Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վերադարձ քարեղեն ժպիտով

Վերադարձ քարեղեն ժպիտով
25.07.2017 | 10:34

Որպես ընթերցող երբեք էլ անտարբեր չեմ եղել հուշագրությունների հանդեպ: Հավաստում եմ նաև, որ ժամանակին աշխատած լինելով կուսակցական և խորհրդային մարմիններում, ամենևին էլ կարոտաբաղձությամբ չեմ տառապում, բայց համոզված եմ նաև, որ, իրոք, գործն է անմահ, ու երիցս իրավացի է եղել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հիմնադիր Պավել Սաֆյանը, որ ժամանակին ասել է. «Մենք կենտկոմի և քաղկոմի համար չենք աշխատում, մենք աշխատում ենք մեր բնակչության համար: ՈՒմ համար աշխատում ենք, նա էլ իրավունք ունի մեզ գնահատելու կամ քննադատելու»: Այս խոսքերը յուրատեսակ բնաբան են դարձել «Գործն է անմահ» հուշերի յուրատեսակ ժողովածուի համար: Նոր Նորքի վարչական շրջանի կենտրոնական գրադարանի գրական միավորման «Լուսաբաց» մատենաշարի հերթական այս գիրքը նվիրված է շրջանի հիմնադրման 50 և հիմնադրի՝ Պավել Սաֆյանի ծննդյան 90-ամյակներին:


Գրքի նյութերը հավաքել, կազմել ու խմբագրել է Յուրի Սահակյանը, որը ՀԿԿ շրջկոմի ընդհանուր բաժնի ղեկավարն է եղել 1972-91 թթ. և անմիջական աշխատանքային առնչություններ է ունեցել Պավել Սաֆյանի հետ: Գրքի շապիկին Պավել Սաֆյանի վերադարձն է քարեղեն ժպիտով՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի հեղինակած կիսանդրին, որ 2004 թ. կառուցվել է Նոր Նորքի այն ժամանակվա թաղապետ, երջանկահիշատակ Դավիթ Պետրոսյանի նախաձեռնությամբ: Ավելի վաղ` 1997-ին, Նոր Նորք համայնքի ղեկավար Մկրտիչ Մինասյանի որոշմամբ, Պավել Սաֆյանին հանձնվել է «Նոր Նորք համայնքի պատվավոր անդամի» առաջին վկայագիրը:
Գրքի էջերում Պավել Սաֆյանի գործունեության ուշագրավ մանրամասներն են ներկայացնում ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Գրիգոր Ղարիբյանը, ՀԿԿ կենտկոմի քարտուղար Վլադիմիր Ղալումյանը, Խորհրդային շրջանի գործադիր մարմնի ղեկավար Լյուդմիլա Բլաժեևան և ուրիշներ: Առանց հուզմունքի չես կարող կարդալ Սաֆյանի դուստրերի՝ Նարինեի և Անահիտի «Մեր հայրիկը» խոհապատումը:
Չեմ ուզում շատ երկարաձգել ասելիքս, պարզապես առաջարկում եմ կարդալ այս գիրքը, որ արժևորում է ոչ միայն Պավել Սաֆյանի, այլև նրա բազմաթիվ գործընկերների ու նրա հետ առնչված մարդկանց կյանքի ճանապարհը: Միայն իմ հայրենակից, երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի՝ «Մեր՝ 25-ի Ա-ն» իրապատումը հիշատակի ինքնատիպ կանգառ է մոտ երեք տասնյակ երևելի մարդկանց կյանքի ճանապարհին: Ժողովածուի էջերում ուշագրավ բեկորներ են Պավել Սաֆյանի հետ ունեցած աշխատանքային և ոչ աշխատանքային առնչություններից: Անդրադարձներ կան Պավել Սաֆյանի՝ Սիսիանում, Մասիսում վստահ քայլերով լեցուն ճանապարհին: Շատ խոսուն են նաև գրքի էջերում տեղ գտած լուսանկարները՝ մոռացումից փրկված վավերագրերն ու սրբացած մասունքները: Իսկ որպես վերջաբան Հովհ. Թումանյանի խոսքերն են.
…Երնեկ նըրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար:


Կարծում եմ՝ ընթերցողը շնորհակալական զգացումով կհամակվի Նոր Նորքի վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազելի Արզումանյանի, որը մտահղացել է գրքի տպագրության գաղափարը, տպագրության հովանավորի՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն ՈՒլիխանյանի և այն մարդկանց հանդեպ, որոնց ջանքերով լույս աշխարհ է եկել այս ինքնատիպ ժողովածուն:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 12612

Մեկնաբանություններ