Էդուարդ Տեր-Ղազարյանների տեսանելի ու անտեսանելի աշխարհը

Էդուարդ Տեր-Ղազարյանների տեսանելի ու անտեսանելի աշխարհը
26.04.2019 | 03:50

Յոհան Սեբաստիան Բախի գծագրած հսկայական չափերի ալտը այդպես էլ չհնչեց՝ պատրաստող վարպետի սխալների պատճառով: Մոտ երեք դար անց, Բախի գծագրերի հիման վրա, Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյանը վերականգնեց գործիքը, որն արդեն հնչում էր այնպես, ինչպես ժամանակին մտահղացել էր կոմպոզիտորը՝ հանդիսավոր։ Հայ վարպետն այդպես էլ անվանեց այն՝ վիոլա պոմպոզա։
Միկրոքանդակագործ, ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, երաժիշտ, ծաղրանկարիչ, գյուտարար Էդուարդ Տեր-Ղազարյանին առչնվող անհավանական պատմությունների շարքը կարելի է երկար թվարկել: Կարելի է նաև այցելել «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան՝ տեսնելու անվանի հայի աշխատանքները, ծանոթանալու նրա մասին պատմություններին: Եվ ոչ միայն. թանգարանում (Աբովյան 8, «Նոյյան տապան» գրախանութի առաջին հարկ) ներկայացված են նաև Էդուարդ Տեր-Ղազարյանի անվանակից թոռան միկրոաշխատանքները: Անզեն աչքի համար անտեսանելի այս միկրոքանդակները ստեղծվել են թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, սարդոստայնի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մասնիկների վրա: Թեմաները տարբեր են՝ հայտնի մարդկանցից մինչև գրքային հերոսներ:
Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյանը կյանքից հեռացել է 2012-ին: Նրա ցուցահանդեսները շրջել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Ռուսաստան, Իրան, Եգիպտոս և այլն: 1977 թվականին Լոս Անջելեսում խորհրդային արվեստի ցուցահանդեսի հայկական տաղավարում ներկայացված նրա աշխատանքը որակվել է աշխարհի «ութերորդ հրաշալիք»։ Միկրոքանդակի ավանդույթները շարունակում է մեծ վարպետի անվանակից թոռը՝ ԷԴՈՒԱՐԴ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ, որն այսօր «Իրատեսի» հյուրն է:

-Ավագ և կրտսեր Տեր-Ղազարյանների արվեստում կա՞ն տեխնիկական և ձեռագրային տարբերություններ:
-Այո, փորձում եմ միկրոքանդակները տեխնիկապես ավելի կատարելագործել՝ հենվելով այն դպրոցի բազային գիտելիքների վրա, որի հիմնադիրը Էդուարդ Տեր-Ղազարյան ավագն էր: Բնականաբար, կան նաև գունային, ոճային, թեմատիկ տարբերություններ:
-Էդուարդ Տեր-Ղազարյան ավագի խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մեջ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն է: Դուք շարունակու՞մ եք այդ գիծը:
-Այս պահին աշխատում եմ շարժական աշխատանքի վրա: Այն ավելի բարդ է, հիմնված է գիտական փորձերի վրա, և անհամեմատ երկար ժամանակ է պահանջում:
-Այն, ինչ անում են Տեր-Ղազարյանները, ավելի շատ գյուտարարությու՞ն է, թե՞ արվեստ, և ի՞նչն է մարդկանց գրավում՝ արվե՞ստը, թե՞ առեղծվածը:
-Դժվար է միանշանակ ասել՝ արվեստ է, թե գիտություն, ավելի շուտ խառնուրդ է: Կարող եմ ասել, որ 1947 թվականից սկսած (երբ առաջին անգամ Երևանում ցուցադրվեցին Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյանի աշխատանքները) մինչ օրս այն զարմացնում է մարդկանց: Այսքան ինֆորմացիաների, նորարարությունների հեղեղի մեջ էլի ունի իր ուրույն տեղը:
-Աշխատանքները ստեղծելու համար օգտագործում եք կիսաթանկարժեք քարեր, ոսկու փոշի: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Կան նյութեր, քարեր, որ ավելի երկար են ապրում: Բացի այդ, Էդուարդ Տեր-Ղազարյան ավագը գիտեր ինչպես աշխատել դրանց հետ, որ քարը որ նյութի, որ փոշու հետ համադրել: Նաև դրանում էր նրա հանճարը: Միկրոքանդակագործությունն իրականում շատ հին արվեստ է, 3-4 հազար տարվա պատմություն ունի, գալիս է Չինաստանից, Հնդկաստանից, բայց այսպիսի ֆունդամենտալ հիմքի վրա կանգնեցրել է Էդուարդ Տեր-Ղազարյանը: Եթե համեմատեք այլ աշխատանքների հետ, կտեսնեք, որ տարբերվում են թե՛ ոճային, թե՛ գեղարվեստական, թե՛ կատարման և թե՛ մատուցման առումով: Իսկ 70-ականներին նա բերեց նաև մի նոր ուղղություն՝ շարժական միկրոքանդակը, որը մինչ օրս անգերազանցելի է:
-Ի՞նչն է ամենաբարդը Ձեր աշխատանքում, և որքան ժամանակ է պահանջվում մի քանդակի ստեղծման համար:
-Մի քանի ամիս, երբեմն ավելի շատ: Ամենաբարդը թեմայի ընտրությունն է, գաղափարը: Եթե միտքը կա, արդեն մտածում ես ուղիների մասին՝ ինչպես այն ներկայացնել:
-Էդուարդ Տեր-Ղազարյան ավագը պատկերել է հայտնիներին, նրա աշխատանքները նվեր են ստացել Ռոքֆելլերը, Ինդիրա Գանդին, Խրուշչովը, Եղիսաբեթ II-ը և այլք: Դուք շարունակու՞մ եք այդ գիծը:
-Այո, Սարոյանին եմ պատկերել, Ազնավուրին, Հռոմի պապին... ՈՒզում եմ նաև պապիս դիմանկար-միկրոքանդակը ստեղծել:
-ՈՒղտերի քարավանը ասեղի անցքով անցկացնելը ակնարկ է աստվածաշնչյան հայտնի բանաձևմա՞նը:
-Այդ ժանրում դա ընդունված, դասական մոտեցում է: Բոլոր միկրոքանդակագործներն ուզում են ուղտը ասեղի ծայրով անցկացնել: Ես նոր տարբերակով՝ եռաչափ ֆորմատով եմ ուզում նույնն անել, որ ոչ միայն ուղտերի քարավանը երևա, այլև հեռանկարը՝ սարերը, կանաչը, քաղաքը:
-Տեր-Ղազարյանների միկրոարվետի ո՞ր մասն է ցուցադրված այստեղ:
-Աշխատանքները ցրված են աշխարհով մեկ: Մեծ ցուցադրություն ունենք Մոսկվայում, ԱՄՆ-ում, մեր ազգականներին նվիրած աշխատանքները նույնպես ներկայացվում են Եվրոպայում, Ռուսաստանում կազմակերպվող ցուցահանդեսների ժամանակ:
-Ցուցահանդես կազմակերպելու նպատակ ինքներդ ունե՞ք:
-Միտք ունենք շրջիկ ցուցահանդես կազմակերպելու Հայաստանում՝ ներառելով հատկապես սահմանամերձ շրջանները, և ավարտել Արցախում: Արցախյան թեմաներով մի քանի աշխատանք եմ ստեղծելու, ցուցահանդեսից հետո կնվիրեմ Արցախին:
-Հետաքրքիր է՝ հավաքորդներին գրավու՞մ են միկրոքանդակները, փորձու՞մ են իրենց հավաքածուն համալրել նման աշխատանքներով:
-Իհարկե:
-Սոցիալական, քաղաքական թեմաներին չե՞ք անդրադառնում:
-Ոչ: Միտք ունեմ Ցեղասպանության թեմայով աշխատանք ստեղծելու:
-Երբ թանգարանը համալրվում է նոր աշխատանքով, արվեստասերները տեղեկանու՞մ են այդ մասին:
-Նորությունների մասին տեղեկացնում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջով, որը շատ ակտիվ գործում է:
-Էյնշտեյնի հետևորդներից Ալեքսանդր Օտտո Ստինն ասել է, որ եթե գիտությունը շարունակի այս տեմպերով զարգանալ, Էդուարդ Տեր-Ղազարյանի շարժվող միկրոքանդակների գաղտնիքը կբացահայտվի 9000 տարի անց: Սա նշանակում է, որ չի՞ բացահայտվելու:
-Հարցը գաղտնիքը չէ, այլ Էդուարդ Տեր-Ղազարյանի մեծությունը, որը հասկանալ հնարավոր չէ: Մարդը կարող է լինել լավ նկարիչ, լավ երաժիշտ, բայց նա կատարելապես տիրապետում էր մի քանի մասնագիտությունների: Ես, որպես միկրոքանդակագործ, օգտագործում եմ իր թողած գիտելիքներն ու ամեն անգամ աշխատելիս մտածում եմ՝ լավ, իսկ նա՛ որտեղից է այս ամենը իմացել: Նույնը երաժշտության մեջ, ծաղրանկարչության, բժշկության:
-Իսկ նրա տեսակը, խառնվածքը ինչպիսին էր: Կարո՞ղ եք երկու բառով բնորոշել:
-Կյանքով լեցուն և ուժեղ:
-Էդուարդ Տեր-Ղազարյանի «Մոնա Լիզա» աշխատանքն արդեն պատրաստ է եղել, երբ պատշգամբում հայտնված աղավնին այն կուլ է տվել: Ձեզ հետ պատահե՞լ են նման դեպքեր, կորցնելու վտանգը կարծես մեծ է:
-Այո, խաչքարը, որ հիմա թանգարանում բաց դրված է, փայլեցնելու պահին կորել էր, կնոջս հետ գտանք, մի կերպ ամրացրի: Շատ են լինում նման դեպքեր, այնքան փոքր են, հազում ես, փռշտում՝ կորչում են:
-Ցանկություն չունե՞ք մեծ, տեսանելի մի աշխատանք ստեղծելու:
-Ինչի՞ համար, երբ բոլորը հենց դա են անում: Բացի այդ, դեռ չեմ իրականացրել բոլոր այն գաղափարները, որ նպատակ ունեմ ներկայացնելու միկրոքանդակագործությամբ:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao