր հնարավորություններն ունենք: Ցավոք, մեզանում արմատավորվում է գոյատևելով հպարտանալու առասպելը, որը կոպտագույն սխալ է: Հայաստանը պետք է զարգանա, հզորանա՝ տքնաջան աշխատանքի շնորհիվ: Գոյատևելով երկար առաջ չես գնա:
-Նոր իշխանության և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության այսօրվա միտումները հույս ներշնչու՞մ են, որ հետագայում էլ չենք շարունակի գոյատևելով հպարտանալ, այլ իրապես հզոր երկիր կունենանք:
-Մենք պետք է մի կարևոր ելակետային դիրք արձանագրենք բոլորիս համար: Հայաստանի հզորացումը կամ Հայաստան-արտաքին աշխարհ հարաբերությունները չպետք է ազդվեն ներհայկական պայքարից: Հայաստանի ներսում մենք կարող ենք միմյանց խստագույնս քննադատել, պայքարել քաղաքական հարթությունում, սակայն արտաքին աշխարհի համար մեր դիրքորոշումները պետք է միասնական լինեն: Այդ դիրքորոշումների հետևում պետք է կանգնած լինի Հայաստանը՝ որպես մեկ ամբողջություն, մեր հասարակությունը՝ որպես կուռ մի հանրույթ: Այս պարագայում է հնարավոր արձանագրել լուրջ հաջողություններ արտաքին քաղաքականությունում:
-Եվ մի հարց, որն ամեն անգամ դիլեմայի առաջ է կանգնեցնում Հայաստանի բոլոր իշխանություններին: Առաջիկայում Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն են անցկացվելու, վրացական կողմը Հայաստանի մասնակցության մասին հաստատել է, սակայն մենք դեռ պաշտոնական ոչ մի դիրքորոշում չենք հայտնել: Դեռ չեն դադարել խոսակցությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, հիմա էլ այս զորավարժությունները: Ինչպե՞ս վարվել նման դեպքերում: Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը չի էլ թաքցնում իր խիստ բացասական վերաբերմունքն այդ մասնակցությանը:
-Հարցը պետք է լուծվի հստակ, սառը հաշվարկով: Բազմաբաղադրիչ հիմնախնդիր է՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ հոգեբանական: Որոշումը պետք է կայացվի հիմք ընդունելով այն, թե մենք մասնակցելով այդ զորավարժությանը ընդհանուր հաշվարկով կորցնու՞մ, թե՞ շահում ենք: Եթե շահում ենք, մասնակցենք, եթե կորցնում ենք, ուրեմն պետք չէ մասնակցել:
-Հավարտ, ի՞նչ սպասել Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական այսօրվա ուղերձ-հայտարարություններից, որոնք գլխավորապես ուղղված են Ռուսաստանին:
-Հնարավորինս արագ պետք է մեր երկրում ավարտենք ներհայկական պայքարը, ունենանք կայուն իրավիճակ, զերծ գզվռտոցից, որ կարողանանք արտաքին հարթակում հաջողություն ունենալ: Հակառակ պարագայում տուրբուլենտության շարունակությունը արտաքին քաղաքական ասպարեզում հղի է վտանգներով:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ