«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Փաշինյանի պատգամավորական-իրավաբանական թիմը մեր երկրի իրավական անվտանգության հիմքերը խարխլելու փորձ է անում. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

Փաշինյանի պատգամավորական-իրավաբանական թիմը մեր երկրի իրավական անվտանգության հիմքերը խարխլելու փորձ է անում. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
06.02.2020 | 12:50

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

Փաշինյանի պատգամավորական-իրավաբանական թիմը հերթական անգամ իրավական արկածախնդրության ճանապարհով մեր երկրի իրավական անվտանգության հիմքերը խարխլելու փորձ է անում

Մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» վերնագրով նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Կարծում եմ, որ այս նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ արջի ծառայություն է մատուցվում, ինչը փորձեմ հիմնավորել ստորև.

  1. Նախագիծը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով:

Սահմանադրության 7-րդ գլուխը (դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը) սահմանում է դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների կարգավիճակը, ՍԴ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները, ՍԴ դատավորների ընտրության և նշանակման կարգը, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը և տարիքային ցենզը:

Նախագծով Սահմանադրության 7-րդ գլխից տարբերվող լուծում տալը, մասնավորապես ՍԴ դատավորների/անդամների և նախագահի պաշտոնավարումը դադարեցնելը, հակասության մեջ կմտնի նշված գլխի պահանջների հետ:

  1. Սահմանադրության 213-րդ հոդվածն արդեն լուծել է իր առջև դրված խնդիրը:

Սահմանադրական նորմն ունի իր գործողության տարածքային և ժամանակային սահմանները, ինչպես նաև նորմի հասցեատերերի իր շրջանակը:

Անցումային փուլում Սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանել է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման շարունակականությունը, ինչի հիման վրա ՍԴ անդամներն այլևս համարվում են ՍԴ դատավորներ (այդ փաստն ընդունել է նաև Ազգային ժողովը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին 11.12.2019թ. ՀՕ-312-Ն օրենքով/2-րդ հոդված) և այդ նորմի խմբագրումը չի կարող վերացնել դրանից առաջ ՍԴ անդամների ձեռք բերած կարգավիճակը:

Հակառակ մեկնաբանությունը և կիրառումը կառաջացնի նաև Սահմանադրության 4-րդ հոդվածի պահանջի կոպիտ խախտում առ այն, որ՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, ԳՈՐԾԱԴԻՐ և ԴԱՏԱԿԱՆ իշխանությունների ԲԱԺԱՆՄԱՆ ՈՒ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ հիման վրա:

  1. Սահմանադրության փոփոխության նախագիծը պետք է նախապես ներկայացվեր Սահմանադրական դատարանին

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

«Սահմանադրական դատարանի մասին‰ սահմանադրական օրենքի փոփոխություններով (ԱԺ-ն փորձում է նաև նշված օրենքը փոփոխել) այս արգելքը հնարավոր չէ հաղթահարել, քանի որ՝

— Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանադրական օրենքի տիրույթում միայն ընթացակարգը սահմանելու հնարավորություն է տալիս, ինքնին թույլ չտալով վերացնել Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու ՍԴ լիազորությունը և այն որոշելու ժամանակահատվածը, ինչը բնորոշված է «մինչև» բառով.

— Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով Ազգային ժողովին չի տրվում հայեցողական լիազորություն 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՍԴ դիմելու հարցում (նշված է «դիմում է» և ոչ թե՝ «կարող է դիմել»):

Հ.Գ. Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանի պատգամավորական-իրավաբանական թիմը հերթական անգամ իրավական արկածախնդրության ճանապարհով մեր երկրի իրավական անվտանգության հիմքերը խարխլելու փորձ է անում:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ