Չկա քաղաքականություն՝ առանց պատմության

Չկա քաղաքականություն՝ առանց պատմության
09.05.2020 | 10:20

Միայն Գերմանիան է պատասխանատվություն կրում երկրորդ համաշխարհային պատերազմի ու հոլոքոստի համար: Նա, ով կասկածներ է սերմանում ու այլ ժողովուրդների է վերագրում հանցավոր դեր, անարդար է զոհերի նկատամաբ՝ Der Spiegel-ում գրում են Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը և Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտի տնօրեն Անդրեաս Վիրշինգը: Ոչ մի օր մեր նորագույն պատմության մեջ այդքան խոր հետք չի թողել, որքան 1945-ի մայիսի 8-ը:

Այդ օրը Եվրոպայում 40 միլիոն սպանվածների գերեզմանների վրա լռեցին զենքերը: Նացիոնալ-սոցիալիստների ահաբեկչությանը և եվրոպացի հրեաների սպանությանը վերջ դրվեց: Այդ օրը դարձավ իրավազուրկ ու հետապնդումների ենթարկվող միլիոնավոր մարդկանց ազատագրության օր, զոհերի հիշատակի օր, հաղթանակ անարդարության նկատմամբ: Այդ փորձը ցույց է տալիս՝ պատմությունից կարելի է դասեր քաղել, առավել ևս պատմության աղետներից: Թույլ չտալ, որ գերմանական հողը երբևէ նորից դառնա պատերազմի կամ մարդկության դեմ հանցագործությունների աղբյուր: Այսօր դա Գերմանիայի արտաքին քաղաքականության անբաժանելի, կենտրոնական տարրն է: Մեզ համար քաղաքականությունն անհնար է առանց պատմության: Բայց ինչ տեսք ունի հակադարձ փոխկապակցվածությունը: Որքան քաղաքականություն է պարունակում պատմությունը: Որքա՞ն սերտ են փոխկապակցված, մենք գործնականում զգում ենք միջազգային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:

Մայիսի 8-ի նկատմամբ էլ վերաբերմունքը հաճախ արմատականորեն տարբեր է: Ռուսաստանում ու ԽՍՀՄ-ի մյուս երկրներում հիշում են հերոսներին ու նշում են պատերազմի ավարտը հաղթանակի շքերթներով: Արևմտյան դաշնակիցները ևս մայիսի 8-ին տոնական միջոցառումներ են անում: Բոլոր նրանց, որ պայքարել են նացիոնալ-սոցիալիստների բռնապետության դեմ, մենք շնորհակալ ենք մինչև այսօր: Լեհասատնում, Մերձբալթիկայում և Կենտրոնական, Արևելյան ու Հարավ-Արևելյան Եվրոպայի մյուս երկրներում, հակառակը, մայիսի 8-ին վերաբերվում են խառը զգացումներով: Նրանց համար նացիոնալ-սոցիալիզմի նկատմամբ հաղթանակը կապված է անազատության մեկ այլ ձևի սկզբի և օտարի կամքի պարտադրման հետ՝ փորձ, որ նրանք կիսում են շատ մարդկանց հետ Արևելյան Գերմանիայում: Մայիսի 8-ը հստակ ցույց է տալիս՝ պատմությունը իր դրոշմն է դնում նրա վրա՝ ով ենք մենք, ոչ միայն իբրև մարդ, այլև՝ ազգ: Առավել ևս կարևոր է անկեղծությունը: Գերմանիայի անցյալը ցույց է տալիս ռևիզիոնիզմի վտանգավորությունը, որ փոխարինում է ռացիոնալ մտածողությունն ազգային միֆերով: Ալդ պատճառով, այլ ոչ թե իբր բարոյական գերազանցության, մենք՝ գերմանացիներս, պարտավոր ենք հայտարարել մեր դիրքորոշումը, երբ հարձակման ենթարկվածներին դարձնում են ագրեսոր, իսկ զոհերին՝ հանցագործ: Վերջին ամիսներին այնքան անպատկառորեն պատմությունը վերաշարադրելու բազմիցս ձեռնարկված փորձերը պահանջում են բացատրություններ, որոնց անհրաժեշտությունը չպետք է ծագեր՝ նկատի ունենալով պատմական աներեր փաստերը՝ հարձակվելով Լեհաստանի վրա Գերմանիան միայնակ սկսեց երկորրդ համաշխարհային պատերազմը: Եվ Գերմանիան միայնակ է կրում մարդկության դեմ գործված՝ հոլոքոստի հանցագործությունների պատասխանատվությունը: Նա, ով կասկածներ է սերմանում և մյուս ժողովուրդներին է պարտադրում հանցավոր դերը, անարդար է զոհերի նկատմամբ: Չարաշահում է պատմությունը ու շիկացնում Եվրոպան: Բայց ինչպե՞ս կարելի է ամապնդել մայիսի 8-ը եվրոպական հիշողության մեջ, որ այդ օրը մեզ միավորի: Անհրաժեշտ է երկու պահ՝ պատրաստակամություն մեր հշողության մեջ ներառելու մյուսների տեսակետը՝ ինչպես զոհերի ցավը, այնպես էլ հանցագործների պատասխանատվությունը: Եվ քաջություն՝ հստակ տարբերություն դնելու զոհի ու հանցագործի, միֆի ու պատմական փաստի միջև:
Հեյկո Մաաս և Անդրեաս Վիրշինգ, Der Spiegel


Հ.Գ. Գերմանիայի ԱԳ նախարարն ու Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտի տնօրենը դիպուկ ու տեղին ձևակերպումներ են տվել, բայց նրանք բազում հարցեր թողել են բաց: Թերևս խնդիր չունենալով՝ անդրադառնալ պատմության վերաշարադրանքների նպատակադրումներին: Փաստացի՝ Գերմանիան հայտարարել է, որ ինքը չի մասնակցում այդ գործընթացին: Իսկ գործընթացը մեկն է՝ Ռուսաստանը համարում է, որ ինքը մենակ է հաղթել Հիտլերին, Եվրոպան ու ԱՄՆ-ը փորձում են հնարավորինս նսեմացնել ԽՍՀՄ-ի դերը: Պատահական չէ, որ Եվրոպան երկրորդ աշխարհամարտում հաղթանակը նշում է մայիսի 5-ին, Ռուսաստանն ու հետխորհրդային տարածքի պետությունները՝ մայիսի 9-ին: Նույնիսկ այդ հարցում կա տարբերություն: Չերչիլի Ֆուլտոնյան նշանավոր ելույթով սկսված սառը պատերաազմի օրերից մինչև հիմա աշխարհում շարունակվում է երկրորդ աշխարհամարտի պաշտոնական արդյունքներով հաստատված աշխարհակարգի փոփոխության գործընթացը, որի գործիքներից մեկն էլ հաղթողի դափնիների վերաբաժանումն է: Իրականությունը մեջտեղում է՝ հաղթել է կոալիցիան, որտեղ գլխավոր դերում Ռուսաստանն էր, բայց առանց դաշնակիցների՝ Կրեմլը պատերազմը չէր կարող ավարտել 1945-ի մայիսի 9-ին, իսկ դաշնակիցները միայնակ ընդհանրապես չէին հաղթի Հիտլերի Գերմանիային: Իսկ պատկերացնու՞մ եք երբևէ Թուրքիայի ԱԳ նախարարը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանության մասին խոսի այնպես, ինչպես Գերմանիայի ԱԳ նախարարը խոսում է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների հոլոքոստի մասին: Թերևս՝ ոչ ոք: Ու պատճառը ոչ միայն աշխարհաքաղաքականէ, այլև քաղաքակրթական տարբերություններն են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ