Yerevan Perspectives International Music Festival
 

Ո՞րն է ծառագողի ու ձկնագողի տարբերությունը

Ո՞րն է ծառագողի ու ձկնագողի տարբերությունը
26.07.2019 | 02:06

Կառավարությունը ծառահատումների դեմ կարծես թե պայքար է սկսել: Խիստ տոնայնությամբ ամենատարբեր ամբիոններից, ընդհուպ վարչապետի մակարդակով, հայտարարում են՝ ապօրինի ծառահատում չի լինելու: Իջևանցիների՝ «թույլ տվեք անտառ հատենք» ակցիայից անցել է մի քանի օր, բայց մինչև այժմ աղաղակող բացահայտումների մասին չենք լսել: Փայտագողերի դեմ պայքար միշտ է եղել, բայց քանի որ գործում խառնված են բաձրաստիճան պաշտոնյաններ, ու նրանք էլ իրենց հերթին «փայ» են տալիս ավելի վերադասին, պայքարը սահմանափակվել է սոսկ փայտով բեռնված մեկ-երկու բեռնատար ավտոմեքենայի առաջը կտրելով:


Տավուշի մարզպետի հայտարարության շուրջ, թե ապօրինի ծառահատումը նաև որպես դիվիդենդ ու ընտրակաշառք է օգտագործվել ընտրությունների ժամանակ, մինչ այս պահն իրավական գործընթաց չի ծավալվել: Խոսքը ոլորտի «խոշոր ձկներին» պատասխանատվության կանչելու մասին է, որոնց «դաբրոյով» է հատվում անտառը:
Ծառահատման դեմ սկսված առայժմ վիրտուալ պայքարին զուգահեռ բնապահպաններն ու փորձագետներն ահազանգում են՝ Սևանը սեպտեմբերին նորից կարող է ծաղկել ու կանաչել: Լիճը ոչ թե ամբողջովին ինքնամաքրվել է, այլ ուղղակի ջրիմուռները ջրի հատակ են իջել ու շարունակում են իրենց սև գործն անել՝ վնասակար նյութեր արտադրել: Ճանապարհը փակած տնտեսվարողները, որ այս օրերին աստղաբաշխական եկամուտ են ստանում Սևանի ափի անթույլատրելի հատվածում կառուցված «օբյեկտներից» ու սիգի անթույլատրելի որսից, հստակ պահանջ էին դրել կառավարության առաջ: Նրանց ընդառաջել էր պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ասել. «Եթե մինչև չորեքշաբթի համապատասխան հայտարարություն չլինի, ես էլ ձեզ հետ ճանապարհ կփակեմ»: Առողջապահության նախարարությունը, փաստորեն, լսել էր Միքայելյանի «հորդորն» ու երկու օրվա մեջ լիովին տարբերվող հայտարարություն արել: Այժմ պատգամավորներն ու պետական աշխատողները, մեկը մյուսին հերթ չտալով, գովազդում են Սևանը՝ ջուր են խմում, կիսամերկ «լայվ» են անում, լողում են և այլն: Տպավորություն է, թե արդարանում են ճանապարհ փակած մարդկանց առջև ու ներողություն խնդրում նրանցից՝ բիզնեսին մեկ օրով վայիս լինելու համար: Մարդկանց հոսքը Սևան այս օրերին չի պակասում. գողացված ձկնատեսակներն են անուշ անում ու հենց լճափից սոցիալական ցանցերում գրառումներ անում բնության պահպանության ու ծառ հատողներին խստագույնս պատժելու մասին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao