«Դերասանը ծանոթ չէ պիեսին, չի կարդացել, տեղում է կատարվում ամեն ինչ»

«Դերասանը ծանոթ չէ պիեսին, չի կարդացել, տեղում է կատարվում ամեն ինչ»
26.04.2019 | 03:52

Դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրուցել ենք առաջիկա օրերին Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում սպասվող առաջնախաղերի մասին: Պարսիկ գրող, դրամատուրգ Նասիմ Սուլեյմանփուրի «Սպիտակ նապաստակ, կարմիր նապաստակ» ներկայացումը չի պահանջում ո՛չ ռեժիսոր, ո՛չ փորձեր, ո՛չ էլ դեկորներ: Յուրօրինակ այս պիեսն արդեն ներկայացվել է ամբողջ աշխարհում` ավելի քան 20 լեզուներով: Հայերեն թարգմանել է Սերժ Մելիք-Հովսեփյանը: Տևողությունը 60 րոպե է: Պիեսը Համազգային թատրոնում խաղալու (փորձարկելու) է Արման Նավասարդյանը` ապրիլի 28-ին: Դավիթ Հակոբյանը նույն պիեսը ներկայացնելու է մայիսի 1-ին՝ «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակում:

-Ի՞նչ է ենթադրում այս ներկայացումը:
-Այն շատ հետաքրքիր ձևաչափ ունի: Դերասանը ծանոթ չէ պիեսին, չի կարդացել, տեղում է կատարվում ամեն ինչ: Այսինքն՝ պիեսին ծանոթանում է ներկայացումը սկսվելու պահին: Եվ այն խաղում է միայն մեկ անգամ:
-Հայաստանում առաջին անգա՞մ է կիրառվում թատերական այս ձևաչափը:
-Այո, այստեղ սա նոր բան է:
-Ձեր 60-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը նման մի փորձություն հաղթահարել եք` մեկ երեկոյի ընթացքում հանպատրաստից տարբեր դերեր խաղալով:
-Տարբերությունն այն է, որ այդ ժամանակ ես գիտեի՝ ինչ ներկայացումներից եմ դրվագներ խաղալու, խնդիրը հիշելն էր. կար ներկայացում, որ 20 տարի առաջ էի խաղացել, տեղում պետք է հիշեի ու ներկայացնեի հատվածները: Այս դեպքում ընդհանրապես ծանոթ չեմ պիեսին:
-Մտավախությա՞մբ, թե՞ հետաքրքրությամբ եք սպասում ներկայացմանը:
-Ասեմ անկեղծորեն՝ շատ եմ վախենում:
-Էլի կլինե՞ն նման ներկայացումներ Համազգայինի բեմում:
-Կլինեն, եթե այդ տեսակ պիես ունենանք: Սուլեյմանփուրի պիեսը գրված է այն պայմանով, որ դերասանը պետք է ծանոթ չլինի պիեսին ու խաղա:
-Էլի՞ դերասաններ հանձն կառնեն այդ խաղ-փորձությունը:
-Չգիտեմ, դեռ նախատեսված չէ: Ես և Արմանն եք խաղալու, բայց իրար չենք նայելու:
-Ի՞նչ կասեք «Մինուս երկու» ներկայացման մասին:
-Դարձյալ շատ հետաքրքիր պիես է, հեղինակը Սամուել Բենշեթրին է, բեմադրիչը՝ Սերժ Մելիք-Հովսեփյանը: Այս թեմայով ֆիլմեր կան: Ստանդարտ իրավիճակ կա, երբ երկու տղամարդ, որոնք պառկած են նույն հիվանդասենյակում, իմանալով իրենց անբուժելի հիվանդության և անխուսափելի մահվան մասին, որոշում են փախուստի դիմել և վայելել իրենց կյանքի վերջին արկածը: Այս պիեսը երկու ծերունիների մասին է, որոնց ես ու Վանիկ Մկրտչյանն ենք մարմնավորում: Կարծում եմ` շատ հետաքրքիր ներկայացում է լինելու, անհամբեր սպասում եմ: Առաջնախաղերը կլինեն ապրիլի 29-ին, 30-ին և մայիսի 4-ին:
-Բեմադրիչի հետ աշխատանքի մասին ի՞նչ կասեք. առաջի՞ն աշխատանքն է իր հետ:
-Այո, մեր թատրոնից կան դերասաններ, որ Սերժ Մելիք-Հովսեփյանի հետ աշխատել են այլ հարթակներում: Համազգայինում նա առաջին անգամ է ներկայացում բեմադրում:


Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao