«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Տուրք տանք մոդայի՞ն

Տուրք տանք մոդայի՞ն
26.07.2019 | 01:44

Ձորաղբյուրում կա մի ռեստորանային համալիր, որն առանձնանում է իր էկզոտիկությամբ: Բանն այն է, որ ռեստորանում հյուրընկալվողները երջանիկ հնարավորություն են ունենում ժամանակն անցկացնելու հիրավի էկզոտիկ կենդանիների, այդ թվում նաև կապիկների հարևանությամբ կամ ընկերակցությամբ: Ոչինչ չես ասի՝ ինքնատիպ է:


Սակայն համալիրը տեղանքում աչքի է ընկնում նաև մի այլ յուրահատկությամբ, ինչի վրա էլ հատուկ ուզում ենք ուշադրություն հրավիրել այս անգամ: Իրիկնային ժամերին, երբ ցերեկային աշխատանքից հոգնած ձորաղբյուրցիները ձգտում են վայելել ընտանեկան հանգիստը, սկսվում է նշյալ հաստատության բուռն առօրյան և գյուղով մեկ... դղրդում է ռեստորանային երաժշտությունը: Այո, այո, սա չափազանցություն չէ, հենց դղրդում է: Նույնիսկ զարմանում ես, թե դինամիկներն ինչպես են դիմանում այդ ձայնային գերբեռնվածությանը, կամ ինչպես են իրար հետ շփվում կերուխում անողները: Ընդ որում, այդ երաժշտական որոտումները ոչ միայն թևածում են Ձորաղբյուրի երկնակամարում, այլև անարգել թափանցում են մերձակա ամառանոցային թաղամասերը, զգաստացնելով նաև, այսպես ասած, հանգիստ որոնող դաչնիկներին:


Քավ լիցի, եթե հնչեր նորմալ երաժշտություն: Գերիշխում է անզուգական, անկրկնելի, հուզաթաթավ ռաբիսը: Լավ, ասենք մեկօրյա այցելուները դրան առանձնակի ուշադրություն չեն դարձնում, դե, եկել են զվարճանալու, հաճելի երեկո անցկացնելու, կարելի է նաև հանդուրժել այդ բարձրագոչ սրտակեզ ելևէջումները, կլառնետային շռայլ արտանետումները: Բայց ով ասաց, թե բոլոր ձորաղբյուրցիների, էլ չենք ասում բազմապրոֆիլ դաչնիկների մասին, ուշքը գնում է այդ երաժշտահառաչանքների համար և նրանք պարտավոր են ըմբռնումով վերաբերվել այդ ռեստորանային բիզնեսարվեստին: Եվ այն էլ ոչ թե մեկ երեկո, այլ ամեն օր, ամեն իրիկուն՝ հավերժականի հավակնությամբ: Նույն երգերը, նույն կլառնետապարային գալարումները: Նույնիսկ հանրահայտ հայկական մեղեդիներն են ռաբիսացված: Ավելին, ռուսական երգերն էլ են «հայացված»՝ ռաբիսահունչ: Ցավոք, մեզ հայտնի չէ, թե այս ամենը ինչ զգացումներ է առաջացնում ռեստորանաբնակ կենդանիների մեջ: Ինչպես կարելի է այս երաժշտական կոչված թյուրիմացությունը, թեկուզ և ձրի, պարտադրել ուրիշներին, այդ թվում նաև մարդկանց, որոնք պարզապես զզվում են դրանից: Մի փաթաթեք դա իր տանը նստած մարդու ականջին:
Իսկ հիմա պատկերացրեք մի այսպիսի տխուր տեսարան: Ձորաղբյուրում մարդ է մահացել և համագյուղացիները հավաքվել են հոգեհացի: Իսկ գյուղով մեկ հնչում են անպատասխան սիրո հառաչանքները, հափիբրթդեյթույուական շնորհավորանքները, առողջապահական մաղթանքները:


Ինքնին հասկանալի է, որ սա մեկռեստորանային խնդիր չէ: Հայաստանի ռեստորանների մեծ մասն է տառապում ձայնարկու ռաբիսից: Մտածում ես, երկրում չկա՞ ռեստորատորների որևէ կազմակերպություն, որը հրահանգ տար գործընկերներին՝ երաժշտությունը պիտի հնչի միայն ռեստորանի ներսում, մղձավանջ չդառնալով շրջակա միջավայրի համար: Ի վերջո սա հասարակական տարրական մշակույթ է: Հասկացանք, անկախության տարիներին մենք շատ մշակույթներ կորցրինք, սակայն այս մեկը տեխնիկապես ուղղելի է: Պետք չէ բանը հասցնել նրան, որ ձորաղբյուրցիներն ու դաչնիկները հասնեն երևանյան նշանավոր հրապարակ ու հայտնի շենքի առաջ վանկարկեն՝ Նի՜-կո՜լ, ի՜-ջի՜ր, փը՜ր-կի՜ր մեզ ռա՜-բի՜-սի՜ց:


ՈՒ առհասարակ ռաբիս «երաժշտության» մասին: Ինչու՞ է այն ծաղկում ու փթթում Հայաստանում, տարածվում սփյուռքում և ոչ միայն ռեստորաններում: Կորցնում ենք նույնիսկ ազգային արժանապատվության զգացումը, մեղեդին վերածելով ազերաթուրքական կլկլոցների ու բառաչանքների: Նույնիսկ այն մտայնությունն է տարածվել, որ ռաբիսի դեմ անհնար է պայքարել: Նոր իշխանություններն էլ ոչինչ չեն անում այդ երաժշտական խեղկատակության դեմ: Երևի մշակույթի նախարարությունը կարող է ինչ-որ բան անել, ավա՜ղ, այն էլ վերացավ...


Մի խումբ ձորաղբյուրցիներ

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao