Yerevan Perspectives
 

Մեր ջարդուփշուր ճակատագրերի հանրագումարը

Մեր ջարդուփշուր ճակատագրերի հանրագումարը
16.04.2019 | 00:53

Մեր սերունդն իր կոտրված ողերով հանգուցեց 20-րդ դարը 21-րդին ու ինքը փշրվեց, որ դարի շաղախն ամուր լինի: Մենք դարձանք կեր պատմությանը մեր ջարդուփշուր ճակատագրերով, 21-րդ դարը անցավ մեր վրայով, որ ստեղծի ստերիլ ամայություն ու մեզ թողնի` վկայություն տալու, որ կյանքը վերջացել էր 20-րդ դարում, երբ դեռ այնքան երիտասարդ էինք ու հիմար, որ կարծում էինք՝ կյանքը նոր է սկսվելու, և ճակատագիրը դեռ Պեգաս է մեզ տալու: Որովհետև չգիտեինք` անիծված են նրանք, որ ապրում են դարից դար: Որովհետև սպասում էինք, որ երազներն ու իրականությունը հանդիպելու են ու տալու են մեզ արժանի գահը` չէ՞ որ մենք արքա էինք ծնվել, իսկ դարձանք արքայի ծաղրածու կամ մունետիկ, կամ սպանվեցինք այլոց ու մեր իսկ ձեռքով` մեր իղձերի ու կարողությունների կառափնարանում, որովհետև անիծված են նրանք, որ կիսում են դարը ճակատագրով: Մեր մտերիմները մնացին 20-րդ դարում, որ մենք մնանք մորեմերկ` ցավի ու դավաճանության առաջ անպաշտպան: Մեզ մնացին մեր մտերիմների շիրիմները, որտեղ ամոքում չկա, կա դատարկությունը քարերով լցնելու պատրանք: Սառը, լուռ քարերով, որ չեն խոսում մեզ հետ ու չեն արձագանքում մեր կատաղած կարոտին, որ թրատում է օդը ու խեղդում մեզ: Մեր լավագույն գրերը մնացին չգրված, որովհետև չկային կարդացողներ, որ մեզ հասկանում էին: ՈՒ նույնիսկ չկան նրանք, որ էպիտաֆիա գրեն մեր փշրված ողերի ու ճակատագրերի վրա, որովհետև մնացել են 20-րդ դարում, իսկ 21-րդ դարը թափ է հավաքում` ծնելու նրանց, որ կիսելու են նոր դարը ու մեռնելու են` իրենց Պեգասին չգտած: Մենք քայլում ենք ճակատագրի եզերքով ու սայթաքում հարթ տեղում, ոչ ոք մեր առաջ այլևս դուռ չի բացում: Անցյալն անքնություն է, որ ամեն հաջորդ օր խցկվում է մեր երակների մեջ ու վերուվարում տագնապի ու ցավի տրոփումով, երբ ամեն հաջորդ զարկը կարող է վերջինը լինել, որովհետև մարդը ինչից էլ մեռնի` մահն արձանագրվում է սրտի կանգով: Մենք ապրում ենք կանգնած սրտով ու կանգ չենք առնում, որովհետև իմաստ չկա ոչ ապրելու, ոչ մեռնելու մեջ: Համարեք, որ չեք կարդացել, մոռացեք ու անցեք առաջ: ՈՒ` ժպտացեք, եթե հասկացաք: Եթե չհասկացաք` առավել ևս ժպտացեք: Կհասկանաք, երբ դարը բախի ձեր դուռը: ՈՒ դուռը բացող չլինի:


50-ից հետո մարդիկ կորցնում են բազում որակներ: Ընկալման սրությունը: Զարմանալու ունակությունը: Արձագանքելու ցանկությունը: Փորձի հետ գալիս է անտարբերությունն ու վերածվում հանդարտության: Միշտ չէ, որ տարիքը կանխում է մտածելու ունակությունը: ՈՒ` ցանկությունը: ՀՀ վարչապետը ելույթ ունեցավ Ստրասբուրգում: ԵԽԽՎ լիագումար նիստում: Իրադարձություն, որ ամեն օր չի լինում: Այսինքն` ելույթ, որ պիտի նախապատրաստվեր: Որոշակի նպատակ ունենար: ՈՒղերձ: Ամբողջ մեկ ժամ տրված էր Հայաստանին` ելույթով, հարց ու պատասխանով ներկայանալու ու ընկալվելու: ԵԽԽՎ-ի համար սովորական պրակտիկա` նրանք ուզում են հասկանալ ու գնահատել իրենց անդամ երկրների քաղաքականությունը առաջին դեմքերի մակարդակով: Հարյուրավոր նախագահներ ու վարչապետեր են ելույթ ունեցել համաեվրոպական այդ ամբիոնից` առավելագույնս շահեկան ներկայացնելով իրենց պետությունը: Դա սկզբունք է: Հետո միասնական Եվրոպան փոխհատուցում է այդ ելույթները քաղաքական որոշումներով ու տնտեսական ծրագրերով: Միջազգային ասպարեզում պետության տեսակարար կշիռը որոշող հարթակներից մեկը Ստրասբուրգն է: Այնտեղ, ինչպես Հին աշխարհի երկրներում ու միջազգային կազմակերպություններում, երբեք չեն ասի «ոչ», նրանք սիրալիր են ու ժպտադեմ` դարերի դիվանագիտությունը սովորեցրել է վարվեցողության անվրեպ կանոններ` դուք ձեզ զգում եք սպասված ու կարևոր, բայց դա պատրանք է, խաբկանք, ձեր նկատմամբ վերաբերմունքը ձևավորում եք դուք` ձեր ընկալումներով ու ձեր դատողություններով: Իսկ նրանց վերաբերմունքն անփոփոխ սիրալիր է` ինչ էլ մտածեն ձեր մասին, նույնիսկ բացահայտ հիասթափությունն ու բացահայտ անհամաձայնությունը արտահայտում են անթափանց ժպիտով: Եվ ամեն ինչ ունի արդյունք ու հետևանք: Արդյունքը կոնկրետ գործն է, հետևանքը` դուք մնում եք ձեր կարծիքին, նրանք` իրենց: Եվրոպացիները կարևորում են, որ դուք գնահատում եք իրենց արժեքներն ու սկզբունքները, կիսում իրենց մտահոգությունները ու պատրաստ եք առանց վերապահումների կատարել ձեր խոսքը:

Նրանք չեն հավատում ոչ արցունքների, ոչ խոստումների, նրանք փորձառու են` տարբերելու անկեղծությունն ու կեղծիքը, հավուր պատշաճի խոսքերը նրանց համար գլորվում են ավգյան ախոռները ու կորչում:
Ի՞նչ ստացան նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Ընդհանուր նկարագիր: Մաշված ու տաղտուկ: Փաստացի` մենք խնդիր չունենք: Ոչ ատոմակայանի: Ոչ հայ-թուրքական հարաբերությունների: Ոչ անվտանգության: Ոչ օդային հաղորդակցության: Ոչ փակ սահմանների: Ոչ ներդրումների: Ոչ տնտեսական հեղափոխության: Ոչ էներգետիկ անկախության: Համարյա Չինաստան ենք: Ինչ աստիճանի պիտի լինի եվրոպական կառույցների ու եվրոպական արժեհամակարգի չիմացությունը, որ վարչապետի 20-րոպեանոց ելույթը ծայրից ծայր նվիրված լինի իր պայծառ անձին ու արժևորվի երկու խնդրով` ես եմ Հայաստանի հեղափոխությունը, ես եմ Հայաստանի ներկան ու ապագան: Լավ, ընդունենք` Հայաստանում եվրոպական կառույցների դերն ու նշանակությունը ոչ բոլորը գիտեն, ոչ բոլորն են հասկանում, առավել ևս ինչ-որ թերթի խմբագիր, որ վարչապետ է դարձել, պարտավոր չէ իմանալ: Բայց կան դիվանագետներ, որ գիտեն, ինչու՞ լսելի չէ նրանց ձայնը:

Մասնավորապես` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որ լավագույնս տեղյակ է եվրոպական կառույցներում աշխատանքի առանձնահատկություններին, կարդացե՞լ է վարչապետի ելույթը` նախքան հնչելը: Կա 3 տարբերակ` կարդացել է, արել անհրաժեշտ հավելումներ, չեն ընդունվել: Կարդացել է, ամեն ինչ թողել է անփոփոխ: Չի կարդացել: Երեք տարբերակներն էլ անթույլատրելի են: ԵԽԽՎ-ում ներկայացողը ոմն Նիկոլ Փաշինյան չէ, Հայաստանի Հանրապետության վարչապետն է, այսինքն` մարդ, որ պարտավոր է արտահայտել ու ի պաշտոնե արտահայտում է պետության քաղաքականությունը, ծրագրերը, պատասխանատու է դրանց կատարման համար: Նա պետություն ու երկիր է ներկայացնում` ուզում է, թե ոչ: Հասկանում է, թե ոչ: Ցանկանում է, թե ոչ: Այդքան պրիմիտի՞վ ենք: Այդքա՞ն ասելիք չունենք: Թե՞ հաստատվել ենք դասականի կարգավիճակում, իսկ դասականին ցիտելը պարտք է ու պարտականություն:


Ի՞նչ Հայաստան ներկայացվեց Ստրասբուրգում: Խղճուկ մի երկիր, որ ինքն էլ զարմացած է իր արած հեղափոխությունից ու հարկ է համարում արդարանալ` արևմտամետ չենք, ռուսամետ չենք, հայամետ ենք: Լավ, հետո՞: Հեղափոխություն արեցինք` հետո՞: Կոռուպցիան խեղդեցինք, հետո՞: Պետությունը ինչպե՞ս ենք զարգացնելու: Ի՞նչ ծրագրեր ունենք: Ինչպե՞ս ենք պատրաստվում ապրել: Ի՞նչ վերաբերմունք ու սպասելիք ունենք Եվրոպայից: Ի՞նչ ենք առաջարկում Եվրոպային: Որտե՞ղ ենք տեսնում մեզ փոփոխվող աշխարհում: Որևէ քաղաքականություն ունե՞նք, թե՞ առաջնորդվում ենք իրավիճակային ու իրադարձային լուծումներով: Գոնե գիտակցու՞մ ենք` ինչու՞ ԵՄ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ասոցացման համաձայնագիր չի կնքում 2013-ից: Ստացվել է` հեղափոխություն ենք արել, հիմա կրակն ենք ընկել մեր արածի ձեռքը: Ավելի ճիշտ` աղբն ենք ընկել: Համենայն դեպս` հեղափոխությունից հետո ընտրված նոր քաղաքապետը կես տարուց ավելի չի կարողանում ոչ «Սանիտեքի» հետ հարցեր լուծել, ոչ նոր օպերատորի մրցույթ հայտարարել, ոչ քաղաքապետարանի ուժերով քաղաքն աղբից մաքրել: Փոխարենն անհետանում են նստարանները: ՈՒ դա ևս հեղափոխական տրենդ է: Իսկ Ստրասբուրգում վարչապետը իրոք ներկայացավ իր ամբողջ փայլով ու հմայքով, քաղաքական զինանոցի լավագույն զենքերով` սեփական գլխից վերև չես թռչի: ՈՒ խնդիրը հենց դա է: Ոչ ոք հետայսու ԵՄ-ին մեղադրելու իրավունք չունի, եթե Հայաստանը ընկալվի 64-երորդական երկիր, որտեղ հեղափոխությունը ոչինչ չի փոխել, որովհետև չեն փոխվել աշխարհընկալումները: Բացի` ինքնագովազդից ու ինքնագնահատականից: Այն էլ` եվրոպացիների հաշվին: Խեղճ հանգուցյալ լորդ Ռասել Ջոնսթոն` ո՞վ կմտածեր, որ նրա ամբողջ կյանքը նշանավորվելու է ժամանակին Հայաստան գալով` մեծն Նիկոլ Փաշինյանին բանտարկությունից փրկելով: Այդ կտրվածքով` տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը մոռացության մատնեց Հռոմի ոստիկանությանը, որ 2018-ի հունվարին մի քանի ժամով ձերբակալել էր նրան հյուրանոցում, երբ համեմատել էր Ինտերպոլով որոնման հայտի հետ: Ձրիակեր իտալացիները մոռացել էին կամ չէին ստացել հետախուզվող անձի կարգավիճակից հանելու փաստաթուղթն արդեն Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի:


Իսկ Հայաստանու՞մ: Իսկ Հայաստանում անպարագիծ հիանում են վարչապետի Ստրասբուրգում ունեցած ելույթով: Յուրայինների պարագան հասկանալի է` պարտավոր են հիանալ: Առավել ևս, երբ իրենք իրենց հերթին են փորձանք դարձել վարչապետի համար ու նա չգիտի` յուրայինների խոսե՞լն է ճիշտ, թե՞ լռելը: Թեպետ` ակնհայտ է, որ լռելը: Խոսում են` սկանդալ է Իրանի հետ, խոսում են` սկանդալ է Ռուսաստանի հետ, խոսում են` սկանդալ է երկրի ներսում: Հետո ինչ, որ սեփական կարծիք են հայտնում: Այդ սակրալ «սեփական կարծիքը» չի փրկում այլևս, սեփական կարծիքն էլ քաղաքական գործչի պարագայում պիտի հիմնավորված լինի ու չվնասի պետությանը, երբ դու իշխող քաղաքական ուժն ես ներկայացնում: ՔՊ-ն արդեն գնահատում է` հիմա ի՞նչ պիտի անի Ադրբեջանը: Ոչինչ: Ադրբեջանին, ինչպես աշխարհին, նոր ոչինչ չասվեց, որ հարկադրված լինեն մտածելու` բա հիմա ի՞նչ անենք: Նրանք ունեն իրենց սուբստանտիվը, որից նավթալինի հոտ է գալիս, բայց նավթալինը պատճառ չէ, որ բանակցությունների ընթացք փոխի: Բաքուն, ի դեպ, կոչ արեց ՀՀ վարչապետին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի «օկուպացված տարածքներից զինված ուժերը դուրս բերելու՝ միջազգային հանրության պահանջների կատարման ուղղությամբ»: «Ադրբեջանին ուժի կիրառումից և սպառնալիքներից հրաժարվելու կոչ անող Հայաստանի վարչապետը պետք է ծանոթանա Հելսինկյան եզրափակիչ ակտին», - հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ-ն: Այդքանը: Ավելիի հիմքեր չուներ էլ:


ՈՒ Ստրասբուրգից առաջ ու Ստրասբուրգից հետո մենք ունենք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտություն: Մենք ունենք տնտեսության զարգացման ծրագրի անհրաժեշտություն: ՈՒ` չունենք համադրելու ունակություն: Փոխարենը` մեր տնաբույծ հայակենտրոնությունը թելադրում է հայտարարել` Հայաստանը բարեփոխումներն անում է ոչ թե ԵՄ-ից խրախուսանք ստանալու, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով: Ասենք` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի կատարմամբ: Հասկացանք` ոչ ոք այլ պետությունների փաղաքշանքի համար չի ապրում, բայց որքանո՞վ է երկրի համար շահեկան եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի նման հայտարարությունը: Հատկապես երբ քննարկվում են Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները, տեխնոլոգիական զարգացման պայմաններում աշխատատեղերի կրճատմանը, ԵՄ երկրների ու գործընկեր պետությունների տնտեսական զարգացման մակարդակների տարբերության պայմաններում արդյունավետ համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Դա՞ էլ պիտի սովորեցնել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ ընդհանրապես` եթե եղել է սիրո ու համերաշխության հեղափոխություն, Հայաստանի հպարտ քաղաքացիները վաղուց պիտի սկսած լինեին Հայկ Մարտիրոսյանին իր աշխատանքում վերականգնելու նախաձեռնություն, ֆլեշմոբ անեին, լայվ մտնեին, փողոց փակեին` պաշտպանեին մարդու աշխատանքի իրավունքը, որովհետև իրենք հաջորդն են: Մեր սերունդը ջարդուփշուր իր ճակատագրերով 20-րդ դարը շաղախեց 21-րդին: Պարտադի՞ր է, որ մեր կորցրած Պեգասը լինի մեզնից հետո եկողների կորուստը: Մի քիչ շարժեք գորշ նյութը, որ ուղեղ է կոչվում: Երկիրը փորձադաշտ չէ: Ժամանակը անվերջ չէ: Եթե անգամ հարց չեք տվել, կա պատասխան տալու ահեղ դատաստանը:

Դիտվել է՝ 806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao