«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Մի հուշարձանի պատմություն

Մի հուշարձանի պատմություն
09.05.2020 | 00:40

Նվիրվում է Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակին

Դեռևս Հայրենական պատերազմի տարիներն էին, երբ մեծանուն ճարտարապետ Ռ. Իսրայելյանն առաջարկեց աղբյուր-հուշարձանների միջոցով հավերժացնել պատերազմի մասնակից հերոսների հիշատակը:
Խորհրդային Հայաստանի տարածքում տեղադրված առաջին նմանատիպ հուշարձաններից մեկն է Ստեփանավան քաղաքում գտնվող աղբյուր-հուշարձանը, որի նախագիծն իրականացվել է դեռևս 1943 թվականին: Պատահական չէր 1943 թվականը, քանի որ հենց այդ ժամանակ Ստալինգրադի ճակատամարտի հաղթանակը վճռորոշ նշանակություն ունեցավ պատերազմի ընթացքի համար և հավատ ներշնչեց հաղթանակի վերաբերյալ: Այդ էր պատճառը, որ ստեփանավանցիներն անմիջապես ձեռնամուխ եղան իսկույն՝ նույն ժամանակ կառուցելու հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձանը: Նախագծի հեղինակը հենց ինքն էր՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Չնայած այս կարևոր հանգամանքներին, հուշարձանը մասնագիտական լուրջ ուսումնասիրությունների չի ենթարկվել, իսկ եղած կցկտուր տվյալներն էլ շտկման կարիք ունեն: Կան և սխալ տեղեկություններ. օրինակ, դեռևս 1989 թվականին «Ստեփանավան» խորագրով տպագրված բուկլետում հրապարակվել է այս հուշարձանի լուսանկարը հետևյալ մակագրությամբ. «Հուշաղբյուր Պուշկինյան լեռնանցքում» (Պարբերական, ԱՀՄ, 1989): Իսկ risraelyan.com կայք-էջում հուշարձանի կառուցման թվական է նշվում 1945 թվականը, ինչը նույնպես սխալ է:
Կառուցման ժամանակի մասին առաջին արժանահավատ վկայությունը կարելի է տեսնել հենց հուշարձանի վրա եղած «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. 1943» արձանագրության մեջ, որի վերևում տեղադրված են բրոնզաձույլ մուրճ և մանգաղ:


Մեր այս հոդվածում առաջին անգամ է փորձ արված համակողմանիորեն ներկայացնել Ստեփանավանի աղբյուր-հուշարձանի ճարտարապետական ամբողջական նկարագիրը:
Հուշարձանի ճարտարապետական կերպարը վերլուծելիս ակնհայտորեն պարզորոշ է դառնում, որ ճարտարապետն այստեղ էլ իրեն բնորոշ վարպետությամբ օգտագործել է միջնադարյան հայկական ճարտարարապետության ավանդական տարրերը:
Հուշարձանը դեպի վեր ձգտող համաչափություններ ունեցող ուղղանկյուն ծավալ է՝ եռանկյունաձև վերջավորությամբ պրոֆիլավորված քիվով պսակված: Հուշարձանի կենտրոնական մասում կրկնակի կամարներ են արված, որոնցից առաջինը հենվում է նախշազարդ՝ կորնթականը հիշեցնող խոյակներով պսակված սյուների վրա: Կենտրոնական մասում՝ կամարների ներքո է գտնվում աղբյուր-հուշարձանի թվով երեք աղբյուրներից գլխավորը՝ շրջանակված բրոնզաձույլ ծաղկանման զարդանախշով, այստեղից ջուրը թափվում է ներքևում գտնվող ուղղանկյունաձև ավազանի մեջ:
Հուշարձանի երկու կողային պատերն ունեն թեք կտրվածք (հուշարձանը հատակագծում սեղանաձև է), և դրանց մեծ փորված են եռանկյունաձև հիմքով կամարաձև խորշեր, որոնց ներքևի հատվածում մեկական աղբյուրներ են տեղադրված՝ տերևանախշ զարդագոտիներով եզերված ճակատային պատերով: Կողային այս հատվածներում հուշարձանը եզերող քիվից ներքև առկա են դասական ճարտարապետության տարրեր՝ հնգական ատամիկներ՝ ամեն կողմում: Խորշերն իրենց նկարվածքով հիշեցնում են միջնադարյան տաճարների ճակատային խորշերը, որոնք պատը թեթևացնելուց բացի կրում էին նաև գեղագիտական ֆունկցիա: Իսկ հատված անկյուններով այս լուծումը տարածականություն և դինամիկ զարգացում է հաղորդում ողջ հորինվածքին:


Հուշարձանի անբաժան մասն է կազմում եռաստիճան փոքրիկ հարթակը, աջակողմյան և ձախակողմյան հատվածներում բազալտե նստարաններով, որոնք միմյանցից անջատվում են պատվանդաններով՝ յուրաքանչյուր կողմում երկուական: Դրանք միանում են հուշարձանի աջ և ձախ կողեմերին ընդհանրական ցածր պատով՝ կազմելով մեկ ամբողջություն:
Հատկանշական է այն փաստը, որ հուշարձանն իր ամրության շնորհիվ դիմակայել է 1988թ-ի ավերիչ երկրաշարժին և էական վնասներ չի կրել:


Տվյալ հուշարձանը սակայն, ներառված չէ ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (ՀՀ Կառավարության N 385- Ն որոշում, 15 մարտի 2007), ինչն օբյեկտիվորեն զարմանալի է: Հուսով ենք, որ այս գրառման տարածումից հետո մեծ վարպետի այս հիանալի ստեղծագործությունը կհամալարի վերոհիշյալ ցուցակը:
Հուշարձանն իրականացված է տեղական սրբատաշ բազալտ քարով, և կարծես ամբողջություն է կազմում կանաչապատ փոքրիկ պուրակի հետ: Այսպիսի միասնականությունը շրջապատող լանդշաֆտի հետ նույնպես միջնադարյան հայ ճարտարապետների կարևոր հնարքներից էր, որոնք վարպետորեն և նորովի օգտագործում էր մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:


Հեղինակ՝ Մարիամ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ավագ գիտական աշխատող

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ