Մտերիմների արկածները ԱԺ-ում

Մտերիմների արկածները ԱԺ-ում
14.02.2020 | 13:24

Երբեք խորամուխ չեմ եղել մարդկանց անձնական կյանքի դրվագների մեջ, դա համարելով բարեկիրթ մարդու բարձրագույն կրեդո։ Սակայն երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը մեզ մաստեր կլաս ցույց տվեց՝ մարդու անձնական կյանք ներխուժելու «50 երանգների» մասին։ Ստիպված եմ հակադարձել իրեն, իր ոճով։ Ես՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՍ, հանդիսանում եմ Լուսավոր Հայաստանի և անձամբ տիկին Կոստանյանի գործատուն։ Չէ ես ոչ իրեն, ոչ լուսավորին չեմ ընտրել, սակայն նրանք աշխատավարձ են ստանում նաև իմ վճարած հարկերի հաշվին։ Եվ տիկին Կոստանյանը հանրային պատասխանատվություն է կրում նաև իմ առջև։


Տիկի՛ն Կոստանյան, երեկ, որ խոսում էիք ինչ-որ արժեքներից, մտերիմությունից, կաշկանդվածությունից, ներքին բարոյական պատասխանատվություն զգու՞մ էիք, թե դա հանրությանը մոլորեցնելու տեսանկյունից ձեր կուսակցության «կլասիկ» գործելաոճի հերթական դրսևորումն էր։ Դուք երեկ խոսում էիք որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, թե՞ Ռուբենի ՄՏԵՐԻՄ։ Որքան էլ, որ Ձեր էջից փութաջանորեն ջնջեք Ձեր համատեղ լուսանկարները։ Հարգելի՛ս պատգամավորի մանդատը ոչ միայն իրավունք է այլև լուրջ պատասխանատվություն։
Հիմա մի քանի խոսք ձեր ՄՏԵՐԻՄԻ իրական բարեփոխումների մասին։
Ռեկտորի պաշտոնը ստանալուց հետո Ձեր ՄՏԵՐԻՄԸ ՀՊՏՀ կոլեկտիվի վարչական աշխատողների մեծ մասին աշխատանքից ազատվելու ապօրինի ծանուցումներ է տվել։ Որոշ դեպքերում ձեր ՄՏԵՐԻՄԻ ընկերները կորզել են ստորագրություններ, ինչը վկայող փաստեր կարող եմ ներկայացնել՝ հանձին աշխատակիցների դիմումների։ Իբրև այս ամենի հիմնավորում Ձեր մտերիմը ներկայացնում էր իբրև թե «կատարվող տնտեսումները»։ Հիմա ձեզ հարցնում եմ, երբ պրոռեկտորի հաստիքը կրճատում էր ու դրա փոխարեն հանրագումարում դեպարտամենտի տնօրենի և տնօրենի տեղակալի հաստիք էր բացում դա՞ էր տնտեսումը։ Թե երբ գլխավոր հաշվապահի աշխատավարձը 50,000 դրամով կրճատում, սակայն կրճատածը 10 անգամ գերազանցող ֆինանսական տնօրենի հաստիք էր բացում։ Ու զարմանալիորեն, մրցույթների անցկացման մեծ սիրահար, Ձեր ՄՏԵՐԻՄԸ նորաբաց հաստիքներում առանց մրցույթի տեղակալում էր իր ընկերներին։ Եթե կհետաքրքրի փաստերը դիմեք ինձ կներկայացնեմ։


Ձեր ՄՏԵՐԻՄԸ իբրև խոշոր ձեռքբերում անընդհատ ներկայացնում է բաց մրցութային կարգը և դրա ապահոված իբրև թե «ֆանտաստիկ» արդյունքները։ Ո՞րն է ֆանտաստիկ արդյունքը՝ իր մտերիմներին, երբեմն անգամ առանց մրցույթի դիմելու, կամ մրցույթին չներկայանալով դասաժամեր տա՞լը։ Եվ դա այն պարագայում, երբ այդ դասաժամին դիմել և բավականին բարձր բալեր հավաքել են միանգամայն այլ մարդիկ։
Ո՞րն է ֆանտաստիկ արդյունքը երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մարդկանց մրցույթի արդյունքներով դասաժամերից զրկելը և նրանց հավաքած միավորները իրենցից թաքցնե՞լը։ Գիտե՞ք արդյոք քանի հոգի է դիմում գրել՝ խնդրելով իրեն տրամադրել իր հավաքած միավորները։ Ձեր ՄՏԵՐԻՄՆ իր ստորագրությամբ նրանց պատասխանել է, որ դրանք չկան և գտնվում են սևագիր վիճակով։ Այնինչ դրանք առկա եղել են։ Հիմա քանի՞ նման դիմումի պատասխան ձեզ ցույց տամ տիկի՛ն Կոստանյան, որը կփաստի, որ ձեր ՄՏԵՐԻՄԸ գոնե այդքան մարդու ստել է իբրև ռեկտորի Ժ/պ։ Ֆանտաստիկ արդյունքը ո՞րն է, երբ մի ամբողջ ամբիոնում դասաժամ ստանալ չստանալու հարցում միակ ուղենիշը ձեր ՄՏԵՐԻՄԻ դեմ վարչապետին ուղղված բաց նամակի տակ ստորագրել-չստորագրելու հանգամա՞նքն է եղել։ Հիմա այդ մարդիկ անգրագետ էին, ինչպես ձեր ՄՏԵՐԻՄՆ ԷՐ պնդում, թե՞ նրանք ուղղակի դժբախտություն էին ունեցել իբրև ամբիոնի վարիչի ժ/Պ նրա դրսևորած ապօրինությունները ներկայացնող բաց նամակի տակ ստորագրելու։


Ձեր ՄՏԵՐԻՄՆ իբրև ձեռքբերում ներկայացնում է պարգևավճարի դիֆերենցման իբրև թե վստահելի համակարգի ներդրումը։ Այդ վստահելի համակարգը ո՞րն էր սևագիր մի թերթոն ծրագրավորողներին փոխանցելն ու այդ թերթոնի մեջ գրած պայմաններից տարբերվող պարգևավճարներ տա՞լը։ Եվ դա այն դեպքում, երբ իր պարգևավճար տալուց հետո հարցման բազան, իր իսկ բանավոր կարգադրությամբ դեռ բաց էր և ով ուզեր կարող էր մտնել ու քվեարկել։ Այստեղ են ասել․ կարևոր չի ո՛վ է ընտրում, կարևոր է ո՛վ է հաշվում։ Ոնդ որում մեր կոլեկտիվից ով դիմել է Ձեր ՄՏԵՐԻՄԻՆ, նա միանգամից վերանայել է պարգևավճարի չափը։ Ու այս ամենը վկայող փաստեր նույնպես կարող եմ Ձեզ տրամադրել տիկին Կոստանյան։ Ահա ձեզ մեր պարգևավճարների «վստահելի» համակարգը։


Ձեր Մտերիմը իր մտերիմներին պարգևավճարներ է տվել մի բանի համար, որը առնվազն 21 անձ իրականացրել և չի պարգևատրվել։ Ընդ որում պարգևավճարի զեկուցագիրը գրել է Ձեր մտերիմի ընկերը, ով նոր էր վերադարձել արտերկրից ու չէր էլ կարող տեսնել աշխատանք կատարվել է թե ոչ։ Էլ չեմ խոսում 6 օր աշխատած մեկ այլ մտերիմի 100% պարգևավճար տալու մասին։ Ճի՛շտ է դատախազությունն ասում է, որ ձեր ՄՏԵՐԻՄԸ դրա իրավունքը ուներ և օրենք չի խախտել, սակայն զարմանալիորեն ԿԳՄՍՆ-ին նամակ է հղում առ այն, որ անհապաղ վերացնեն այն բացերը, որոնք ձեր մտերիմին նման գործողություն իրականացնելու հնարավորություն են տվել։ Հիմնավորումն էլ նա է, որ այդ բացերը ֆինանսական չարաշահումների և կոռուպցիայի հնարավորություն են ընձեռում։
Ձեր ՄՏԵՐԻՄԸ, ով անչափ սիրում է վերամբարձ դատողություններ անել նախկին կոռումպացված համակարգի վերաբերյալ մի հրաշքով դոկտորի աստիճան է ստացել 2 սև ընդդիմախոսի բացասական կարծիքի առկայության պարագայում։ Սա այն դեպքում, երբ նրա գործը քննած հանձնաժողովը լայնամասշտաբ արտագրություններ է բացահայտել նրա աշխատանքի ոչ միայն տեսական հատվածներում։
Սակայն, արդարության համար, կցանկանայի շեշտել, որ մեր համալսարանի կոլեկտիվին առանձնապես չի հետաքրքրում այս հանգամանքը։ Մեր կոլեկտիվը ուղղակի իր մաշկի վրա զգացել է Ձեր ՄՏԵՐԻՄԻ՝ իբրև ղեկավարի, չկայացածության պերճանքն ու թշվառությունը։ Եվ դա՛ է պատճառը, որ նրա պաշտոնը թողնելուց հետո այդ կոլեկտիվը նրան, անգամ իբրև պրոֆեսոր չցանկացավ տեսնել Համալսարանում։
Այնպես որ տիկին Կոստանյան խորհուրդ եմ տալիս կա՛մ Ձեր ՄՏԵՐԻՄԻՆ լավ ճանաչեք, կա՛մ հետայսու խոսեք բացառապես փաստերով։ Իսկ եթե այդպիսիք չունեք, դիմեք մեզ մենք սիրահոժար կտրամադրենք։ Ընդ որում ոչ միայն մատնանշվածի, այլև մի շարք այլ դրվագների առնչությամբ։

Արմեն Վարդան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ