Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կա՞նգ, թե՞ ճեղքում

Կա՞նգ, թե՞ ճեղքում
01.02.2019 | 03:29

Նիկոլ Փաշինյանն այս օրերին Գերմանիայում է` Մերկելի հրավերով: Հիշենք` ֆրաու Մերկելն արդեն «կաղ բադիկ» է: Քաղաքականության, էլ առավել արևմտյան քաղաքականության մեջ կա չգրված ոսկի կանոն. հեռացողը ասում է բաներ, որ չէր կարող ասել պաշտոնավորման ժամանակ: Հիշենք` ինչ ասաց ՀՀ-ում ԱՄՆ-ի ոչ անհայտ դեսպան Միլզը` մեկնումից առաջ. նա խոսեց գրավյալ տարածքները վերադարձնելու մասին:


Գերմանական այցի հաջորդ «հմայքն» էլ այն է, որ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հրավերով Գերմանիայում են նաև ՀՀԿ «կարկառունները»` Արփինե Հովհաննիսյանը, Վիգեն Սարգսյանը, Արմեն Աշոտյանը: Չմոռանանք Նիկոլ Փաշինյանի ելույթը նույն Ադենաուերի հիմնադրամում: Պատահականությու՞ն Է: Երբեք. Քաղաքականության մեջ պատահական բաներ չեն լինում:


Իսկ ի՞նչ է: Նորմ: Եվ որքան էլ ներխորհրդարանական ոչիշխանական ուժերը բարբառեն` իրենք ընդդիմություն են, իրական հարցեր լուծելու համար միջազգային հանրությունը նրանց հետ չէ, որ հաշվի կնստի: Մանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ «տղերք-աղջկերքը», որոնք այսօր գտնվում են Գերմանիայում, ՀՀԿ-ից են, իսկ ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսյանն է` «շախմատիստ», որն այս պահին, մեր կարծիքով, ընդամենը «նահանջի» մեջ է: ՈՒրիշ ոչինչ: Չնայած թիմը, որն այս պահին գտնվում է այնտեղ, և թիմի անդամներն առանձին-առանձին Փաշինյանի մի ողջ թիմ արժեն. գործիչներ, որոնք ոչ միայն անցած ճանապարհ ու միջազգային արենաներում «հաջողության պատմություն» ունեն, այլև տիրապետում են արտքաղաքական «ալֆա-օմեգային», ի տարբերություն Փաշինյանի, էլ չենք ասում` իր թիմի:


Մի խոսքով, որն է խնդիրը. կարծում ենք` էլի ու էլի, դարձյալ ու դարձյալ` Ղարաբաղը: Ղարաբաղյան թնջուկը: Նկատենք, թե ինչ արագություն է հավաքում գործընթացը. հենց միայն քրոնոլոգիան բավարար է, որպեսզի «ոզնին» անգամ հասկանա` միջազգային հանրությունը հերթական անգամ ձեռնամուխ է եղել «բացելու լուծման պատուհանը» և լուրջ ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ. հակամարտող երկրների ԱԳ նախարարների երկարատև հանդիպումներ` ամեն ամիս, հակամարտող երկրների ղեկավարների «պատահական», սակայն նույնքան երկարատև, չֆորմալացվող, իրականում խիստ ֆորմալ հանդիպումներ, ընդ որում, պաշտոնական` ֆորմալ հանդիպումը, ըստ որոշ աղբյուրների, կկայանա առաջիկայում` Վաշինգտոնում: Բոլթոնի` ԱՄՆ-ի արտքաղաքական հարցերով «գորշ կարդինալի» «անձնական», «խիստ» և «մեծ» շահագրգռություն Ղարաբաղյան հարցում` խաչաձև այցեր, հեռախոսազրույցներ հակամարտող կողմերի հետ, մասնավորապես, դավոսյան հանդիպումից հետո (թող Նիկոլ Փաշինյանը «թիթեռ չնկարի» այդ հարցում). Կարասինի այց, տևական քննարկում ԱԳՆ-ում. ԵՄ համքարության բարձրաստիճան ներկայացուցչի` Հանի այց… Բոլորը չես թվարկի։


Մնում է մեկ անգամ ևս պատասխանել հավերժական հարցին, որից հետո կանդրադառնանք ՀՀԿ-ի և Փաշինյանի գերմանական «համատեղելիությանը»:
Հարց. ԱՄՆ-ը և Ռուսաստանն այս փուլում ի՞նչ նպատակադրությամբ են, որպես ՄԽ համանախագահներ, մասնակցում գործընթացին: Նկատենք, ռիտորիկան արտաքուստ, մասնավորապես ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինի դեպքում, բավականաչափ լոյալ է. վերջինս հավաստում է, որ ամեն բան տեղի է ունենում Ռուսաստանի աչալուրջ աչքի ներքո: Չընկնենք դավադրության տեսության գիրկը` արձանագրելու, որ Ռուսաստանը գիտե` «ու՞ր կարող են գնալ Հայաստանն ու նրա ղեկավար Փաշինյանը». ոչ մի տեղ, որովհետև մայր-Ռուսիան Հայաստանի վրա ներազդելու բազում-բազմաթիվ գործիքներ ունի: Սակայն բանն այն է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ԱՄՆ-ը ևս կոնկրետ «խողովակներ» ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Սրանով է հարցը այսքան ու այսպես նրբացել, և ԱՄՆ-ը փորձում է նաև Գերմանիայի միջոցով ճեղքում ապահովել` նույն պահին, նույն տեղում հավաքելով հայոց իրական քաղաքական էլիտային:


Մի բան դուրս կգա՞: Ո՛չ: Ինչու՞: Միմյանց նկատմամբ ներքաղաքական հուժկու «նեպրիյազն» ունեցող այդ երկու ուժերը Ղարաբաղի հարցում մեկ տեսլական ունեն. հարցը այս պահին լուծել հնարավոր չէ մեկ պարզ պատճառով` պետք է ամրագրվի Ղարաբաղի կարգավիճակը. ներկա պահին նման հնարավորություն ու հեռանկար չկա: Բա՞։ Ոչ մի բա. Նիկոլ Փաշինյանի «հեղափոխությունն» առաջին հերթին հենց Ղարաբաղյան հարցի ձգձգմանն ու ժամանակ շահելուն էր առնչվում:
Մեր կարծիքով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ