ReAnimania 2019
 

«Նոր» Հայաստանում ազգականին պաշտոնի նշանակելը «սուրբ գործ» է

«Նոր» Հայաստանում ազգականին պաշտոնի նշանակելը «սուրբ գործ» է
14.06.2019 | 11:03

Անմար է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի սերը կոկորդիլոսների հանդեպ: Պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է երկկենցաղների մասին ու դարակազմիկ բացահայտումներ անում: Օրեր առաջ էլ հայտնագործել է՝ նրանք ինչ-որ ժամանակ թռել են, ինչը համացանցում կոմիքսների ու հումորային գրառումների թեմա է դարձել: Կոկորդիլոսի մասին նրա անվերջանալի պատմություններն արդեն ծիծաղելի չեն, մանավանդ երբ գիտակցում ես, որ հասարակության ուշադրությունը կարևոր ինչ-որ թեմայից շեղելու համար «անմեղ» մարզպետներն ու չինովնիկները հայտնվում են հրապարակում ու նման բաներից խոսում:

Կոկորդիլոսը թռել է, թե չի թռել, ձու է ածել, թե ձվադրել է, թող կենսաբանները որոշեն, իսկ նրա գործը մարզի ոռոգման ջրի հարցերով զբաղվելն է, կարկտահարության դեմ միջոցներ ձեռնարկելը և այլ կնճռոտ հարցեր: Այլապես տպավորություն է, թե իր հարազատներին աշխատանքի տեղավորելուց ու կոկորդիլոսների «դարդը քաշելուց» բացի այլ անելիք չունի:
Օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում Գարիկ Սարգսյանն ասել է, որ իր երկու ազգականներին պաշտոնների է նշանակել ոչ թե այն բանի համար, որ այդ մարդիկ իր հարազատներն են, այլ որովհետև լավ մասնագետներ են: Առհասարակ միտում չունենալով կասկածի տակ դնելու նրա ազգականների մասնագիտական հմտությունները, ուզում եմ հիշեցնել ընդամենը, որ նախկին պաշտոնյաները նույնպես այդ արդարացումն էին բերում այն քննադատություններին ի պատասխան, թե ինչու են յուղոտ պաշտոններին իրենց ազգականներին նշանակում: Նախկինների նման աշխատաոճը հասարակությունը տանել չէր կարողանում, մեկ տարի առաջ փողոց փակող մարդիկ ասում էին, թե խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը պետք է մերժելի լինի «նոր» Հայաստանում:

Բայց այժմ, փաստորեն, լավ էլ տեղ ունի, իսկ մարդիկ դրան նորմալ են վերաբերվում: Պարոն Գարիկ Սարգսյանի մեկ այլ ազգականի պաշտոնի նշանակելը սակայն անհետևանք չանցավ: Ավշարի դպրոցում թե՛ ուսուցչական կոլեկտիվը, թե՛ աշակերտները, թե՛ նրանց ծնողները չէին համակերպվում ընտրված տնօրենի և ուսմասվարի հետ (վերջինս Սարգսյանի մորաքրոջ հարսն էր): Մեր տեղեկություններով` տնօրենը Սարգսյանի հովանավորությամբ պատահաբար չէր նշանակվել: Պարզվում է՝ հղի կնոջը հեռահար նպատակներով է աջակցել, որ ֆիզարձակուրդ գնալուց հետո իր ուսմասվար ազգականը տնօրեն դառնա: Ընդամենը մի քանի օր պաշտոնավարած տնօրենը, սակայն, հանրային ճնշման տակ հրաժարական տվեց, մարզպետի «պլան Բ-ն» կիսատ մնաց, փոխարենն իմացանք՝ ազգականին պաշտոն տալը հին ու նոր Հայաստան չի ճանաչում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao