Ճապոնիան արտակարգ դրություն սահմանեց՝ 1 ամիս

Ճապոնիան արտակարգ դրություն սահմանեց՝ 1 ամիս
07.04.2020 | 11:04

Ճապոնիան պատրաստվում է արտակարգ դրություն սահմանել կորոնավիրուսի տարածման պատճառով: Հնարավոր է՝ արդեն երեքշաբթի՝ հաղորդում են Ռեյտերսը և Ֆրանս պրեսը՝ հղում անելով Ճապոնիայի լրատվամիջոցներին: TBS-ին հաղորդել է, որ արտակարգ դրությունը կտարածվի Տոկիոյի, հարևան 3 պրեֆեկտուրաների, Օսակայի վրա, և կարող է 6 ամիս տևել: Պրեֆեկտուրաների ղեկավարներն իրենք պիտի որոշեն, թե որքան կգործեն սահմանափակումները իրենց տարածքներում: Ճապոնիայի կառավարությունը պատրաստում է տնտեսությունը խթանելու միլիարդավոր դոլարների ծրագիր: Կորոնավիրուսը մեծացրել է ռեցեսիայի ռիսկը երկրում: Սպասվում է, որ վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի երեկոյան կհայտարարի այդ ծրագրերի մասին: Ճապոնիայում կա 3500 կորոնավիրուսակիր, 85-ը մահացել են կորոնավիրուսի հարուցած հետևանքներից: Թվերն այնքան մեծ չեն, ինչպես պանդեմիայի էպիկենտրոնի երկրներում (ԱՄՆ-ում արդեն 335000 վարակված և 10000 մահացած կա), բայց նոր դեպքերն անշեղ աճում են, հատկապես՝ Տոկիոյում: Կիրակի օրը Տոկիոյում 148 նոր վարակակիր է հայտնաբերվել, հայտնի դեպքերի թիվն անցել է 1000-ը: Թեպետ իշխանություններն արդեն դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով նվազեցնել սովորական կյանքի տեմպը և մնալ տանը, կարծիք կա, որ մայրաքաղաքում հատուկ դրությունը ավելի վաղ պետք է մտցվեր: «Հատուկ դրությունը պիտի մտցվեր ապրիլի 1-ից»՝ Ռեյտերսը մեջբերել է Լոնդոնի արքայական քոլեջի առողջապահության ինստիտուտի տնօրեն Քենջի Սիբույուին: Սպասվում է, որ արտակարգ դրությունը չի վերաբերի ամբողջ երկրին, այլ միայն վարակվածների մեծ թվով շրջաններին՝ Տոկիոն և արվարձանները, մի քանի այլ շրջաններ: Օրենքով, որ մարտին վերանայվեց՝ հաշվի առնելով կորոնավիրուսի սպառնալիքը, կառավարությունը կարող է հատուկ դրություն հայտարարել քաղաքացիներին սպառնացող մահացու վտանգի դեպքում: Սահմանափակումներն ավելի մեղմ կլինեն, քան աշխարհի այլ երկրներում: Տանը մնալու կոչերով քաղաքացիներին կդիմեն շրջանների ղեկավարները: Նրանք կխնդրեն դադարեցնել կազմակերպությունների և այն հաստատությունների աշխատանքը, որտեղ մարդկային կուտակումներ են լինում: Հասարակական տրանսպորտը կշարունակի աշխատել: Արտակարգ դրության շրջանակներում իշխանությունները կարող են բռնագրավել շենքեր ու հողեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կարիքների համար: Ճապոնիայի օրենսդրությամբ՝ իշխանությունները կարող են միայն խորհուրդ տալ քաղաքացիներին տանը մնալ, ոչ թե հրամայել: Չենթարկվելու համար պատիժներ նախատեսված չեն, սակայն փորձագետները կարծում են, որ հորդորները կկատարվեն իշխանության նկատմամբ հարգանքի բարձր մակարդակի և հասարակական կարծիքի ճնշման տակ: Վարակի առաջին դեպքերի մասին Ճապոնիայում հայտնի դարձավ հունվարին: Ի զարմանս կրթության նախարարության աշխատակիցների՝ փետրվարին վարչապետ Սինձո Աբեն մինչև ապրիլ փակեց դպրոցները, երբ երկրում նոր էր սկսվում ուսումնական տարին: Առայժմ բացվել են միայն մի քանի դպրոցներ այն շրջաններում, որտեղ կորոնավիրուսը քիչ է տարածված:
ВВС


Հ.Գ. Երեկ Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյում և մայրաքաղաքին հարող վեց շրջաններում արտակարգ դրություն հայտարարեց` կորոնավիրուսի դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց. «Արտակարգ դրությունը մեկ ամիս կտևի: Մենք ակնկալում ենք, որ Ճապոնիայի բնակչությունը կհամագործակցի իշխանությունների հետ, նվազագույնի կհասցնի փոխադարձ շփումները` կանխելով վարակի տարածումը: Մենք նաև պետք է մեր երկրի բժշկական համակարգը պատրաստենք նոր հիվանդների հոսքին: Սրանք են արտակարգ դրություն հայտարարելու հիմնական պատճառները»: Երեկվա տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 3,6 հազար է, 600-ը բուժվել են, մահացել է 85 մարդ: Պաշտոնական տվյալների համաձայն Ճապոնիայում վարակակիրների թիվը հասնում է 3500 -ի, մեկ երրորդը՝ Տոկիոյում: Համարվում էր, որ Ճապոնիան ու Սինգապուրը հատկապես հաջող են պայքարում կորոնավիրուսի դեմ: Փաստացի՝ Տոկիոն «հանձնվեց»՝ արտակարգ դրություն մտցնելով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ