Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
03.05.2019 | 00:48

(Նախորդ մասը)

Կարելի է ենթադրել, որ Հայաստանում ու հետխորհրդային մյուս երկրներում նույն պատկերն է տիրել, ամենուր գործել են օտարերկրյա գործակալներն ու տեղական կադրերից ձևավորված նրանց «վարձկանները»: Վերջիններս ստացել են «գրանտակեր» քնարական անվանումը: Օտար երկրների համար ծառայող հայազգի գործակալների մեջ յուրահատուկ համոզմունք կա ձևավորված. ամոթ է լինել մեկ երկրի գործակալը, պետք է դառնալ առնվազն կրկնակի գործակալ՝ ծառայելով տարբեր երկրների շահերին: Գեներալ Օլեգ Կալուգինը 2002 թվականին, պետական դավաճանության հոդվածով, հեռակա կարգով դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, զրկվեց զինվորական կոչումից ու կառավարական պարգևներից, Պուտինը նրան դավաճան հայտարարեց, բայց նա շարունակում է գտնվել ազատության մեջ, դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի ու, ամենայն հավանականությամբ, իրեն վատ չի զգում:
էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունը, թերևս, ԽՍՀՄ-ում ամենագաղտնիներից մեկն էր, հրեաներն այստեղ քիչ էին, հայերը շատ, ես առանձնակի հպարտությամբ էի անցնում «Պուլսար» ԳՀԻ-ի ճեմասրահով, որտեղ զետեղված էին տարբեր տարիների ԽՍՀՄ Ստալինյան, Լենինյան ու Պետական մրցանակների դափնեկիրների դիմանկարները, կեսից ավելին հայեր էին:


Հետաքրքիր է իմանալ նաև, որ ԽՍՀՄ-ում գաղտնի թեմաներով զբաղվելու հարցերում գոյություն ուներ առաջնակարգության չգրված ցուցակ, սկզբում վստահում էին ռուսներին, հետո հայերին, բելոռուսներին ու նոր միայն ուկրաինացիներին: Ես կարողացել եմ մշտապես պահել ու պահպանել ինձ վստահված գործերի գաղտնիությունը, երբևիցե վրիպումներ թույլ չեմ տվել, բայց եկել է ժամանակը, որ ինչ-ինչ փակագծեր բացեմ, որպեսզի հասկանալի դառնան ԽՍՀՄ ֆիասկոյի որոշ օբեկտիվ հանգամանքները: Դրանք արվում են ոչ թե պատմություն, այլ մեր ապագայի համար, որ կարողանանք ձերբազատվել նախկին սխալներից, փորձենք չկրկնել դրանք և հեռու մնանք նոր սխալներից, ի վերջո, հեռանալ է պետք մեզ համար պատուհաս դարձած անճարակության դրսևորումներից ու տնտեսական այս կոլապսներից:


Համոզված եմ` 70 տարի շարունակ թռիչքաձև զարգացում ստացած հայկական արդյունաբերության ողնաշարը կոտրեցին Օլեգ Կալուգինի կարգի հայ քաղաքական ու տնտեսական գործիչները, որոնք ակտիվորեն ներդրվեցին Հայաստանում՝ հատկապես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո՝ որպես «ձնծաղիկներ» (այդպես են կոչվում օտարերկրյա այն գործակալները, ովքեր ներդրվում են երկրաշարժերի, պատերազմների կամ ճգնաժամային այլ իրավիճակներում): Նրանց վնասակար ու քայքայիչ գործունեությունը առավել էֆեկտիվ դարձավ մեր երկրում, որտեղ արդեն ծաղկում էին կաշառակերությունն ու կոռուպցիան, միլիոնավոր մարդկանց աչքի առաջ, նրանց թողտվությամբ ու լռելյան համաձայնությամբ կարողացան քանդել ու ավերել մեր երկրի զարգացած տնտեսությունը:
Նրանց դեմը չկարողացանք առնել նաև անորոշության, տնտեսական անգրագիտության պատճառով, քանդում են հայրենիքդ ու վերջ, ոչ վախ ունեն, ոչ ափսոսանք, ոչ խղճի խայթ, փոխարենը մեծ փողեր են աշխատում, օլիգարխներ և մեծահարուստներ են դառնում, դավաճան կերպարների համար փողը խթան է, մեծ խթան: Քանդողները, իհարկե, հայեր են, հայերի ձեռքով են քանդել ու նույն ձեռքերով շարունակում են քանդել դեռևս կանգուն մնացած մեր մնացած գործարաններն ու ֆաբրիկաները՝ մարդկանց զրկելով աշխատատեղերից ու գոյության տարրական միջոցներից, լոմի գնով վաճառվեցին ու վաճառվում են արտադրության միջոցներն ու արտադրական մասնաշենքերը, ստացված գումարները կոռուպցիոն կանալներով բաշխվում ու վերաբաշխվում են կուսակցական ու քաղաքական գործիչների միջև, սա է եղել անկախ Հայաստանի տնտեսական պատմության ողջ թվաբանությունը:
Հայաստանում մի այսպիսի հետաքրքիր հաշվապահություն է ներդրվել. թանկարժեք ունիվերսալ կամ եզակի հաստոցները գնահատվում ու վաճառքի են հանվում կիլոգրամներով: Այդ կիլոգրամների արտահոսքի պատճառով Հայաստանի արդյունաբերությունը կորցրեց ոչ միայն արտադրական միջոցները, այլև տասնյակ տարիների ընթացքում յուրացված տեխնոլոգիաներն ու, նրանց հետ, նաև ինժեներական կադրերին ու գիտական շկոլաներ, որոնց վերականգնումը կամ նորերի ստեղծումը անհամեմատ ավելի դժվարին գործ է դառնալու, տասնյակ տարիներ է պահանջելու:


Եթե վերադառնանք գեներալ Կալուգինին, ապա պետք է փաստենք օտարերկրյա գործակալների կազմակերպվածության բարձր մակարդակը, թե ինչպես էին նրանք կարողանում ԿԳԲ-ի քթի տակ գործել, գտնել ու քայքայիչ աշխատանքների մեջ ներգրավել խորհրդային երկրի տնտեսության ու քաղաքական էլիտայի առանցքային գործիչներին: Օրինակ, ի՞նչ վնաս կարող էր տալ գեներալ Կալուգինը խորհրդային երկրի արդյունաբերությանը: Անչափ մեծ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նրան էր վստահված Էլեկտրոնային արտադրության նախարարության «առաջին բաժնի» ղեկավարի պաշտոնը: Այդպիսի բաժիններ կային խորհրդային բոլոր արտադրական ձեռնարկություններում և նախարարություններում, դրանք ենթարկվում էին ԿԳԲ-ին և հսկողության տակ էին պահում ամեն ինչ ու բոլորին՝ հետևում էին գաղտնի փաստաթղթերին ու գաղտնի աշխատանքներին, չափում էին մարդկանց տրամադրություններն ու պայքարում էին այլախոհական դրսևորումների դեմ: Կալուգինը կարող էր հատուկ վկայականներ տրամադրել նախարարության գլխավոր կոնստրուկտորներին (ինչպես իմ դեպքում էր), գլխավոր մասնագետներին, ԳԱՄ-ի գլխավոր տնօրեններին, գլխավոր ինժեներներին և այլն: Այդ կարգի վկայականները նա կարող էր տրամադրել նաև օտարերկրյա գործակալներին: Ի՞նչ էին տալիս այդ վկայականները: Դրանք թույլ էին տալիս ցանկացած ժամի մուտք գործել ռեժիմային հիմնարկություները, մտնել ռեժիմային արտադրամասերը, ծանոթանալ արտադրության մեջ օգտագործվող տեխնիկական միջոցների ու տեխնոլոգիաների հետ, առանց հսկողության ներս ու դուրս տանել գաղտնի փաստաթղթերը և այլն: Իմ վկայականում հատուկ նշում կար` ցանկացած ժամի կարող էի պայուսակով մտնել էլեկտրոնային արդյունաբերության ցանկացած գործարան:


Ռեժիմային հիմնարկների շարքային աշխատակիցները կամ գործուղված մասնագետները նման արտոնություններ չունեին: Երկարատև ու հոգնեցուցիչ ձևակերպումներից հետո գործուղված մասնագետներին հաջողվում էր ժամանակավոր անցագրեր ստանալ ու մուտք գործել միայն որոշակի լաբորատորիաներ: Գեներալ Կալուգինի տրված վկայականով Մոսկվայում, Լենինգրադում, Նովոսիբիրսկում, Ռիգայում, Թբիլիսիում ես կարող էի մեկ օրվա ընթացքում մի քանի գործարան կամ ինստիտուտ այցելել, մտնել ցանկացած լաբորատորիա կամ արտադրամաս, հանդիպել մասնագետների հետ, քննարկել տեխնիկական ու գիտական բնույթի բազմաթիվ խնդիրներ, ծանոթանալ հիմնարկներում իրականացվող գաղտնի աշխատանքներին ու փաստաթղթերին: Կալուգինը, ըստ իս, Էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում ներդրված ամենահանգուցային գործակալներից մեկն էր, ում միջոցով կարելի էր նախարարության գործարաններում ներդնել օտարերկրյա գործակալներին, կազմակերպել հետախուզական ցանցի ակտիվ գործունեությունը: Գորբաչովին հասցեագրված հայտնի նամակում, որը ուղարկվել էր Ալեքսանդր Յակովլևի միջոցով, Կալուգինը առաջարկում էր ապաքաղաքականացնել ու ապակուսակցականացնել ԿԳԲ-ն, հրապարակայնացնել նրա աշխատանքը և այլն:


1989-ին գեներալ-մայոր Կալուգինը պաշտոնաթող եղավ և աշխատանքի անցավ ակադեմիկոս Եվգենի Վելիխովի մոտ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ասոցիացիայում: ՈՒշադրություն դարձնենք Վալենտին Պրոլեյկո-Եվգենի Վելիխով և Եվգենի Վելիխով-Օլեգ Կալուգին զույգերի վրա: Այս գործիչներից կարելի է հանցակիցների եռանկուն ձևավորել՝ Վալենտին Պրոլեյկո-Օլեգ Կալուգին-Եվգենի Վելիխով կազմով: Դժվար չէ կռահել, թե նրանք ում օգտին կարող էին աշխատել: Ֆիզիկոս-տեսաբան Եվգենի Վելիխովը գիտական նշանակալի հաջողությունների էր հասել երիտասարդ տարիքում: Գիտության դոկտոր՝ 29 տարեկան հասակում, ակադեմիկոս՝ 38 տարեկանում (Սերգեյ Մերգելյանի այդ ցուցանիշներն անհամեմատ ավելի տպավորիչ էին, գիտությունների դոկտոր՝ 20 տարեկանում, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ՝ 25-ում, Ստալինյան մրցանակ՝ 24-ում և այլն): Վելիխովին հաջողվել էր ստանալ ԽՍՀՄ գիտության ու կուսակցական կյանքի բավականին բարձր պաշտոնները, երկար տարիներ զբաղեցրել է Ռուսաստանի հանրային պալատի քարտուղարի պաշտոնը, զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: 1993-ին ամերիկացիների հետ ստեղծել է ռուս-ամերիկյան համատեղ ձեռնարկություն՝ Ռուսաստանից պատենտների ու լիցենզիաների առևտրի հարցերով:


Նկատենք, որ համատեղ բիզնեսի մեջ տեղ չի գտել ԱՄՆ-ի պատենտների ու լիցենզիաների հանդիպակաց վաճառքի հարցը, սահմանափակվել են միայն Ռուսաստանի պատենտների և լիցենզիաների վաճառքով: Այստեղ մեծ խարդավանք կա. Վելիխովի կազմակերպած ձևով ու պաշտոնապես վաճառքի են հանել ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի ու ԽՍՀՄ մյուս հանրապետությունների մասնագետների կատարած գյուտերն ու հայտնագործությունները, որոնք մշտապես եղել են ամերիկացիների, ճապոնացիների և այլոց ուշադրության կենտրոնում, որոնք իրենցից անգնահատելի արժեք են ներկայացնում: Հետագայում մենք կտեսնենք, թե խորհրդային գիտնականներն ու ինժեներները ինչ հաջողությունների էին հասել գյուտերի ու հայտնագործությունների գործում, և որքան արժեքավոր են դրանք եղել:
Պետք է ենթադրել, որ ակադեմիկոս Վելիխովը պաշտոնական իրավունք է ստացել վաճառքի հանելու նաև իմ և իմ կոլեգաների գյուտերը, որոնք պահվում էին ԽՍՀՄ գյուտերի ու պատենտների կոմիտեի պահոցներում: Դրանք շատ էին ու շատ կարևոր: Ամեն տարի հայ մասնագետները հազարից ավելի գյուտերի հեղինակ էին դառնում, հեղինակային վկայականներ ստանում: Մեծ թիվ էին կազմում նաև Արտաշատի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի ինժեներների գյուտերը, որոնք հիմնականում գաղտնիացվում ու պահվում էին Մոսկվայում՝ «Գաղտնի» գրիֆի տակ՝ որպես կարևոր տեխնոլոգիաներ: Մեր գյուտերը հիմնականում վերաբերել են միկրոէլեկտրոնիկային ու նանոտեխնոլոգիաներին, որոնք չեն կորցրել իրենց ակտուալությունը նաև մեր օրերում, եթե, իհարկե, ակադեմիկոս Վելիխովը դրանք չի հասցրել վաճառել:


Առանձնահատուկ պատմություն ունեն մեր երկու գյուտերը, որոնք վերաբերում էին կիսահաղորդչային էլեմենտների էլեկտրաֆիզիկական պարամետրերի չափման օպտիկական եղանակին՝ առանց մեխանիկական զոնդեր կիրառելու: Դրանք թույլ տվեցին հրաժարվել չափման կոնտակտային միջոցներից, որոնք համարվում էին քայքայող ու ցածր ճշտություն ունեցող: Այսպիսով հնարավոր դարձավ միկրոսխեմաների չափման պրոցեսները սկսել տեխնոլոգիական պրոցեսի սկզբնական էտապներից՝ հսկողության տակ պահելով որակի ապահովման ողջ համակարգը: Մեր կարևոր գյուտերից երկուսը միանգամից չընդունվեցին, Մոսկվայի փորձագետների հետ անընդհատ նամակագրությունների մեջ էինք, մեզ ընդդիմախոսում էին, որ մեր եղանակը իրատեսական չէ, տեխնոլոգիական պրոցեսների մեջ չի կարող կիրառվել:


Նշեմ, որ ԽՍՀՄ-ում գյուտերի հեղինակներին, որպես կանոն, պատենտներ չէին տրվում, դրանք համարվում էին պետության սեփականությունը, որոնք տնօրինում, պատենտավորում ու վաճառում էր պետությունը: Մեր գյուտարարներին միայն հեղինակային վկայական էր տրվում, հեղինակին (հեղինակներին) միանվագ վճարում էին նաև երկու հարյուր ռուբլի, գյուտի ներդրումից հետո հեղինակներին վճարվում էր հոնարար՝ տնտեսական էֆեկտի 1-5 տոկոսի չափով: Դեպքեր են եղել, երբ աժեքավոր գյուտերը գողացել ու յուրացրել են Մոսկվայի փորձագետները, երբ մի քանի բացասական պատասխան ստանալուց հետո հեղինակները հրաժարվում էին հետագա պայքարից:


Կար մեկ կարևոր ինստանցիա, որին, գյուտերի մերժման դեպքում, հեղինակները կարող էին դիմել: Դա ԽՍՀՄ կառավարության գյուտերի ու հայտնագործությունների համակարգում գործող ստուգողական խորհուրդներն էին, դատարանի նման մի բան՝ կազմված երեք բարձրակարգ փորձագետներից, այդտեղ հարցերը քննարկվում էին հեղինակների մասնակցությամբ: Մոսկվայում մեր երկու գյուտերը վիճարկել ենք Ալեքսանդր Բուտաևի հետ միասին: Երկարատև քննարկումներից հետո փորձագետները հեռացան իրենց խորհրդակցական սենյակը, մեկ ժամ էլ այնտեղ քննարկեցին ու հայտնեցին իրենց որոշումը:
-Աննախադեպ իրավիճակ մեր պրակտիկայում` երկու գյուտն էլ ընդունվում են:
Այդ երկու և մնացած 30 գյուտերը մենք պահել էինք կարևոր գործերի թղթապանակում՝ լավ օրերի հույսով։ Սաշան արդեն չկա, Հայաստանում էլեկտրոնիկան էլ է մահացել, միգուցե դրանք նվիրենք ԱՄՆ-ի «Սիլիկոնային հովտի» կամ Մոսկվայի հայ մասնագետներին կամ վաճառենք չինացիներին, չգիտեմ, բայց կասկած ունեմ, որ Վելիխովը դրանք արդեն վաճառած լինի ամերիկացիներին: Ի՞նչ արած, հայի բախտ է. էշն աշխատի՝ ձին ուտի:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ