Amadinda
 

«Իրանին ձեռնտու է, որ ստատուս-քվոն պահպանվի և երբևիցե չփոխվի հօգուտ Ադրբեջանի»

«Իրանին ձեռնտու է, որ ստատուս-քվոն պահպանվի և երբևիցե չփոխվի հօգուտ Ադրբեջանի»
11.06.2019 | 00:40

Մենք հաճախ այնքան ենք կենտրոնացած մեր ներքին խնդիրների, գզվռտոցների վրա, որ հազվադեպ ենք նկատում, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում, ինչ վտանգների առաջ կարող է այն մեզ կանգնեցնել։ Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ևս նկատում է, որ հասարակությունը շատ է սևեռված ներքաղաքական զարգացումների վրա՝ հեռվում թողնելով արտաքին մարտահրավերները, ինչը բավական մտահոգիչ է։ Իրանագետի հետ զրուցում ենք հայ-իրանական հարաբերությունների շուրջ։

-Վերջերս այսպիսի գրառում էիք արել սոցցանցում. «Հստակ չգիտեմ էդ վեթինգ-մեթինգները ինչ են, բայց Իրանի շուրջ իրադարձություններն ընթանում են գլխապտույտ արագությամբ, իսկ մենք էշի ականջում քնած ենք ու հայտնի անեկդոտի պես, հույսներս էլի մենակ Աստծու վրա ենք դրել»։ Պարոն Ոսկանյան, կխնդրեի փակագծերը բացել և խոսել, թե ինչ է կատարվում Իրանի շուրջ և ինչու մենք այդ ամենին համարժեք չենք արձագանքում։
-Իրանի շուրջ զարգացումների երկու բույլ ունենք։ Նախ Իրան-ԱՄՆ հարաբերություններ, որոնք չափազանց լարված են և անգամ կողմերը հռետորաբանության, հայտարարությունների մակարդակում միմյանց սպառնում են։ ԱՄՆ-ը բավական ակտիվ փորձում է ներկայություն ունենալ Պարսից ծոցի տարածաշրջանում։ Զարգացումների երկրորդ խումբը վերաբերում է Իրան-ԵԱՏՄ հարաբերություններին։ Իրանը փորձում է այդ միության հետ տնտեսական հարաբերությունները զարգացնել և այս համատեքստում Հայաստանը դիտում է որպես կապող օղակ։
-Ի դեպ, հայտարարություն եղավ, որ Իրանն արդեն վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։
-Սա հուշում է այն մասին, թե ինչպիսի կարևորություն ունի այս ոլորտն Իրանի շահերի տեսանկյունից, որը պայմանավորված է նաև ԱՄՆ-ի պատժամիջոցային ռեժիմի խստացմամբ։ Այս իրավիճակը մեզ համար և՛ ռիսկային, և՛ հնարավորությունների դաշտ է ստեղծել։ Պետք է ռիսկային իրավիճակները կառավարել, իսկ հնարավորություններից օգտվել։
-Ի՞նչ նկատի ունեք ռիսկային իրավիճակ ասելով։
-Հատկապես Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ոլորտը, որը կարող է քաղաքական հարթությամբ պայմանավորված որոշակի ազդեցություններ ունենալ։ Խոսքը մասնավորապես բանկային համակարգում ստեղծված ռիսկերի մասին է։ Նորություն չէ, որ Հայաստանի բանկերում զանազան խնդիրներ են առաջանում՝ առևտրային գործարքների դրամական հատվածն ապահովելու հետ կապված, ավելին, Հայաստանին ԱՄՆ-ը «հորդորում» է սահմանափակել Իրանի հետ գործակցությունը։ Այլ ոլորտներում էլ ռիսկային իրավիճակներ կան։ Սակայն պատժամիջոցները նաև մեզ համար լուրջ հնարավորություններ են բացում, ինչի մասին ապրիլին Երևանում կայացած համաժողովի ժամանակ խոսել է նաև ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Իրանական կողմն էլ բազմիցս փաստել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի շրջանակներում Հայաստանը կարող է լրջագույն դերակատարում ունենալ։ Հիմա մեզ համար գերակտիվ աշխատելու ժամանակաշրջան է, որպեսզի կարողանանք ապահովել մեր պետության շահերը, որոնք առաջին հերթին միտված են աշխարհաքաղաքական դիրքի անվտանգությանը և տնտեսությանը զարկ տալուն։ Հայաստան-Իրան հարաբերություններում շատ խնդիրներ ուղղակիորեն առնչվում են աշխարհաքաղաքական շահերին։ Օրինակ, Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մաս դառնալը մեզ բերում է ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև թուրք-ադրբեջանական շրջափակման հաղթահարում։ Հետևաբար այս ծրագրերով լուրջ զբաղվելը ոչ միայն տնտեսական խնդիրներ է լուծելու, այլև աշխարհաքաղաքական և անվտանգային բաղադրիչ է ապահովելու։
-Հայաստանում մշտապես տեսակետ է հնչում, որ Իրանի հետ հարաբերություններում ունենք կորցրած հնարավորություններ։ Ամիսներ առաջ Փաշինյանն Իրանում էր, ստորագրվեցին պայմանագրեր, պայմանավորվածությունների մասին հայտարարվեց։ Այսօր ինչպիսի՞ հարթությունում են այս հարաբերությունները, կյանքի կոչվու՞մ են այդ պայմանավորվածությունները։
-Հայաստանում կա չափազանց մեծ մի խնդիր։ Պետական, հասարակական խավերի ուշադրությունը կենտրոնացած է բացառապես ներքին խնդիրների վրա, մինչդեռ Հայաստանի համար առաջին մարտահրավերը, ըստ էության, արտաքին քաղաքական միջավայրն է և զարգացումները։ Այս հարթության մեջ Իրանի հետ հարաբերությունները շատ դեպքերում ունեն կենսական նշանակություն։ Հետևաբար այստեղ իրականացվող աշխատանքը երբեք չի սպառվում, և իրականացված քայլերը չեն կարող գոհացուցիչ լինել։ Սա վերաբերում է և անցյալին, և ներկային, և ապագային։ Եթե փորձենք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, առանձնապես լուրջ գործողություններ չեն իրականացվել, որոնք բխում են ոչ միայն տնտեսության կենսական, այլև անվտանգային, աշխարհագրական շահերից։ Այս ուղղության վրա պետք է հատուկ ուշադրություն սևեռենք։ Շատ թույլ ենք աշխատում ոչ միայն Իրանի, այլև մեր մյուս գործընկերների հետ։ Օրինակ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, որոնք առնչվում են նաև Հայաստան-Իրան հարաբերություններին, չափազանց կարևոր են, որովհետև ԱՄՆ-ն էլ է Հայաստանի համար կարևոր գործընկեր պետություն։ Շատ խնդիրներ ունենք, որոնք քննարկումներ և լուծումներ են պահանջում, ջանք ու եռանդի ներդրում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հատվում են բազմաթիվ կետերով, մեր անմիջական հյուսիսային հարևան Վրաստանի հետ ևս պետք է գերակտիվ աշխատանք։ Այսինքն, որպես պետություն, այս տարածաշրջանում զարգանալու համար հետևողականորեն պետք է աշխատենք բոլոր գործընկերների հետ։ Միայն դրա շնորհիվ կարող ենք ապահովել մեր պետության զարգացումը և հետագայում այս տարածաշրջանում ավելի հզոր միավոր դառնալու հնարավորությունը։
-ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների պարագայում հնարավո՞ր է Հայաստանը ցատկահարթակ դառնա Իրանի հանդեպ ԱՄՆ-ի նկրտումները բավարարելու համար։
-Բացառում եմ։ Հայաստանում նույնիսկ հասարակական մակարդակում մեծ մասամբ գիտակցում են Իրանի կարևորությունը։ Փա՜ռք Աստծո, համապատասխան ընկալումը կա նաև Իրանում, Հայաստանի հետ հարաբերություններն էլ նրանց անվտանգության համար են կենսական նշանակության։ Հետևաբար նման հավանականությունը բացառում են։ Անշուշտ, կարող են լինել որոշակի շրջանակներ, որոնք կուզենան հասնել դրան, բայց Հայաստանում խելամիտ, ողջամիտ որևէ քաղաքական գործիչ, որոշում կայացնող, հասարակական կառույց չի կարող նման քայլի գնալ ու չի գնա։
-Նշեցիք, որ ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի մյուս պետությունների հետ հարաբերությունների մակարդակը բավարար չէ։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը։
-Բազմաթիվ պատճառներ կան։ Հիմնական խնդիրը, որը չենք կարող լուծել, աշխատանքների մեթոդականության հետ է կապված։ Մենք կարող ենք ինչ-որ ծրագրի ուղղությամբ ակտիվ աշխատել, հետո այն միանգամից դադարեցնել։ Բոլոր իրանագետները գիտեն և փորձում են հասարակությանը բացատրել, որ Իրանն ունի յուրահատկություններ, առանձնահատկություններ, կարելի է Իրանը համարել առանձին քաղաքակրթության և մշակույթի կրող նաև բիզնեսի ոլորտում։ Այդ երկրի հետ աշխատելն ամենևին էլ հեշտ չէ, բայց Իրանի հետ բոլոր ծրագրերն իրականանալի են, որևէ ծրագրի առնչությամբ եռանդուն, մեթոդական աշխատանքը կհանգեցնի ցանկալի արդյունքի։ Մեր էական խնդիրն այն է, որ բոլոր ծրագրերի առնչությամբ կենտրոնացված աշխատանքներ տանենք։
-Այս իշխանության գոյության մեկ տարվա ընթացքում Իրանի առնչությամբ բավական անցանկալի հայտարարություններ հնչեցին՝ սահմանը փակելուց մինչև ավտորիտար երկիր։ Նման անհեթեթությունները, ըստ Ձեզ, հետք չե՞ն թողել։
-Անշուշտ, դրանք որոշակի դառը հետք կարող են թողնել, բայց Իրանում էլ լավ գիտակցում են, որ Իրան-Հայաստան հարաբերությունները շատ վճռորոշ են։ Հայաստանում պետք է հստակորեն գիտակցեն, որ նման հայտարարությունները չեն բխում նախ և առաջ մեր երկրի շահերից։ Այս առումով հարկավոր է ուշադիր լինել։ Այդ ամենը, կարծում եմ, ոչ թե միտումնավոր էր, այլ փորձի բացակայության հետևանք։ Հայաստան-Իրան հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, նման արտահայտությունները լրջագույն ազդեցություն չեն կարող թողնել, բայց որոշակի մրուր մնում է։
-Արցախյան հակամարտության խնդրում Իրանի գործոնը բավական մեծ է։ Եթե, Աստված մի արասցե, անցանկալի զարգացումներ լինեն, Իրանը կշարունակի՞ կառուցողական դիրքում մնալ։
-Իրանցիներն արցախյան հակամարտության վերաբերյալ ունեն երկու քաղաքականություն՝ հայտարարվող, տեսանելի և գործնական կամ անտեսանելի։ Տեսանելի քաղաքականության ժամանակ Իրանը հանդես է գալիս կշռադատված, հավասարակշիռ, և դա շատ դեպքերում հօգուտ մեզ է։ Ինչ վերաբերում է գործնական տիրույթին, իրանցիների համար արցախա-իրանական սահմանի որևէ փոփոխություն հօգուտ Ադրբեջանի անվտանգային ռիսկ է առաջացնում, և իրանցիները քաջ գիտակցում են, որ այդ սահմանագծի փոփոխությունը հօգուտ Ադրբեջանի կարող է Իրանի հյուսիսում խնդիրներ առաջացնել։ Իրանին այսօր ձեռնտու է, որ առնվազն առկա ստատուս-քվոն պահպանվի և երբևիցե չփոխվի հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին իրանցիները բնականաբար երբեք չեն բարձրաձայնի, հայտարարի, բայց իրական քաղաքականությունը միտված է դրան։ Արցախի շահերի տեսանկյունից Իրանի ներկայությունը չափազանց կարևոր է։ Մի խնդիր կա, որի շուրջ պետք է առանց բարձրաձայնելու Իրանի հետ աշխատենք։ Խոսքը արցախա-իրանական սահմանի ակտիվացման կամ գործարկման մասին է։ Այդ սահմանը ձգվում է շուրջ 100 կմ և ափսոս է, որ այն Արցախն ու Իրանը չօգտագործեն՝ երկուստեք շահերից ելնելով։
-Վկայակոչեմ Ձեր՝ «պետական, հասարակական խավերի ուշադրությունը կենտրոնացած է բացառապես ներքին խնդիրների վրա» վկայությանը և հարցադրեմ՝ նշեցիք, որ մենք ավելի շատ կենտրոնացած ենք ներքին խնդիրների վրա, ինչու՞։ Ձեր թվարկած հարցերը քաղաքական-հասարակական օրակարգի մաս ինչու՞ չեն դառնում։
-Այդ մասին կարող են ավելի ստույգ ասել էթնոհոգեբանները, բայց կարծում եմ, պատճառը դարեր շարունակ պետականության բացակայության հանգամանքն է։ Անշուշտ, այսօր կարողացել ենք ստեղծել բավական ամուր պետականություն, որը դիմանում է բազմաթիվ փորձությունների, բայց էթնիկական մակարդակում մեզ համար ավելի հարմար միջավայր է ներքին խնդիրներով զբաղվելը, շատ հաճախ կենցաղային ամենաաննշան խնդիրներ քննարկելը, քան հեռագնա արտաքին խնդիրներով զբաղվելը կամ ծրագրերին ուշադրություն դարձնելը։ Գուցե սա ազգային առանձնահատկություն է կամ կան պատմական օբյեկտիվ պատճառներ, հստակ չեմ կարող ասել։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ