Բեթհովենի երաժշտությունը մարդկանց ավելի լավն է դարձնում

Բեթհովենի երաժշտությունը մարդկանց ավելի լավն է դարձնում
20.02.2020 | 19:56

Այս տարի ամբողջ աշխարհը տոնում է Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյա հոբելյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի համերգաշրջանը կբացի բեթհովենյան շնչով: Նվագախումբը կիրականացնի նաև «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

«Մենք ասում ենք, որ եվրոպական երկիր ենք, բայց շատ հաճախ այդ ձևակերպումները խորքային մեկնաբանություն չեն ստանում: Կարծում եմ`Բեթհովենը տիեզարական մեծության անուն է, որին մենք առնչվել ենք ամբողջ դասական երաժշտության ձևավորման պատմության դրսևորումների ընթացքում»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ:- Կարծում եմ` սա փայլուն առիթ է, որ մեր երաժշտասեր հասարակությունը, պրոֆեսիոնալ երաժշտական հանրությունը հերթական անգամ ընդգծի, որ ոչ միայն ունենք բուն ազգային արժեքներ, այլև միջազգային արժեքներն ենք ձուլում մեր ազգային մշակույթին, այնպես, որ արժևորման, գնահատման, ընկալման տեսակետից այլևս որևէ տարբերակում չենք դնում` Արամ Խաչատրյանի և Բեթհովենի միջև:


Սա փայլուն առիթ է ասելու, որ մենք եվրոպական քաղաքակրթության, մշակույթի հետ խոսում ենք նույն լեզվով, և ոչ միայն ընկալում ենք այդ արժեքը, այլև կրում մեր մեջ, պահպանում և տարածում: Որովհետև կատարելով դասականներին, ամեն անգամ մենք նրանց դարձնում ենք արդիական, նաև, մեծ իմաստով, ճաշակ ենք ձևավորում, լսելիք կրթում»:
Փառատոնը պետական ուշադրության կենտրոնում է: Նախարարի տեղակալը նշեց նաև, որ
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» նախագիծն արժանացել է պետական դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի հավանությանը:
ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆՆ ասաց, որ կատարելու են Բեթհովենի գրեթե բոլոր սիմֆոնիկ գործերը, կոնցերտները, կամերային երաժշտությունը. «Նրա բոլոր ստեղծագործությունները կարևոր են. հիմա ես չգիտեմ` Բեթհովենի դաշնամուրային սոնատնե՞րն են ավելի նշանակալից, թե՞ «Իններոդ սիմֆոնիան»»:

ՀԱՖՆ-ի փետրվարի 21-ին կայանալիք համերգին կհնչի Բեթհովենի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ թիվ 5 սիմֆոնիան: Այն կղեկավարի «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը (ԱՄՆ), ով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկն է, հանդես է եկել Իսպանիայի և Լոնդոնի բոլոր նվագախմբերի հետ: Ի դեպ, վերջինս հասցրել է հանդես գալ նաև Հայաստանում ՀԱՖՆ-ի և երեք երգչախմբերի հետ 2009թ.-ին ու սիրվել մեր ունկնդրի կողմից: Համերգային ծրագրում բացի Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայից կհնչի Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքը (հայաստանյան պրեմիերա) և Մոցարտի Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը, որպես մենակատար հանդես կգա Անդրեաս Ֆրյոլիխը:

«Ես հպարտ եմ այս նվագախմբով: Եթե ճիշտ ես ներկայացնում «5-րդ սիմֆոնիան», այն մարտահրավերային է և շատ պարզ: Բեթհովենը
ագրեսիվ է եղել, հասարակության մեջ իրեն հանգիստ չի զգացել, և այս ամենն իր արտացոլումը գտել է «5-րդ սիմֆոնիայում»,- ասաց ՋՈՆ ՆԵԼՍՈՆԸ:
Դաշնակահար ԱՆԴՐԵԱՍ ՖՐՅՈԼԻԽՆ (Գերմանիա) ասաց, որ ապրում է այն քաղաքում, որտեղ ծնվել է Բեթհովենը և իրենք ամեն տարի են նշում կոմպոզիտորի ծննդյան օրը: Դաշնակահարի կարծիքով` Բեթհովենի երաժշտությունը մարդկանց ավելի լավն է դարձնում, իսկ նրա երաժշտության մեջ ագրեսիվություն նկատվում է, որովհետև դժվար ճանապարհ է անցել: «Բեթհովենի գործերի առանձնահատկությունն այն է, որ նա կանոներ է խախտում»,- ընդգծեց դաշնակահարը:
«ՈՒխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի գլխավոր համակարգող ԱՆԻ ՄԱՐՏԻԿՅԱՆԸ հավելեց, որ սեպտեմբերին կլինի գիտաժողով հրավիրյալ բեթհովենագետների մասնակացությամբ, որոնք կհրավիրվեն Գերմանիայից, Ֆրանսիայից, Ոուսաստանից: Կլինեն բանախոսներ նաև Հայաստանից: Կազմակերպվելու է նկարչական մրցույթ. երիտասարդ նկարիչները կենդանի երաժշտության ներքո կնկարեն Բեթհովենին: Լավագույն հեղինակները կարժանանան հավաստագրերի:
Հավելենք, որ Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ