Yerevan Perspectives
 

«Իշխող թիմի սխալները քաղաքականապես չեփված լինելու հետևանք են»

«Իշխող թիմի սխալները քաղաքականապես չեփված լինելու հետևանք են»
12.04.2019 | 01:13

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրված ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ծավալված ներքաղաքական հարցերի շուրջ:

-2018-ի քաղաքական իրադարձությունների ժամանակ «Ժառանգությունը», աջակցություն հայտնելով հեղափոխական թիմին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հայտարարեց, որ քաղաքական պատասխանատվություն պետք է ստանձնի հեղափոխությունն իրականացրած ուժը: Հետադարձ հայացք գցելով՝ ի՞նչ եք կարծում, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացե՞լ է քաղաքական պատասխանատվության ամբողջական բեռն իր վրա վերցնել: Եվ ի՞նչ են անում իշխանությունները քաղաքական արժեհամակարգի փոփոխության համար:
-Ովքեր մտածում են, թե մեկ տարվա ընթացքում Հայաստանում բան չի փոխվել, չարաչար սխալվում են: Այս ընթացքում քաղաքական կայացած դաշտ ունենալու հիմքերն են դրվել: Բայց արդյո՞ք դա բավարար է ասելու՝ քաղաքական արժեհամակարգ է փոխվել։ Կարծում եմ՝ ոչ: Մեզ համար ընդունելի չէ իշխանամերձ շրջանակների՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի մեջ տեղավորելու միտումը, իշխանության հասցեին հնչող քննադատությունների հանդեպ իշխանավորների վերաբերմունքը, հակազդեցությունը: Որևէ մեկն անսխալական չէ, ուղղակի պետք է օբյեկտիվ լինել, վերլուծել հասարակության տարբեր հատվածներից եկող ազդակները, պարզել առաջնահերթություններն ու քաղաքական ռազմավարության մեջ շտկումներ մտցնել: Ցավոք, շտկումների մասով հեղափոխական ուժը կաղում է:
-Ձեր իսկ նշած՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելն ու հասարակության տարբեր շերտերի միջև սահմաններ գծելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
-Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Հասկանում ենք՝ իշխող քաղաքական ուժը սև ու սպիտակի պարադիգմայում իրեն լավ է զգում: Նախկիններն ապականել էին Հայաստանի քաղաքական դաշտն ու հանուն իրենց վերարտադրության ուղղակի ամայացրել էին այն՝ ապահովելու համար իրենց շարունակականությունը: Նախկինների նկատմամբ հասարակության լայն շրջանակներում մեծագույն դժգոհություն կա, եթե անգամ հանրապետականները պետության շահերից բխող նախաձեռնությամբ են հանդես գալիս, մարդիկ չեն հավատում դրա անկեղծությանն ու մտածում են, թե վերարտադրությանը միտված ներքաղաքական խաղ է: Գործող իշխանություններն օգտագործում են այդ փաստը, ու, ցավոք, սև ու սպիտակի տիրույթում բացի նախկիններից հայտնվում են նաև հեղափոխության շարունակականությամբ ու արժեքների աստիճանական ամրապնդմամբ մտահոգված այլ ուժեր: Անընդունելի օրինակ էր, երբ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ իշխող քաղաքական ուժի առաջադրած թեկնածուն՝ Հայկ Մարությանը, իր հրապարակային ելույթներից մեկում ասաց, թե հեղափոխություն իրականացրած ուժերը ներկայացված են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գուցե նախագծման փուլում էր, երբ «Ժառանգությունը» և էլի որոշ ուժեր անմնացորդ նվիրվել էին «Հանրապետական» կուսակցության մեխանիզմները խարխլելու գործընթացին: Մարությանն այդ հայտարարությամբ անջրպետ առաջացրեց հեղափոխական ուժերի միջև:
Վարչապետ Փաշինյանը, իրապես մտահոգված լինելով երկրի ապագայով, հրապարակայնորեն որոշակի գործողություններ է իրականացնում հասարակական, շրջակա միջավայրի ու քաղաքական ախտը մաքրելու համար: Իր իսկ ուժերով ցանկանում է մաքրել Ավգյան ախոռները: Բայց նրա թիմն ունի՞ արդյոք մշակված ռազմավարություն, որ կարողանա այդ գործընթացը տեղ հասցնել: Հատկապես վերջին իրդարձությունները ցույց են տալիս, որ նրանց ընտրած մեթոդաբանությունն ու ռազմավարությունը թերի են: Խնդիրներին փորձում են հընթացս լուծումներ տալ, ինչը «նոր» Հայաստանի տեսլականի աղավաղման կարող է հանգեցնել:
Փաշինյանը սիրում է պատմական ակունքներին հղում անել, ինչն ինձ համար, որպես պատմաբանի, ողջունելի է: Ըստ նրա՝ Հայաստանը առաջնորդվում է Պապ թագավորի բարեփոխումների ճանապարհով: Պարոն Փաշինյանին խորհուրդ կտայի հայոց այլ թագավորների վարքաբանությունը նույնպես ուսումնասիրել: Օրինակ՝ Բագրատունյաց Հայաստանի 2-րդ թագավոր Սմբատ Առաջինը, որ Աշոտ Բագրատունուց կայացած թագավորություն էր ժառանգել, ոչ խելամիտ գործունեության պատճառով պետությունը կործանման եզրին կանգնեցրեց: Հաշվի չառնելով Նախիջևանի իրական տերերի կարծիքը, քաղաքն իր աներոջը տրամադրեց, ինչը երկրում մեծագույն ճգնաժամի պատճառ եղավ: Լավ կլիներ՝ պարոն Փաշինյանը չկրկներ Սմբատ Առաջինի սխալները:
-Քաղաքական ախտ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, և գործնականում ի՞նչ է անում վարչապետն այդ ախտը մաքրելու համար:
-Որևէ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանը տասնյակ տարիներ գտնվել է քաղաքական տեղապտույտի մեջ: Չեն գործել մրցակցային պայմաններ, ամեն ինչ պայմանավորվել է կուսակցական պատկանելությամբ՝ մանկապարտեզի տնօրենից մինչև երկրի բարձրագույն պաշտոններ: Դա քաղաքական տեղապտույտի երևացող, ցցուն մասն է, բայց ամբողջովին վնասված էին նաև մրցակցային մեխանիզմները: Մինչև 2018-ի ապրիլյան իրադարձությունները ՀՀ որևէ քաղաքացի չէր կարող քաղաքական-հասարակական առաջխաղացում ունենալ առանց վերևների «դաբրոների», «ծանոթի» և այլն: Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխությունն ու համաժողովրդական շարժումը նախադրյալներ ստեղծեցին, որ քաղաքական-հասարակական տիրույթում մրցակցություն լինի ու վերանորոգվեն քաղաքական տեղապտույտի խախտված մեխանիզմները:
-Բայց դպրոցի, պետական ՊՈԱԿ-ների և այլ գերատեսչությունների տնօրենների ընտրության ժամանակ տեսնում ենք, որ ծանոթ-բարեկամ սկզբունքը շարունակում է գործել:
-Ցանկացած համակարգի կուսակցականացումն ու ծանոթ-բարեկամ երևույթի ամրագրումը ոչ մի լավ բանի չի կարող բերել, և Սմբատ Առաջինին հիշեցի՝ ելնելով հենց այդ համատեքստից: Այո, ճիշտ եք, ականատեսն ենք լինում, որ մարզպետի մորաքրոջ հարսը կամ պատգամավորի ծանոթը փորձում են տեղավորվել իշխանական նույնիսկ չերևացող կտուրի ներքո ՝ երկրորդելով մասնագիտական կարողությունները: Մեզ համար ընդունելի չէ, որ, օրինակ, Օպերայի ու բալետի թատրոնի տնօրենի հավանական թեկնածուների մեջ շրջանառվում էր ՔՊ-ամերձ անձի անուն: Ընդունելի չէր նաև այն, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի հրաժարականից հետո ղեկավար նոր կազմում ՔՊ-ի անդամներ ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ ընդգրկվեցին, որոնք ֆուտբոլի հետ աղոտ առնչություն ունեն: Ընտրությունը պետք է կատարել՝ առաջնորդվելով մասնագիտական կարողություններով, հմտություններով, ինչը, ցավոք, չենք տեսնում:
- Այսինքն՝ նոր իշխանությունները քաղաքական տեղապտույտի մեխանիզմները փոխելու ցանկություն ունեն, բայց չեն կարողացել չտրվել իշխանության քաղցր գայթակղություններին:
-Իշխող քաղաքական թիմը քաղաքական հետնապատկեր չունի, այն ձևավորվել է ընդամենը մեկ անհատի հեղինակության ու տարիների պայքարի շուրջ: Թեև այդ մեկ անհատը պատասխանատվություն է կրում իր թիմի գործունեության համար, բայց հասկանում ենք, որ կյանքը կենդանի օրգանիզմ է, ու այնտեղ մաթեմատիկական ճշգրտությամբ շարունակական մոդել կառուցելը դժվար է: Իշխող թիմը քաղաքականապես չեփված թիմ է, և նրանց կողմից թույլ տրվող սխալները, վրիպումները հենց այդ չեփվածության հետևանք են: Այդ մարդիկ երբևէ չէին պատկերացրել, որ կարող են հայտնվել երկրի ղեկավար պաշտոնում: Ցավոք, քաղաքական դպրոցի այն ճանապարհը, որ անցել է պարոն Փաշինյանը, նրա թիմակիցները մեծ մասամբ չեն անցել:
-Խոսեցիք նախկինների կողմից քաղաքական դաշտն ամայացնելուց, չե՞ք կարծում, որ դաշտը հակառակորդների ու յուրայինների բաժանելը նույնպես կարող է ամայացման տանել: Բացի այդ՝ ինչքանո՞վ է արդարացի անընդհատ հղում անել նախկիններին՝ մոռանալով, որ երկրի կառավարման համար թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է:
-Հասարակության մեծ մասը դեռ բերկրաթմբիրի՝ էյֆորիայի մեջ է, մարդկանց պատկերացումներում դեռ թևածում է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուրվականը: Գործընթացները քաղաքական տիրույթ կթևակոխեն միայն ու միայն այն դեպքում, երբ այլընտրանքը պայմանավորված լինի ոչ միայն անձերով, այլ նաև ծրագրերով: Հուսով ենք՝ իշխանությունները կհրաժարվեն ընտրած մեթոդաբանությունից, նախկինները՝ «ի շրջան յուր» մտածելակերպից, ու քաղաքական համակարգում ներքին բարեփոխման գործընթաց կսկսվի: Դաշտի բոլոր խաղացողներն իրենց ծրագրերը պետք է համապատասխանեցնեն «նոր» Հայաստանի իրողություններին:
-«Ժառանգությունը» խորհրդարանական արտահերթ ընտրություններին չմասնակցեց, ընտրություններից հետո էլ բավական ժամանակ լուռ էր: Ինչո՞ւ:
-«Ժառանգությունը» հեղափոխությունից հետո գործող իշխանություններին հնարավորություն տվեց արդարացնելու ու կյանքի կոչելու հարթակից տրված խոստումները: Այս ժամանակահատվածը բավարար էր Հայաստանում առկա խնդիրները քարտեզագրելու, ռազմավարություն մշակելու ու դրանց շրջանակներում գործողություններ սկսելու համար: Իշխանություններն այդ գործողություններն իրականացնելու համար կամք ունեն, բայց դրանք մինչև վերջ տանելու նրանց որդեգրած մեթոդաբանությունը չի համընկնում մեր պատկերացումների հետ: Մարտի 31-ին կուսակցության 12-րդ համագումարի ժամանակ ընդգծեցինք՝ հավատարիմ ենք մնալու նորհայաստանյան իրողություններին ու գործընթացներին՝ փորձելով ապահովել հեղափոխության շարունակականությունը և ստանալ այն քաղաքաիրավական գործիքակազմը, որի միջոցով կարող ենք ամրագրել ժողովրդավարությունն ու դրանից բխող քաղաքական իրավունքը:


Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao