Yerevan Perspectives
 

Նետանյուհուն և Գանցը ստացան հավասար ձայներ, հաղթում է Նետանյահուն

Նետանյուհուն և Գանցը ստացան հավասար ձայներ, հաղթում է Նետանյահուն
10.04.2019 | 14:11

Իսրայելի Կնեսետի արտահերթ ընտրություններում վարչապետ Բենյամին Նետանյահուն և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը ստացան համարյա հավասար ձայներ: 97% քվեաթերթիկների հաշվարկից հետո Նետանյահուիի Լիկուդը և Գանցի «Կախոլ-Լավան» դաշինքը 35 ական մանդատ են ստացել Կնեսետի 120 մանդատներից: Երկուսն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին: Նետանյահուն կարող է մրցակցից առաջ անցնել աջ կուսակցությունների դաշինքի շնորհիվ` ձևավորելով իշխող կոալիցիա: ԶԼՄ-ների տվյալներով` Լիկուդը դաշնակիցների հետ կունենա 65-67 մանդատ Կնեսետում: Գանցի համար ավելի դժվար է այդքան մանդատով կոալիցիա ձևավորել: Իսրայելի պատմության մեջ ոչ մի կուսակցություն Կնեսետում չի ստացել բացարձակ մեծամասնություն: Ընտրարշավը ուղեկցվում էր սկանդալներով ու կտրուկ հայտարարություններով: Նետանյահուին ներկայացվել է կոռուպցիայի մեղադրանք:


Նախնական տվյալներով` ընտրություններին մասնակցել է ընտրողների 61,3% -ը, ավելի քիչ, քան 2015-ին: Երեկ ժամը 7-ից ընտրատեղամասերը բացվել էին 6 միլիոն ընտրողների համար, որ իրենց ձայնը տան 46 կուսակցություններից մեկին: Այս ընտրություններն արտահերթ էին` ճգնաժամի պատճառով, որ հարուցեց օթոդոքս հուդայականներին բանակ զորակոչելու օրինագիծը: Ընտրություններից 40 օր առաջ Իսրայելի գլխավոր դատախազը հայտարարեց, որ մտադիր է Նետանյահուին բիզնեսի ներկայացուցիչներից թանկարժեք նվերներ ստանալու մեղադրանք ներկայացնել: Նետանյահուն հերքեց մեղադրանքը` անվանելով քաղաքական հետապնդում: Ընտրողների աջակցությունը ստանալու համար Նետանյահուն համագործակցեց հանգուցյալ ռաբբի Մեիր Կախանի հետևորդների արմատական կուսակցության հետ, որ հարուցեց հասարակության բուռն քննադատությունը:

Ընտրություններից մի քանի օր առաջ նա խոստացավ հաղթանակի դեպքում պաղեստինյան տարածքները, որտեղ հրեական բնակավայրեր կան, միացնել Իսրայելին:
Բենյամին Նետանյահուի գլխավոր մրցակից Բենյամին (Բենի) Գանցը գեներալ է, որ վիթխարի հեղինակություն ունի Իսրայելում: Կուսակցական ընտրացուցակները ներկայացնելուց առաջ նա ալյանսի պայմանավորվածություն է ստացել առավել փորձառու քաղաքական գործիչների հետ` ֆինանսների նախկին նախարար, Յեշ Ատիդ կուսակցության հիմնադիր Յաիր Լապիդի հետ: Այդպես հայտնվեց «Կախոլ Լավան» (կապույտ-սպիտակ) դաշինքը, որին անդամակցեցին գլխավոր շտաբի ևս երկու նախկին պետեր, որ ավելի ուժեղացրեց կենտրոնամետ ալյանսը:


«Միայն ուժեղ Լիկուդը, միայն Նետանյահուն»` Լիկուդի կարգախոսն էր ընըրություններում, «Նախևառաջ Իսրայելը»` հակադարձում էր «Կախոլ- Լավանը»: Այս ընտրարշավում թեկնածուները տեսակետներ չարտահայտեցին արաբ-իսրայելական կոնֆլիկտի մասին, շրջանցեցին և երկու ժողովուրդների համար երկու պետությունների ստեղծման հնարավորության հարցը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բենյամին Նետանյահուն կարող է Իսրայելի Պետության հիմնադիր Բեն Հուրիոնից առաջ անցնել` հինգերորդ անգամ վարչապետ ըտրվելով, բայց սա ամենաանփառունակ ու դժվար հաղթանակն է` իսրայելցիները հոգնել են նրա չկատարվող խոստումներից ու չի բացառվում ևս մեկ արտահերթ ընտրություն, որտեղ արդեն Բենի Գանցը կամ որևէ այլ կուսակցություն առաջ անցնի Լիկուդից:

Դիտվել է՝ 878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao