Yerevan Perspectives
 

Եվ այնուամենայնիվ՝ վերի գուդ

Եվ այնուամենայնիվ՝ վերի գուդ
16.04.2019 | 02:53

Բաթումում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ավարտվեց մասնավորապես տղամարդկանց մեր ընտրանու փայլուն մասնակցությամբ: Այնպես չէ, որ կուրյոզ չեղավ, դրա մասին էլ կխոսենք, բայց դե առավել կարևորը հաջող մրցելույթն էր: Ի դեմս Հակոբ Մկրտչյանի (89 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ), ունեցանք Եվրոպայի երկու չեմպիոն, Սամվել Գևորգյանը (102 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, Դավիթ Հովհաննիսյանն (89 կգ) ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) գրավեցին երրորդ տեղը:

Այս ամենը՝ երկամարտի հաշվարկով:
Սակայն մեդալներ ունեցանք և առանձին վարժություններից ու որպեսզի այդ ուրախությունն ամբողջովին վայելենք, եկենք հետ տանք հիշողության էջերն ու տրվենք լիակատար հաճույքին:
Մեդալային առաջին «տրաքտրաքոցը» մեր հավաքականի համար եղավ 89 կգ քաշային կարգում: Ի դեմս Հակոբ Մկրտչյանի, այստեղ պիտի պայքարեինք ոսկու համար, Դավիթ Հովհաննիսյանն էլ կողքից ինչ բերեր՝ բերեր: Սակայն Հակոբն այստեղ ուներ շատ լուրջ մրցակից, ու դրությունը բարդանում էր նրանով, որ Ռևազ Դավիթաձեին անխուսափելիորեն օգնության էին հասնելու հարազատ հարկի պատերը: Բնականաբար մեր մարզչական կորպուսի խնդիրն էր խելամիտ մարտավարությամբ մրցակցի առավելությունը նվազագույնի հասցնել:


Ի վերջո, ամեն ինչ ավարտվեց նրանով, որ վրացին այնքան էլ զգալի առաջ չանցավ, թեպետ նրա պարագայում 170-ը 170 էր, իսկ մեր մարզիկի պարագայում 164-ը այնքան էլ ոչ 164, քանզի անձնական քաշի գերազանցության խնդիր կար, որն այս դեպքում գործում էր ի վնաս մեր մարզիկի, իսկ սա նշանակում էր, որ հաղթելու համար հանրագումարում Հակոբը պիտի մեկ կիլոգրամ ավելի բարձրացներ: Սակայն պոկում վարժությունը մեզ մեկ այլ ուրախություն բերեց: ՈՒժերը հավասար տեղաբաշխելով, երեք մոտեցումն էլ անվրեպ օգտագործելով՝ Դավիթ Հովհաննիսյանը չթողեց, որ առանց մեդալի մնանք: Նրա բարձրացրած 165-ը բրոնզե մեդալ նշանակեց: Առջևում միայն վերևն արդեն հիշատակված Դավիթաձեն էր, ու 166 կգ սանձահարած բելառուսցի Մաքսիմ Մուդրեցկին:


Երկրորդ վարժությունը սկսվեց այն նույն սցենարով, ինչ առաջինը, միայն թե այս անգամ դրության տերը Հակոբ Մկրտչյանն էր, որն սպասում էր, թե վրացի մարզիկն ինչ քաշի վրա պիտի կանգնի, որ կառուցի իր մարտավարությունը: Մինչ այս սպասվելիք գլխավոր բախումը, մեր մյուս ծանրորդը, լուռ իր գործին լծված, մեկնարկային համեստ 185-ից սկսեց ու կանգ առավ 195-ի վրա, որը հրումում նրան բրոնզե մեդալ, ճիշտ է, չապահովեց (անձնական քաշով ծանր էր ալբանացի Կրենար Շորայից), փոխարենն այդ նույն բրոնզն ապահովեց երկամարտում (360 կգ), ինչն ավելի խոշոր ցնծության բան էր: Ահա այսպիսի փոքրիկ հրաշք մեզ պարգևեց մեր այս ծանրորդը:


Սակայն բոլորիս առավել սևեռված ուշադրությունը Մկրտչյան-Դավիթաձե դիմակայության վրա էր: Վրացին 194-ից հետո գրոհեց 199-ի վրա, սակայն վրիպեց ու զգալով, որ ամրության թույլ պաշար է ստեղծված երկամարտում մեր հսկայի հետ խաղեր տալու համար, մեկ կիլոգրամ էլ ավելացրեց պատվերին ու սանձահարեց քաշը:


Ինքնին հասկանալի է, որ Հակոբ Մկրտչյանը մրցահարթակ ելավ այն ժամանակ, երբ միակ մրցակիցը մնացել էր ծանրաձողը: Առաջին մոտեցման 201-ը թե՛ վարժության ոսկե մեդալ էր, թե՛ երկամարտի երաշխավորված արծաթե մեդալ: Սակայն կներեք, որքան էլ Վրաստանը հարևան երկիր ու մոտ երկիր, մեր գյումրեցի հսկան հո արծաթի հետևից չէր գնացել. էդ ով ու որտեղ է տեսել, որ նման մանր բաների համար գյումրեցին ծանր տեղը թեթևացնի:
Երկրորդ մոտեցումը բնականաբար, յոթ կիլոգրամի տարբերությունը զրոյացնելն ու մեկով առաջ անցնելն էր: Հակոբն արեց այդ բանը, ու բոլորիս սիրտը թնդաց ուրախությունից: Բնականաբար, երրորդ մոտեցման անհրաժեշտությունը չկար, քանզի ամեն ինչ ասված էր: 207-ը միաժամանակ Եվրոպայի մինչև 23 տարեկանների ռեկորդ էր:


Մեր բաժին մյուս մեդալը եղավ մինչև 102 կգ քաշային կարգի մարզիկների մրցամարտում: Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյանը բավարարվեցին 4-5-րդ տեղերով՝ ցույց տալով 168 կգ արդյունք: Ընդ որում, եթե այդ քաշն Արսենը սանձեց երրորդ մոտեցումով, Սամվելը սկսե՛ց դրանից, սակայն այնպես ստացվեց, որ երրորդ մոտեցման ժամանակ միայն կարողացավ սանձահարել ու խուսափել զրո ստանալուց:
Հրում վարժությունում նա կարողացավ գլխավերևում պահել 209-կիլոգրամանոց ծանրաձողը, որ վարժության փոքր արծաթից զատ նշանակեց նաև մեծ արծաթ (377 կգ): Ա. Մարտիրոսյանը երկամարտում ցույց տվեց վեցերորդ արդյունքը՝ 368 կիլոգրամ:
109 կգ քաշայինների վերաբերյալ առանձնապես պատմելու բան չունենք, որովհետև այստեղ Սիմոն Մարտիրոսյան ունենք, որը ծանրամարտում միակ ոսկին, որ չունի, օլիմպիական ոսկին է: Օլիմպիական արծաթի մասին չենք խոսում, քանզի դա անցած էտապ է, թեպետ օլիմպիական նվաճումը բոլոր ժամանակների համար է: Ինչևէ:


Պոկում վարժությունում մեր հսկային շատ ավելի լուրջ դիմադրություն ցույց տվեց ռուս Ռոդիոն Բոչկովը՝ նույնպես 192 կգ սանձահարելով, սակայն դա նրան միայն արծաթե մեդալի բավականացրեց: Սիմոնն իհարկե գրոհեց 197-ը, սակայն այս անգամ ծանրաձողը կամակոր աղջկա նման նրան չէ ասաց, բայց թե այդ չէ-ն հո չի կարողանալու մշտապես ասել: Սասնա ծուռ է Սիմոնը: Որ արյունը տվեց գլխին, այդ չէ-ն այնպիսի սիրուն հա-ի կվերածի, որ… Էլ չասենք:
Հրում վարժությունը մեր տղան սկսեց 225-ից ու ապահովեց երկամարտի ոսկին: Այստեղ էլ նրա հետ փորձեց մի փոքր կռիվ տալ Արթուրս Պլեսնիեկսը, սակայն այդ խաղը երկար չտևեց: Սիմոնը երկրորդ մոտեցմամբ 235 կիլոգրամն էլ իրենով արեց ու աշխարհամասի չեմպիոն հռչակվեց 427 կգ արդյունքով:
Առաջնության վերջին օրը գերծանքաշայինների մրցավեճն էր ու այն էլ ի՜նչ մրցավեճ: Չասենք, որ քանի դեռ Լաշա Տալախաձեն կա, այստեղ մեկ այլ մարզիկի կողմից ոսկու համար պայքարելը պարզապես բացառված է: Վրացին հիրավի մեկ այլ մոլորակից գործուղված մարդ է: Մեկ օրվա մեջ երեք համաշխարհային ռեկորդ՝ երկամարտում գերֆանտաստիկ արդյունք՝ 478 (218+260) կիլոգրամ:


Առաջնության երկրորդ տեղի համար պայքարը պիտի լիներ մեր գյումրեցի Գոռ Մինասյանի հետ, որը, ինչ ծանրամարտում է, Հայաստանին միշտ էլ մեդալներ է պարգևել:
Հրում վարժությունում մեր մյուս հսկան՝ Ռուբեն Ալեքսանյանը, կանգնեց 195 կիլոգրամի վրա, ինչը մեդալային չէր, սակայն երկամարտում մեդալի համար լավ նախապայման էր, քանզի մեր այս ծանրորդը հատկապես հզոր է հրում վարժությունից:
Վրաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Իրակլի Տուրմանիձեն, արեց ապահովագրող քայլը, բարձրացրեց, նախ, 195-ը, ապա և 201-ը:
Մինչ այդ Գոռն արել էր 200-ին իր առաջին մոտեցումը ու պիտի կռիվ տար ավելի բարձր քաշերի համար: Սակայն եղավ ցավալին; Երկրորդ մոտեցման ժամանակ անհնազանդություն դրսևորեց ծանրաձողը: Հարկավ, այլ պայմաններում մեր տղան այդ ըմբոստությունը պարզապես բնում կխեղդեր, սակայն իր մասին հիշեցրեց վնասվածքը: Երրորդ մոտեցումն ավելի խորացրեց եղածը, ու պարզ էր, որ Վրաստանն այդ օրը կռիվ կտա նաև երկրորդ տեղն իրենով անելու համար:


Հրում վարժությունը Գոռը սկսեց իր համար խիստ թեթև քաշից՝ 222 կիլոգրամից: Պետք էր թիմին միավորներ բերել ու նա արեց իր գործը: Իհարկե, պատվախնդիր գյումրեցին փորձեց իրենով անել 234-ը, որը երկամարտում մեդալային կլիներ, սակայն այդ օրը մեր այս փայլուն մարզիկինը չէր, ու տա Աստված, որ նա կարողանա արագ դարմանել վնասվածքը; Առջևում օլիմպիական տարին է, նման մարզիկին տանը պահելը չափից մեծ շքեղություն կլինի մեր ընտրանու համար:


Հրում վարժությունում, խոշոր հաշվով, պայքարից Գոռի դուրս մնալու արդյունքում ակտիվացան մյուս մարզիկները, քանզի մեդալները նրանց համար վաղուց այսքան շոշափելիորեն մոտ չէին եղել: Թե ով ինչ արեց, մենք դա մանրամասների մեջ պատմելու սիրտը չունենք, սակայն Իրակլի Տուրմանիձեի մարտավարությունը չենք կարող շրջանցել, քանի որ երկամարտի մեդալների պայքարից մենք, այնուամենայնիվ, դուրս չէինք, եթե չասենք ավելին՝ նույնիսկ արծաթե մեդալի հույս ունեինք` ի դեմս Ռուբեն Ալեքսանյանի, որի ուսերին թիմակցի ցավալի ձախողումից հետո ահռելի պատասխանատվություն էր կուտակվել:
Տուրմանիձեն իր առաջին մոտեցման մեջ եղավ չափազանց զգուշավոր, ու դա արդարացված զգուշավորություն էր: Սանձած 227-ը զրո ստանալուց խուսափելուն ուղղված քայլ էր, իսկ 234-ն արդեն մեդալային հավակնությունների ծանրակշիռ հայտ ոչ միայն կոնկրետ վարժությունում, այլև երկամարտում: Ի պատասխան, մեր Ռուբեն Ալեքսանյանի առաջին կրակոցը շեշտակի էր՝ 240-ը միաժամանակ նշանակում էր թե՛ խուսափում երկամարտում հնարավոր ձախողումից, թե՛ արծաթե մեդալի հայտ։ Սակայն սրա համար անհրաժեշտ էր, որ Տուրմանիձեն մնար 234-ի վրա, իսկ նա արդեն շոշափելիորեն առել էր արծաթե մեդալի բույրն ու 241-ը գլխավերևում պահելով՝ առավելագույնս բարդացրեց մեր ծանրորդի լուծելիք խնդիրը: Կար երկու ճանապարհ՝ ամեն ինչի վրա թքած ունենալ ու փորձել երկամարտի արծաթը ձեռք գցել, կամ գնալ ավելի դյուրին ճանապարհով՝ փորձել պոկում վարժության արծաթե մեդալը ձեռք գցել ու բավարարվել երկամարտի բրոնզե մեդալով: Ընտրվեց երկրորդ ճանապարհը: 245 կգ կշռող ծանրաձողը մեր տղայի ու հավաքականի համար լուծեց առավել օպտիմալ խնդիրը:
Ընդհանուր գծերով երևի թե այսքանը տղամարդկանց մեր հավաքականի ելույթի մասին, սակայն մենք հարկավ չենք մոռացել, թե վերևում ինչ ենք խոստացել: Բանն այն է, որ մեր առաջին մեդալը կարող էինք ունենալ փոքր-ինչ ավելի վաղ, եթե 81 կգ քաշային կարգում տեղի չունենար Անդրանիկ Կարապետյանի հետ կուրյոզը՝ կապված մարզիկի անձնական քաշի հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ներկայացմամբ` Անդրանիկն ավելորդ քաշի խնդիր է ունեցել, սաունայով այն մաշեցրել են, հետո իբր թե մրցավարական կազմից մեկն ասել է՝ օքեյ, Փաշիկ Ալավերդյանն էլ հասկացել է, թե ամեն ինչ «վերի գուդ», Անդրանիկը կես լիտր ջուր է խմել, հետո ինչ-որ նորից կշռվելու հարց է բարձրացել, ու «վերի գուդը» դարձել է «վերի բեդ», իսկ այդ «վերի բեդի» արդյունքում մեր տղան զրկվել է առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:


Հիմա թե իրականում ամեն ինչ է այնպես է եղել, ինչպես Փաշիկ Ալավերդյանն է ներկայացրել, մի փոքր վստահություն չի ներշնչում, որովհետև հավաքականի գլխավորի այդ բացատրության մեջ գեղջկական նաիվության հետ նույնքան գեղջկական խորամանկություն կա, բայց դե ինքներդ էլ լավ հասկանում եք, որ վերջնահաշվում բոլորս էլ նկատի ենք ունենալու հավաքականի լավ մասնակցությունը, և Անդրանիկ Կարապետյանի չմասնակցությունը դառնորեն մնալու է մարզիկի հիշողություններում, ու այդ մասին ընդհանուր տոնայնության մեջ ոչ ոք էլ չի հիշելու, պրոբլեմն էլ ջրվելու է, գնա, ինչպես որ մեզանում ջրվում է ամեն ինչ: Մինչդեռ հեշտությամբ կարելի էր հասկանալ, թե «վերի գուդն» ինչի կապակցությամբ է ասվել, ու այդ ապուշ վիճակի մեջ չընկնել: Զորօրինակ, կարող է այդ մրցավարին դուր է եկել Փաշիկ Ալավերդյանի գարնանային թարմ տեսքն ու դրա համար է օքեյախառն ասել վերի գուդ, իսկ նա հասկացել է` ջրազրկված մարզիկին թույլ տվեք ջուր խմի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao