Yerevan Perspectives International Music Festival
 

Ինչ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը բացակայեց երկրից, կամ՝ վեթինգը սկսվեց

Ինչ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը բացակայեց երկրից, կամ՝ վեթինգը սկսվեց
08.06.2019 | 12:33

Երեկ ֆեյսբուքյան հրաժարականների օր էր՝ նախ ԲԴԽ խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքով խնդրեց իր լիազորությունները դադարած համարել հունիսի 10-ից և տեղակացրեց, որ զբաղվելու է գիտակրթական գործունեությամբ՝ «Գոնե այս ոլորտում վստահության խնդիր չունեմ»: Երկրորդն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էր. «Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար: Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»:


Երեկ «Իմ քայլն» արդեն հրապարակեց ԲԴԽ-ի իր թեկնածուի անունը, իսկ Լիլիթ Մակունցը հերքեց, որ խմբակցության նիստում քննարկվել է Արտակ Զեյնալյանի հրաժարականի հարցը: Հարցին՝ կայի՞ն դժգոհություններ արդարադատության նախարարի աշխատանքից. Մակունցը պատասխանել է. «Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են՝ առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ կապված»: Ճշտող հարցին՝ դա նշանակու՞մ է, որ Զեյնալյանը չէր արդարացնում իշխող մեծամասնության սպասելիքները, Մակունցն ասաց. «Ասացի ընդհամենը, որ հնչել են մտահոգություններ և նշեցի, թե ինչ ոլորտներում, ավել մեկնաբանություն չասացի»:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ նախարարին փոխարինելու է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը՝ Մակունցը նշեց, որ նման քննարկումներից տեղյակ չէ: Իսկ «Ժողովուրդը» գրել էր. «Մամուլը տևական ժամանակ գրում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հնարավոր պաշտոնանկության մասին, և այդ խոսակցությունները չեն դադարում նաև նախարարության ներսում: Անձամբ Զեյնալյանը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խուսափել էր խոսել իր հնարավոր պաշտոնանկության մասին, իսկ օրերս էլ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, թե կառավարությունը գոհ է իր աշխատանքից: Սակայն նաև իշխանական պատգամավորներն են մասնավոր զրույցներում դժգոհում Զեյնալյանի գործունեությունից և ոլորտի վիճակից՝ ասելով, թե գործ չի արվում: Եվ հիմա իշխանության ներսում ակտիվորեն խոսվում է Զեյնալյանի պաշտոնանկության մասին, իսկ որպես նրան ամենահավանական փոխարինող նշվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունը: Բացի նրանից՝ այլ անուններ ևս կան, սակայն նա ամենահավանականն է համարվում: Նա նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանիքի քավորն է»: Իսկ ԻՔ խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը «Առաջին լրատվականին» ասել էր. «Դատաիրավական բարեփոխումների մասով նախ չեմ համաձայնվի այն գնահատականի հետ, որ արդարադատության նախարարությունը պարապուրդի է մատնված եղել, այլ բան է, որ առանձին մարդկանց բարեփոխումների տեմպերը կարող են գոհացնել կամ ոչ»: Հարցին՝ կարող է Արտակ Զեյնալյանի հրաժարականը դանդաղեցնի բարեփոխումների ծրագիրը, պատգամավորը նշեց, որ երբ նախարար է փոխվում, որոշակի ժամանակ դա տևում է, բայց հնարավոր է վարչապետի կողմից այդ դիմումը չընդունվի, այսինքն՝ մենք Արտակ Զեյնալյանն այլևս արդարադատության նախարար չէ իրողությունը դեռ չունենք: Եղան նաև այլ ու իրարամերժ մեկնաբանություններ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Որքան խոսվում էր Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին, նույնքան ու ավելի խոսվում է Ատոմ Ջանջուղազյանի հրաժարականի մասին, բայց նա պաշտոնավարում է: Գուցե՝ դեռ պաշտոնավարում է: Բոլոր դեպքերում՝ միտումը հստակ է, որ ձևավորվում է բացարձակապես միաբևեռ իշխանություն, ԱԳ ու ՊՆ նախարարների բացառությամբ: Նրանք էլ կփոխվեին, բայց կադրեր չկան: Բոլորովին վերջերս մամլո ասուլիսում Արտակ Զեյնալյանը նման չէր մարդու, որ պատրաստվում է հրաժարական տալ: Նա հրաժարական չտվեց նաև դատարանների շրջափակման օրը, թեպետ դա ամենաճիշտ պահն էր, եթե մտադիր չէր պաշտոնավարել այլևս: Այսինքն՝ փոփոխությունը եղել է այս ընթացքում: Կամ՝ նրա ներսում իրավապաշտպանը զգացել է, որ հաղթում է նախարարին միայն երեկ: Իսկ իմաստ ունե՞ր նրա՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամի, արդարադատության նախարար դառնալն ընդհանրապես: Այո, որովհետև մեկ տարի առաջ ոչ ոք, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, չգիտեր՝ իրադարձություններն ինչ ընթացք են ունենալու: Եվ ոչ, որովհետև «Հանրապետությունը» Գյումրիից Երևան չէր եկել Նիկոլ Փաշինյանի հետ ու 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններում չէր հաղթահարել դաշինքի համար նախատեսված 7 տոկոսը:


Բայց եղավ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և Արտակ Զեյնալյանն ընդունեց: Մնացածի մասին ինչ էլ ասվի, լինելու է վարկած: Փաստացի՝ վեթինգի մասին օրենքը չկա, բայց վեթինգն արդեն գործում է։ Ո՞վ է հաջորդը: Տրամաբանորեն՝ ՍԴ նախագահը: Բայց Հայաստանում տրամաբանությունը տրենդում չէ:

Դիտվել է՝ 1589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao