ReAnimania 2019
 

Երկուշաբթին ծանր օր էր

Երկուշաբթին ծանր օր էր
17.09.2019 | 11:27

Մինչ ազգովին «Էս սարն իմն է» էինք խաղում, իրենց լրումին են հասնում գարնանն ու ամռանը սկսված գործընթացները: Երեկ Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ «Իմ քայլը» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց է սկսելու: Խմբակցության ղեկավարն ասաց, որ նիստում քննարկել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ Սահմանադրական դատարանի իրավիճակի շուրջ: «Խմբակցությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու» վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,-ասաց Մակունցը: Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հավելեց, որ ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է, և ԱԺ խմբակցությունը կարող է նախաձեռնել այս գործընթացը, ԱԺ-ն քննում է հարցը, վերջնական որոշումը կայացնում է ՍԴ-ն: Ըստ նրա՝ չեն քննվել Վահե Գրիգորյանի դիմումները՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված: «Մյուս հիմքը կողմի ներկայացուցչի հետ որոշակի սերտ կապերի առկայությունն է»,-հիշեցրեց նա: Այնումենյանիվ՝ նշվեց, որ նախկինում երբեք ԱԺ-ն նման հարց չի քննարկել:


Արարատ Միրզոյանի հայտարարությունը երեկ համարյա զուգահեռ էր գնում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ դառնալով լուրերի թոփ եռյակի մաս: Բնականաբար՝ նաև ստանալով թոփ մեկնաբանությունների իր մասը: Գերակշռում էին նեգատիվ գնահատականները, և՝ բացարձակապես անտեղի: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել էր. «Ելույթի բովանդակությունը ոչ այլ ինչ էր, քան դեռևս մայիսի 20-ին սկիզբ առած՝ դատական իշխանությունը և մասնավորապես Սահմանադրական դատարանը կառավարող քաղաքական ուժին ենթարկեցնելու գործընթացի հերթական դրսևորում, այդ գործընթացին օրենսդիր մարմնի պաշտոնական ներգրավում։ Առավել հետաքրքրական էր ելույթի համար ընտրված ժամանակը՝ ՍԴ որոշման հիման վրա երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտի հրապարակման նախօրեն։ Հաշվի առնելով վերջին ամիսների փորձը՝ կարելի է պնդել, որ ընտրված ժամանակն այս առումով ամենևին պատահական չէր. ՍԴ որոշումը նսեմացնելով՝ նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա՝ ստանալու ոչ թե վերաբերելի իրավունքի ու փաստերի հիման վրա՝ դատավորի ներքին համոզմունքից բխող իրավաչափ որոշում, այլ կառավարող ուժի քաղաքական կամքն արտահայտող դատական ակտ»:


Մինչդեռ վարչապետ Նիկոլ աշինյանը ասուլիսում ասաց. «ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքից հետո ակնհայտ էր, որ ապօրինի որոշում է կայացվել։ Իսկ թե ինչու է ՍԴ-ն նման որոշում կայացրել` գիտեք»: Նրա խոսքով` որոշումն ընդունած դատավորներից երկուսը Մարտի 1-ի հետ ուղիղ կապ ունեն։
Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասել էր. «Այս որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը։


Ի հավելումն ՍԴՈ 1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և ըստ էության արձանագրել, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդ շտապողականությունը։ Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունն ու հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է ՍԴ դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է ՀՀ-ում ժողովրդավարության ու սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական ու քաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար»։


Եղավ նաև տեսակետ, որ Ազգային ժողովը իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ՝ֆեյսբուքի իր էջում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ԱԺ ընդդիմադիր ուժերին կոչ արեց չմիանալ նախաձեռնությանը և ձեռնպահ մնալ հակասահմանադրական գործողություններից։ Հետաքրքիր է՝ եթե ոչ ԱԺ-ն, ո՞վ իրավունք ունի ՍԴ որոշման մասին քաղաքական հայտարարություն անելու, որպես ժողովրդի օրինական ու լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ: Հասկացանք, որ ՍԴ որոշումները քննարկման ենթակա չեն, բայց ո՞վ է սահմանափակել ԱԺ-ի քաղաքական հայտարարությունների իրավունքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Անդրադառնալով Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի որոշման բովանդակությանը՝ ԱԺ նախագահը ասել է, որ «Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»։ Նա խոսել է ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու գործընթացի մասին ու հայտնել կասկածներ՝ ի՞նչ ընթացակարգով է այդ դիմումը ներկայացվել երկու մարմիններին։ «Մինչ այժմ չեն փարատվել կասկածները, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմել Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ՝ հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանը համապատասխան աշխատակարգային որոշումներով արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործի քննությունը», - ասել է նա: Արարատ Միրզոյանի խոսքով, ՍԴ-ն առայսօր այդ գործերով պատասխանող ճանաչված ԱԺ-ին չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղված դիմումների հայերեն տեսքտը։


«Ինչու՞ եք այսքան ուշ այդ քայլն անում» հարցին երեկ Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ սպասում էին՝ ՍԴ-ն ինքը քայլեր ձեռնարկեր: Փաստորեն իզուր էին սպասում: Երեկ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանն արձագանքել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բաց թողնելը։ Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։ Հասկացանք, Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։ Բայց դու լուրջ մարդ, հարկատուների հաշվին արդեն աշխարհ տեսած մարդ, անդարդ գլուխդ Հայաստանում ժողովրդավարության զոհասեղանին խի՞ ես դնում։ Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար»: Ընդունեք, որ ասվածից ճիշտը միայն աշխարհ տեսածի ու մանկապարտեզի մասով էր:

Դիտվել է՝ 1038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao