Որտեղ է քնում փի՞ղը. որտեղ ուզում է

Որտեղ է քնում փի՞ղը. որտեղ ուզում է
11.11.2019 | 11:07

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը բոլորովին դեմ չէ Սպիտակ տանն ապրելուն: Եթե դուք միլիարդատեր եք, որոշում ընդունելու համար խորհուրդ հարցնելու կարիք չունեք: Եվ, այնուամենայնիվմ ինչու՞ նա վճռեց մասնակցել նախագահական ընտրարշավին, եթե մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ նման նպատակ չունի: Մի քանի վարկածներ կան:


Նա մտածում է, որ կհաղթի: Դա ակնհայտ է: Բլումբերգի համար աշխատում են բազում մարդիկ, որ ուսումնասիրում են հասարակական կարծիքը, քաղտեխնոլոգներ, նա բիզնեսմեն է, որ ուշադիր է տվյալների նկատմամբ: Պետք չէ մեծ վիճակագիր լինել՝ հասկանալու, որ Դեմոկրատական կուսակցությունը հեռու է իր թեկնածուին որոշարկելուց: Հարցումների համաձայն՝ առայժմ առաջատար է 4 թեկնածու՝ Ջո Բայդենը, Էլիզաբեթ Ուորենը, Բեռնի Սանդերսը, Պիտ Բուտիջիչը: Յուրաքանչյուրն ունի իր ուժեղ ու թույլ կողմերը: Բայդենի հանրաճանաչությունը՝ կապված մինչև այսօր պոպուլյար Բարաք Օբամայի հետ, դեռ չի օգնել նրան ստանալ ոչ ընտրողների, ոչ ֆինանսական դոնորների աջակցությունը: Շատերին տագնապում են նաև նրա տարիքն ու առողջությունը: Ուորենի ու Սանդերսի ձախ հայացքները կարող են զանգվածային աջակցություն չստանալ ընտրություններում: Սանդերսը ևս երիտասարդ չէ ու առողջական խնդիրներ ունի: Բուտիջիչը երիտասարդ է, բայց ընտրական փորձ չունի, չունի նաև փոքրամասնությունների մեծ աջակցությունը, որ պրայմերիզներում քվեարկողների մեծամասնությունն են: Հասարակական կարծիքի հարցումներով՝ դեմոկրատ ընտրողների մեծ մասը դեռ չի վճռել՝ ում է աջակցում: New York Times/Siena College-ի վերջին հարցումներով՝ Դեմոկրատական կուսակցության համար առանցքային 6 նահանգներից չորսում «չգիտեմը» ամենահաճախադեպ պատասխանն էր «Ու՞մ կընտրեք» հարցին: Economist/YouGov –ի հարցման ժամանակ 22%-ը հայտարարել է, որ ավելի շատ տարբերակներ կցանկանար տեսնել, քան ունեն դեմոկրատները: Այս ամենը տեսնելով՝ Բլումբերգը կարող էր վճռել, որ իր համար բարենպաստ պայմաններ են:


Նա հույս ունի ազդել Դեմոկրատական կուսակցության վրա
Գուցե Բլումբերգը հաղթելու հույս ունի, բայց նրա շանսերն այդքան էլ մեծ չեն: Նյու Յորքի ներկա քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նույնպես փորձեց իր թեկնածությունն առաջադրել ու ընտրարշավից դուրս թռավ: Եվս մեկ բիզնեսմեն՝ Ջոն Դելեյնին, 2 տարի Այովա նահանգում նախընտրական արշավ է վարում, բացարձակապես անարդյունք: Միլիարդատեր Թոմ Ստեյերը վիթխարի գումարներ ծախսեց ինքնագովազդի վրա ու նույնիսկ իր վարկանիշը այնքան բարձրացրեց, որ դեբատներին մասնակցի, բայց պարծենալու ուրիշ ոչինչ չունի: Բլումբերգը չի հասցնի մասնակցել նոյեմբերի դեբատներին, գուցե նաև մյուսներին, որովհետև կուսակցական կանոնադրությամբ պետք է ֆինանսական բավարար աջակցություն ստանա ընտրողներից: Առայժմ նա մտադիր է ժամանակը տրամադրել նվիրատվությունների հավաքմանը: Դժվար է պատկերացնել՝ ինչպես են դեմոկրատները աջակցելու նյույորքցի միլիարդատիրոջը, որ մինչև վերջերս հանրապետական էր, հարկերի ոլորտում պահպանողականի համբավով և բիզնեսմենների շահերով կողմնորոշվող: Եթե Բլումբերգը դա հասկանում է, գուցե ցանկանում է մասնակցել ընտրարշավին, որ թույլ չտա Դեմոկրատական կուսակցությանը չափազանց ձախանալ, այլ մղի դեպի բիզնեսի համար ավելի ընդունելի կենտրոն: Նա միակ միլիարդատերը չէ, որ մտահոգված է դեմոկրատների ձախ դրեյֆով: Բիլ Գեյթսն ու Լեոն Կուպերմանն արդեն իրենց անհանգստությունն են հայտնել 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցողների համար 6% հարկ սահմանելու Էլիզաբեթ Ուորենի առաջարկից: Գուցե Բլումբերգը ցանկանում է փակել Ուորենի ու Սանդերսի ճանապարհը՝ նրանց համարելով չափազանց արմատական որ հաղթեն Դոնալդ Թրամփին ու արդյունավետ կառավարեն պետությունը: Լիովին հավանական է, որ Բլումբերգի լավ ֆինանսավորված ընտրարշավը խարխլի Ուորենի ու Սանդերսի բոլոր հույսերը: Բայց կարող է և հակառակը լինել՝ Բլումբերգի մասնակցությունը կօգնի նրանց, որովհետև կխլի չափավորական Բայդենի ու Բուտիջիչի ձայները: Այս տարբերակը առավել հավանական է՝ հաշվի առնելով, որ Բլումբերգը չի կարող տանել Բայդենից փոքրամասնությունների ձայները, բայց իդեալական թեկնածու է կրթված, բարեկեցիկ, սպիտակ ընտրողների համար, որ առայժմ հակված են Բուտիջիչի կողմը: Լիովին հավանական է, որ Բլումբերգի ընտրարշավը միայն ավելի հարուստ կդարձնի քաղխորհրդատուներին ու հասարակական կարծիքի վերլուծաբաններին:
BBC


Հ.Գ. Որտե՞ղ է քնում փիղը: Որտեղ ցանկանում է: Միլիարդատերը ցանկանում է նախագահ դառնալ, որովհետև ի վիճակի է: Գուցե հենց դա է պատճառը՝ Բլումբերգը նախագահության մասին մտածել է երկար տարիներ: Հիմա նա 77տարեկան է, և գուցե սա նրա վերջին շանսն է: Բայդենի մասնակցությունը նրան ստիպեց հրաժարվել այդ մտքից, բայց նախագահ դառնալու հնարավորությունը կարող էր լինել որոշումը փոխելու պատճառ: Բլումբերգի թոկնածությունն ազդելու է Թրամփի նյարդերի վրա, ինչպես ազդում էր Բիլ դե Բլազիոն: Թրամփն արդեն նրան անվանել է «փոքրիկ Մայքլ» և հայտարարել, որ նրան հեշտ է հաղթել: Դեմոկրատներին կարող է հաճույք պատճառել Թրամփի ու Բլումբերգի մենամարտը, բայց հազիվ թե դուր գա, որ անսահմանափակ ֆինանսական հնարավորությունների տեր կուսակիցը վճռել է գումարները ներդնել սեփական, ոչ թե իրենց թեկնածուների ընտրարշավում: Որքան էլ Բլումբերգի շանսերը թվում են անհավանական, չարժի մոռանալ՝ ինչ կատարվեց 2016-ին, ոչ ոք չէր մտածում, որ նյույորքցի միլիարդատերը նախագահ կընտրվի: Ու՝ ի՞նչ: Ոչ միայն ընտրվեց, այլև 2020-ին վերընտրվելու բոլոր շանսերն ունի՝ համեմատելով այլ թեկնածուների շանսերի հետ: Բայց ԱՄՆ նախագահական ընտրությունները ֆուտբոլի նման են՝ ոչ ոք արդյունքը չի կարող 100 տոկոսով կանխատեսել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao