Yerevan Perspectives International Music Festival
 

«Հեղափոխություն կոչել այն, ինչը կատարվեց գործող Սահմանադրության չափորոշիչները և պահանջները պահպանելով, ճամարտակություն է»

«Հեղափոխություն կոչել այն, ինչը կատարվեց  գործող Սահմանադրության չափորոշիչները և պահանջները պահպանելով, ճամարտակություն է»
23.07.2019 | 00:14

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ համոզված է՝ պետության բոլոր խնդիրների լուծումը սահմանադրության փոփոխություններն են: «Իրատեսի» հետ զրույցում նա կարծիք հայտնեց. եթե մասնագետներն ասում են, որ Հայաստանում գործող Սահմանադրության առկայության պայմաններում հեղափոխություն է եղել, դա արդեն հանցագործություն է. հեղափոխություն՝ նշանակում է սահմանադրական կարգի փոփոխություն, բայց իրականում սահմանադրական կարգի հեղափոխական փոփոխություն տեղի չի ունեցել, հետևաբար՝ նման գնահատականը տեղին չէ, և հեղափոխություն կոչել այն, ինչը կատարվեց գործող Սահմանադրության չափորոշիչները և պահանջները պահպանելով, ճամարտակություն է. «Բայց և այնպես, որևէ առողջ ու բանական մարդ չի կարող չտեսնել, որ Հայաստանում տեղի են ունեցել իշխանափոխությանը բնորոշ փոփոխություններ: Պետության ներսում բոլոր հարցերը պետք է լուծվեն բացարձակապես ժողովրդավարական համակարգը սահմանադրորեն ամրագրելու ճանապարհով, որ քաղաքացին արժեք դառնա: Քաղաքացու նկատմամբ մեր արհամարհական, կամայական վերաբերմունքով ցույց տվեցինք, որ նա ոչինչ չի նշանակում: Մենք հպարտանում ենք էգոիստական նկատառումներով ապրող սերնդով, որը միայն լավ սովորելու մասին է մտածում, ինչը ողջունելի է, բայց այդ ամենը նրան չի շաղկապում հայրենիքին, ու նման պայմաններում բացակայում են ազգի զարգացման համար կարևոր բաները` պատմական հիմքի վրա ստեղծված բարոյահոգեբանական ընդհանրական արժեքներն ու քաղաքացուն արժևորող հանրությունը: Թեև Հայաստանը սոցիալական երկիր է, բայց մեզ մոտ աշխատանքային օրենսդրություն չի գործում, մարդիկ աշխատում են առանց հանգստի: Եվ բնական է, որ քաղաքացին զգում է, որ ոչ ոքի պետք չէ, ոչինչ է: «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով իշխանության եկածներն ասում էին, թե ուշադիր են լինելու քաղաքացու հանդեպ, գործնական քայլեր են կատարելու այդ ուղղությամբ, բայց այն, ինչ կատարվում է, դիմահարդարային քայլեր են: Այս իրավիճակում ավելի ընդգծելի է դառնում քաղաքացուն ինչ-որ առումով իրավական հարկադրանքի միջոցով երկրի տերը դարձնելու պահանջը»:


Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների թեմային՝ քաղաքական գործիչը շեշտում է, որ այն փոփոխելու համար, քաղաքական կամք ունենալուց առաջ, կարևոր է սեփական խոսքին հավատարիմ լինելը, բայց, ցավոք, այդ շռայլությունն այսօրվա իշխանություններին տրված չէ: Իսկ քաղաքական կամքը, առանց իրավիճակի անաչառ գնահատման, զրո է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ Հայրիկյանի, հայտարարում է մեկ բան, հետագայում անում հակառակը, հետևաբար՝ նախ պետք է հասկանալ՝ նրանք պատրա՞ստ են իրենց իսկ հավատարիմ լինելու և խոստովանելու` այս Սահմանադրությունը «կարված» է մերժված իշխանության համար. «Եթե դու այժմ ասում ես, թե փաստարկ չկա Սահմանադրությունը փոխելու, սա արդեն իրավագիտությունից ու քաղաքագիտությունից դուրս է, սա առողջապահական խնդիր է, ինչը ցավով եմ ասում: Եթե մարդն ասում էր, որ գործող Սահմանադրությունը «կարված» է նախկինների հատուկ պատվերով, իսկ իշխանության գալուց հետո ասում է՝ ոչինչ, այս Սահմանադրությամբ կաշխատենք, հետևաբար, կա՛մ այն փուլում էր հոգեբույժի կարոտ, լավագույն դեպքում՝ հոգեբանի, կա՛մ` հիմա: Քանի՞ անգամ կարելի է փոխել խոսքը: Հայաստանյան ներքաղաքական դաշտում պակասում է սխալվելու դեպքում դրա մասին բարձրաձայնելու պրակտիկան: Երբևէ լսե՞լ եք, որ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կանգնի ու ասի՝ մենք այնքան էլ փորձառու չենք ու ինչ-ինչ քայլերի համար ներողություն ենք խնդրում: Բայց աշխարհում ընդունված կարգ է` քաղաքական գործիչները տարվա մեջ մի քանի անգամ ասում են՝ գիտե՞ք, մի քանի ամիս առաջ ես այս կարծիքն ունեի, բայց, կարծես, այդքան էլ ճիշտ չէի, ներողություն եմ խնդրում այժմ: Ինչու՞ Սերժ Սարգսյանն ասաց՝ ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ, թեև մինչև հիմա չգիտեմ` որ հարցում էր նա սխալ, Նիկոլը` ճիշտ: Հիմա պետք է կանգնել ու ասել` անցյալ տարի, երկու անգամ մերժելով Պարույր Հայրիկյանի ներկայացրած նախագիծը, սխավել ենք: Ես անգամ հրապարակայնորեն դիմել եմ նրանց ու ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ձեր հոգևոր հայրիկը, նույնպես ասում է, որ պետք է վերադառնալ նախկին Սահմանադրությանը: Բայց որոշ մարդիկ, որ այժմ իրենց թիմում են ու նախկինում էլ հայտնի են եղել, աշխատում են հեռու պահել այդ օրակարգից: ՈՒ դա վկայումն է այն բանի, որ կառավարության ներսում բարդույթներ կան»:


Մեր զրուցակիցն անկեղծանալով նշում է նաև, որ դեսպաններից մեկի հետ մասնավոր զրույցի ժամանակ վերջինս իրեն ասել է՝ կառավարության մեջ միակ փորձառուն արդեն չպաշտոնավարող Արտակ Զեյնալյանն էր: Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ թույլիկները լավ երևալու համար միշտ էլ աշխատում են համեմատաբար ուժեղներին հեռու պահել իրենցից, ստվեր գցել նրանց վրա, այնպես անել, որ չերևան: Քննադատելի է ոչ թե այն, որ սեփական սխալներն արդարացնելու համար անընդհատ հղում են անում նախկիններին, այլ այն, որ նախկիններին քննադատում են ինչ-որ բանի համար ու հետո նույն սխալն իրենք են կրկնում: Օրինակ, ինչների՞ն էր պետք այդ մի քանի պալատը (կառավարական ամառանոցում բնակվելը նկատի ունի), կառավարման ուռճացված համակարգը, ինչի՞ համար են այդքան պարգևատրումները. «Մարդիկ օրվա հաց չեն կարողանում վաստակել, դու պարգևատրություն ես բաժանում, վիրավորական է ու հակասում է նախապես հայտարարված սկբունքներին: Քաղաքական առումով բովանդակազուրկ, բայց ծախսատար ուղևորություններն ի՞նչ են տալու: Դու ԵԱՏՄ-ի ստրուկն ես ու ստրուկ լինելով՝ պոչ մի՛ խաղացրու, ոչ մի տեղ բանակցելու իրավունք չունես: Քեզ շատ-շատ գրանտների տեսքով ողորմություն շպրտեն: Թեև դեմ ես եղել ԵԱՏՄ-ին, բայց ընդունել ես նրա ստրկությունը»:


Ներքաղաքական օրակարգի առնչությամբ էլ ԱԻՄ առաջնորդն ասում է, որ խորհրդարանական կյանքում լուրջ հետընթաց ենք ապրել, ուստի ԱԺ նիստերը նայել չի կարողանում, իսկ եթե նայում էլ է, ուրախանում է, որ պատգամավորներն արագ են առաջընթաց ապրում: Դա նման է երևույթին, երբ ակադեմիական շրջանակներում նստած ուրախանում ես, որ 6-րդ դասարանի մակարդակ ունեցող երեխան այժմ 8-րդ դասարանի մակարդակ ունի, չնայած գիտակցում ես՝ այնտեղ ակադեմիկոսներ պետք է լինեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao