Ճգնաժամի տարբեր դեմքերը

Ճգնաժամի տարբեր դեմքերը
19.03.2020 | 13:04

Standard&Poor's վարկանիշային ընկերությունը կանխատեսում է, որ 2020-ին համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի մեջ է հայտնվելու: Խնայբանկի կանխատեսումով՝ ճգնաժամի զարգացման վատագույն տարբերակում նավթի գինը կընկնի մինչև բարելի դիմաց 20 դոլար, իսկ դոլարի կուրսը Ռուսաստանում կհասնի 100 ռուբլու: Երեքշաբթի երեկոյան Մոսկվայի բորսայում դոլարն արժեր 75,3 ռուբլի: Brent տեսակի նավթի մեկ բարելը երեքշաբթի արժեր 29 դոլար: 2020-ին համաշխարհային տնտեսությունը կաճի 1-1,5%՝ կանխատեսում է S&P-ն: Վերլուծաբանների կարծիքով՝ ՀՆԱ-ն եվրագոտում կկրճատվի առաջին ու երկրորդ եռամսյակներում, հետո կսկսի դանդաղ վերականգնվել:
Վերջին երկու շաբաթներին կորոնավիրուսի տարածումը մեծացել է, պանդեմիայի տնտեսական հետևանքները՝ նույնպես: Չինաստանում արդյունաբերական արտադրանքը հունվար-փետրվարին 12,3% նվազել է 2019-ի համեմատ: Դա 4 անգամ ավելի վատ է կանխատեսումից: Իրավիճակը կայունացել է, բայց տնտեսական վնասն արդեն հասցված է: ԱՄՆ-ում ու Եվրոպայում մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել, որ ազդում են տնտեսության վրա: Փակվում են դպրոցները, արգելվում են մարդկանց զանգվածային կուտակումները, հետաձգվում են մարզական ու մշակութային միջոցառումները, գրասենյակները փակվում են, մարդիկ անցնում են հեռահար աշխատանքի: Քաղաքներում հատուկ դրություն է: Ամենից շատ տուժում է զբոսաշրջությունը: Ֆինանսական շուկաների գնանշումները սրընթաց նվազում են՝ ներդրողները վաճառում են բաժնետոմսերը՝ վախենալով ընկերություններում կորոնավիրուսի տարածման պատճառով վիճակի վատացումից: Որոշ ցուցանիշներ հասել են 2008-ի համաշխարհային ճգնաժամի մակարդակին: Վիճակը վատացնում է նավթի գնանկումը՝ ОՊԵԿ+-ի շրջանակներում նավթի հանույթը կրճատելու համաձայնության չկայացման պատճառով:


S&P-ը կանխատեսում է, որ Չինաստանի ՀՆԱ-ն կսկսի վերականգնվել տարվա կեսից և տարվա կտրվածքով կաճի 2,7-3,2%: Եվրագոտու տնտեսությունը կկրճատվի 0,5%-1,0% 2020-ին, ԱՄՆ տնտեսությունը՝ 0,5%: Goldman Sachs-ը և Morgan Stanley-ն նույնպես ՀՆԱ-ի կրճատում են կանխատեսում ԱՄՆ-ում ու եվրագոտում տարվա առաջին կեսին: Երկրորդ կեսին կսկսվի վերականգնումը: Morgan Stanley-ի վերլուծաբանները գտնում են, որ գլոբալ տնտեսության աճը 0,9% կդանդաղի, Goldman Sachs-ը կանխատեսում է 1,25%:


ՌԴ Խնայբանկը քննարկել է Ռուսաստանում իրավիճակի զարգացման 3 սցենար՝ գրում է Ведомости-ին: Վատագույն սցենարը նախատեսում է բարելի դիմաց նավթի գնանկում մինչև 20 դոլար և դոլարի կուրսի աճ մինչև 100 ռուբլի՝ ասել է Խնայբանկի տնօրեն Գերման Գրեֆը: ՙԲայց դա ընդհանրապես ծայրահեղ վատագույն սցենարն է: Ավելի վատ սցենար մենք դեռ չենք մտածել, իրավիճակը մեզ դեռ խնդիր չի առաջադրում ամբողջովին ճգնաժամային տարբերակ քննարկել՚՝ ասել է Խնայբանկի տնօրենը: Նրա խոսքով՝ անորոշության մակարդակը բարձր է: ՙԵվ մեծ հարց է՝ որտե՞ղ է այսօր անորոշությունն ավելի բարձր՝ ռուսակա՞ն շուկայում, թե՞ ամերիկյան: Եվրոպական շուկայում այսպիսի իրավիճակ ես դեռ չեմ տեսել՚՝ ասել է Գերման Գրեֆը: ՙՃգնաժամն ավելի խոր է, քան նախապես պատկերացվում էր: Խնդիրն այն է, որ երկու իրադարձություններ համադրվեցին՝ նավթի գնանկումն ու կորոնավիրուսը՚՝ բացատրել է նա: Ռուսաստանում մարտի 17-ի երեկոյան կորոնավիրուսի 114 դեպք կար: Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով արգելված են բացօթյա զանգվածային միջոցառումները և 50 մարդկուց ավելի հավաքները փակ տարածքներում: Թատրոնները հետաձգում են ներկայացումները, կինոթատրոնները 50-ից ավելի հանդիսատես չեն ընդունում: Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կասեցրել է բոլոր խաղերը՝ ներառյալ պրեմիեր և ավելի ցածր լիգաների: Մոսկվայի բոլոր դպրոցներում հայտարարվել է կարանտին՝ մարտի 21-ապրիլի 12-ը:
BBC


Հ.Գ. Շվեդիայի թագավորությունը քիչ երկրներից մեկն է, որ մինչև այսօր չի փակել սահմանները, շարունակում են աշխատել կրթական հաստատությունները, սրճարանները, ռեստորանները, մարզասրահները: Կառավարությունը արտակարգ քայլեր չի ձեռնարկում վտանգավոր վարակի տարածման դեմ: Վարչապետ Ստեֆան Լևֆվենը հայտարարել է, որ կներդրվի երկիր մտնողների համար նոր ընթացակարգ, որը կերկարացնի սահմանը հատելու գործընթացը: Շվեդիայի հասարակական առողջության կառավարման վարչությունը մի քանի օր առաջ հրահանգել է տեստավորել Covid-19-ի ծանր ախտանշաններով մարդկանց, բուժանձնակազմին և տարեցներին, որ բարձր ռիսկի խմբում են: Շվեդ գիտնականները գտնում են, որ կորոնավիրուսն անվտանգ է՝ վարակվածների մահացությունը ընդամենը 2 տոկոս է: Շվեդիայում վարակակիրների թիվն անցել է 1000-ից, մահացել են 3-ը. Մեկն ապաքինվել է, երեքի վիճակը ծանր է: Վերջին շրջանում նոր վարակակիրների թիվը մեծացել է: Հիմա էլ բիզնեսը գործում է նախկին ռեժիմով՝ ասես ոչինչ չի եղել: Լեհ մարզուհի Յոհաննա Սոլտիշչյակը սոցիալական ցանցերում հրավիրում է Շվեդիայի մարզաբազաներ: Նա գրում է, որ հասարակական բոլոր վայրերը բաց են, տանը մնալու կամ հեռահար աշխատանքի հրահանգներ չկան, ձեռնարկությունները չեն փակվել, միայն իրենց վատ զգացողներին խորհուրդներ են տրվել տանը մնալ: Մարդիկ չպետք է միմյանց միջև տարածություն պահպանեն հասարակական վայրերում: Ավելին՝ հայտնի է բժշկի դեպքը, որ վարակված է կորոնավիրուսով և ամբողջ շաբաթ շարունակում է վիրահատել հիվանդանոցում: Մարզուհին գրում է՝ երկիրը, որ ունի ամենատարբեր իրավիճակներում վարքագծի նորմեր, իր քաղաքացիներին այդ իրավիճակներում գործողությունների ազատություն է տալիս: Որոշ բժիշկներ ասում են, որ վտանգավոր վարակից ավելի ահավոր է վախի վարակը, որ մարդկանց ստիպում է իրավիճակը խորացնող արարքներ գործել և այդ ընթացքում կոչ անել, որ խելամիտ է հետևել պետության ղեկավարության ցուցումներին: Ժամանակը ցույց կտա՝ ճի՞շտ են Շվեդիայի իշխանությունները, երբ խոսքը վերաբերում է միլիոնավոր մարդկանց կյանքին ու առողջությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ