Parker quartet
 

«Նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն»

«Նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն»
14.05.2019 | 21:27

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրները: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 11-ից 13-ը կայացած իր տեսակով եզակի կոմպոզիտորական ստուգատեսը մեկ հարկի տակ էր համախմբել 10 հայազգի պատանի ստեղծագործողի: Երկու տարիքային խմբերում ընդգրկված պատանիների ստեղծագործությունները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը և Էդուարդ Հայրապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը: Ավագ խմբում ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակ չշնորհվեց: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Էրիկա Մարկոսյանը, իսկ երրորդ հորիզոնականը տրվեց երկու մասնակիցների՝ Էմիլի Հովհաննիսյանին (Ֆրանսիա) և Ռուբեն Ավագյանին: Կրտսեր խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Էդգար Մխիթարյանը, երկրորդ հորիզոնականը՝ Էդուարդ Ալեքսանյանը: Առաջին մրցանակը շնորհվեց Սյուզաննա Աղամալյանին (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Մերի Առակյանին (դաս.՝ Նարինե Մխիթարյան): Ի դեպ, վերջինս արժանացավ նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Մեր զրուցակիցը ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆՆ է:

-Ինչո՞վ էր առանձնանում մրցույթն այս տարի:
-Այս տարի մրցույթին մասնակցել են հայազգի պատանիներ Ֆրանսիայից, Լիբանանից և Ռուսաստանի Դաշնությունից: Սա խոսում է այն մասին, որ միրզոյանական մրցույթը համահայկական նշանակություն է ձեռք բերում: Իհարկե, անցյալ տարիներին ևս արտերկրից հայտեր ունեինք, բայց այս տարի շատ էր հետաքրքրությունը հենց արտասահմանից:
Բացի այդ, այս տարի մրցույթը, կարելի է ասել, «դաշնամուրային» երանգներով ստացվեց. գրեթե բոլորը ներկայացրել էին դաշնամուրային ստեղծագործություններ: Սակայն դա չխանգարեց, որ տոնը կայանա: Ես շնորհավորում եմ մեր պատանիներին, հույս ունեմ, որ կշարունակեն նույն եռանդով ու ոգևորությամբ ստեղծագործել և շարժվել առաջ:
-Ձեռագրային տարբերության մասին ի՞նչ կասեք:
-Գիտեք, յուրաքանյուր պատանի ստեղծագործում է յուրովի, դեռ նոր-նոր են սկսում կայանալ, սակայն նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն, ինչն արդեն իսկ ոգևորիչ է:
-Միրզոյանի մրցույթի դափնեկիրները շարունակու՞մ են հաղթարշավը:
-Կան երեխաներ, որ միջազգային հարթակներում հաջողություններ են գրանցել, նրանց թվում՝ Անդրեյ Կուրբետ, Ալեքսանդր Տոնիկյան և այլք: Շատերը մեր հայաստանյան բեմերում են շարունակում փայլել: Էլի կան հրաշալի պատանիներ, ովքեր կատարելագործվելով առաջ են շարժվում դեպի եվրոպական բեմեր:
-Ի՞նչ է տալիս միրզոյանական մրցույթը պատանի ստեղծագործողներին:
-Առաջին հերթին սա հնարավորություն է հաղորդակցվելու, լսելու միմյանց ստեղծագործությունները, դառնալու կոմպոզիտորական դպրոցի մի մասնիկը և ինչու՞ ոչ, ներկայանալու խստապահանջ ու պրոֆեսիոնալ ժյուրիին: Յուրաքանչյուր ստեղծագործողի համար շատ կարևոր է, որ իր գործերը ոչ թե մնան դարակում, այլ լսելի լինեն ու գնահատված:



Ճեպազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարները՝ Մարիամ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao